Մատթեոս Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Անի. 25 հունիս, 1909թ

3194

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունից («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979) մի հատված: 

—–

ԵՐԿԱԹԵ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԱՆԻՈՒՄ

Ավերակների քաղաքի պատմության նշանակալից էջերից մեկը կարելի է համարել ազգընտիր կաթողիկոս Ամենայն Հայոց Մատթեոս Բ-ի այցը Անի:

Կարմիր սուլթանի գահընկեցությունից հետո, երբ Երկաթե պատրիարքը ազատագրվելով աքսորի դաժան ճիրաններից, հանդիսավոր մուտք գործեց Կ. Պոլիս, արդեն ընտրված հայ ազգի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս: Նա Ս. Պետերբուրգում այցելեց ռուսաց կայսեր և ապա ճանապարհ ընկավ դեպի Էջմիածին՝ Լուսավորչի աթոռը ընդունելու: Սակայն, Ամենայն Հայոց քահանայապետը, ըստ նախնիների սովորության, իր սրբազան պարքը համարեց նախ այցի գնալ հայ իշխանության մայրաքաղաքը՝ Անի, չնայած նրա թափուր վիճակին և ապա՝ ս. Էջմիածին:

Անին սպասում էր իր պատվավոր հյուրին:

Հեռավոր և մոտակա գյուղերից ու ավաններից Անիի հյուսիսային պարիսպների առջև հավաքվել էր հոծ բազմություն:

Պարիսպների վրա ամրացված էր մի մեծ տախտակ, որի վրա կարմիր տառերով գրված էր «բարի գալուստ»: Պարիսպների առջև սեղանի վրա դրված էր աղ ու հաց: Այնտեղ էր պրոֆեսոր Մառը իր աշխատակիցներով ու բանվորներով:

Մոտ ժամը 1-ին (1909 թ. հունիս 25-ին) Վեհափառ Հայրապետը իր շքախմբով ժամանեց Անի: Նրան հետևում էր հսկա մի բազմություն, որ հավաքվել էր ճանապարհին, այլևայլ գյուղերից ու միացել Վեհի շքերթին:

Հյուսիսային պարիսպների մոտ Վեհը իջավ կառքից և մոտեցավ սեղանին, որտեղ պրոֆեսոր Մառը մատուցեց Վեհափառ Հայրապետին աղ ու հաց և պատմական քաղաքի հյուսիսային ամրությունների առջև արտասանեց հետևյալ ճառը:.

Վեհափառ Տէր.

«Բարեհաճեաց և ընկալ սիրով զոր մատուցանեմ պատկառանօք առաջի Քո զաղ և հաց տեղւոյս այսորիկ:

Ի վսեմէ և թանկագնոյ, զկնի գրեա թէ ինն դարուց, յեղելոյ յառաջնոյ Հայրապետական այցելութենէդ վայրիս, յակամայս հրաւիրիմ համարձակ խօսիլ ի դիմաց աւերեալ և թափուր շինիս:

Բարեօք եկեսցէ կամօքն Աստուծոյ, ընտրեալ յազգէն հայոց, հաստատել ի Կայսերեն համայն Ռուսիոյ օծանելիդ վաղորդյան, և ի բարիս եղիցի ի մոռացոնս եկելոց յիշատակարանացս՝ քաղցր գալուստդ, որ մխիթարէ և յորդորէ և խրատէ: Ահաւասիկ տեղի իմն, յորում յավետ անկ իցէ ի միտս ածել, ի զգաստութիւն մեծամեծաց աշխարհիս, զառակն զայն թէ «աւաղ փառաց անցաւորի», սակայն նիւթեղէն կենացն անտի, ընդ միշտ անցելոց, յար կան և մնան նոցին շինարար հոգւոյ պերճ իրեղէն վկայութիւնքն, որք ի ձեռն պեղմանց ի լոյս հանեալ և իմաստասիրութեամբ կենդանացուցեալ մշտնջենաւոր ճշմարտության ակամբք պաուականօք լցցեն զգանձարանն ընդհանուր մարդկային գիտութեան, ուստի և զիմացական շտեմարանսն զաւակաց Քոց հոգևորաց որդւոցն Հայկայ:

Զայսոսիկ ոչ եթէ վարդապետեմ, քաւ լիցի, այլ խոստովանիմ և վկայեմ: Աստ հմտալից իմաստութեանդ չէ պիտոյ թարգմանիչ կամ մեկնիչ:

Գեղեցկագոյն քան զայլ  ոք ի շնչավորաց վարդապետից են, զորս վաղվաղակի տեսջիք աչօք ձերովքդ զքարինսն անշունչս Անւոյ, բազմամարդս, բազմագիրս և բազմալեզուս:

Եւ արդեամք Անւոյ նիւթականի մեռելոյ՝ կեայ վերին Անի, Անի տեսականն, Անի դիտականն:

Եւ զի հաճոյ եղև Քեզ փոյթ առնել զկանխեալ ընթանալոյս ընդ դժուարինս ի հանգուցեալ մայրաքաղաքս երբեմն, արդ անապատս, այդոքիկ զյոյս մեր ամրացուցանեն թէ ոչ միայն կերայ Անի գիտականն այլ և կեցցէ:

Բարի լիցի գալուստդ.

Կեցցէ Վեհափառն»:

Մայրաքաղաքի պարիսպների առջև հնչում էր հայոց աշխարհի հին դասական լեզուն, որի գեղեցիկ հնչյունները միաձուլվում էին քաղաքի ամրությունների վիթխարի կառուցվածքների հետ՝ տալով նրանց ավելի վեհ ու սիգապանձ կեցվածք:

Վեհափառը պրոֆեսոր Մառին պատասխանեց այսպես.

«Այո, հարգելի պրոֆեսոր, այս ավերակները, որ լուռ կանգնած են այստեղ, կհիշատակեն հայուն իր անցյալ փառավոր, անցյալ երջանիկ… կհիշեցնեն այն ժամանակները, երբ հայ կյանքը ևս կպայծառանար հաղթ ու հոյակապ:

Դուք, հարգարժան պրոֆեսոր, որ Ձեր ամբողջ եռանդը և սերը նվիրած եք այս ավերակներուն, Ձեր պեղումներով հսկայական ծառայություն կմատուցանեք գիտության: Դուք ձեր պեղումներով ի լուս աշխարհի կհայտնեք մի ժողովրդի, տարաբախտ և տարագիր, անցյալ պանծալի կյանքի պատկերը ամբողջովին: Ցույց կտաք հայ ազգին իր նախնիներուն վսեմ անցյալը…

Ես իմ ամբողջ կյանքիս մեջ կբաղձայի տեսնել այս ավերակները և տեսա ու այս րոպեիս ես ուրախ եմ: Շարունակեցեք Ձեր բազմարդյուն և բեղմնավոր աշխատանքը, ազնիվ Մառ»:

Հուզված էր Վեհը, նա կանգնած էր թափուր մայրաքաղաքի ավերակների առջև…

Այնուհետև պրոֆեսոր Մառի ուղեկցությամբ Վեհը այցելեց Անիի հնադարանն ու քարեդարանը և ապա Մայր տաճարը, Փրկիչ, Գրիգոր Լուսավորիչ, Առաքելոց, Գագկաշեն և այլ հուշարձաններ…

Հետևյալ օրը Վեհը հրաժեշտ տվեց անեցիներին ու մեկնեց Խոշավանք: