Մշկո Մշկոյանի արկածները. Աբել Միքայելյան

2079

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ի գիտություն գրողների և հրատարակիչների տեղեկացրել է, որ այս տարվա՝ 2023 թվականի ընթացքում, նախաձեռնում է նոր ծրագիր՝ Հայաստանում և արտերկրում տպագրված հին ու նոր բոլոր գրքերի մասին՝ լինեն արևելահայերեն/արեւմտահայերեն կամ այլ լեզուներով, մեր կենտրոնի կայքով տալ կարճ տեղեկատվություն, որպեսզի դրանք ավելի տարածում ունենան:

—–

Աբել Միքայելյանը ժամանակակից հայ արձակագիր է, 5 հատորների հեղինակ: Նրա վերջին գիրքը՝ «Մշկո Մշկոյանի արկածները», հրատարակվել է 2022-ին (ԴԱՐԱԿ հրատարակչություն):

Ներկայացնում ենք մի քանի նախադասություն այդ հատորից, իսկ գիրքն ամբողջությամբ կարող եք կարդալ նրա հեղինակային կայքում՝ https://www.abel.style/books/mshko.pdf

Երբ տեղի ունեցավ այս պատմությունը, ես քառասուն տարեկան էի: Հնարավոր է՝ քառասունմեկ: Կամ գուցե՝ քառասուներկու: Ճիշտ չեմ հիշում: Բայց վստահաբար ոչ ավել, քան քառասուներեք: Համապատասխանաբար, չեմ կարող հստակ ասել, թե ո՞ր թվականն էր. գուցե՝ երկու հազար տասներեք, գուցե՝ տասնչորս, բայց ոչ ուշ, քան՝ տասնհինգ:

Համենայնդեպս, հենց այդ ժամանակ էր, որ սկսվեց հիշողությանս հետ ինչ որ բան կատարվել: Տեսնում էի փողոցում մեկին, գրկախառնվում հետը, համբուրվում, խոսում երկար–բարակ, հրաժեշտ տալիս՝ կրկին գրկախառնվում ու համբուրվում,
ու այդպես էլ չէի հիշում՝ թե նա ով էր: Մտածում էի՝ երևի մի տեղ խմել եմ հետն ու այդպես մխիթարում ինձ:

Ինչևէ, հենց այդ ժամանակ էր նաև, որ պարզվեց՝ ինձ խմել չի կարելի:

— Իսկ կարո՞ղ ենք խմելը բացառել,— բժշկուհին ակնոցի վերևից այնպիսի չար հայացքով նայեց ինձ, կարծես վերջին խմելուց իրեն ինչ–որ բան էի արել: Կամ… չէի արել:

Հանուն արդարության պետք է ասել, որ նա հրապուրիչ արտաքին ուներ: Եվ կազմվածք: Բայց հանուն արդարության պետք է նաև ասել, որ խմած ժամանակ ես որևէ մեկին ո՛չ ինչ–որ բան էի անում, ո՛չ էլ չէի անում: Այսինքն՝ խմելն այստեղ ամենևին կապ չուներ: Ու խմում էի ես ոչ շատ հաճախ: Շաբաթն առավելագույնը երեք օր, կամ ծայրահեղ դեպքում՝ չորս, բայց, վստահաբար, ոչ ավել, քան՝ հինգ: Սակայն դա ի՜նչ էր՝ համեմատած իմ ընկեր Մշկոյի խմելու հաճախականության հետ: Նա խմում էր շաբաթը տասնչորս օր: