«Կարուսել». Աբել Միքայելյան

2249

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ի գիտություն գրողների և հրատարակիչների տեղեկացրել է, որ այս տարվա՝ 2023 թվականի ընթացքում, նախաձեռնում է նոր ծրագիր՝ Հայաստանում և արտերկրում տպագրված հին ու նոր բոլոր գրքերի մասին՝ լինեն արևելահայերեն/արեւմտահայերեն կամ այլ լեզուներով, մեր կենտրոնի կայքով տալ կարճ տեղեկատվություն, որպեսզի դրանք ավելի տարածում ունենան:

Մենք ամեն ամիս տալիս ենք նաև հայագիտական նոր գրքերի մասին ամփոփ տեղեկատվություն, որը պատրաստում է Գէորգ Եազըճեանը:

Աբել Միքայելյանը ժամանակակից հայ արձակագիր է, 5 հատորների հեղինակ: Նրա երկրորդ գիրքը՝ «Կարուսել», հրատարակվել է 2006-ին (Զանգակ-97):

Ներկայացնում ենք մի քանի նախադասություն այդ հատորից, իսկ գիրքն ամբողջությամբ կարող եք կարդալ նրա հեղինակային կայքում՝ http://www.abel.style/books/karusel.pdf

12 նոյեմբերի, 1999

Պարոն վան Վիլետի ձեռքին կարմիր ճամպրուկ էր՝ անկյունում սպիտակով դրոշմված իր ընկերության անունը՝ Events: Նույն անունը, սակայն, կարմիրով կար նաև նրա սպիտակ բաճկոնի օձիքին: Մենք գիտեինք, որ գործ ենք բռնել լուրջ ընկերության հետ: Պարոն վան Վիլետի արտաքինը նույնպես վստահություն էր ներշնչում. նա ուներ ճերմակ մազեր և հավանաբար երկար կենսագրություն:

Սակայն ներկայանալիս նա տվեց միայն անունը՝ Ֆլիպ, և իր կարմիր ճամպրուկը սիրով զիջեց Մկոյին: Այդ ժամանակ ես պատկերացում չունեի, որ դա Մկոյի առաջին և միակ շփումն էր ընկերության գույքի հետ, այլապես կխնդրեի, որ ճամպրուկը վերցներ Ֆլիպին դիմավորելու եկած մեր մյուս գործընկերը՝ Վլադիմիրը, կամ թեկուզ կվերցնեի ինքս: Բայց գրողի ծոցը ճամպրուկը, Հայաստան էր եկել մեկը, որ առաջիկա մեկուկես տարվա ընթացքում մոտ մեկուկես միլիոն դոլարի ներդրում էր անելու այստեղ:

Իր հեղինակային կայքում, դիմելով ընթերցողին, Միքայելյանը գրել է

Սիրելի ընթերցող,

այս կայքում իմ վեպերն են, որոնք ես գրել եմ՝ մտածելով, որ մի օր դուք կկարդաք դրանք: Թեկուզ այստեղ՝ համացանցում: Իհարկե, ճիշտը ԳԻՐՔՆ է, բայց այնուամենայնիվ ես հասկանում եմ, որ մենք ապրում ենք անհասկանալի ժամանակներում: Ես հաճախ եմ ճամփորդում և չափազանց ուրախանում եմ, երբ տեսնում եմ հոլանդացի, չինացի կամ ռուս ծերունիների կամ աչոնիկների, ովքեր նստած են օդանավում, գնացքում, կամ կանգառում՝ ձեռքներին մի գիրք: Կարևոր չէ՝ ում գիրքը, կարևոր չէ՝ ինչի մասին, կարևորն է, որ մարդիկ կարդում են ու կարդում են հենց ԳԻՐՔ:

Այնուամենայնիվ, գրի բովանդակությունը, իմաստն ու էությունը նույնն է թե տպագիր, թե էլեկտրոնային տարբերակներում:

Ես կարծում եմ, որ գրողի առաքելությունը մեկն է՝ ընթերցողի կյանքը դարձնել բարի և հետաքրքիր: Բայց դրա համար պետք է բարեկամանալ ընթերցողի հետ:

ԵՎ ահավասիկ, ես ձեզ բարեկամության ձեռք եմ մեկնում: Իսկ իմ հերոսները անհամբեր են ձեզ հետ ծանոթանալու:

Այն, ինչ նրանք պիտի փոխանցեն ձեզ, վստահ եմ, որ դուք առանց այդ էլ գիտեք. պետք է ապրել ազատ ու անպայման ուժեղ լինել: Միայն թե և ազատությունը, և ուժը պետք է սահման և չափ ունենան: Այնքան, որ ոչ մի դեպքում չվնասեն այն ամենին, ինչը որ արժանի չէ, որ իրեն վնասեն. մարդուն, ճնճղուկին, իշուկին, ծաղկին ու անգամ քարերին, որոնց միջից անսպասելի բուսել է ծաղիկը: Միակ բանը, որ սահման չունի՝ բարությունն է: Ավելի ճիշտ՝ միակ բանը, որ պետք է սահման չունենա՝ բարությունն է:

Ձեզ՝ սիրուն ընթերցանություն: