Սարդարապատ՝ զորավար Մովսես Սիլիկյանի առաջին կոչը. 24 մայիս, 1918

8684

Երևանի զորամասի հրամանատար Մովսես Սիլիկյանը (Սիլիկով), որը նշանակալի ավանդ ունեցավ 1918-ի մայիսի 22-29-ը Սարդարապատում թուրքական զորքերի առաջն առնելու և պարտության մատնելու գործում, հայ ժողովրդին երկու կոչ է ուղղել՝ մայիսի 24-ին և մայիսի 29-ին:

Ներկայացնում ենք Սիլիկյանի առաջին՝ մայիսի 24-ի կոչը ըստ Երևանում լույս տեսնող ՀՅԴ «Աշխատանք» թերթի:

ԿՈՉ

«Հայե՛ր,

Շտապեցե՛ք հայրենիքն ազատելու։

Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ՝ մոռանալով իր անձնականը, հանուն Մեծ Գործի՝ հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պետք է գործ դնի իր վերջին ճիգը՝ թշնամուն հարվածելու համար:

Մենք չէինք ուզում կռվել. հանուն խաղաղության ու հաշտության պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն, մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրած ուղիով. նա, ըստ երևույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը: Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ: Գուցե հաջողվի մեծ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը:

Իսկ որ մենք կարող ենք պաշտպանվել, այդ ցույց տվին վերջին կռիվները մեր ճակատում, ուր մեզանից թվով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր հերոսական գրոհի առաջ:

Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապաերն ու հայրերը երկար տարիներ արյուն-քրտինքով աշխատել են գեթ մի կերպ հայթայթել իրենց օրվա ապրուստը:

Հայե՛ր,

Ժամանակ չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան ունեցող բոլոր տղամարդիկ պարտավոր են զենքի տակ գալու. ես պահանջում եմ ամենքից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով հայրենիքի պաշտպանության համար:

Հայուհինե՛ր,

Հիշեցե՛ք հինգերորդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին դեպի Մեծ Գործը, անմահ Վարդանի կռիվների ժամանակ. հետևեցե՛ք նրանց օրինակին, եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնակոխ լինի, խրախուսեցե՛ք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գնալուց: Հավաքեցե՛ք ռազմամթերք, հաց, հագուստ և ուրիշ մթերքներ…

Խորին կերպով համոզված եմ, որ իմ այս կոչը անարձագանք չի մնա, և երկու-երեք օրվա ընթացքում կկազմակերպվի մի այնպիսի՛ քաջարի զորաբանակ, որին կհաջողվի վռնդել թշնամուն հայրենի հողի սահմաններից և ապահովել հայ ժողովրդի գոյությունը:

Հանո՛ւն բազմաչարչար ժողովրդի ֆիզիկական գոյության,

Հանո՛ւն ոտնակոխ եղած ճշմարտության,

Ոտքի՛ կանգնեցեք: Դեպի՛ սրբազան պատերազմ:

Բոլոր զենքի ընդունակ տղամարդիկ պարտավոր են ներկայանալ Երևանում գեներալ Բեժանբեկին, իսկ բոլոր ժողոված մթերքները հանձնել տեղական Ազգային խորհուրդներին:

Երևանի զորամասի հրամանատար՝

գեներալ Մովսես Սիլիկյան»:

«Աշխատանք», Գ․ տարի, չորեքշաբթի, 5 (23) Յունիս, 1918, թիւ 5 (205), Երևան, խմբագիր-հրատարակիչ՝ Արամ Մանուկյան