Քաղաքական հարբեցողություն. Աբել Միքայելյան

2425

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ի գիտություն գրողների և հրատարակիչների տեղեկացրել է, որ այս տարվա՝ 2023 թվականի ընթացքում, նախաձեռնում է նոր ծրագիր՝ Հայաստանում և արտերկրում տպագրված հին ու նոր բոլոր գրքերի մասին՝ լինեն արևելահայերեն/արեւմտահայերեն կամ այլ լեզուներով, մեր կենտրոնի կայքով տալ կարճ տեղեկատվություն, որպեսզի դրանք ավելի տարածում ունենան:

Մենք ամեն ամիս տալիս ենք նաև հայագիտական նոր գրքերի մասին ամփոփ տեղեկատվություն, որը պատրաստում է Գէորգ Եազըճեանը:

Աբել Միքայելյանը ժամանակակից հայ արձակագիր է, 5 հատորների հեղինակ: Նրա երրորդ գիրքը՝ «Քաղաքական հարբեցողություն», հրատարակվել է 2013-ին (ԱՆՏԱՐԵՍ):

Ներկայացնում ենք մի քանի նախադասություն այդ հատորից, իսկ գիրքն ամբողջությամբ կարող եք կարդալ նրա հեղինակային կայքում՝ https://www.abel.style/books/qaxaqakan-harbecoxutyun.pdf

Գարեջո՞ւր, թե՞ սուրճ: Գարեջո՞ւր, թե՞ սուրճ: Մատուցողուհին կանգնած էր կարծես ոչ թե գլխավերևումս, այլ հենց գլխիս վրա ու անտարբեր սպաասում էր՝ մինչ ես կլուծեի այս լրջագույն խնդիրը: Նա անգամ հորանջեց՝ սեղանի շորով փակելով բերանը: Հավանաբար ողջ գիշեր աշխատել էր: Ի՞նչ անենք, ես էլ ողջ գիշեր խմել էի, ու եթե հիմա մատուցողուհին ընդամենը պետք է հանձներ հերթափոխն ու գնար տուն՝ քնելու, ես դեռ պետք է դիմավորեի մի մարդու, հասցնեի նրան քաղաք, հետո դուրստրերիս տանեի դպրոց ու գնայի աշխատանքի:

Իր հեղինակային կայքում, դիմելով ընթերցողին, Միքայելյանը գրել է

Սիրելի ընթերցող,

այս կայքում իմ վեպերն են, որոնք ես գրել եմ՝ մտածելով, որ մի օր դուք կկարդաք դրանք: Թեկուզ այստեղ՝ համացանցում: Իհարկե, ճիշտը ԳԻՐՔՆ է, բայց այնուամենայնիվ ես հասկանում եմ, որ մենք ապրում ենք անհասկանալի ժամանակներում: Ես հաճախ եմ ճամփորդում և չափազանց ուրախանում եմ, երբ տեսնում եմ հոլանդացի, չինացի կամ ռուս ծերունիների կամ աչոնիկների, ովքեր նստած են օդանավում, գնացքում, կամ կանգառում՝ ձեռքներին մի գիրք: Կարևոր չէ՝ ում գիրքը, կարևոր չէ՝ ինչի մասին, կարևորն է, որ մարդիկ կարդում են ու կարդում են հենց ԳԻՐՔ:

Այնուամենայնիվ, գրի բովանդակությունը, իմաստն ու էությունը նույնն է թե տպագիր, թե էլեկտրոնային տարբերակներում:

Ես կարծում եմ, որ գրողի առաքելությունը մեկն է՝ ընթերցողի կյանքը դարձնել բարի և հետաքրքիր: Բայց դրա համար պետք է բարեկամանալ ընթերցողի հետ:

ԵՎ ահավասիկ, ես ձեզ բարեկամության ձեռք եմ մեկնում: Իսկ իմ հերոսները անհամբեր են ձեզ հետ ծանոթանալու:

Այն, ինչ նրանք պիտի փոխանցեն ձեզ, վստահ եմ, որ դուք առանց այդ էլ գիտեք. պետք է ապրել ազատ ու անպայման ուժեղ լինել: Միայն թե և ազատությունը, և ուժը պետք է սահման և չափ ունենան: Այնքան, որ ոչ մի դեպքում չվնասեն այն ամենին, ինչը որ արժանի չէ, որ իրեն վնասեն. մարդուն, ճնճղուկին, իշուկին, ծաղկին ու անգամ քարերին, որոնց միջից անսպասելի բուսել է ծաղիկը: Միակ բանը, որ սահման չունի՝ բարությունն է: Ավելի ճիշտ՝ միակ բանը, որ պետք է սահման չունենա՝ բարությունն է:

Ձեզ՝ սիրուն ընթերցանություն: