Հայաստանին 7 կիլոմետր. երկաթուղու բաժանումը՝ ըստ Բաթումի 1918թ հայ-թուրքական պայմանագրի

3109

1918 թվականի մայիսի 28-ից հունիսի 5-ը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի պատվիրակությունը՝ Ալեքսանդր Խատիսյան (ՀՅԴ), Հովհաննես Քաջազնունի (ՀՅԴ) և Միքայել Պապաջանյան (Հայ ժողովրդական կուսակցություն), Բաթումում՝ թուրքերի պահանջով, բանակցություններ վարեց Օսմանյան կայսերական կառավարության պատվիրակության հետ (Հալիլ բեյ, Վեհիբ փաշա)։ Հունիսի 4-ին ստորագրվեց Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև։

ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել բանակցությունների մանրամասներ, ինչպես նաև արխիվային փաստաթղթեր, որոնք քիչ են ծանոթ հանրությանը։ Փաստաթղթերը վերցվել են Հայաստանի ազգային արխիվից, որտեղ 1918-1920 թթ․ հայ-թուրքական հարաբերությունների մասին նյութերը հիմնականում ֆրանսերենով, ռուսերենով, հայերենով և արաբատառ օսմաներենով են։

ԱՆԻ կենտրոն

*****

Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 200, ցուցակ 1, գործ 23, թերթ 133

Թարգմանություն

Կարգավորում երկաթուղիների ամբողջ գույքի բաժանման մասին

Անդրկովկասի երկաթուղիների ամբողջ գույքի բաժանման հարցը լուծելու համար, ներքո ստորագրողները՝ Օսմանյան կայսրության, Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչները ըստ պատշաճի իրավազորված այդ նպատակի համար համաձայնվեցին հետևյալում.

Ռուսական պետության Անդրկովկասի երկաթուղիների ամբողջ գույքը կբաժանվի չորս պայմանավորվող պետությունների միջև իրենց սահմաններում գտնված երկաթգծի երկարության համեմատությամբ:

Կնքված է Բաթումում

Հունիսի 4-ին 1918թ.

Հալիլ

Վեհիբ

Մ. Հաջինսկի

Մ. Է. Ռասուլ Զադե

Ն. Ռամիշվիլի

Գ. Գվազավա

Ի. Օդիշիլիձե

Ալ. Խատիսով

Ռ. Քաջազնունի

Մ. Պապաջանյան

Լուսանկարում՝ Բաթում քաղաքը