Կարսի Առաքելոց եկեղեցին հանձնվում է հայկական կողմին. 2 հունիս, 1919թ.

4097
Կարսի նահանգապետի նամակը ներքին գործերի նախարարին
Այն մասին, որ Կարսի մահմեդական հոգևորականներն ու երևելիները ինքնակամ հրաժարվել են քաղաքի Սբ. Առաքելոց եկեղեցին շարունակել որպես մզկիթ օգտագործելուց և հանդիսավոր հանձնել այն հայկական կողմին
2 հունիսի, 1919, թիվ 842

Դեռ 10-րդ դարում մեր Աբաս թագավորի օրոք կառուցվեց Կարսի Սուրբ Առաքելոց տաճարը: Այնուհետև այդ եկեղեցին տարուբերվում էր քաղաքական բախտի առանցքում՝ մերթ որպես մզկիթ, մերթ որպես ուղղափառ աղոթարան և երբեք տասնմեկ դար շարունակ մայրենի մրմունջների ապաստարան…

[1919թ] մայիսի սկզբներին, երբ Կարսը անցավ մեր իշխանությանը, ինձ այցելեց Վեհափառ կաթողիկոսի հրամանով Ալեքսանդրապոլի փոխանորդ Արշակ վարդապետը և մեզ խնդրեց գրավել եկեղեցին:

Քաղաքական միտումներով Վեհափառի պատվերը անհապաղ անիրագործելը, ես փոխանորդին բացատրեցի, որ ես միջոցներ ձեռք կառնեմ, որպեսզի թուրքերը իրենց իրենք մեզ հանձնեն եկեղեցին, առանց մեր պահանջների:

Եվ այսօր, թուրք հոգևորականությունը ներկայացավ ինձ և խնդրամատույց եղավ հետ ստանալու մեր հինավուրց սրբությունը:

Ես պատվիրեցի ոստիկանապետին առաջնորդել այդ պատվիրակությանը դեպի մեր առաջնորդարանը և Սուրբ Առաքելոց հնադարյան տաճարը այսօր հանդիսավոր կերպով հանձնվեց մեզ:

Այս դարավոր կամարների տակ ամսի 8-ին առաջին անգամ մեր մայրենի լեզվով մենք կառաքենք մեր ցնծագին սպասելիքները առ մեր ժողովրդական կառավարությունը և այդ բոլորի մասին ես պարք համարեցի զեկուցելու Ձերդ գերազանցության:

Նահանգապետ՝ Ղորղանյան,

Դիվանապետ՝ Ռ. Չալխուշյան,

Գործավար՝ Մ. Դոխիկյանց

ՀԱԱ, ֆ. 201, ց. 2, գ. 611, թ. 1, պատճեն, մեքենագիր

«Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ). նյութեր և փաստաթղթեր», «Մոդուս Վիվենդի», 2016, էջ 176-177: