«Հայ-թուրքական բարեկամության նոր դարաշրջան է սկսվել». Վեհիբ փաշան՝ հայերին, 1918թ

1888
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2018-ի ամռանը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն հրատարակել է Հայաստանում:

_______________________________

Վեցերորդ գլուխ

Չորս ամիս Պոլսում

(1918 հունիս 15-նոյեմբեր 1)

Նախորդ հատվածը կարդալ այստեղ

Նկատելով, որ մեր խորհրդաժողովը ձգձգվում է, մենք փորձում էինք մեր կողմը գրավել Թուրքիայի հանրային կարծիքը՝ աշխատելով թուրք հասարակական գործիչներին ցույց տալ, որ հայերի հետ համաձայնությունը թուրքերի համար էլ օգտակար է: Մեր պատճառաբանությունը հեռևյալն էր:

Առանց ժխտելու մեր քարոզչությունը արտասահմանում, ինչպես նաև հայասերների գործունեությունը ամենուրեք, մենք հայտնում էինք, որ այդ բոլորը պիտի շարունակվի ի վնաս թուրքական վարկին այնքան ժամանակ, քանի դեռ գոհացնող կերպով լուծված չէ Հայկական հարցը: Մյուս կողմից, մենք խոստանում էինք բարոյական աջակցություն Թուրքիայի վերաշինության գործում, ցույց էինք տալիս, որ անկախ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի գոյությունը ապահով սահմաններ կստեղծի Թուրքիայի համար անհանգիստ հյուսիսի դեմ: Մեր պատճառաբանությունները թուրքերի վրա որոշ տպավորություն էին թողնում, բայց զգալի էր, որ նրանց մտքերը ուրիշ ուղղությամբ էին գործում, այն է՝ նրանց անհաջողությունները արևմտյան ճակատի վրա նրանց հայացքները ուղղել էին դեպի արևելք: Կորցնելով Բալկանները, արաբական երկրները հույս ունեին, թե իբրև փոխհատուցում պետք է ստանան կենդանի ուժ և հող Կովկասում, Թուրքիստանում և պարսկական Ատրպատականում: Ես կարող եմ պնդել, որ այդ հեռանկարները բավականին իրական հնարավորության ձևով թուրքերին ներկայացվել էր Բրեստ-Լիտովսկում Բուլղարիայի վարչապետ Մալինովը: Այս մասին ինձ պատմեց Պոլսում բուլղար դեսպան Կոլչովը, որի հետ տասնյակ անգամնեեր հանդիպելու առիթ ունեցանք:

Այսպիսով, այն ժամանակ երկու հիմնական ծրագրեր էին զբաղեցնում թուրքերի միտքը: Առաջին, Կովկասը ենթարկել Թուրքիային՝ հենվելով մուսուլմանական մեծամասնության վրա և իջեցնել հայերի և վրացիների ուժը նվազագույնի, տարածվել Թուրքիստանի վրա և Մակուի վրայով նորից պարսկական Ատրպատականի վրա: Երկրորդ, Կովկասում ստեղծել կովկասյան պետությունների ուժեղ դաշինք և, այսպիսով, ուժեղ պատվար ստեղծել Թուրքիայի դարավոր թշնամի Ռուսաստանի դեմ: Թուրքերից ոմանք ջանում էին այս երկու ծրագրերը միացնել: Այսպես էր, օրինակ, Հյուսեին Ջահիդ բեյը, որն ուզում էր ստեղծել կովկասյան հզոր դաշինք Թուրքիայի հովանավորության տակ: Այն ժամանակ դեռ ծանոթ չէի Անկարայի կառավարության արտգործնախարար Բեքիր Սամի բեյի հետ, որը հետագայում նույն ծրագիրը արծարծեց մի քանի անգամ:

Հյուսեին Ջահիդ բեյի մոտ մենք գնացինք հայ հրապարագիր Տիգրան Զավենի հետ: Բնակարանը, ծառաները, կարգ ու սարքը և վերաբերմունքը եվրոպական էին: Բարձրահասակ, խելացի դեմքով, լավ հագնված, ֆրանսերեն սքանչելի խոսող Ջահիդ բեյը շատ հաճելի տպավորություն էր թողնում: Մենք նրան պատմեցինք մեր պահանջների մասին,և նա պատասխանեց, որ ինքը կառավարական կուսակցության չի պատկանում, ընդդիմադիր է, ուստի, հազիվ թե կարողանա գործնական օգտակարություն ցույց տալ մեզ, բայց իբրև հանրային գործիչ, անհրաժեշտ է համարում, որ հայերին գոհացում տրվի:

Նա ասաց. «Պետք է դուք ձեզ հաշիվ տաք և ըմբռնեք նաև մեր ազգային կենսական պահանջները»: Եվ սկսեց մեզ ներկայացնել դրանք: Վերցրեց քարտեզը և սկսեց պարզել այն տեսությունը, թե Թուրքիայում պատերազմից հետո հազիվ թե վեց միլիոնից ավելի թուրքեր կան: «Մեզ պետք են կենդանի ուժեր, և հայերը չպետք է մեր ճանապարհը փակեն դեպի մեր եղբայրները: Առաջին՝ Զանգեզուր-Ղարաբաղ ճանապարհը և երկրորդ՝ Ախալքալաք-Բորչալու գիծը: Սրանցից մեկն ու մեկը պետք է բաց մնա մեզ համար, բայց սրան զուգընթաց, պետք է որոշ գոհացում տալ նաև ձեզ»,- ասաց նաև և սկսեց ցույց տալ այն հողերը, որը կարող են ստանալ հայերը:

Հյուսեին Ջահիդից հետո տեսակցություն ունեցանք նաև Ռեուֆ բեյի հետ: Ջեմալ փաշայից հետո նա ծովային նախարարի պաշտոն ստանձնեց: Այն ժամանակ, սակայն, Ռեուֆ բեյը իշխանության գլուխ չէր, բայց հետո, երբ թուրքերի մոտ անգլիական հոսանքը ուժեղացավ շնորհիվ անգլիական հաղթանակների, Ռեուֆ բեյին նշանակեցին ծովային նախարար: Ռեուֆ բեյը չափավոր հայացների համարում ուներ, և մեզ խոստացավ խոսել Էնվեր փաշայի հետ՝ մասնավորապես ի նպաստ մեր գաղթականների: Իր խոստումը կատարեց, սակայն նրա միջամտությունից որևէ արդյունք չեղավ:

Իր վարչապետության օրոք այդ մարդը հայերի հանդեպ որևէ համակրանք ցույց չէր տվել, թեև մեր Պոլիս գտնվելու ժամանակ, երբ դեռ իշխանության գլուխ չէր, ջերմ համակրություն էր ցույց տալիս: Նրա ժամանակ էր, որ տեղի ունեցան Իզմիրի աղետը և Պոլսի ահաբեկման օրերը:

Այցելություն տվեցինք նաև Վեհիբ փաշային, ով ապրում էր Գատըքյոյում և պետական պաշտոն չէր զբաղեցնում: Չափազանց սիրալիր էր: Նրա կարծիքով, այսուհետ հայերի և թուրքերի միջև խնդիրներ չպետք է լինեն, բացի մի քանի աննշան «թյուրիմացություններից» և փախստականների խնդիրներից: «Հայ-թուրքական բարեկամության նոր դարաշրջան է սկսվել»,- եզրակացրեց նա:

Բնորոշ է, որ անկեղծ թե կեղծ, մեր տեսած բոլոր թուրքերը շեշտում էին հայ-թուրքական բարեկամության անհրաժեշտությունը Թուրքիայի համար: Ես տրամադիր եմ կարծելու, որ նրանք այն ժամանակ անկեղծ էին, որովհետև Հայկական հարցը ապագա հաշտության խորհրդաժողովում դիտում էին իրենց համար ամենադժվար հարցը: Հայկական զոհերի արյունը դեռ թարմ էր նրանց հիշողության մեջ, իսկ Մոսուլի նավթի հոտը տակավին չէր կարողացել մոռացնել Մեծ եղեռնը:

Մի օր մեզ մոտ եկավ երիտասարդ մի թուրք՝ Էմին բեյ անունով, որ այժմ «Վակիթ» թերթի խմբագիրն է: Նա հետագայում աքսորվեց Մալթա, հետո վերադարձավ Պոլիս՝ շարունակելու իր հրապարակագրական գործունեությունը: Էմին բեյը հայ-թուրքական մերձեցման համար նոր ճանապարհներ էր փնտրում: Նա բարեխղճորեն մեր պահանջները ներկայացրեց իր թերթում, պաշտպանելով դրանք՝ «առանց սակայն վնաս հասցնելու թուրքական շահերին»:

Պոլսի մյուս թերթեը՝ «Թասվիրի էֆքյարը» և «Աքշամը» բուռն կերպով հակառակ էին մեզ արտահայտվում: Առաջինը լրբաբար ինձ հետ հնարեց հարցազրույց՝ ինձ վերագրելով այնպիսի մտքեր, ինչպես օրինակ՝ «հայերը սարքեցին հայկական կոտորածը՝ գրգռելով մահմեդականների վրեժխնդրությունը»: Ես ստիպված էի հերքում գրել, և թերթը հարկադրված էր տպել:

Տեսակցություն ունեցանք նաև Ահմեդ Ռիզայի հետ: Իր արտաքինով նա ամենից համակրելի թուրքն էր, որ մենք տեսանք Պոլսում. բարձրահասակ, սպիտակ մորուքով, մեղմ աչքերով, ազնվական դիմագծով: Ահմեդ Ռիզան առաջին անգամից գրավում էր խոսակցին: Թալեաթ փաշայի անկումից հետո նա առաջին թուրքերից էր, որ խորհրդարանում հայտարարեց սպանված հայերի և արաբների թիվը: Մեզ գանգատվեց, որ Երիտթուրքերը ի չարը գործ դրեցին այն գաղափարները, որոնց համար ինքը և նրանք ժամանակին պայքարեցին: Նա ողբաց միության և հավասարության իդեալների անկումը և ասաց, թե այնքան ժամանակ, քանի դեռ Թալեաթը և Էնվերը իշխանության գլուխ են, մեր բոլոր ջանքեը ապարդյուն են: