Խատիսյանին փոխարինում է Օհանջանյանը՝ 1920-ի մայիսի 5. Հայաստանում հաստատվում է Բյուրո-կառավարություն

3944
Հատված Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունից: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերենի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն 2018-ի ամռանը հրատարակել է Հայաստանում:

—-

Տասնմեկերորդ գլուխ

Երեկոյան դեմ, սակայն, շատ վատ տեղեկություններ ստացվեցին Ալեքսանդրապոլից։ Պարզվեց, որ այնտեղ գործը այնպիսի ընթացք էր ստացել, որ բոլշևիկյան կազմակերպությունը՝ չտեսնելով իր դիմաց եռանդուն գործող վարչական ուժեր և գրեթե անակնկալի բերելով դաշնակցականներին, իր ձեռքն էր առել տոնակատարության նախաձեռնությունը։ Հետևանքը եղել էր այն, որ բոլշևիկյան ճառախոսները միտինգի ընթացքում բացարձակորեն պաշտպանել էին իրենց նշանաբանները, կոչ էին արել զինվորական մասերի զորանոցների առջև և մասնավորապես նախկին ռուսական Սեվերսկի գնդի զորանոցի առջև (որտեղ տեղավորված էր առաջին հայկական հեծելազորի գունդը), առանց քաշվելու հեծելազորի բրիգադի հրամանատար, զորավար Խաչատրյանի ներկայությունից․ ով դրանից մի քանի օր հետո սպանվեց անհայտ մարդկանց ձեռքով Ալեքսանդրապոլի փողոցներում։

Երբ ցուցարար բոլշևիկները բարձրացել էին կարմիր դրոշակը, զորքերը տարվել էին զորանոցները, իսկ միտինգի ամբոխը բոլշևիկյան դրդիչների ղեկավարությամբ ուղևորվել էր քաղաք (միտինգը տեղի էր ունեցել քաղաքից դուրս, այսպես կոչված՝ կազակների պահակատեղում, զորանոցների մոտ), ներս էր խուժել Հ․ Յ․ Դաշնակցության ակումբը, պատռել էր պատերի վրա կախված պատկերները՝ օգտվելով այն բանից, որ այդ միջոցին ակումբում ոչ ոք չէր եղել։

Այսպիսի դեպք հնարավոր էր միմիայն օրվա կարգադրիչների անփութության և վարչության անգործության պատճառով։ Ոչ թե ցուցարարների ուժն էր ազդեցություն գործողը , այլ իշխանությունների անփութությունն էր նրանց հնարավորություն տվել հակապետական ճառեր արտասանել և անկարգություններ անել։

Հայաստանի մյուս քաղաքներում մայիսյան տոնը առաջ չբերեց որևէ միջադեպ, նախ՝ որովհետև ինքը մայիսի 1-ի տոնը նշանակություն ուներ միայն այնտեղ, որտեղ կային բանվորներ, այսինքն՝ մեծ քաղաքներում, ինչպես Երևանն ու Ալեքսանդրապոլը և երկրորդ՝ որովհետև  մյուս վայրերում ոչ մեկի կողմից չկային նշանակված հատուկ ցույցեր։

Մայիսի 2-ին կառավարությունում հարց դրվեց ներքին գործերի նախարարի առջև՝ Ալեքսանդրապոլի վարչության պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու մասին՝ անփութության և անգործության համար։ Որոշվեց նաև բանտարկել ամենից շատ իրենց գրգռիչ քաղաքականությամբ աչքի ընկնող բոլշևիկներին և, առհասարակ, բոլշևիկյան գործունեության հանդեպ ավելի վճռական միջոցներ ձեռնարկել։ Կուսակցությունը իր կողմից Ալեքսանդրապոլ ուղարկեց իր աչքի ընկնող անդամներին՝ ակումբում տեղի ունեցած դեպքերի մասին  քննություն կատարելու համար։

Մայիսի 3-ը անցավ հանգիստ, և կյանքը մտավ իր սովորական ընթացքի մեջ։ Մայիսի 4-ին գնդապետ Հասկելը իր մոտ աշխատակիցների հետ Երևանից Ալեքսանդրապոլով ճանապարհվեց դեպի Թիֆլիս, ըստ երևույթին վախենալով բոլշևիկյան շարժումներից։ Նրա գնացքը Երևանից դուրս եկավ առավոտյան։ Այդ ուղևորությունը չգրավեց ոչ մեկի առանձին ուշադրությունը։ Այնքան հաճախ էր գնում-գալիս Երևան, որ սովորական երևույթ էր դարձել։

Երեկոյան ժամը 9-ի մոտ  ես իմ բնակարանում էի, երբ հատուկ հանձնարարություններով սպա Համլիկ Թումանյանը զեկուցեց, որ գնդապետ Հասկելը հեռագրով Ալեքսանդրապոլից խնդրում է իմ հատուկ հրամանը Ալեքսանդրապոլի կայարանից իմ գնացքը ազատ թողնելու մասին, որովհետև իրեն անհայտ պատճառով  այդ կայարանից իր գնացքը բաց չեն թողնում։ Չհասկանալով խնդրի էությունը, կարգադրեցի հեռապոսի մոտ կանչել կայարանի պետին և հարցրեցի, թե ինչու են պահում Հասկելի գնացքը։ Կայարանապետը պատասխանեց, որ կայարանում է զրահապատ գնացքը կապիտան Մուսայելյանի հրամանատարության տակ, և կապիտանը ռմբակոծելու սպառնալիքով կայարանի բոլոր պաշտոնյաներին հրամայել է ենթարկվել իրեն և ավելացրեց, որ կապիտան Մուսայելյանը հրամայել է պահել ամերիկացիների գնացքը։

Այն ժամանակ ես կարգադրեցի հեռախոսի մոտ կանչել կապիտան Մուսայելյանին։ Վերջինս մոտեցավ հեռախոսին և իմ հրամայական պահանջին՝ անմիջապես ազատ թողնել ամերիկացիների գնացքը և գալ Երևան բացատրություններ տալու, պատասխանեց, որ նա «այլևս չի ճանաչւմ Երևանի կառավարության իշխանությունը և իր համար պարտավորեցնող է համարում կատարել միայն Ալեքսանդրապոլում կազմված ռազմա-հեղափոխական կոմիտեի հրամանները, որ Երևան չի գա, իսկ ամերիկացիներին բաց կթողնի նրանց հետ բանակցելուց հետո»։

Հետո պարզվեց, որ նա ամերիկացիների գնացքը բաց էր թողել Թիֆլիս ուղևորվել միայն այն ժամանակ, երբ խոսք էր առել, որ նրանք իրենց մարդասիրական գործը կշարունակեն նաև Հայաստանում խորհրդային իշխանության հաստատվելու պարագայում։

Ստանալով Մուսայելյանի պատասխանը և տեսնելով, որ նա Ալեքսանդրապոլի բոլշևիկյան ապստամբության ղեկավարներից մեկն է, աչքի առաջ ունենալով միաժամանակ, որ Մուսայելյանը զինվորական է և որ ապստամբության հենարանը զրահապատ գնացքն է, ես անմիջապես հեռախոսի մոտ կանչեցի զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանին և առաջարկեցի Մուսայելյանին ձերբակալելու և ապստամբությունը խեղդելու համար անհապաղ միջոցներ ձեռք առնել։

Արդեն գիշերվա ժամը 12-ն էր, հեռախոսային բանակցությունները տևեցին մոտ 3 ժամ։ Կարգադրություն անելով զինվորական նախարարին՝ ես վճռեցի վաղ առավոտյան արտակարգ խորհրդակցություն հրավիրել զինվորական, ներքին գործերի և հաղորդակցության նախարարներին և այդ մասին կարգադրություն արեցի իմ քարտուղարի միջոցով։

***

Հետևյալ օրը առավոտյան ժամը 8-ին մոտս եկավ բժիշկ Համո Օհանջանյանը։ Ես վաղ էի արթնացել և պատրաստվում էի գնալ պաշտոնատուն Ալեքսանդրապոլի զրահապատ գնացքի խնդրի մասին խորհրդակցելու համար։

Բժիշկ Օհանջանյանը ինձ հաղորդեց հետևյալը։ Գիշերը, երբ խորհրդարանական և կուսակցական շրջաններում հայտնի էին դարձել Ալեքսանդրապոլի դեպքերը և զրահապատ գնացքի ըմբոստանալը, տեղի էր ունեցել Հ․ Յ․ Դաշնակցության խորհրդարանական ֆրակցիայի և կուսակցության գլխավոր վարիչ մարմնի՝ Բյուրոյի խառը նիստը։ Այդտեղ որոշվել էր, որ արտակարգ անցքերը պահանջում են արտակարգ միջոցներ՝ կռվելու սկսվող ապստամբության դեմ և որ առաջին այդպիսի միջոցը պիտի լինի կազմել կառավարություն՝ բաղկացած կուսակցության ղեկավար մարմնից՝ Բյուրոյից, տալով նրան դիկտատորական իրավունքներ ապստամբությունը ճնշելու համար։ Կառավարության նախագահի պաշտոնի համար նշանակվել էր այդ մարմին անդամ Համո Օհանջանյանը, որոշումը պետք է վավերացվեր խորհրդարանի կողմից։