Արցախի Հաթերք գյուղում խմելու ջուրը հասանելի է բոլորին

946

Հաթերքը Մռավի հարավային լեռնալանջին է՝ Թարթառ գետի ձախափնյակում: Գյուղի շրջակայքում գետերի եւ աղբյուրների պակաս չկա, բայց խմելու ջուրը չէր հասնում բնակիչներին, քանի որ ներքին ցանցը շարքից դուրս էր եկել:

Գյուղապետարանի աշխատակից Արմենուհի Օհանյանն ասում է. «Տարիներ շարունակ խմելու ջուրը խնդիր էր Հաթերքում, որոշ ընտանիքներ ունեին, մյուսները բերում էին տարբեր միջոցներով՝ տարաներով, «Հայաստան» hամահայկական հիմնադրամի շնորհիվ այս տարի ունեցանք շուրջօրյա ջուր»:

Հաթերքցիները սերնդեսերունդ խմելու ջուր են բերել Սպիտակաղբյուրից: Այսօր ջուրը հասել է նաեւ Էդուարդ Պետրոսյանի տուն:

«Ջրագիծը շատ բան փոխեց: Գյուղի չորս կողմով գետեր են հոսում՝ Թարթառ, Քռղի, Գյարագ, Պղտոր, բայց խմելու ջրի խնդիր միշտ եղել է, որովհետեւ ջրագիծը հին էր, կառուցվել է ավելի քան 50 տարի առաջ, երկրորդ՝ բաշխումները ճիշտ չէին արված: Նոր ցանցի կառուցումով բաշխումները ճիշտ են արել, հաշվիչներ են տեղադրել, հիմա ունենք ջրի ավելցուկ»,- ասում է նա:

Հաթերքը Արցախի հնագույն բնակավայրերից է, գյուղի անունը հանդիպում է միջնադարյան պատմիչների մատյաններում: Հայոց պատմության ուսուցչուհի Գայանե Սարգսյանն ասում է. «Հաթերքը եղել է նաեւ իշխանանիստ, Թարթառ գետի ամբողջ հովիտը մինչեւ Ծար, ներկայիս Քարվաճառի շրջան: Հաթերքը շատ հին գյուղ է, Արցախի ամենահին բնակավայրերից մեկը: Գյուղը հին ճարտարապետական կառույցներ ունի: Մխիթար Գոշն իր «Դատաստանագիրքը» գրել է հենց Հաթերք գյուղում»:

Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Հաթերքը, ինչպես եւ Մարտակերտի գրեթե ամբողջ շրջանը, ամիսներ շարունակ գրավված է եղել: Շատերը հեռացան, եւ ազատագրումից հետո Ռուսաստանում, Հայաստանում եւ այլ երկրներում ապաստանած հաթերքցիների մի մասն այլեւս չվերադարձավ տուն:

«Գյուղում մինչեւ տեղահանումը՝ 1992 թվականի հուլիսի 4-ի դրությամբ, ապրում էր 2800 մարդ: Հիմա՝ 1500, փախստականները գումարած՝ 1600 հոգի»,- ասում է Պետրոսյանը:

Haterk villageԸստ Արմենուհի Օհանյանի՝ Հաթերքն ունի 470 տնտեսություն, մոտ 2000 բնակիչ, կա 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված 39 ընտանիք՝ 167 անդամով:

Հադրութից եւ Ադրբեջանի կողմից գրավված այլ բնակավայրերից տեղափոխվածների հաշվին ավելացել է նաեւ Հաթերքի դպրոցի աշակերտների թիվը: Գայանե Սարգսյանն ասում է՝ 330 աշակերտ կա այսօր:

Ամենաշեն ժամանակներում Հադրութի դպրոցում սովորել է ավելի քան 900 աշակերտ: Պատերազմների, արտագաղթի եւ ուրբանացման հետեւանքով այսօր դպրոցում սովորում է եռակի պակաս թվով աշակերտ: Այս պատկերը բնորոշ է Արցախի եւ Հայաստանի սահմանային, գյուղական բոլոր բնակավայրերին:

«44-օրյա պատերազմից հետո գյուղը 100 տոկոսով վերադարձել է իր տունուտեղ, իր տանը տեր է կանգնել: Բայց առաջին պատերազմի ժամանակ գյուղի հիմնական ջահելությունը հետ չի եկել»,- ասում է Էդուարդ Պետրոսյանը:

Արմենուհի Օհանյանը հաստատում է, որ մարդիկ դուրս են գալիս հետպատերազմական վիճակից եւ փորձում բնականոն կյանք վերադառնալ. «Մարդիկ ապրում են առօրյայով, բայց բոլորս անհանգիստ ենք վաղվա օրվա համար, կուզենայինք խաղաղություն, այս պահին ամենագլխավորն ու կարեւորը դա»:

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։