Թուրքական վերջնագիր Խալիլ բեյից․ 27 մայիս, 1918

3837

Տաճկական վերջնագիրը

Թիֆլիս, 27 մայիսի, Անդրկովկասի հեռագրական գործակալություն

Կառավարական հաղորդագրություն

Բաթումից հաղորդում են, որ նախկին Անդրկովկասյան ֆեդերատիվ հանրապետության նախկին նախագահ Չխենկելին, մայիս 26-ին, երեկոյան 8 ժ. 30 րոպեին Օսմանյան հաշտարար պատգամավորության նախագահ Խալիլ բեյից ստացավ հետևյալ վերջնագիրը.

Ձերդ գերազանցությանը քաջ հայտնի է, որ Կովկասի ներկա դրությունը կրիտիկական է ու անորոշ, պետք է պարզել դրությունը առանց հապաղելու: Հարյուր հազարավոր մուսուլմաններ Բաքվում և շրջակայքում գտնվում են իրենց հեղափոխականներ անվանող ավազակախմբերի արյունոտ լծի տակ։ Դժբախտներին սպառնացող անողոք կատաստրոֆան էլ ավելի անխուսափելի է դառնում: Մուսուլման ազգաբնակչության վիճակը Կովկասի մյուս մասերում, որտեղ չարամիտ թալանչիների կազմակերպված ավազակախմբերը սիստեմատիկ կերպով, չափ ու սահման չճանաչող բռնություններ են գործ դնում, նույնպես անապահով է և ուշադրության արժանի:

Պարոն նախագահ, դուք ընդունում եք իհարկե, որ իր անվան արժանի յուրաքանչյուր կառավարություն, չի կարող սառնասիրտ կերպով դիտել, թէ ինչպես իրեն սահմանակից տերիտորիայի վրա բազմանում են նման հանցանքները: Դուք գիտակցում եք, որ Կովկասը քայքայող անիշխանության նկատմամբ Օսմանյան կայսերական կառավարության դրությունը շատ փափուկ է, որովհետև դա անմիջականորեն վերաբերում է մեր կայսրությանը ցեղական և կրոնական տեսակետներով ամուր կապված ազգաբնակչությանը:

Մյուս կողմից, համաշխարհային պատերազմը կայսերական կառավարությանը դրել է այնպիսի անհրաժեշտության առաջ, որ մենք ստիպված ենք Կովկասի միջով մեր ազատ զորանցը ապահովել՝ մյուս ճակատներից երկաթուղագծով արագությամբ զորքեր փոխադրելու համար: Վերջին հանգամանքի համար ևս կարևոր է, որ ներկա անորոշ դրությունը պարզվի: Վերոհիշյալ պատճառները ի նկատի առնելով, Օսմանյան կայսերական կառավարությունը իր պարտքն է համարում Անդրկովկասյան պատգամավորություններից պահանջել վերջնական պատասխան՝ սահմանների որոշման, որի բնագիրը պատիվ ունեմ ներկայացնելու Ձերդ գերազանցությանը և նրան արված մյուս առաջարկների վերաբերյալ:

Իմ կառավարության համոզմունքով, Կովկասի համար բարեհաջող ելքը միայն այն է, որ Անդրկովկասյան ֆեդերատիվ հանարպետությունը ընդունի վերոհիշյալ առաջարկները․ դրանով կստեղծվի ամուր դրություն և կերաշխավորվի մուսուլման ազգաբնակչության հանգիստն ու ապահովությունը:

Իմ կառավարությունը հանձնարարել է ինձ, Ձերդ գերազանցություն, որ դուք 72 ժամվա ընթացքում, ժամանակամիջոցը հաշվելով հետևյալ օրվա երեկոյան ժամը 8-ից, պատասխանեք. հանրապետության կառավարությունը ընդունում է արդյոք օսմանյան առաջարկները:

Ես պետք է ավելացնեմ, որ երեք օրվա ընթացքում երկու կառավարությունների միջև հարաբերությունները կկրեն ընկերական բնույթ, պայմանով սակայն, որ տաճկական զորամասերի գործողությունները Կովկասում, մասնավորապես Ալեքսանդրապոլի և Ջուլֆայի միջև, ոչ մի դիմադրության չհանդիպեն: Ներկայացրած վերջնագրի համաձայն, տաճիկները պահանջում են զիջել իրենց օգտին հետևյալ հողամասերը. Նախիջևանի գավառը (բացառությամբ Օրդուբադի և նրա շուրջը գտնվող մի աննշան շերտ), Շարուր-Դարալագյազի գավառի կեսը, Երևանի գավառի կեսը (Երևան քաղաքը մնում է Հայաստանի սահմանների մեջ), Սուրմալուի գավառը ամբողջությամբ, համարյա ամբողջ Էջմիածնի գավառը, Ալեքսանդրապոլ գավառի մեծ մասը Ալեքսանդրապոլ քաղաքով, Ախալքալակի  և Ախալցխայի գավառները ամբողջությամբ: Տաճիկները միաժամանակ պահանջում են զորքերի անարգել փոխադրություն Անդրկովկասյան բոլոր երկաթուղիներով:

Թիֆլիս, 27 մայիսի

Անդրկովկասյան Սեյմի արձակումից հետո պալատի սպիտակ դահլիճում հավաքվեցին Վրաց Ազգային Խորհրդի անդամները: Նիստը բացվեց Ժորդանիայի նախագահությամբ:

Երեկ, 4․ 55 կարդացվեց Վրաստանի անկախության հետևյալ ակտը․

Երկար դարերի ընթացքում Վրաստանը գոյություն է ունեցել որպես ազատ, անկախ պետություն: 18-րդ դարի վերջին, բոլոր կողմերից նեղվելով թշնամիներից, Վրաստանը կամավոր կերպով միացավ Ռուսաստանին այն պայմանով, որ Ռուսաստանը պաշտպանի նրան արտաքին թշնամիներից: Ռուսական մեծ հեղափոխության ընթացքում հաստատվեցին այնպիսի կարգեր, որոնց հետևանքը եղավ ամբողջ ռազմաճակատի քայքայումը և ռուսական զորքերի Անդրկովկասից հեռանալը: Իրենց ճակատագրին մատնեվլով, Վրաստանը և ողջ Անդրկովկասը, ձեռնարկեցին սեփական բախտի տնօրինությանը և ստեղծեցին համապատասխան օրգաններ: Բայց (անընթեռնելի) հետևանքը եղավ Անդրկովկասյան ժողովուրդների միության խախտումը և նրա քաղաքական ամբողջության խորտակումը: Վրաց ժողովրդի ներկա դրությունը հրամայական կերպով թելադրում է Վրաստանին, ստեղծել հասարակական, պետական կազմակերպություն՝ ստրկացումից ազատվելու և ազատ զարգացման ամուր հիմքեր հաստատելու համար: Համաձայն այդ դրության, Վրաստանի Ազգային Խորհուրդը՝ ընտրված 1917 թ. նոյեմբերի 12-ին վրաց ազգային ժողովի կողմից, հայտարարում է ի գիտություն համայն ժողովրդի, որ այսուհետև վրաց ժողովուրդը հանդիսանում է սուվերեն իրավունքների կրող: Վրաստանը դառնում է անկախ պետություն: Պետական կազմակերպության ձևը՝ դեմոկրատական հանրապետությունն է, միջազգային ընդհարումների դեպքում Վրաստանը չեզոք է: Վրացական դեմոկրատական հանրապետությունը ձգտում է բարի հարևանական հարաբերություններ հաստատել բոլոր ժողովուրդների և պետութիւնների հետ: Վրացական դեմոկրատական հանարապետությունը իր սահմաններում, բոլոր քաղաքացիների համար երաշխավորում է քաղաքացիական և քաղաքական ազատություն, առանց խտրության՝ ազգության, դավանանքի, սոցիալական դրության և սեռի: Վրացական դեմոկրատական հանարապետությունը իր տերիտորիայի վրա ապրող բոլոր ժողովուրդներին ազատ զարգացման լայն իրավունքներ է ընձեռնում: Մինչև սահմանադիր ժողով հրավիրելը, Վրաստանի կառավարության գլուխ է կանգնում Ազգային Խորհուրդը, որին մասնակցելու են փոքրաթիվ ազգությունների ներկայացուցիչները և ժամանակավոր կառավարությունը։  Նրանք պատասխանատու են Ազգային Խորհրդի առաջ:

ԶԱՆԳ թերթ, ՀՅԴ օրգան, թիվ 38, ուրբաթ, 31 մայիսի, 1918

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Zang-1917/1918/1918(38).pdf

Լուսանկարում՝ Երևանը մեկ դար առաջ