Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը պաշտոնավարության 100 օրվա առթիվ. 22 հուլիսի, 1998թ.

3201

ԱՆԻ-ի կողմից – ինչպես տեղեկացրել ենք, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը որոշակի պարբերականությամբ, հրապարակում է Հայաստանի երեք նախագահների և գործող վարչապետի հրապարակային բոլոր ելույթները, հարցազրույցները, ուղերձները՝ սկսած 1988 թվականից: Այս շարքում, անհրաժեշտության դեպքում, մենք կներկայացնենք նաև նախկին վարչապետների և արտգործնախարարների, ինչպես նաև Արցախի նախագահների ելույթներն ու հարցազրույցները:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ 100 ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Ռոբերտ Քոչարյանի բացման խոսքը.

Սիրելի բարեկամներ, լրացավ իմ նախագահության 100 օրը: Բայց ես նախագահի պաշտոնակատար էի նաեւ ամբողջ նախընտրական ժամանակահատվածում. մինչ այդ վարչապետ էի, այդ իսկ պատճառով տնտեսության վիճակը վերլուծելու համար կփորձեմ օգտագործել կիսամյակի ցուցանիշները:

Ես համարում եմ, որ պատասխանատու եմ ամբողջ կիսամյակի համար, թեկուզ պետք է ասեմ, որ նախընտրական արշավի երկու ամիսները, շատ բնական է, որ բավական լուրջ պրոբլեմներ պետք է ստեղծեին տնտեսության մեջ:

Ես հասկանում եմ, որ այսօր ժողովրդին հուզող հիմնական հարցերը վերաբերում են տնտեսական վիճակին, աշխատատեղերին, սոցիալական խնդիրներին: Բայց այս ամենը չի կարելի անջատել քաղաքական խնդիրներից: Ես կփորձեմ ձեզ հիշեցնել այն հիմնական ուղղությունները, որոնց նկատմամբ անհրաժեշտ էր շատ արագ եւ արդյունավետ սրբագրական քայլեր անել:

Առաջինը, դա արդյունավետ կառավարումն էր. խոսքը վերաբերում է եւ Նախագահի ու իր աշխատակազմի, կառավարության եւ կառավարության աշխատակազմի, բոլոր նախարարությունների, ամբողջ գործադիր մարմնի մեխանիզմներին:

Երկրորդը, տնտեսական զարգացման հստակ ձեւակերպված առաջնահերթություններն են: Նման հստակեցում չկար: Մենք այն մտցրեցինք կառավարության ծրագրում, որը եւ հաստատվեց Ազգային Ժողովի կողմից: Խոսքը վերաբերում է ակտիվ ներդրումային քաղաքականությանը, արտաքին քաղաքականությանը, որի մասին ես քիչ ավելի ուշ կոնկրետ տվյալներ կբերեմ եւ դատաիրավական համակարգի բարեփոխումներին:

Սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ անհրաժեշտ էր լուրջ աշխատանք: Ես շատ լավ հիշում եմ իմ բոլոր նախընտրական խոստումները եւ նախընտրական ծրագիրը: Պետք է ասեմ, որ բոլոր ուղղություններով շատ հետեւողական եւ կոնկրետ քայլեր ենք իրականացնում: Չկա մի խոստում, որի վերաբերյալ կոնկրետ քայլեր արված չլինեն:

Մի քանիսը, որոնք վերաբերում են ներքաղաքական խնդիրներին, ես կթվարկեմ. ստեղծվել է Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողով, որը բավական ծավալվել է իր աշխատանքներում, ստեղծվել է մարդու իրավունքների հանձնաժողով, որը, ես համոզված եմ, հետագայում, սահմանադրական փոփոխություններից հետո, հիմք կդառնա լուրջ պետական ինստիտուտ հիմնելու համար: Ստեղծվել է տեղական ինքնակառավարման մարմինների հարցերով հանձնաժողով: Նախընտրական իմ հանդիպումների ժամանակ բավական շատ էին հարցերն այդ ոլորտի վերաբերյալ, եւ ուղղակի նման հանձնաժողով ստեղծելն անհրաժեշտություն էր: Սա մի ոլորտ է, որի հետ կապված է նաեւ երկրի կայունությունը: Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կայանան, եւ պետությունն ու նախագահն այստեղ մեծ դեր ունեն:

Սկսվել է նախագահին առընթեր քաղաքական խորհրդի ձեւավորումը, ինչը միանշանակ չի ընդունվել բոլոր քաղաքական ուժերի կողմից: Կան, իհարկե, տարբեր կարծիքներ, բայց, այնուամենայնիվ, քաղաքական խորհրդի ստեղծման իմաստը եղել եւ մնում է քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցելը: Այդ համագործակցության համար ես մեկնել եմ իմ ձեռքը, եւ այն քաղաքական ուժերը, կազմակերպությունները, կուսակցությունները, որոնք ընդունում են այս մոտեցումները եւ մասնակցելու են խորհրդի աշխատանքներին, կհամագործակցեն: Մյուսներն ազատ են իրենց ընտրության մեջ, եւ ոչ ոք ոչ մեկին չի ստիպելու մասնակցել քաղաքական խորհրդի գործունեությանը: Նման խոստում եղել է, որը ես համարում եմ կարեւոր քայլ՝ ներքին քաղաքական կայունություն ունենալու համար:

Հաջողվեց խուսափել սահմանադրական ճգնաժամից. խոսքը դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին է: Դուք գիտեք, որ եթե մինչեւ հունիս մենք չձեւավորեինք վճռաբեկ դատարանը, ապա կունենայինք լրջագույն սահմանադրական պրոբլեմներ: Հաջողվեց ստեղծել վճռաբեկ դատարան, եւ այսօր մենք ակտիվ շարունակում ենք մեր աշխատանքները դատաիրավական համակարգի բարեփոխումների ուղղությամբ:

Երկրում չկան այլեւս արգելված կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, չկան քաղբանտարկյալներ: Ես կարծում եմ, որ կա իսկապես ազատ մամուլ: Համոզված եմ, որ դահլիճում չկան լրագրողներ, որոնց վրա ճնշում է գործադրվում իշխանավորների, իրավապահ մարմինների կողմից, կամ խանգարում են նրանց աշխատել, չկան թերթեր, որոնք փակվում են ինչ-ինչ պատճառներով: Նույնիսկ, այսօր հարց է առաջանում, որ նման ազատությունը պետք է հավասարակշռվի համապատասխան պատասխանատվությամբ: Կան դեպքեր, երբ քաղաքավարության սահմանը մեկ-մեկ անցնում են:

Բավական սեղմ ժամկետներում ձեւավորվեց կառավարությունը, եւ կառավարության ծրագիրը ներկայացվեց եւ ընդունվեց Ազգային Ժողովի կողմից: Այսօր մենք մեր ողջ հնարավորություններով եւ հզորություններով, այսպես ասենք, մասնակցում ենք այդ ծրագրի իրականացմանը:

Արտաքին քաղաքականության ոլորտում. ձեւակերպված է Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ: Այդ մոտեցումը հրապարակվել է արտաքին գործոց նախարարի կողմից եւ հաստատվել է նաեւ իմ կողմից այս դահլիճում, եթե հիշում եք, մոտ մեկ ամիս առաջ: Ձեւակերպված է նաեւ Հայաստանի դիրքորոշումը 1915 թ. ցեղասպանության վերաբերյալ: Այդ մոտեցման մասին եւս մենք հայտարարել ենք, եւ հետեւողական աշխատում ենք այդ հարցի միջազգային ճանաչման ուղղությամբ: Ես համարում եմ, որ պետությունը չի կարող մի կողմ մնալ այս խնդիրներից: Համատեղ, լայնածավալ աշխատանք է կատարվում նաեւ սփյուռքի տարբեր կազմակերպությունների հետ:

Ակտիվացել է աշխատանքը Եվրահամայնքի հետ: Երեւի նկատել եք նաեւ այդ միտումները: ործնականում հանված են Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության հարցի բոլոր խոչընդոտները: Այսօր մեզ միայն մահապատիժը հանելու մասին են ասում, իսկ դա շատ կարճ ժամանակի, նույնիսկ տեխնիկական լուծման հարց է դարձել:

Մենք ակտիվ աշխատանք ենք ծավալում նաեւ եվրոպական կառույցներում: Հայաստանը հայտարարել է տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ իր նպատակների, տարածաշրջանային տարբեր ծրագրերին իր ակտիվ մասնակցության մասին: Հայաստանի համար նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները մնում են կարեւոր ստրատեգիական նշանակություն ունեցող ուղղություն: Երկու նախագահների՝ Ելցին- Քոչարյան հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ շեշտվեց այդ հարցի նշանակությունը:

Բավական ակտիվ էր այս 100 օրը տարբեր այցելությունների առումով: Ընդունեցինք երկու նախագահ, արտաքին գործոց նախարարներ, տեղակալներ, ՌԴ պաշտպանության նախարարին, բազմաթիվ պատվիրակություններ Եվրամիության, տարբեր երկրների կողմից: Ունեցել եմ շատ ակտիվ, հետաքրքիր բանակցություններ եւ հանդիպումներ Ռուսաստանի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հունաստանի,Լիբանանի վարչապետների հետ: Կարծում եմ, որ 100 օրվա համար միգուցե նաեւ շատ էր:

Համեմատենք ուղղակի նախկինում այս այցելությունների, հանդիպումների հաճախականության հետ, եւ այն թեզը, որով փորձում են հիմա շահարկել Հայաստանի մեկուսացումը, կարծում եմ, մեկանաբանությունների կարիք չի ունենա:

Փոփոխությունների է ենթադրվում նաեւ մեր արտաքին գործոց նախարարության կառուցվածքը եւ գործելակերպը: Բավական լուրջ քայլեր են այստեղ արվելու: Մենք սկզբունքորեն արդեն պատրաստ ենք կոնկրետ քայլեր ձեռնարկելու:

Տնտեսության վերաբերյալ՝ ես ուղղակի կփորձեմ այս հարցում հիմնվել թվերի վրա: Առաջին կիսամյակի ցուցանիշները լավատեսություն են ներշնչում: Տնտեսական աճը մենք հրապարակել ենք՝ 6,7 տոկոս, ինֆլյացիան՝ 0,9 տոկոս: Երկրի վալյուտային պահուստների աճը վեց ամսում կազմել է 70 մլն դոլար, արտահանման աճը՝ 31 տոկոս, եւ ընդհանրապես, առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը նվազել է ավելի քան 9 տոկոսով: իտեք, վեց ամսվա համար սրանք լուրջ ցուցանիշներ են: Եվ ակնհայտ է, որ այդ ցուցանիշները միայն այս վեց ամսվա գործունեության շնորհիվ է: Անցյալ տարի մենք այնպիսի փոփոխություններ մտցրեցինք հարկային քաղաքականության մեջ, որոնք լուրջ հիմք հանդիսացան 1998 թ. տնտեսական ցուցանիշների զարգացման համար: Այսօր մենք արդյունքներն արդեն ունենք: Եւ պետք է ասեմ, որ արտահանումը ոչ թե մետաղի ջարդոնի հաշվին է, այլ, ընդհակառակը, պղնձի, այլումինի ջարդոնի արտահանումը բավական պակասել է: Դա նաեւ ադամանդների հաշվին չէ: Խոսքը պատրաստի արտադրանքի արտահանման մասին է, ինչը մոտավորապես կազմում է 28-29 մլն դոլար: Այս գումարը մտել է Հայաստան եւ բաշխվել աշխատավարձի ձեւով: Տնտեսական աճի մեջ նաեւ այս տարվա գյուղատնտեսության բերքը գրեթե չկա, որովհետեւ բերքահավաքը մենք սկսել ենք հունիս ամսից: Բերքը բավական լավն է եւ կասկած չկա, որ բերքահավաքից հետո այս 6,7 տոկոսը բավական աճ կունենա: Այստեղ չկան նաեւ այն ծրագրերը, որ մենք նախատեսում ենք Քըրք Քըրքորյանի առաջարկությունների հետ կապված: Եթե այս ամենը սկսի գործել, ապա տնտեսական աճը շատ ավելի մեծ կլինի: Ըստ ճյուղերի. շինարարության ոլորտում ունենք 14,3 տոկոսի աճ, տրանսպորտի ու կապի ոլորտում՝ 11 տոկոս աճ, առեւտրի՝ 8,3 եւ արդյունաբերության՝ 3,2 տոկոս աճ: Դրամը, գիտեք, կայուն է, եւ այս վեց ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ դրամի կուրսը չի փոխվել: Ակտիվորեն զարգանում են իմպորտին փոխարինող արտադրությունները: Այդ նպատակի մասին առաջին անգամ հայտարարել եմ անցյալ տարի հուլիս-օգոստոսին, եւ պետք է ասեմ, որ բավական լուրջ քայլեր այստեղ արդեն արվում են, կան հետաքրքիր արդյունքներ: Փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում եւս կան հետաքրքիր տեղաշարժեր: Կա նաեւ մեկ թիվ, որը ես կարծում եմ, լուրջ վերլուծության կարիք ունի: Դա այն փաստն է, որ մեր ֆիզիկական անձանց դեպոզիտները բանկային համակարգում աճել են 40 տոկոսով: Սա նշանակում է նաեւ երկրի եւ տնտեսության նկատմամբ վստահության ցուցանիշ: Առողջ միտումներ կան, բերեմ մի քանի թիվ. վեց ամսվա ընթացքում պետռեգիստրում գրանցվել են 1690 իրավաբանական անձինք եւ 3624 ձեռներեց: Սա լուրջ առողջացման միտումների մասին է խոսում:

Մի քանի խոսք ներդրումների մասին: Դուք երեւի հիշում եք ներդրումների վերաբերյալ նախկինում արված իմ հայտարարությունները, նախընտրական արշավի ժամանակ իմ մոտեցումները: Առաջին կիսամյակում ունենք 94 մլրդ դրամի ներդրումներ, որից օտարերկրյա ներդրումները կազմում են 70 մլրդ դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դա ութ անգամ ավել է: Մոտ յոթ ամսվա աշխատանքն ունի այդպիսի արդյունքներ:

Ես հասկանում եմ, որ բազան այնքան փոքր էր, որ նույնիսկ 8-10 տոկոս աճը այսօր մեր բնակչությունը միանգամից իր վրա չի զգալու: Ես հասկանում եմ, որ բնակչությունն այսօր բավական վատ է ապրում: Ես հասկանում եմ, որ այս վեց ամսվա գործունեությունը չի կարող այնպիսի արդյունքներ ունենալ, որ բնակչության լայն խավերն իրենց ամենօրյա կյանքում զգան այս փոփոխությունների ազդեցությունը: Բայց նաեւ ես երբեք չեմ ասել, որ հարյուր օրում բոլոր խնդիրները լուծվելու են: Ի տարբերություն , միգուցե, մի շարք այլ թեկնածուների, միշտ ասում էի, որ երեք տարի առնվազն պետք է, որ մեր բնակչությունը, մեր ժողովուրդը զգա էական տարբերություն: Մեկ տարի հիմքեր, նախադրյալներ ստեղծելու եւ հաջորդ մեկ-երկու տարվա ընթացքում կոնկրետ արդյունքներ ունենալու համար: Այսօր այդ նախադրյալներն ստեղծվում են: Այն, ինչ որ ասացի, օբյեկտիվ ցուցանիշներ են:

Ուղղակի երկրում կայունություն է պետք է, եւ ես ժողովրդի վստահության կարիքն ունեմ: Սա է կարեւորը: Առանց կայունության երկրի նկատմամբ վստահություն չի լինելու:

Մի քանի կոնկրետ ուղղությունների մասին: Դուք հիշում եք, որ Հայաստանի տնտեսական զարգացումը կապվում էր տրանսպորտային մեր հնարավորությունների, շրջափակման, բեռնափոխադրումների դժվարությունների հետ: Տրանսպորտային հարցերում ես համարում եմ, որ լուծել եւ լուծում ենք ստրատեգիական հարցեր: Առաջինը Վրաստանի տարածքով երկաթուղու տարիֆների իջեցումն էր: Այն լուրջ ազդեցություն է ունենալու մեր ամբողջ տնտեսության վրա: Երկրորդը, ճանապարհային շինարարության այն ծրագրերն են, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք Քըրք Քըրքորյանի հետ: Պետք է ասեմ, որ այդ ծրագրերի ֆինանսավորման եւ նախագծային աշխատանքներն այսօր բավականին ակտիվ ընթացքի մեջ են:

Եւ երրորդը՝ մենք այսօր լուրջ զբաղված ենք մեր ավիացիայի խնդիրներով: Վերականգնվեց, ավելի ճիշտ մենք կառուցեցինք կարգոտերմինալը: Այժմ բանակցում ենք այն օգտագործելու եղանակների շուրջ: Հայաստանը իր աշխարհագրական առումով ավիացիայի համար կարող է լինել բավական հետաքրքիր տարանցիկ կետ: Ես կարծում եմ, որ մենք մինչեւ տարվա վերջ, միգուցե ավելի շուտ , նաեւ կգտնենք այս հարցի լուծումները: Ավիացիայում լինելու են շատ կտրուկ եւ հետաքրքիր քայլեր: իտեմ, էլի աղմուկ կբարձրացնեն, բայց վերջ ի վերջո երկիրը եւ մեր ավիացիան դրանից միայն շահելու են:

Պետք է ասեմ, որ իմ գնահատականներով մեր ժողովուրդը, միգուցե նաեւ մեր մամուլը, մինչեւ վերջ չի ընկալել տրանսպորտի հետ կապված այն քայլերը, որոնք ձեռնարկվում էին, դրանց հնարավոր հետեւանքներն ու ազդեցությունը մեր տնտեսական, եւ ընդհանրապես երկրի զարգացման համար: Վեց-յոթ տարի, փաստորեն, այս հարցերը չէին լուծվում:

Մենք այսօր լուրջ փոփոխություններ ենք ձեռնարկել նաեւ արդյունաբերության կառավարման կառուցվածքում: Հիշո՞ւմ եք, մենք առաջին քայլը արեցինք, կյանքը ցույց տվեց, որ քայլը կիսաքայլ էր, հիմա երկրորդ քայլն է արվում: Որոշում է կայացվել արդեն ադամանդների մշակման ոլորտի վերաբերյալ: Վաղը կառավարության նիստին հավանաբար կընդունվեն որոշումներ քիմիայի եւ լեռնամետալուրգիայի վերաբերյալ: Հաջորդ քայլը կլինի գյուղական ապրանքների վերամշակման ոլորտի վերաբերյալ: Այսպիսի քայլերով մենք, փաստորեն, լրիվ վերափոխում ենք արդյունաբերության կառավարման մեխանիզմներն ու կառույցները:

Խոշոր ձեռնարկությունների հետ աշխատում ենք անհատապես: Պետք է ասեմ, որ լուծման ուղիներ ենք գտել ՙՀայգորգ՚-ն, Իջեւանի գորգերը, Երեւանի ոսկերչական գործարանը, ՙԿանազը՚ աշխատացնելու վերաբերյալ: Ամերիկյան ընկերության պատվերների հիման վրա սկսեց աշխատել նոր կարի արտադրություն: Նկատելի ակտիվություն եւ հեռանկարներ կան այսօր կոշիկի արտադրության բնագավառում, նկատելի են տեղաշարժեր շինանութերի արդյունաբերության ոլորտում: Մեկ տարվա ընթացքում կկրկնապատվեն ադամանդի վերամշակման ծավալները, արդեն պայմանագիր է ստորագրված ոսկու արտադրության վերաբերյալ՝ Մեղրաձորի, Զոդի հանքավայրերը աշխատացնելու նպատակով: Մինչեւ տարեվերջ լուրջ ներդրումներ կլինեն նաեւ Արարատի ոսկու վերամշակման գործարանի համար: Ոսկերչական ոլորտում կան հետաքրքիր ծրագրեր: Արդյունաբերության ոլորտում մի քիչ համբերություն է պետք եւ հերթով կաշխատացնենք: Հետաքրքիր ծրագրեր կան քիմիական ոլորտի վերաբերյալ, մասնավորապես Վանաձորի քիմիական մանրաթելի ձեռնարկության նկատմամբ: Մի քիչ դանդաղ ենք տեղից շարժվում, որովհետեւ ներդրումային ծրագրերը բավական դժվար են մինչեւ վերջնակետ հասնում: Կյանքը ցույց տվեց, որ լուրջ ներդրողի հետ բանակցությունները մինչեւ վեց, յոթ, ութ ամիս է տեւում, բայց կան մի շարք ծրագրեր, որոնք հիմնվում են տեղական կապիտալի վրա եւ այստեղ մենք շատ ավելի արագ ենք առաջ շարժվելու:

Գյուղատնտեսության ոլորտում. այս տարի բերքը բավական լավ է, իհարկե նաեւ բնության եւ կլիմայական պայմանների օգնությամբ: Բայց, այս ոլորտում եւս կառավարությունն իր դերն ունի: Անցած տարվա համեմատ, միայն այս տարվա առաջին կիսամյակում հինգ անգամ ավել պարարտանյութ է ներմուծվել: Երկուս ու կես անգամ ավելի վարկային ռեսուրսներ են տրվել գյուղացիներին եւ հիմա մարզպետարանները տեխնիկայով եւ կազմակերպչական հարցերով բավական ակտիվ օգնում են բերքահավաքին: Պրոբլեմ կլինի ապրանքի իրացման խնդիրներում, սակայն տվյալներ կան, որ այս տարի իրացման հարցերն անհամեմատ ավելի լավ են լուծվելու, քան անցյալ տարի, իսկ 1999 թ. մենք ընդհանրապես այսպիսի պրոբլեմ չենք ունենալու:

Կապիտալ շինարարության ոլորտում այսօր ունենք 14 տոկոսից ավելի աճ, իսկ տարվա կտրվածքով ունենալու ենք 25 տոկոսի աճ: Կապիտալ շինարարությունը հանրապետությունում սկսել ենք մարտ-ապրիլ ամսից: Նախկինում սկսում էին հազիվ հունիս-հուլիսից: Աղետի գոտում միայն բյուջեի հաշվին անցյալ տարի հանձնվեց 13,6 հազար քառակուսի մետր, այս տարի մենք հանձնելու ենք 46,6 հազար քառակուսի մետր: 1996 թ. բյուջեի հաշվին ոչ մի քառակուսի մետր չի հանձնվել: Հիմնական շինարարությունն աղետի գոտում իրականացվում է ոչ թե պարտքերի, վարկերի հաշվին, այլ բյուջեի հաշվին: Վարկը պարտք է:

Բյուջեի վերաբերյալ եւս կան ասելիքներ: Մենք տեղավորվում ենք մեր նախատեսած եւ ընդունած ծրագրերում: Առաջին կիսամյակում կատարել ենք բյուջեի հարկային մուտքերի 43,3 տոկոսը: Այսպիսի ցուցանիշ Հայաստանը երբեք չի ունեցել: Սովորաբար առաջին կիսամյակում հավաքվում էր մոտավորապես 32-36 տոկոս՝ հաշվանցումներով: Այս տարի մենք հաշվանցուներ չենք անում: Ես հայտարարում եմ, որ հաշվանցումը գողության, չարաշահումների ուղղակի ճանապարհ է: Այս տարի մենք հաշվանցումներ չենք անում: Առանց հաշվանցումների՝ 43 տոկոսը նշանակում է, որ մենք հնարավորություն ունենք շինարարությունը ֆինանսավորել մարտ-ապրիլ ամսից, ուրեմն մեծ պարտքեր չենք կուտակելու մինչեւ տարվա վերջ: Դեկտեմբերին մենք չենք հարձակվելու մեր տնտեսավարող սուբյեկտների վրա, չենք մաքրելու նրանց հաշիվները բյուջեն կատարելու համար, դեկտեմբերին միլիարդներով հաշվանցումներ չենք անելու եւ մեր տնտեսավարող սուբյեկտներին մյուս տարվա հունվար-փետրվար- ապրիլ ամիսներին առանց շրջանառու միջոցների չենք թողնելու: Այս ցիկլը Հայաստանում շարունակվում էր մի քանի տարի, ինչի համար հունվար-փետրվար-մարտ ամիսները տնտեսության համար գրեթե մեռած էին համարվում: Այդ ցիկլից մենք կարծես դուրս ենք գալիս: Պրոբլեմներ ունենք հումանիտար օգնությունների, լրացուցիչ միջոցների հետ կապված, որոնք պետք է դրսից վարկերի ձեւով մենք ստանայինք: Այդ միջոցների մեկ մասը մենք փորձում ենք ոչ թե ծախսել, այլ ուղղել զարգացման կառուցվածքային փոփոխություններին:

Ինչ վերաբերում է էներգետիկայի ոլորտին, ապա նախընտրական իմ հանդիպումների ժամանակ ես խոսք էի տվել, որ լույսի մարդկանց անջատելու ենք փող հավաքելու պրոցեսից: Այսօր մենք այդ ծրագիրն սկսել ենք Երեւանի երկու համայնքներում: Բավական դրական արդյունքներ արդեն ունենք: Մինչեւ նոյեմբեր կավարտենք այս ծրագիրը Երեւանում եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլ-մայիսը՝ ամբողջ Հայաստանում: Եւ այն բոլոր չարաշահումները, որը կապված էին լույսի մարդ, փող հավաքել, տանել, բերել, եւ այլն, այս խնդիրները վերացնելու ենք: Վճարումները կատարվելու են միայն բանկային համակարգի միջոցով:

Իսկ էներգետիկայի համակարգում մենք լուրջ քայլեր, լուրջ վերակազմավորում սկսելու ենք 1998 թվականի վերջին:

Այն ժառանգությունը, որը ես ստացել եմ, շատ ծանր էր: Բազային թվերն այնքան ցածր էին, որ քաղաքացիները տարբերություն չէին կարող զգալ:Ես բոլորիդ ուշադրությունը հրավիրում եմ առկա տենդենցներին: Փորձեք գնահատել այն երեւույթները, որոնք այսօր կան: Երեւույթները իրոք դրական են: Ուղղակի մի քիչ համբերություն է պետք: Ոչ մի ծառ 100 օրում բերք չի տալիս: Ես հասկանում եմ նաեւ, որ այս հարցի շուրջ փորձում էին այնպիսի մի տրամադրություն ստեղծել, թե 100 օր անցավ կոմունիզմ չունենք, ոնց կլինի, նախագահն ուրեմն լավ չի աշխատում, եւ այլն, եւ այլն: Ես հասկանում եմ նաեւ ինչի համար է սա արվում: Սա էլ է բնական, բայց ես ուղղակի հրավիրում եմ ձեզ, հրավիրում եմ մեր ժողովրդին ավելի խորը նայել այս բոլոր հարցերին:

Իմ աշխատելակերպի վերաբերյալ պետք է ասեմ, որ աշխատում եմ առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը տասն անց կես, տասնմեկը: 1992 թվականից ես այս ռեժիմի մեջ եմ: Մի քիչ հոգնում եմ, բայց լավ տրամադրությամբ եմ աշխատում: Շաբաթը երկու անգամ զբաղվում եմ սպորտով. հինգշաբթի ուշ երեկոյան եւ կիրակի՝ կեսօրին: Կիրակի օրը աշխատում եմ երեքից հինգ ժամ եւ սպորտով պարապում եմ այս ռեժիմին դիմանալու համար: Ես հասկանում եմ, որ իմ առջեւ կա հինգ տարի եւ հինգ տարի ես պետք է այս ռեժիմով՝ օրական 13-14 ժամ աշխատեմ: Նույն ռեժիմով աշխատում է ամբողջ կառավարությունը, նույնիսկ մի քիչ ավելի:

Այսքանով ավարտում եմ իմ խոսքը եւ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին:

ՀԱՐՑ – (Էլինա Արզումանյան, ՙՎեստի՚ ծրագիր) Ինչպե՞ս կգնահատեք Ձեր կյանքի այս 100 օրը: Դրանք ամենադժվարն էին, թե ավելի դժվար օրեր են եղել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես կասեի միգուցե՝ ամենահետաքրքիրը: Ամենադժվարը հոգեբանական առումով պատերազմի հետ կապված օրերն էին: Այս օրերը եղել են երեւի ամենահետաքրքիրը, եւ ոչ պակաս լարվածը:

– Իսկ դժվարությա՞մբ:

– Դժվարությամբ, այո, դրանք դժվար էին: Բայց նայած, թե ինչ պետք է հասկանալ դժվարություն ասելով: Ես համենայնդեպս անցել եմ Ղարաբաղը, անցել եմ պատերազմը եւ իրավիճակն այնտեղ եղել է ավելի աղետալի: Խնդիրների ընդգրկման դժվարութան իմաստով, ավելի խորը, մտածված, հեռանկարային որոշումների իմաստով, այո, ամենայն հավանականությամբ, ամենադժվարն էին:

ՀԱՐՑ – (Գեւորգ Հարությունյան, ՙԵրկիր՚ թերթ) Պարոն Նախագահ, Դուք շոշափեցիք բոլոր խնդրիները, բացառությամբ ներքին քաղաքականության: Ձեզ նախորդած Նախագահը դասել էր բոլոր քաղաքական ուժերը աջերի, ձախերի եւ մարգինալների: Խնդրում եմ մոտավորապես նույն բանը Դուք արեք այսօրվա քաղաքական դաշտում:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ներքաղաքական խնդիրների մասին ես խոսել եմ իմ ելույթի սկզբում եւ չեմ ուզում տեսական խմբավորումներ անել՝ աջ, ձախ, միջին եւ այլ: Այս բոլորը պայմանական է: Եւ ճիշտն ասած, սա 100 օրվա ծրագրային ելույթ չի: 100 օրը ես հասկանում եմ որպես ավելի շատ հաշվետվություն՝ իմ եւ կառավարության կողմից կատարած աշխատանքների մասին: Ես չեմ ուզում տեսություն բացատրել, շատ խելոք բաներ ասել:

ՀԱՐՑ – (Ռիտա Շառոյան, ՙՀորիզոն՚ հեռուստաընկերություն) Պարոն Նախագահ, իհարկե 100 օրը շատ կարճ ժամանակահատված է հրաշքների սպասելու համար, այնուամենայնիվ, Ձեր նախաբանում դուք խոսեցիք բազմաթիվ դրական տեղաշարժերի մասին կապված ներքին քաղաքականության, արտաքին քաղաքական կյանքի, տնտեսության հետ: Կուզենայինք իմանալ այդ ժամանակահատվածում որեւէ սխալ, որեւէ բացթողում թույլ տրվել է Ձեր կողմից: Եւ եթե այո, հնարավոր է ուղղել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Տնտեսական ոլորտում սխալը մեկ-երկու ամսում դժվար է գնահատել: Կային ինչ -որ սխալներ օրենսդրության հետ կապված: Մտնում ենք Ազգային Ժողով, փորձում ենք վերանայել: Այո, այդպիսի սխալներ կան, բայց սկզբունքային, ճակատագրական սխալներ, որոնք ազդեցություն կունենան տնտեսության վրա, ոչ: Եւ նաեւ քաղաքական քայլերում ես նման մեծ սխալներ չեմ տեսնում, չեմ կարող այսօր ասել: Հետո 100 օրը իսկապես կարճ ժամանակ է, որ նաեւ մեծ սխալները երեւան: Մի քիչ ժամանակ է պետք:

ՀԱՐՑ – (Ալեքսանդր Մելքումյան, ՙԻնտերֆաքս – ԱիՖ՚ շաբաթաթերթ) Պարոն Նախագահ, Ձեր հունիսի 23-ի ասուլիսում, կապված Քըրք Քրքորյանի այցի հետ, դուք այս դահլիճում հայտարարեցիք, թե հավանականությունը, որ նավթ կհայտնաբերվի Հայաստանում, բավական մեծ է: Ձեր հայտարարությունից մի քանի օր հետո ավարտվեց Հայաստանում միակ հորատանցքի աշխատանքները, եւ, ինչքանով հայտնի է, արդյունքներ այնտեղ չկան: Ինչ նկատի ունեիք Ձեր հայտարարությամբ: ուցե այն քաղաքական բնույթ էր կրում:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ոչ, ես նկատի ունեի մասնագետների եզրակացությունը եւ այն հանգամանքը, որ այս աշխատանքները շարունակվելու են եւ հավելյալ միջոցներ են ներդրվելու: Ես երկրաբան չեմ եւ պարտավոր եմ հիմնվել մասնագետների եզրակացության վրա: Դրանք ոչ թե մեկ- երկու, այլ տարբեր մասնագետներ են եւ նրանց կարծիքները հիմնված են ինչ- ինչ օբյեկտիվ չափանիշների վրա: Նրանք ասում են, որ նավթի հավանականությունը շատ բարձր է, այսինքն այնքան բարձր է, որ այդ գործի մեջ արժե ներդրումներ կատարել:

ՀԱՐՑ – (Անուշ Նազարյան, Հայաստանի ազգային ռադիո) Պարոն Նախագահ, ինչպե՞ս եք գնահատում 100- օրյա նախագահության ընթացքում արձանագրված արտաքին քաղաքականության միտումները:

ՊԱՏԱՍԽԱՆ – Մեր մոտեցումների մեջ մենք նորություններ մտցրել ենք եւ դրանց մասին ասվում էր նաեւ մինչեւ իմ նախագահ ընտրվելը: Ես բավական դրական եմ համարում, որովհետեւ գործնական առումով նաեւ արձագանքը վատ չէ: Մեզ հաջողվում է նաեւ բանակցությունների ընթացքում ցույց տալ, որ մենք կոնստրուկտիվ ենք, որ այս մոտեցումները ուղղված են ոչ թե հարցը բարդացնելուն, այլ հարցը կարգավորելուն: Շատ ավելի վատ է, եթե Հայաստանը հանդես գա արտաքին աշխարհի համար միգուցե ավելի հաճելի մոտեցումներով: Բայց, եթե դրանք հնարավոր չէ իրականացնել, ես կարծում եմ սա միայն ճիշտ ճանապարհից շեղվելու ձեւ է:

ՀԱՐՑ – (Տիգրան Լիլոյան, ԻՏԱՌ- ՏԱՍՍ) Մեծարգո Նախագահ, նախ շնորհակալություն Ձեր աշխատակազմին եւ Ձեր մամուլի ծառայությանը այս համապարփակ փաթեթի համար: Պետք է նշել, որ դա առաջին անգամ է արվում: Պարոն Նախագահ, հարցս հետեւյալն է. Դուք ասացիք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը Ռուսաստանի հետ ստրատեգիական համագործակցությունն է: Կարող եք մանրամասնել, թե ի՞նչ է մեզ համար Ռուսաստանը եւ ի՞նչ նորանոր հեռանկարներ կան Ռուսաստանի հետ հարաբերություններում: Շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ – Խոսքը 1997 թվականի օգոստոս ամսին ստորագրված մեր պայմանագրին հավատարիմ մնալու մասին է: Մենք, ես եւ ՌԴ նախագահը շեշտել ենք, որ հավատարիմ ենք ստորագրված պայմանագրին: Եւ այդ պայմանագրի շրջանակներում մենք շարունակում ենք բոլոր ուղղություններով ամրապնդել մեր հարաբերությունները: Ավելի ակտիվ պետք է աշխատել տնտեսական փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այստեղ պրոբլեմներ կան կապված Ռուսաստանի հարկային քաղաքականության հետ: Այս հարցը մենք բարձրացրել ենք Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Դեռ չի կարգավորվել, բայց դուք գիտեք, Ռուսաստանում այն ճգնաժամը, որը կար տնտեսական ոլորտում, հաղթահարվում է, եւ երեւի մոտակա ժամանակներս մենք կվերսկսենք բանակցությունները տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

ՀԱՐՑ – (Հովհաննես Գալաջյան, ՙԻրավունք՚ շաբաթաթերթ) Պարոն Նախագահ, ամսի 8-ին Դուք ստորագրեցիք հրամանագիր վճռաբեկ դատարանի նախագահի եւ անդամների նշանակման վերաբերյալ, եւ, եթե չեմ սխալվում, 13 անդամներից 8-ը նախորդ ռեժիմի օրոք վարկաբեկվել էին այս կամ այն քաղաքական դատավարություններում: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել նշանակել այդպիսի անհաջող կազմ, արդյոք Ձեզ սխալ խորհուրդ են տվել, թե Ձեզ նույնպես անհրաժեշտ են պատվերներ կատարող դատավորներ: Շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ – Առաջինը, ես Ձեզ կառաջարկեի ուսումնասիրել վճռաբեկ դատարանի անդամների, դատավորների նշանակման պրոցեդուրան: Դատավորներին առաջարկում է արդարադատության խորհուրդը, նախագահը որոշում է ընդունում: Բայց ես կառաջարկեի հարցին նայել մեկ այլ տեսանկյունից: Ինչ է նշանակում քաղաքական այդ պրոցեսներում վարկաբեկված դատավոր: Դատավորները մեզ մոտ պաշտպանված չէին ոչ մի կերպ: Չլինեին այդ դատավորները, մեկ ուրիշին կհանձնարարեին եւ մեկ ուրիշը նույնը կաներ: Ուղղակի այդ մարդկանց բախտը միգուցե չի բերել, եւ կոնկրետ գործը հանձնարարել են իրենց: Դրա համար ենք մենք սկսել մեր ամբողջ դատաիրավական համակարգի բարեփոխումները, եթե այս պրոբլեմը չլիներ, նաեւ բարեփոխումների իմաստը չէր լինի: Հավաստիացնում եմ ձեզ, կգտնվեին դատավորներ, որոնք միգուցե շատ ավելի ակտիվ կմասնակցին այդ դատավարություններին: Ես չեմ կարծում, որ մենք պետք է համակարգի թերությունը բարդենք առանձին անձերի գլխին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ, իրոք, ստեղծենք անկախ դատական համակարգ, ուր հնարավոր չէ կրկնել այն, ինչ որ եղել է: Պրոֆեսիոնալ առումով մարդիկ բավական պրոֆեսիոնալներ են:

Իսկ այսօր պաշտպանվա՞ծ են նրանք:

Այսօր ես փորձում եմ, որպես նախագահ, այո, նրանց պաշտպանել: Բայց մեկ-երկու տարի պետք է, միգուցե ավելի շատ, որ բոլորի համար դա ավանդական դառնա: Հունվարից հետո դատավորին աշխատանքից հանելը գրեթե անհնար բան է լինելու Նախագահի համար: Եւ ես մտնելով այս դատաիրավական բարեփոխումների մեջ, ինքս կամավոր սահմանափակում եմ իմ ազդեցության հնարավորությունները դատավորների վրա: Սա է կարեւորը:

ՀԱՐՑ – (Հակոբ Սրապյան, ՙՀայաստան՚ թերթ) Պարոն Նախագահ, Դուք սիրով եք ընդունում մամուլի աշխատողներին, մամուլը համարում եք չորրորդ իշխանություն, այո, դա իրողություն է, բայց արդյո՞ք մամուլի հզորությունը հասնում է իշխանություններին, եւ մամուլի բարձրացրած հարցերը, արդյո՞ք, բոլոր դեպքերում ունենում են արդարացի լուծում եւ արձագանք:

ՊԱՏԱՍԽԱՆ – Երեւի դուք նկատել եք, ես իմ ելույթի ժամանակ նշեցի, որ պետության կողմից իսկապես որեւէ ճնշում նույնիսկ պետական լրատվամիջոցների վրա այսօր չկա: Չկա որեւէ արգելք պետական լրատվական միջոցների համար՝ խոսք տալ ընդդիմադիր ուժերին, հարցազրույցներ եւ այլն, եւ այլն: Չկա: Նման բաներ այս շենքից դուրս չեն գալիս: Բայց այն, ինչ որ դուք ասում եք, կախված է նաեւ ձեզանից: Ամեն ինչ չէ, ինչ որ գրվում է այսօր մամուլում, ճշմարտություն վերջին ատյանում: Ճշմարիտը եւ ոչ ճշմարիտը նաեւ ստուգման կարիք ունեն: Մենք փորձում ենք գնահաատել, ես պետք է ասեմ, որ ոչ մի լուրջ հոդված , ոչ մի լուրջ քննադատություն մեր ուշադրությունից դուրս չի մնում: Վերջին մեկ տարվա ընթացքում, բազմաթիվ օրինակներ կան, երբ միգուցե չենք հայտարարաել, բայց մամուլի արձագանքներից ելնելով կադրային հարցեր ենք լուծել, կառուցվածքային փոփոխություններ իրականացրել: Կան բազմաթիվ օրինակներ: Բայց, ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մամուլը մի քիչ վերափոխվի: Ես հասկանում եմ, որ մենք անցումային շրջանում ենք եւ նաեւ ազատ մամուլի համար սա կայացման ժամանակահատված է:

ՀԱՐՑ – Արմեն Զաքարյան, ՙԱռավոտ՚ օրաթերթ) Պարոն Նախագահ, ես այս հարցը տվել եմ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, նա չի պատասխանել եւ հիմա վարչապետ չէ, ես այս հարցը տվել եմ նախագահ Տեր- Պետրոսյանին. նա չի պատասխանել, եւ հիմա նախագահ չէ, բոլոր դեպքերում ես նույն հարցն եմ տալու. մեկ տարի առաջ ագիկ Հարությունյանը հայտարարեց, որ մեծ ծավալով փողեր են կորել: Այսինքն, դատաիրավական բարեփոխումների համար հատկացվել է 1 մլն 600 դոլար, որ հայտնի չէ, թե ինչ է եղել, ազատ մամուլի կայացման համար հատկացվել է 1 մլն 800 դոլար եւ հայտնի չէ, թե այդ փողը ուր է, եւ ինչ-ինչ հասարակական կազմակերպությունների հատկացվել է 1 մլն 400 դոլար, որ էլի հայտնի չի, թե ինչ է եղել, ում է հատկացվել եւ ինչ մեխանիզմներով: Սա մոտ 5 մլն դոլար է, եւ այս մեկ տարվա ընթացքում սրա մասին որեւէ բացատրություն չի եղել, մի՞թե սա փոքր թիվ է մեզ համար: Շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այդ գումարների մասին ես տեղյակ չեմ: Նման գումարներ Հայաստանի Հանրապետությունը իբրեւ պետություն չի ստացել: Նման գումարների նկատմամբ Հայաստանի կառավարությունը պարտավորություններ չունի: Կան ինչ- որ գումարներ, որոնք, այո, տարբեր միջազգային կազմակերպություններ որպես գրատներ տրամադրել են այս կամ այն կազմակերպություններին, այս կամ այն միությանը ինչ-որ գործ անելու համար: Բայց դա տվյալ միջազգային կազմակերպությունների կամ երկրների գումարներն են գրանտերի ձեւով տրամադրված եւ պետությունն այս հարցերի նկատմամբ որեւէ պարտավորություն չի կրում: Այդ է պատճառը, որ արձագանք չկա: Մենք ասել ենք, որ մենք ոչ մի տեղ չենք ստորագրել որպես պետություն, գումարները չենք ստացել: Կան այլ բազմաթիվ գումարներ, որոնք Հայաստան են մտնում տարբեր խողովակներով եւ մենք չենք որոշում ում բաժանել, ում տալ կամ չտալ: Ես չեմ կարող պատասխանատու լինել այն գումարների համար, որոնց չեմ տնօրինում: Եվ սա միայն մեր երկրում չէ, աշխարհով մեկ այդ պրոցեսները կան: Ես պատասխանատու եմ բյուջեի համար, պատասխանատու եմ ՙՀայաստան՚ հիմնադրամի ծախսերի համար եւ մի շարք այն վարկային ծրագրերի համար, որոնց նկատմամբ պետությունն ունի պարտավորություններ:

ՀԱՐՑ – (Մարինա Մկրտչյան, ՙԳոլոս Արմենիի՚) Պարոն Նախագահ, երկու ամսից վաճառքի կհանվեն ՙԱրթիկտուֆ՚ ձեռնարկության բաժնետոմսերը: Եթե այդ բաժնետոմսերը գնվեն օտարերկրյա ընկերությունների կողմից, ապա նրանք հնարավորություն կստանան հասու լինել մեր հանքերին: Դուք չեք գտնում, որ Հայաստանում ՙԸնդերքի մասին՚ օրենքի բացակայության պայմաններում դա այնքան էլ հեռուն նայող քաղաքականություն չէ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Առանց լուրջ ներդրումների Հայաստանի տնտեսությունը երբեք ոտքի չի կանգնի: Ամբողջ աշխարհն այսօր զարգանում է այս ուղղությամբ. եւ մտածել, թե Հայաստանը յուրահատուկ է եւ կարող է այս ճգնաժամից դուրս գալ միայն նրա համար, որ յուրահատուկ է, այդպես չի լինում: Մենք հետեւողականորեն աշխատում ենք օտարերկրյա ներդրումներ գրավելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ քարհանքին, ապա ես կուրսի մեջ չեմ: Կարծում եմ հարցն ամբողջությամբ որոշված չէ եւ դեռ ինձ չի հասել: Բայց եւ ոչ մի անհանգստության կարիք չկա: Ցանկացած համաձայնություն եզրափակվում է փորձագիտական մակարդակներում: Շինանյութերը Հայաստանի համար արտահանման լուրջ պոտենցիալ են: Շատ լավ քարհանքեր կան Տավուշի մարզում եւ առաջիկայում այստեղ աշխատանքները կսկսենք: Այն տարիֆները, որ մենք վերանայել ենք Վրաստանի հետ, թույլ կտա արտահանել այդ նյութերը: Դա տնտեսության համար լուրջ արտահանում է: Չզարգացնել այդ ամենը, պարզապես անխելամտությունն է: Եւ միանշանակ չէ, ունենալ ՙԸնդերքի մասին՚ օրենք եւ հետո նոր միայն պայմանագիր կնքել, որովհետեւ յուրաքանչյուր պայմանագիր կոնկրետ քարհանքին վերաբերող ենթադրում է փոխադարձ պարտականությունների մանրակրկիտ մշակում: Ավելին, կան պայմանագրերի տարբեր տեսակներ. կարելի է քարհանքերը վարձակալության տալ, կարելի է հիմնել համատեղ ձեռնարկություն, կան 5-6 տարբեր սխեմաներ:

ՀԱՐՑ – (Ալեքսանդր Գրիգորյան, ՙՀայաստանի կոմունիստ՚ թերթ) Պարոն Նախագահ, նախընտրական արշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ <Արմենիա> բանկի ավանդատուներին խոստացել էիք ուսումնասիրել ու հնարավորս վերադարձնել գումարները:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես շատ լավ հիշում եմ իմ բոլոր նախընտրական խոստումները: Խոսքն այն մասին էր, որ գումարի մի մասը մենք ի վիճակի ենք վերադարձնել, ինչը արվել է: Եթե նրանք չեն ստացել, ապա այդտեղ խնդիրն այլ հարցերի հետ է կապված: Բողոքներ են նաեւ եղել լուծարային հանձնաժողովին նկատմամբ: Հարուցված է քրեական գործ, եւ եթե ես չեմ սխալվում, կան ձերկաբակալվածներ, անցկացվում է հետաքննեւթյուն: Բողոքներ կային, որ եղած գումարները ճիշտ չեն վերաբաշխվել: <Արմենիան> եղել է առեւտրային բանկ, ոչ թե պետական: Եւ պետությունը առեւտրային բանկերի հաշիվների համար պատասխանատվություն չի կրում: Ինչ որ արվել է, արվել է միայն բարի կամքի ներքո: Եւ այն, որ մենք այդ միջոցներից ինչ-որ բան հատկացրել ենք ավանդատուներին, դա արվել է միայն այլ հարկատուների շնորհիվ: Դուք որպես հարկատու, համաձայն եք ձեր հաշվին փոխհատուցել ավանդատուների ռիսկը, որոնք դրան դիմել են բարձր տոկոսներից ելնելով: իտեք, հարցն իսկապես հիմքից պետք է նայել, թե իրականում այն ինչ է: Այդ դեպքում որտեղից բյուջեին միջոցներ, բյուջեն դա հարկատուների գումարներն է: Իսկ այդ գումարներին տնօրինել ինչ-որ խմբի կոմերցիոն ռիսկը փոխհատուցելու համար ուղղակի անազնիվ է:

ՀԱՐՑ – (Նարինե Դիլբարյան, ՙԱզգ՚ օրաթերթ) Պարոն Քոչարյան, երբ Դուք ընտրվում էիք, Ձեր կարգախոսն էր իմ կուսակցությունը, այսինքն իմ հենարանը իմ ժողովուրդն է: Բայց իշխանության հասնելուց հետո Ձեզ որոշակի կառույցային հենարաններ էին պետք եւ այսօր ընդդիմադիր կամ անգամ իշխանամետ շատ քաղաքական ուժեր նշում են, թե Ձեզ համար դժվար է դառնում վերահսկել իշխանությունը, եւ իբրեւ այսօր Հայաստանում տիրում է վարչության պետերի կամ փոխնախարարների իշխանություն: Ես կուզենայի, որ Դուք պարզաբանեիք, թե Դուք վերահսկում եք իսկապես իշխանական կառույցներում որոշումների ընդունման գործընթացը, պատասխանատու եք դրա համար եւ ունեք Ձեր թիմը, որին վստահում եք:

ՊԱՏԱՍԽԱՆ – Միթե, ես թողում եմ մի մարդու տպավորություն, որը չի վերահսկում կամ ի վիճակի չէ իրագործել իր իրավունքները: Ինչպես եք պատկերացնում, որ ես իրավիճակին չտիրապետեմ: Ինձ համար անհասկանալի է, թե խոսքը ինչ որոշումների մասին է, եթե կառավարության որոշումների, ապա բոլոր այդ որոշումները վավերացվում են նախագահի կողմից: Դա մեր սահմանադրության պահանջն է: Այո, շատ կադրային հարցերում ես վերահսկում եմ եւ տեղյակ եմ: Ես կարող եմ տալ ազատության որոշակի աստիճան, ֆիքսել խաղի կանոնները: Պետք է ասեմ, որ բոլոր առանցքային նախարարությունների ղեկավարների հետ հանդիպում եմ շաբաթը մեկ անգամ, նրանք մանրամասնորեն զեկուցում են, թե ինչ են արել անցած շաբաթվա ընթացքում եւ ինչ են անելու հաջորդ շաբաթ: Շաբաթը մեկ անգամ պարտադիր ծրագրային հանդիպումներ եմ ունենում վարչապետի, արտաքին գործոց նախարարի հետ: Ֆինանսների նախարարի հետ առնվազն երկու շաբաթը մեկ անգամ, մյուս բոլոր նախարարների հետ ամիսը մեկ անգամ հանդիպումներ եմ ունենում, եւ բացի դա կառավարության ամեն հինգերորդ նիստը վարում եմ ես: Քաղաքապետի հետ հանդիպում եմ երկու շաբաթը մեկ, եւ բոլոր մարզպետների հետ ամիսը առնվազն մեկ անգամ: Ինչ են արել մեկ ամսվա ընթացքում եւ ինչ են անելու առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Շաբաթը մեկ անգամ հանդիպում եմ դատախազի հետ: Վերահսկվում է ամեն ինչ, նման խնդիր չունեմ:

ՀԱՐՑ – (Արա Թադեւոսյան, ՙՄոսկովսկիյե նովոստի՚ թերթ) Պարոն Նախագահ, կխնդրեի գնահատական տալ Ձեր աշխատակազմի գործունեությանը այս ժամկետում, մասնավորապես Ձեզ հետ որպես խորհրդականներ աշխատում են նախկինում ընդդիմադիր խոշոր գործիչներ, ինչպես է կայանում համագործակցությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Խորհրդականներն աշխատակազմ չեն, մենք պետք է իրարից բաժանենք: Աշխատակազմում բավական լուրջ փոփոխություններ են իրականացվում: Ինչ վերաբերում է խորհրդականներին, ապա բոլորիս հայտնի է, որ այս որոշումները նաեւ քաղաքական իմաստ ունեին, որ սրանք այն կլասիկ խորհրդական- նախագահ հարաբերությունները չեն, բայց ես համարում եմ, որ մեր հարաբերությունները բավական նորմալ են եւ կարծում եմ, որ ամեն մեկը փորձում է իր ոլորտում բավական ակտիվ լինել: Թեկուզ կրկնում եմ, այս նշանակումների մեջ կար նաեւ քաղաքական իմաստ: Կլինեն պառլամենտական ընտրություններ, որից հետո մենք մեկ անգամ եւս կնայենք այս հարցի շարունակությանը: Համարում եմ, որ սա շատ կարեւոր քայլ է նաեւ ներքին կայունութուն եւ փոխադարձ վստահություն ձեռք բերելու համար: Երբ ընդդիմությունը լրիվ օտարված էր իշխանությունից, շատերին թվում էր, թե իշխանությունը մի փակ համակարգ է, եւ ով գիտի, թե ինչ է կատարվում այնտեղ: Հիմա փորձում ենք ավելի բաց լինել: Ես գոհ եմ այդ համագործակցությունից:

ՀԱՐՑ – (Վան Բայբուրդյան, ՙՎրաստան՚ թերթ) Մինչ հարցս, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի հայ համայնքի անունից, անցյալ տարի, երբ Դուք գտնվում էիք Թբիլիսիում եւ Բաթումում, մեզ խոստացաք Սուրբ Փրկիչ եկեղեցուն եւ Թբիլիսիի դպրոցին դասագրքերով օգնել: Ես շնորհակալություն եմ հայտնում, որ այդ եւ ուրիշ շատ հարցեր, չորս ամիս հետո լուծվեցին: Հարցս հետեւյալն է. հայ- վրացական հարաբերությունները եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 100 օրը: Եւ երկրորդ, Ձեր դիրքորոշումը ՙԽաղաղ Կովկասի՚ վերաբերյալ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես կարծում եմ, որ դուք Թբիլիսիից ավելի լավ եք տեսնում, որ հայ-վրացական հարաբերությունները նոր ուղղություն են ստացել: Խոսքը ոչ միայն լոզունգների, այլ կոնկրետ համատեղ ծրագրերի մասին է: Մենք համատեղ տրանսպորտային ծրագրեր ենք մշակում, ակտիվ համագործակցելու ենք նաեւ ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում: Բանակցել ենք նաեւ Ռումինիայի նախագահի հետ եւ պայմանագիր ենք ստորագրել տրանսպորտային նոր հնարավոր ուղղությունների վերաբերյալ: Նույն գործընթացը հիմա շարունակվում է Բուլղարիայի հետ եւ հավանաբար կլինի հանդիպում Բուլղարիայի նախագահի հետ: Հայ-վրացական հարաբերությունները բավական ակտիվ են, ինչը ես խիստ կարեւորում եմ, քանի որ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի ծով, եւ անհրաժեշտ է, որ այդ ճանապարհը լինի կայուն ու երաշխավորված: Մենք մի քանի անգամ հանդիպել ենք պարոն Շեւարդնաձեի հետ, նաեւ հեռախոսազրույցներ ենք ունենում :

Ինչ վերաբերում է Խաղաղ Կովկասին, չեմ կարծում, որ դա արագ կարգավորվող խնդիր է, թեկուզ այն որպես լոզունգ, որպես նպատակ բավական գրավիչ է, բայց նրա իրական լինել-չլինելը այսօր մի քիչ հարցական է ինձ համար; Ուղղակի պետք է ավելի ճիշտ փորձենք գտնել բոլոր շահերի բալանսը: Ինչ է Կովկասը, Կովկասի տեղը, դերը, շահերը: Երբ որ փորձում ես շրջանցել ինչ-որ մեկի շահերը, այդ թեզը դառնում է մեկ կողմի կամ մեկ երկրի դեմ ուղղված: Բայց նպատակը ճիշտ է եւ պետք է փորձել հարեւան բոլոր պետությունների, առաջին հերթին Ռուսաստանի շահերը ճիշտ հաշվի առնել:

ՀԱՐՑ – (Արիս Ղազինյան, ՙԱզգ՚ օրաթերթ) Պարոն Նախագահ, բազմիցս նշվել է այն մասին, որ Հայաստանի Սահմանադրությունը անթույլատրելի չափով լիազորություններ է շռայլել ՀՀ նախագահին: Հիմա հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը, թե ինչպես եք գնահատում նախագահական ինստիտուտը, պատրաստ եք ,արդյոք , որոշ լծակներ զիջել , այս համատեքստում ինչպես եք տեսնում իշխանությունների փոխհարաբերությունները, եւ չեք կարծում, որ այդ փոխհարաբերությունների գործընթացը կամ միտումը , որի մասին դուք ասում եք, ավելի շոշափելի կամ թափանցիկ դարձնելու նպատակով հարկ է սկսել 1998 թվականի ձմռան քաղաքական իրադարձությունների լուսաբանումից:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ստեղծված է Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողով: Խոսքը ոչ թե նոր սահմանադրության, այլ գործող սահմանադրության մեջ փոփոխություններ մտեցնելու մասին է: Խոսքը նաեւ նախագահական համակարգը վերացնելու մասին չէ, այլ իշխանությունների ճյուղերի միջեւ ավելի ճիշտ հավասարակշռությունը գտնելու, մարդու իրավունքների վերաբերյալ ավելի հստակ մոտեցումների, ինչպես նաեւ Սահմանադրության մեջ իրար հակասող կետերը ուղղելու մասին է, քանի որ այստեղ կան բավական լուրջ պրոբլեմներ՝ կապված Նախագահ- Ազգային Ժողով, Նախագահ -Կառավարություն հարաբերությունների հետ: Իմ բոլոր առաջարկությունները տպագրված են, այդ ամենը բաց է եւ գրեթե բոլոր կուսակցությունները մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին:

Գիտեմ, որ հանձնաժողովում կան մարդիկ, որոնք ունեն տրամադրություն նախագահական համակարգը վերացնելու, սակայն ես նման խոստումներ ոչ մեկին չեմ տվել, նման դրույթներ իմ նախընտրական ծրագրում չկան: Հայաստանը մնալու է նախագահական երկիր:

ՀԱՐՑ – (Շաքե Ավոյան, Արմենպրես գործակալություն) Ես ուզում եմ վերադառնալ քաղաքական հենարան ունենալու հարցին: Ձեզ մեղադրում են, որ քաղաքական հենարան չունեք, եւ հնարավոր է արդյոք, որ Հանրապետական կուսակցության եւ ՙԵրկրապահի՚ միավորումով ստեղծվում է հենց այդ հենարանը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես այդքան էլ համաձայն չեմ այն պնդումների հետ, թե քաղաքական հենարան չունեմ: Երեւի, եթե չունենայի, ապա հնարավոր չէր լինի ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ: Ինձ հետ կային կուսակցություններ, որոնց հետ համագործակցությունը շարունակվում է: Ինչ վերաբերում է այդ նոր միավորին, որ հիմա կայացման ընթացքում է, կշարունակենք համագործակցել: Ուղղակի այս կուսակցությունը կլինի հենարան, թե մյուսը, ես պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, պետք է ծանոթանամ ծրագրին, ընտրված մարդկանց հետ, վերջիվերջո, պետք է ընդհանուր կետեր լինեն: Ես համոզված եմ, որ այդ նոր կուսակցության հետ ընդհանուր կետեր լինելու են:

ՀԱՐՑ – (Տիգրան Հովհաննիսյան, Ինտերֆաքս գործակալություն) Պարոն նախագահ, Դուք ինչպես եք վերաբերում որոշ ընդդիմախոսների այն մտավախություններին, որ Հայաստանի կարծր դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ, կարող է բերել արտաքին վտանգների, մասնավորապես նշվում է, որ տնտեսական սանկցիաներ կարող են կիրառել Հայաստանի նկատմամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Եթե Հայաստանը, ենթադրենք, կարծր դիրքորոշում չունի: Դա ի՞նչ է նշանակում: Ինչի ենք հասել հարցի կարգավորման գործում: Ոչ մի բանի՝ ճի՞շտ է: Ոչ, ես չեմ կարծում, որ նման երեւույթներ կարող են լինել: Խոսքը ժխտողական մոտեցումների մասին չէ: Մենք ասում ենք, որ պատրաստ ենք բանակցությունների առանց նախապայմանների: Իմիջիայլոց, այսօր մեր դիրքորոշումն ավելի կարծր չէ, քան Ադրբեջանինը: Մենք ասում ենք, որ կողմնակից ենք հարցի խաղաղ կարգավորմանը, եւ առաջարկում ենք նաեւ Ադրբեջանին հրաժարվել Ղարաբաղն իր կազմում ավտոնոմիայի կարգավիճակով պահելու գաղափարից: Ես չեմ կարծում, որ սա կարծր դիրքորոշում է: Սա բավական տրամաբանական եւ կառուցողական դիրքորոշում է: Ոչ, մինչ այսօր նման միտումներ չկան:

ՀԱՐՑ – (Բաղդասար Մհերյան, ՙԼուրեր՚ Նորք հեռուստաընկերություն) Պարոն նախագահ, ինչպես եք վերաբերում դեռեւս նախընտրական շրջանում ձեւավորված, իսկ վերջերս ավելի հաճախակի հնչող նախկին իշխանություններին պատասխանատվության ենթարկելու կոչին, եւ միաժամանակ Ձեր քաղաքական հակառակորդների այն պնդումներին, թե շատ շուտով անլուծելի խնդիրների ճնշման տակ Դուք հրաժարական եք տալու:

ՊԱՏԱՍԽԱՆ – Առաջինը, ես չեմ կարծում, թե այդ մասին ավելի շատ են խոսում, քան նախընտրականի ժամանակ, երեւի այդպես չի: Բայց նաեւ դուք նկատում եք, որ որոշ ոլորտներում լուրջ ստուգումներ ենք անում, եւ ես նաեւ այս հարցում հավատարիմ եմ մնում իմ նախընտրական խոստումներին՝ այս հարցերից շոու չենք սարքելու: Միգուցե կարելի էր ամեն մի փաստի շուրջ աղմուկ բարձրացնել, շոու սարքել, բայց ես կարծում եմ, որ սա միայն կվնասի երկրի տնտեսական զարգացմանը: Դրա համար քայլ առ քայլ, ամեն ամիս ինչ-որ հարցեր լուծում ենք եւ շարժվում ենք առաջ: Նաեւ, ես խոսք եմ տվել, որ բոլոր հարցերը մինչեւ վերջ տանելու ենք, եւ ինչպես գիտեք, բացահայտված են մի շարք քրեական գործեր, մի շարք սպանություներ, հիմա այդ գործը շարունակվում է, երկու մեծ հանցավոր խմբեր են ձերբակալված: Մի քիչ էլ համբերեք, ես կարծում եմ, ամեն ինչ պետք է լինի օրենքով, եւ որեւէ ճնշում իրավապահ մարմինների վրա անթույլատրելի է: Ճնշման դեպքում պետք է սկսեն նախագահի կամ ժողովրդի առաջ լավ երեւալու համար պոպուլիստական միտումներով գործեր բերել հասցնել դատարան եւ երկիրը խայտառակել: Հրաժարականի մասին: իտեք, ով որ ասում է ինձ մի քիչ լավ չի ճանաչում: Նույնիսկ հեղաշրջումից են խոսում: Հետաքրքիր է մի հարց. ով է այդ տղամարդը, որ պետք է հեղաշրջում անի, եւ եթե այդպիսի տղամարդիկ կային, ինչով էին նրանք զբաղվում 1995 թվականից այս կողմ, երբ հեռուստատեսությամբ մեկ րոպե խոսելու հնարավություն չունեին, երբ մի մասը ձերբակալված, մի մասը նկուղներում թաքնված էին ապրում, անեին հեղաշրջում, ինչու՞ չէին անում, սպասում էին Քոչարյան Ռոբերտը Ղարաբաղից գա…. Ես չեմ տեսում այն տղամարդուն, ով ի վիճակի է նույնիսկ նման բանի գնալ: Սա առաջին, եւ երկրորդը՝ ուղղակի վերլուծեք, թե ինչ պայմաններում են լինում հեղաշրջումներ, հեղափոխություններ: Մի երկրում, որտեղ չկան քաղբանտարկյալներ, չկան արգելված կուսակցություններ, կա մամուլի ազատություն, ոչ մեկը ոչ մեկին չի ճնշում, կա ծանր տնտեսական, սոցիալական վիճակ, կան նաեւ դրական միտումներ: Ինչը պետք է հիմք լինի նման քայլերի: Որն է այն առանցքային կոմպոնենտը, որ կարող է նման երեւույթների բերել, խնդրում եմ, ինձ բացատրեք: Բայց ես հասկանում եմ, թե դա ինչի համար է ասվում: Երկրի զարգացման համար կայունություն է պետք: Երբ տեսնում են, որ դրական միտումներ կան, իհարկե, ամեն օր պետք է խոսեն հեղաշրջման մասին, որ դրսի ու ներսի ներդրողները մի քիչ զուսպ մնան, շատ ակտիվ չլինեն, որովհետեւ արդյունքները կբերեն Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախագահի, իշխանության ամրապնդման: Եւ անընդհատ խոսելու են այդ մասին: Ես ասել եմ եւ կրկնում եմ, որ 1998 թվականի աշունը լինելու է ամենից կայուն աշունը 1988-ից սկսած:

Աղբյուրը՝ http://www.president.am/till2008/news.president/arm/?sub=press&id=48&from=0&year=1998