Խատիսյանի նամակը Վեհիբ փաշային․ 3 հունիս, 1918, Բաթում

3273

1918 թվականի մայիսի 28-ից հունիսի 5-ը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի պատվիրակությունը՝ Ալեքսանդր Խատիսյան (ՀՅԴ), Հովհաննես Քաջազնունի (ՀՅԴ) և Միքայել Պապաջանյան (Հայ ժողովրդական կուսակցություն), Բաթումում՝ թուրքերի պահանջով, բանակցություններ վարեց Օսմանյան կայսերական կառավարության պատվիրակության հետ (Հալիլ բեյ, Վեհիբ փաշա)։ Հունիսի 4-ին ստորագրվեց Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև։

Առաջիկա օրերին ԱՆԻ կենտրոնը կներկայացնի բանակցությունների մանրամասներ, ինչպես նաև արխիվային փաստաթղթեր, որոնք քիչ են ծանոթ հանրությանը։ Փաստաթղթերը վերցվել են Հայաստանի ազգային արխիվից, որտեղ 1918-1920 թթ․ հայ-թուրքական հարաբերությունների մասին նյութերը հիմնականում ֆրանսերենով, ռուսերենով, հայերենով և արաբատառ օսմաներենով են։

ԱՆԻ կենտրոն

*****

Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 200, ցուցակ 1, գործ 23, թերթ 73

Հայաստանի հաշտության պատվիրակություն, հունիսի 3, 1918, Բաթում

Պարոն գլխավոր հրամանատար

Պատիվ ունեմ Ձերդ գերազանցությանը խնդրելու, որ Դուք բարեհաճեք թույլ տալ պարոն Միքայել Բաբաջանովին, Ալեքսանդր Խատիսովին, ինչպես նաև Հայկական ազգային խորհրդի կողմից նշանակված անձնավորություններին, որոնց թիվը տասից չի անցնում, անցնելու Թուրքիային անցած տերիտորիաները՝ տեղական հայ ժողովրդին տեղեկացնելու, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կնքված է հաշտության պայմանագիր և նրան բացատրելու այդ պայմանագրի մանրամասն և ուղղամիտ կատարման անհրաժեշտությունը, ինչպես նաև հաղորդելու, որ Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև հաստատվել է բարեկամական հարաբերություններ։

Հայկական ազգային խորհուրդը և անձամբ մենք երաշխավորում ենք Ձերդ գերազանցությանը այն մարդկանց ազնվության և ուղղամտության վերաբերյալ, որոնց նշված հանձնանարությունը կվստահվի։

Պատվիրակության նախագահ

Անդամներ

Նորին գերազանցություն գեներալ-լեյտենանտ Վեհիբ փաշային

Կովկասի ճակատի Օսմանյան զորքերի ընդհանուր հրամանատար

թարգմանությունը [ֆրանսերենից]՝ Սեղբոսյան

Լուսանկարում՝ Բաթումը 20-րդ դարի սկզբին