Հայաստանի անկախությունը պահանջ է, որին պիտի գոհացում տանք. Ահարոնյան, 2 հունիս, 1918թ

3388

Հայկական գավառների անկախության հարցը քննարկվում է Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի 1918 թվականի հունիսի 1-ի նիստում, որը նախագահում էր  նրա նախագահ Ավետիս Ահարոնյանը: Որոշվում է սպասել Բաթումում գտնվող և թուրքերի հետ բանակցություններ վարող հայկական պատվիրակության վերադարձին: Առաջարկվում է կազմել մի մասնաժողով՝ անկախության ակտը բազմակողմանիորեն մշակելու նպատակով: Այդ առաջարկը ընդունվում է. ընտրվում է երեք հոգանց մասնաժողով՝ Սիրական Տիգրանյան՝ նախագահ, Ս. Հարությունյան և Ստ. Մամիկոնյան՝ անդամներ: (Աղբյուրը՝ ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 120, թ. 53-54 շրջ.: Բնագիր: Ձեռագիր, «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը. (1918թ մայիս-հուլիս), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009,  էջ 40-41, կազմող՝ Համո Սուքիասյան):

Հունիսի 2-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի և նրա նախագահ Ավետիս Ահարոնյանի՝ Երևանի Ազգային խորհրդին գրած նամակում ասվում է. «[Թիֆլիսի Հայոց] Ազգային խորհուրդը այս երկու օրը հայտարարելու է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դա մի պահանջ է, որին պիտի գոհացում տանք մեր ստորագրած դաշնագրին [նկատի ունի Բաթումում գտնվող հայկական պատվիրակության՝ Օսմանյան կայսրության հետ հունիսի 1-ին նախատորագրված պայմանագիրը] քաղաքական արժեք տալու համար… Վրաստանը նույնպես ընդունել է ուլտիմատումը՝ կորցնելով Բաթումը և Ախալցխան իրենց շրջաններով: Նրանք վայելում են գերմանական հովանավորությունը և դրանով ապահով են զգում իրենց թուրքական գրավումներից և լծից… Ձեր կռիվների մասին [նկատի ունի Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան] իմացանք Վեհիբ փաշայի հաղորդածներից: Չգիտենք՝ որքան ճշմարիտ են, համենայն դեպս, թեև փոքրիկ ու աղքատ, բայց անկախ Հայաստանի ստեղծումը պարտական ենք մեր զորքի անձնվիրությանը: Որքան մեզ հայտնի է, գերմանացիներն ու տաճիկները Կովկասը բաժանում են Վրաստանի և Ադրբեջանի միջև՝ հայերին ապահովելով սոսկ ֆիզիկական գոյություն: Պետք է կարծել, որ մեր զորքի դիմադրությունը ստիպեց ճանաչել մի Հայաստան:

Նախագահ Հայոց Ազգային խորհրդի՝ Ա. Ահարոնյան

Քարտուար՝ Ն. Աղբալյան

(Աղբյուրը՝ ՀԱԱ, ֆ. 289, ց. 1, գ. 11, թ. 1-2: Պատճեն: Ձեռագիր: «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը. (1918թ մայիս-հուլիս), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009,  էջ 42-43, կազմող՝ Համո Սուքիասյան»):

Լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի արխիվից