Երևան-Ղարաքիլիսա, Երևան-Ջուլֆա օրական մեկ վագոն. Խատիսյանը՝ Վեհիբին. հունիս 3, 1918

3500

1918 թվականի մայիսի 28-ից հունիսի 5-ը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի պատվիրակությունը՝ Ալեքսանդր Խատիսյան (ՀՅԴ), Հովհաննես Քաջազնունի (ՀՅԴ) և Միքայել Պապաջանյան (Հայ ժողովրդական կուսակցություն), Բաթումում՝ թուրքերի պահանջով, բանակցություններ վարեց Օսմանյան կայսերական կառավարության պատվիրակության հետ (Հալիլ բեյ, Վեհիբ փաշա)։ Հունիսի 4-ին ստորագրվեց Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև։

Առաջիկա օրերին ԱՆԻ կենտրոնը կներկայացնի բանակցությունների մանրամասներ, ինչպես նաև արխիվային փաստաթղթեր, որոնք քիչ են ծանոթ հանրությանը։ Փաստաթղթերը վերցվել են Հայաստանի ազգային արխիվից, որտեղ 1918-1920 թթ․ հայ-թուրքական հարաբերությունների մասին նյութերը հիմնականում ֆրանսերենով, ռուսերենով, հայերենով և արաբատառ օսմաներենով են։

ԱՆԻ կենտրոն

*****

Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 200, ցուցակ 1, գործ 23, թերթ 67

Հայաստանի հաշտության պատվիրակություն

Հունիսի 3, 1918թ., Բաթում

Պարոն գլխավոր հրամանատար

Հայաստանի հաշտության պատվիրակությունը, հենվելով Ձերդ գերազանցության և մեր միջև կայացած համաձայնության վրա, պատիվ ունի խնդրելու Ձերդ գերազանցությանը՝ Օսմանյան կայսերական կառավարության հաստատել տալ հետևյալը.

1. Ընդհանուր պատերազմի ամբողջ ժամանակաշրջանում Թուրքիային անցած անդրկովկասյան հին տերիտորիաներում ապրող հայ ժողովուրդը չի ենթարկվելու զինվորական ծառայության. ինչ վերաբերում է ռազմական աշխատանքներին, տվյալ ժողովրդին կարելի է ստիպել այդ տեսակ աշխատանքներ կատարելու միայն այն տեղերում, որտեղ նա ապրում է:

2. Առանց դժվարություններ հարուցելու թույլատրվի Պարսկաստանից Հայաստան վերադարձող թրքահպատակ հայ գաղթականների անցումը Ջուլֆայի վրայով, ինչպես նաև Թուրքիային անցած անդրկովկասյան հին տերիտորիաներով Օսմանյան տեղական իշխանությունները նրանց կաջակցեն և կհեշտացնեն նրանց ճանապարհորդությունը թե երկաթուղով և թե սովորական խճուղով:

3. Նկատի ունենալով հաշտության ու բարեկամության պայմանագրի ստորագրումը, Թուրքիային անցած անդրկովկասյան հին տերիտորիայում, բացի Ղարսի, Արդահանի և Բաթումի շրջաններից, հայերին կթույլատրվի իրենց ամբողջ գույքով անմիջապես և ազատ կերպով, առանց մաքսատան տուրքի, վերադառնալ իրենց բնակավայրերը: Ինչ վերաբերում է Ղարսի, Արդահանի և Բաթումի շրջաններին, այդ հարցը շատ շուտով կքննարկվի:

4. Հայաստանի կառավարության կարիքների համար նրա տրամադրության տակ կդրվի, առանց որևէ ձևականության, մեկ վագոն, որ ամեն օր կերթևեկի Երևանի և Ղարաքիլիսայի, Երևանի և Ջուլֆայի միջև:

5. Այն դեպքում, երբ արդի ընդհանուր պատերազմում Օսմանյան կայսերական կառավարությունը անհրաժեշտ կհամարի Ադրբեջանի ժողովրդից զինվորական ծառայության կանչել, նա ոչ մի զորահավաք չի կատարի հայ ժողովրդից. հայերը զինվորական ծառայությունից ազատ կմնան:

Պատվիրակության նախագահ

Անդամներ

Նորին գերազանցության

Օսմանյան կայսրության զինվորական պատվիրակ գեներալ լեյտենանտ Վեհիբ փաշային

Կովկասի ճակատի Օսմանյան զորքերի ընդհանուր հրամանատար