Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Լիսաբոնում. 1996թ դեկտեմբերի 2

12177

2 դեկտեմբերի, 1996թ., Լիսաբոն

Այս գագաթնաժողովում, մեզ թվում է, Ադրբեջանը փորձում է խախտել բանակցային գործընթացի բոլորի կողմից ընդունված տրամաբանությունը։

Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։

Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել։

Ուստի, մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է։

Այդուհանդերձ, Հայաստանը, վերահաստատելով հրադադարի պահպանման իր պարտավորությունը, պատրաստակամություն է հայտնում շարունակելու կառուցողական մասնակցությունը բանակցությունների գործընթացին՝ ինչպես Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ ուղղակի երկխոսությամբ հակամարտությունը բանական եւ արդարացի փոխզիջման հիման վրա շուտափույթ կարգավորելու նպատակով։