Արցախը հանձնելու Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կեղծ պնդումները

807

Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ավելի ճիշտ կեղծում է, թե իբր ՀՀ նախկին բոլոր նախագահները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի շրջապատը շատ կոշտ են արձագանքում, որ Փաշինյանը մանիպուլացնում է, ավելին՝ ասում են՝ մենք Փաշինյանին 42 հազար քառակուսի կմ տարածքով երկիր ենք փոխանցել:

Առաջին. այդ Դուք չեք փոխանցել, այն Դուք զավթել եք 1998թ ռազմապետական հանցավոր հեղաշրջման և 3-4 կեղծված ընտրությունների ճանապարհով՝ Հայաստանի ժողովրդից:

Երկրորդ. Ձեր հոգին շատ նուրբ է և շատ եք նեղվում, որ Փաշինյանը մանիպուլացնում է: Իսկ Դուք ինչո՞ւ եք երկու տասնամյակ մոլորեցրել Հայաստանի բնակչությանը, որ իբր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախը ուզում էր հանձնել ու Դուք եկաք փրկեցիք՝ մի օր Լիսաբոնն էիք հիշեցնում, մի օր՝ 1997թ սեպտեմբերյան ասուլիսն ու նոյեմբերյան հայտնի հոդվածը:

Արցախը Ադրբեջանին հանձնողը պիտի սիրով տեղի տար Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Բորիս Ելցինի, Բիլ Քլինթոնի ու Ժակ Շիրակի, ԵԱՀԿ 54 պետությունների Լիսաբոնի 1996թ դեկտեմբերյան գագաթաժողովի ճնշումներին, որոնք գրավոր տեքստ ընդունեցին, որ Լեռնային Ղարաբաղը ամենալայն ինքնավարությամբ Ադրբեջանի կազմում է:

Լևոն Տեր-Պետրոսյանը վետո դրեց: 5 տարվա անկախություն ունեցող երկիրը վետո դրեց և ոչ ասաց Ելցինին, Քլինթոնին, Շիրակին ու ԵԱՀԿ-ին:

Հասկանում ե՞ք, ինչ է տեղի ունեցել:

Թաթուլ Հակոբյան

25 մայիս, 2023թ, ԱՆԻ կենտրոն