Ալեքսանդր Խատիսյանի առաջին հանդիպումը Սարգիս Կասյանի հետ. դեկտեմբեր, 1920թ

3691

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից, գլուխ 15-ից

Տասնհինգերորդ գլուխ

Խորհրդային իշխանությունը Հայաստանում

(2 դեկտեմբեր, 1920 – 16 փետրվար, 1921)

Տեսանք, թե ինչպիսի փաստական պարգաներում հաստատվեց խորհրդային իշխանությունը Հայաստանում: Բայց, իրավական առումով, խորհրդային իշխանությունը հին ազգային կառավարությունից (Սիմոն Վրացեան) փոխանցվեց առանձին համաձայնագրով, որը մեջբերում ենք ամբողջությամբ.

Համաձայնագիր

ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության միջև

1920թ. դեկտեմբերի 2-ին ՌՍՖՍՀ լիազոր ներակայացուցիչ ընկեր Լեգրանը ՌԿԿԿ-ի լիազորությամբ` ի դեմս Ռուսաստանի խորհրդային կառավարության, և ընկերներ Դրոն ու Տերտերյանը` ի դեմս Հայաստանի կառավարության, կնքեցին համաձայնություն հետևյալի մասին.

Հայաստանը հայտարարվում է անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն:

Մինչեւ Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը, կազմվում է ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտե, որին է անցնում ամբողջ իշխանությունը Հայաստանում:

Ռուսաստանի խորհրդային կառավարությունը ընդունում է, որ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության հողերի մեջ անվիճելի կերպով մտնում են` Երևանի նահանգը` իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, որը զինվորական տեսակետից ապահովում է երկաթուղու տիրապետությունը, Ջաջուռ կայարանից` Արաքս կայարանը, Գանձակի նահանգի Զանգեզուրի գավառը, Ղազախի գավառի մի մասը` օգոստոսի 10-ի համաձայնության սահմաններում, և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև 1920թ. սեպտեմբերի 28-ը:

Հայկական բանակի հրամանատարական կազմը չի ենթարկվում պատասխանատվության այն գործերի համար, որ կատարել է բանակի շարքերում մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հայտարարումը:

Դաշնակցության և այլ սոցիալիստական կուսակցությունների (սոցիալիստ հեղափոխական, սոցիալ-դեմոկրատ) անդամները ոչ մի հալածանքի չպիտի ենթարկվեն կուսակցական պատկանելության, կոմունիստական կուսակցության դեմ մղված կռիվներում մասնակցելու և Խորհրդային Հայաստանի հայտարարությունից առաջ կատարված գործերի համար:

Ռազմահեղափոխական կոմիտեի մեջ մտնում են հինգ անդամներ` նշանակված կոմունիստական կուսակցության կողմից, երկու անդամ` ձախ դաշնակցականների խմբակից` համաձայնելով կոմունիստական կուսակցության հետ:

Ռուսաստանի խորհրդային կառավարությունը միջոցներ է ձեռնարկում անմիջապես կենտրոնացնելու Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անկախության պաշտպանության համար անհրաժեշտ ուժեր:

Սույն համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը հեռանում է իշխանությունից: Ժամանակավոր կերպով` մինչև հեղափոխական կոմիտեի գալը, իշխանությունը անցնում է զորահրամանատարությանը, որի գլուխ է կանգնում Դրոն: ՌՍՖՍՀ -ի կողմից Հայաստանի զորահրամանատարությանը կից կոմիսար է նշանակվում ընկ. Սիլինը:

Պատրաստված է երկու օրինակից.

ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ` Լեգրան,

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ` Դրո, Տերտերյան:

Այս համաձայնագիրը ստորագրվեց 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, կեսօրից առաջ: Ստորագրումից առաջ նախագիծը քննվեց կառավարության նիստում և վավերացվեց մի քանի փոփոխություններով:

Դեկտեմբերի 3-ին մի քանի օրերի ժամանակավոր դիկտատորները՝ բոլոր զինվորական ուժերի գլխավոր հրամանատար Դրոն և ռուսական խորհրդային իշխանության կոմիսար Սիլինը ուղարկեցին հետևյալ շրջաբերականը.

Պատճեն

Ռադիո Երևան, 345-99-4. 20, Բասրա ռադիո

«Հայաստանը հայտարարվել է Խորհրդային Հանրապետություն:

Մինչև Խորհրդային Հայաստանի Հեղկոմի ժամանումը Երևան՝ կառավարական իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը, որի պետ է նշանակվել ընկեր Դրո Կանայանը և Հայաստանի հրամանատարի մոտ ՌՍՖՍՀ կոմիսար ընկեր Սիլինը: Հայաստանի բոլոր պետական հիմնարկությունները, պաշտոնական անձիք և քաղաքացիները պարտավոր են անհապաղ կատարել զինվորական հրամանատարության կարգադրությունները: Նրանք, որոնք կվարվեն հրամանատարության կարգադրություններին հակառակ, կճանաչվեն հանցավոր և անմիջապես պատասխանատվության կենթարկվեն հեղափոխական շրջանի օրենքների համաձայն:

3 դեկտեմբերի, թիվ 6815, Հայաստանի զինվորական ուժերի հրամանատար Դրո, ՌՍՖՍՀ կոմիսար Սիլին»:

Ըստ արտաքին երևույթների, ամբողջ Հայաստանում նոր իշխանությունը ընդունվեց առանց ակներև դիմադրության: Այն չընդունեց և չճանաչեց ու երկար ամիսներ շարունակեց  չճանաչել Հայաստանի հարավային մասը՝ Զանգեզուրը: Չճանաչողների գլուխ էր անցել Զանգեզուրի զինված ուժերի հրամանատար Նժդեհը:

Թե ինչու Զանգեզուրը չճանաչեց Խորհուրդների իշխանությունը, Նժդեհը բացատրել է իր առանձին հոդվածաշարում, որ տպվեց «Ազատ Սյունիք» վերնագրով 1925թ. «Հայրենիք» ամսագրի մայիս և հունիս համարներում:

Նոր իշխանությունը սարսափ էր ներշնչում և արտաքուստ հնազանդություն առաջ բերում: Բայց դա վստահության և ակնածանքի վրա հիմնված ճանաչում չէր: Իշխանությունը օտար էր ժողովրդին: Նրան ուղեկցում էին ռուս զինվորական ուժը և քաղաքական ոստիկանությունը՝ Չեկան, որոնք իր հենակետերն էին: Հին հայկական բանակը պետք է մտներ խորհրդային հայկական բանակի կազմ: Միացնող օղակը Դրոն էր, ով հեղինակավոր անձնավորություն էր Հայաստանի զինվորական  և քաղաքացիական ազգաբնակչության համար: Դեկտեմբերի 3-ին Դրոն հրաման արձակեց զորքերին և կոչ ուղղեց ազգաբնակչությանը՝ հպատակվել նոր իշխանությանը: Պետք է շեշտել, որ հին կառավարությունը նորին օրինական կերպով հանձնեց իշխանությունը: Նոր կառավարությունը ոչ մի դժվարություն չունեցավ իշխանությունը, պետական գույքը և պատրաստի դրամը ընդունելու համար: Հին կառավարությունը հեռացավ ասպարեզից՝ չցանկանալով առաջ բերել ավելորդ և անօգուտ արյունահեղություն: Նա նոր կառավարությանը հնարավորություն տվեց գործով ցույց տալ և իր խոստումները կատարել ժողովրդի առաջ:

Նախկին նախարարների և խորհրդարանի անդամների մի մասը դեկտեմբերի 2-ին թողեց Երևանը և լեռներով ճանապարհվեց դեպի Վրաստան, բայց ճանապարհին ձերբակալվեց, հսկողության տակ հետ բերվեց Երևան և բանտարկվեց: Մյուս մասը ուղևորվեց դեպի Զանգեզուր և ապահով հասավ տեղ:

Նախարարներից և խորհրդարանի անդամներից մի քանիսը անցան անլեգալ դրության: Նախկին դաշնակցական նախարարներից բաց էին ապրում միայն Սիմոն Վրացյանը, Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Սիրական Տիգրանյանը, Աբրահամ Գյուլխանդանյանը: Խորհրդարանի դաշնակցական անդամների մի մասը ինքն իրեն հայտարարեց «ձախ դաշնակցական» և աշխատեց խմբակ կազմել: Այդ փորձը, սակայն, չհաջողվեց: Մի մասը հետո պարզապես մտավ կոմունիստական կուսակցության մեջ, իսկ մյուս մասը՝ երկու երեք ամսից հետո հեռացավ Հայաստանից:

Դեկտեմբերի 4-ին Երևան եկավ նոր խորհրդային կառավարության կազմը՝ Կասյանի նախագահությամբ և ստանձնեց պաշտոնը: Այսպիսով, իսկապես ընդմիջումը Վրացյանի ազգային կառավարության դադարելու և նրան հաջորդող Կասյանի խորհրդային կառավարության միջև տևեց ընդամենը չորս օր:

Դեկտեմբերի 6-ին Երեւան մտան ռուս խորհրդային բանակի առաջին զորամսերը: Իմ բնակարանի պատուհանից ես ականատես էի այդ տեսարանին, որը գտնվում էր Երևանի գլխավոր՝ Աբովյան փողոցի վրա, որով անցնում էին զորքերը՝ իջնելով Քանաքեռ գյուղից և ուղևորվելով նախկին խորհրդարանի շենքը, որի առաջ տեղի էր ունենում գրեթե մշտական հանրահավաք: Ինչպես հին ցարական օրերին, վաղ առավոտյան նոր կառավարության պաշտոնյաները տնից տուն անցնելով,  հրամայում էին պատուհանների և պատշգամբների վրա կախել գորգեր և որևէ կարմիր կտոր: Նույնպիսի կարգադրություն եղավ և իմ տան տիրոջը:

Ժամը 4-ին երևացին զորքերը, որոնց ընդառաջ գնացին Դրոն և քաղաքապետը: Զորքերը երկու տեսակի էին՝ կազակներ և թնդանոթաձիգ զորամաս: Նրանք հոգնած դեմք ունեին, հագնված էին վատ: Առանց միջադեպերի անցան-գնացին վաղօրոք պատրաստված մասնավոր բնակարանները:

Ժողովուրդը վախից դուրս չէր գալիս փողոց: Մայթերի վրա կանգնած էին խմբերով պատանիներ և մի քանի երիտասարդներ կարմիր նշաններով: Ինչպես Պուշկինն է «Բորիս Գոդունով»-ում ասել՝ «ժողովուրդը լուռ էր»:

Կառավարության առաջին գործը եղավ «բնակարանների բռնագրավման հանձնախումբ» կազմելը: Նոր եկածների համար պետք էին բնակարաններ: Սկսվեց բնակարաններից արտաքսումը և «սեղմումը»: Եկած նոր պաշտոնյանները ուղղակի իջևանում էին տների առջև, անմիջապես սկսում էին դուրս քշել սենյակների ապրողներին:

Հետո սկսվեց պաշարեղենի բռնագրավումը: Ազգաբնակչությունը խուճապի մեջ ընկավ: Քաղաքում սկսեցին տարածվել ամեն տեսակ լուրեր: Անմիջապես հաստատվեց Չեկա՝ Այվազյանի ղեկավարությամբ:

Այն քսանամյա շրջանում, երբ ես մոտ հարաբերություններ ունեցա ցարական բարձր իշխանության հետ, նույնիսկ ռեակցիայի ամենամռայլ օրերին, շատ անգամ տեսա ժողովրդի ահաբեկված վիճակը  իշխանության առաջ: Այդպես էր 1904 թվին՝ առաջին ռուսական հեղափոխության նախօրյակին, 1907-1908 թվերին՝ ռուսական հեղափոխության ճնշումից հետո: Բայց 1920 թվի «լռությունը» առանձին կնիք էր կրում: Այնպիսի տրամադրություն էր, կարծես թե ճնշում էր օտար, մռայլ մի ուժ, ժողովրդի համար միանգամայն խորթ, և ժողովուրդը լռելյայն քաշվել էր մի կողմ:

Դեկտեմբերի 6-ին, գիշերվա մոտ ժամը 12-ին, երբ ինձ մոտ նստած էին մի քանի իմ բարեկամներից, մոտս բնակվող սպա Մուշեղ Թումանյանը հայտնեց, որ զորավար Արեշյանը շտապ ուզում է ինձ տեսնել: Պարզվեց, որ նախկին նախարարական կազմից և խորհրդարանի անդամներից բոլոր նրանք, որոնք փորձել էին անցնել Վրաստան (Համո Օհանջանյան, Ա. Չիլինգիրյան, Վ. Բաբայան, բժ. Հ. Տեր-Դավթյան, Գևորգ Վարշամյան, Վահան Նավասարդյան և ուրիշներ), ձերբակալվել էին, և ամեն րոպե սպասվում էր նրանց մուտքը Երևան: Հասկանալի էր, թէ որքա՜ն անհանգստացանք նրանց վիճակի համար:

Ես, Թումանյանի և Արեշյանի ուղեկցությամբ, անմիջապես դուրս եկա տնից: Մութ գիշեր էր: Ոչ մի լույս չէր երևում: Ահարկու լռություն էր: Մենք այցելեցինք ձերբակալվածներից մեկի տիկնոջը: Նա խեղդվում էր արտասունքից՝ վախենալով, որ իր ամուսնուն հենց նույն գիշերը կգնդակահարեն:

Քննության առնելով իրերի դրությունը, ես խոստացա անպատճառ մյուս օրն իսկ տեսնել կառավարության նախագահ Կասյանին և ամեն հնարավոր միջոց ձեռք առնել՝ ձերբակալվածների վիճակը թեթևացնելու համար: Տուն վերադառնալով՝ մտածեցի, թե որքան իրավացի էր իմաստուն Գուցկովը «Ուրիել Ակոստա» դրամայում, երբ ասում էր, թե «այդ բոլորը եղել է»:

Հիշեցի, թե ինչպես հայտնի բոլշևիկ Ստեփան Շահումյանի կինը ինձ խնդրում էր շտապել ժանդարմական գնդապետ Պաստրյուրլինի մոտ՝ իր ամուսնու վիճակը թեթևացնելու համար, և ինչպես հեղափոխությունից հետո, այդ նույն Պաստրյուլինի կինը ինձ խնդրում էր ինձ՝ այն ժամանակվա Կովկասի կոմիսարին, վտանգի չենթարկել իր ամուսնուն: Հիշեցի նաև իմ հաճախակի դիմումները ցարական ռեժիմի օրերին բոլշևիկներ Կամո Տեր-Պետրոսյանի, Էլիավայի և ուրիշների վիճակը թեթևացնելու համար:

Առավոտյան գնացի Կասյանի մոտ: Ընդունարանի մուտքի առաջ պատահեցի կարմիր եռանկյունի աստղազարդ գլխարկով, բարձրահասակ մի պարոնի,: Այվազյանն էր՝ Չեկայի նախագահը: Հետո, նրա հետ հանդիպելով իմացա, որ նա իմ դասախոսությունների նախկին ունկնդիրն է, որ կարդում էի Թիֆլիսի 2-րդ գիմնազիայի շինության ներսում, 1903-1905 թվերին:

Կասյանի հետ խոսելով, ես սկզբից իսկ ասացի, որ առաջին անգամը չէ, որ ինձ վիճակվում է խնդրել քաղաքական բանտարկյալների համար: Նա գիտեր դա: Լսելով իմ խնդրանքը՝ գոնե չգնդակահարել ձերբակալվածներին, նա պատասխանեց.

«Մենք բոլորովին չենք մտածում նրանց գնդակահարել: Մենք ուզում ենք դատել նրանց և ուզում ենք, որ դատը լինի հրապարակային և ցուցադրական: Մեզ համար կարևոր է պարզել Դաշնակցության էությունը և ժողովրդին ցույց տալ նրա անկարողությունը: Դատը մենք կսկսենք անմիջապես այն բանից հետո, երբ կվերջացնենք մեղադրական նյութերի հավաքումը: Թե ինչ կլինի դատավճիռը, ես չգիտեմ իհարկե: Անձամբ ես կարծում եմ, որ ձերբակալվածներից երկուսը (նա անվանեց երկու անձ), համենայն դեպս, կդատապարտվեն մահվան: Նրանց դեմ գրգռումը զորեղ է, բայց այս րոպեին ոչ ոքի ոչինչ չի սպառնում: Թեև մեր երիտասարդությունը ցանկանում է անմիջապես վերջացնել այդ գործը, բայց մենք նրան պահում ենք»:

Սրանով առաջին խնդիրը առժամապէս սպառված էր: Ապա մենք անցանք Ալեքսանդրապոլի դաշնագրին: Ես Կասյանին համառոտակի ծանոթացրեցի բանակցությունների ընթացքի հետ և այն «պատճառներին», որոնք դրդեցին պատվիրակությանը՝ օգտակար համարել դաշնագրի ստորագրությունը:

Կասյանն ինձ ասաց.

«Դուք օրինավոր վարվեցիք: Այն պահին անկարելի էր վարվել այլ կերպ: Բայց դուք հասկանում եք, որ մենք խորհրդային իշխանություն ենք, մենք չենք կարող մեր վրա վերցնել պատասխանատվություն այս դաշնագրի համար: Այդ պատճառով, մեր մամուլում շատ խիստ կերպով քննադատում ենք և պախարակում ձեզ: Բացի դա տակտիկական հարց է:  Մեր նպատակն է չճանաչել այդ դաշնագիրը և կազմել նոր համաձայնություն: Բայց եթե երբևիցե դուք հրապարակ հանեք մեր կարծիքը, որ դուք հարկադրված էիք ստորագրել դաշնագիրը, մենք կհերքենք մեր այսօրվա խոսակցությունը»:

Ես ժպտացի և հիշեցի, որ նման նախադասություն լսել եմ Կովկասի փոխարքա, կոմս Վորոցով-Դաշկովից իմ վարմունքի առթիվ Թիֆլիս քաղաքի կողմից Պետական Դումայի անդամի ընտրություններու ժամանակ: Երկու հակամարտող կողմերի ուժերի հավասարության պատճառով վճռական դեր էր խաղալու հինգ ձայների մի խումբ, որը գտնվում էր իմ ազդեցության տակ: Եվ հենց իմ ազդեցության շնորհիվ անցավ սոցիալ-դեմոկրատ կուսակցության թեկնածու Չխեիձեն՝ տապալելով ազատամիտ ավարտական-բուրժուական կոալիցիայի թեկնածու իշխան Անդրոնիկովին:

Ես այն ժամանակ քաղաքագլուխ էի: Ազնվականները փոխարքային գանգատվել էին, թե իմ շնորհիվ անցել է ընկերվարական թեկնածուն:  Փոխարքան անձամբ ընկերվարական թեկնածուի կողմնակից էր և կարծում էր, որ նա Պետական Դումայում կքննադատի կենտրոնական իշխանությանը և հանգիստ կթողնի փոխարքային: Բայց ազնվականներին ասել էր, թե դժգոհ է ինձնից: Այդպես է, ըստ երևույթին, բոլոր բռնապետական ռեժիմների գործելակերպը:

Հետո ես անցա երրորդ խնդրին, իմ որոշմանը՝ մնալ Հայաստանում որպես շարքային քաղաքացի:

Կասյանը պատասխանեց.

«Դուք այնպիսի կարկառուն դեմք եք և այնպիսի պաշտոն էիք վարում, որ մեր ընդհանուր կարգի համաձայն, դուք պետք է բանտարկված լինեիք: Բայց նախ դուք ազնվաբար, պատվիրակության ձեր բոլոր ընկերակիցներով՝ Գյուլխանդանյանի և Ղորղանյանի հետ եկաք մեզ մոտ: Եվ դա մեզ հաճելիորեն զարմացրեց: Երկրորդ, եթե դուք շարունակեք ապրել լոյալ կերպով, Լեգրանի և Սիլինի այն հայտարարությունը, որ դուք ազատ կլինեք, կմնա ուժի մեջ»:

Դրանով վերջացավ մեր խոսակցությունը:

Տեսնվեցի Սիմոն Վրացյանին՝ իր բնակարանում: Նրա մոտ էր նաև խորհրդարանի անդամ Լևոն Թադևոսյանը: Վրացյանի հետ խոսեցի Երևանում մնալու կամ Հայաստանից հեռանալու առավելությունների մասին: Վրացյանը գտնում էր, որ իմ Երևանում մնալը աննպատակ է, քանի որ խորհրդային իրավակարգի պայմաններում ինձ համար լեգալ աշխատանքը անհնարին կլինի, մինչդեռ Եվրոպան կարող էր ինձ հնարավորություն տալ շատ ավելի օգտակար լինելու իմ ժողովրդին: