Թուրքական պատվիրակության հետ Բաթումում առաջին պաշտոնական նիստը՝ 11 մայիսի 1918թ. Ալեքսանդր Խատիսյան

3836
Հատված Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունից: Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2018-ին այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն հրատարակել է Հայաստանում:

_______________________________

Այս դեպքերի ժամանակամիջոցում Ռուսաստանի ձայնը չէր լսվում: Այստեղ հատկանշական է հիշատակել մի շատ հետաքրքրական հեռագիր, որ ստացել էինք Բաթումի անկումից մեկ օր առաջ՝ մարտի 31-ին: Այս հեռագիրը շատ քչերին է ծանոթ և իր շահեկանության պատճառով արժե մեջբերել: Հեռագիրը հետևյալն է.

«Մոսկվա – Թուրքական բանակը առաջ է շարժվում Բաթումի, Կարսի, Արդահանի ուղղությամբ՝ ավերելով երկիրը և ոչնչացնելով գյուղական բնակչությունը: Հայերի հետագա բախտի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Գերմանիայի վրա, որովհետև նրա պահանջով ռուսական զորքերը դուրս բերվեցին հայկական նահանգներից, և այժմ Գերմանիայից է կախված՝ զսպելու թուրքական զորքերին՝ իրենց հատուկ բռնությունների վրեժի և թշնամության հողի վրա: Դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ Գերմանիայի պետ կուլտուրական մի պետություն, որ հնարավորություն ունի ազդելու իր զինակից Թուրքիայի վրա, պիտի թույլ տա, որ ԲրեստԼիտովսկի դաշնագիրը դառնա իր կամքից անկախ մեծ պատերազմ մտած հայ ժողովրդի համար անմատչելի դժվարության աղբյուր: Ուստի, խորհուրդը համոզված է, որ դուք անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնեք՝ ազդելու թուրքական իշխանությունների վրա՝ կանխելու հայ բնակչության ոչնչացումը, որպեսզի տեղի չունենա այն, ինչ եղավ Արդահանում: Չիչերին, Կարախան»:

Ես շատ ուրախ պիտի լինեի, եթե Չիչերինն ու Կարախանը այսօր մեկ անգամ ևս կարդային իրենց այդ հեռագիրը ու դրանից անեին համապատասխան եզրակացությունը. այն, ինչ որ նրանք պահանջում էին Թուրքիայի դաշնակից Գերմանիայից, այսօր կարող է իրագործել ինքը՝ Թուրքիայի ներկա դաշնակից Ռուսաստանը, որը Հայաստանի կեսը զիջել է Թուրքիային:

Մի խոսքով, այն ժամանակ Անդրկովկասը և Թուրքիան կանգնած էին դեմ դիմաց: Կատարված իրողություններ էին արդեն Տրապիզոնի խորհրդաժողովում դրված երկու պայմանները՝ Անդրկովկասի անկախությունը և Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Բայց կար մեկ բան ևս, որ թուրքերը հաշվի էին առել՝ Կարսը և Բաթումը նրանց ձեռքում էր: Երբ մենք եկանք Բաթում, քաղաքը արդեն թուրքական տեսք ուներ՝ ամենուրեք թուրք զինվորներ, առևտուր չկար, արժեքավոր իրերը անհետանում էին, գիշերը թուրք զինվորները թալանում էին խանութները, քաղաքը գրեթե մեռած էր, փողոցները ամայի էին: Այն հյուրանոցի մոտ, որտեղ մենք էինք իջևանել, մի մեծ դեղատուն կար: Գիշերը թուրքերը մեծ կառքերով եկան և դատարկեցին այդ դեղատունը: Հետագայում, զինադադարից հետո, ես լսեցի, որ դեղատան թալանի մեջ ամբաստանվել է գլխավոր հրամանատար Վեհիբ փաշան: Փողոցներով տանում էին վրացի գերի զինվորների: Իրենց համեմատաբար լավ էին զգում ռուսները, որոնց հանդեպ թուրքերը ներողամիտ և ուշադիր էին, ռուս սպաներին ռոճիկ էին տալիս, ոմանց՝ ծառայության ընդունում, մի խոսքով՝ ամեն կերպ ջանում էին սիրաշահել նրանց:

Քաղաքում հայեր գրեթե չէին մնացել, բոլորը հեռացել էին Թիֆլիս: Համեմատաբար շատ էին վրացիները: Արդվինում հայերը մնացել էին իրենց տներում՝ հանկարծակիի եկած գահավիժող դեպքերից:

Բաթումում մեր առաջին գործերից մեկը եղավ այցելություն տալ թուրքական պատվիրակության նախագահ Խալիլ բեյին և գերմանական ներկայացուցիչ, զորավար Ֆոն Լոսովին: Խալիլ բեյը հաստ մարդ էր՝ ուռած դեմքով: Նա լավ խոսում էր ֆրանսերեն: Նրա մասին կարծիք էր ձևավորվել, որ թուրք գործիչների մեջ ամենից մեղմը, չափավորը, զիջողն էր: Խալիլ բեյը պաշտպանում էր այն գաղափարը, որ Անդրկովկասը և Թուրքիան ամենասերտ բարեկամները պետք է դառնան: Հայտնի է, որ Խալիլ բեյը Զոհրաբի մոտ ապաստանել էր այն ժամանակ, երբ Երիտթուրքերը հալածանքի ենթարկվեցին Նազիմ փաշայի հեղաշրջման ժամանակ: Բայց երբ 1915թ. Զոհրաբի կինը հուսահատորեն դիմել էր Խալիլ բեյին՝ խնդրելով պաշտպանել իր ամուսնուն, նա կտրուկ մերժել էր որևէ օգնություն:

Թուրքական երկրորդ պատվիրակը Վեհիբ փաշան էր: Այս մարդը շատ ինքնավստահ շարժուձևեր ուներ, խլացնող ձայնի տեր էր, զարմանալիորեն գիտեր բացահայտորեն ստել՝ ուղիղ նայելով աչքերիդ մեջ: Երբ Վեհիբ փաշան զարմանք էր հայտնում իր զորքերի կատարած այս կամ այն բարբարոսությունների մասին, այն տպավորությունն էր թողնում, թե իսկապես անտեղյակ է այդ ցավալի իրադարձություններից: Բայց հետո փաստերը մեզ համոզեցին, որ ինքն էր հեղինակը իր զորքերի կատարած բոլոր վայրագությունների: Վեհիբ փաշան զարմանալի քաղաքավար և սիրալիր էր մեզ հետ, ֆրանսերեն վատ էր խոսում, գերմաներեն՝ ավելի լավ:

Զորավար Ֆոն Լոսովը բարձրահասակ, ջղուտ ծերունի էր, որ անկեղծորեն վրդովված էր թուրքական խժդժություններից, բայց, նվիրված լինելով իր հայրենիքի շահերին, ամեն կերպ ջանում էր հասկացողության լեզու գտնել կովկասյան ազգերի և Թուրքիայի միջև: Վրացիների վերաբերմամբ զորավար Ֆոն Լոսովը որոշ հրահանգներ ուներ. նախնական համաձայնություն էր արդեն առաջ եկել վրացիների և գերմանացիների միջև: Վրացիները մենաշնորհներ էին տվել Գերմանիային Փոթիի նավահանգստի վերաբերյալ, ինչպես նաև՝ Վրաստանի մանգանը և հարուստ անտառները շահագործելու մասին: Տնտեսական այս առանձնաշնորհումների փոխարեն Գերմանիան խոստացել էր պաշտպանել Վրաստանի սահմանները:

Մեր և թուրքական պատվիրակությունների առաջին պաշտոնական նիստը տեղի ունեցավ 1918թ. մայիսի 11-ին՝ տեղական ակումբի շենքում: Նախագահում էր Խալիլ բեյը՝ համաձայն միջազգային օրենքի, որով խորհրդաժողովի նախագահությունը տրվում էր այն պետությանը, որի հողամասի վրա գումարվում է խորհրդաժողովը:

Անդրկովկասյան Սեյմի ներկայացուցիչներից զատ՝ խորհրդաժողովին մասնակցեցին Հյուսիսային Կովկասի և Դաղստանի ներկայացուցիչները ևս:

Ողջույնի ճառերից հետո Չխենկելին Անդրկովկասյան պատվիրակության կողմից հայտարարեց, որ, առաջին՝ Անդրկովկասը անկախ պետություն է, որի մասին պաշտոնապես արդեն հաղորդվել է բոլոր պետություններին և ամենից առաջ՝ Թուրքիային, երկրորդ՝ իբրև բանակցությունների հիմք, պատրաստ է ընդունել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, մի պայման, որ թուրքական պատվիրակությունը դրել էր Տրապիզոնում:

Մի քանի խուսափողական հարց ու փորձից հետո Խալիլ փաշան հետևյալ հայտարարությունը արեց, որ միանգամայն պարզում էր թուրքերի ծրագրերը. «Տրապիզոնի բանակցություններից հետո տեղի են ունեցել բախումներ և արյունահեղություն Թուրքիայի և Անդրկովկասի զորքերի միջև: Ուստի, մեր հայտարարությունների բնույթը և հիմքը արդեն փոխվել են, հետևաբար՝ ես չեմ կարող թույլ տալ, որ մեր ներկա բանակցությունների իբրև միակ հիմք ծառայի Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը»: