Բաթումի 1918թ. հունիսի 4-ի Հայաստան-Օսմանյան կայսրություն դաշնագիրը վավերացնե՞լ, թե՞ ոչ

2925

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

——————————————————

Հայկական Հանրապետության խաղարարար պատգամավորության նիստերի արձանագրություններ

25 հունիս-18 հոկտեմբեր, 1918թ, Կ․ Պոլիս

Նիստ 1

25 հունիս, 1918թ, երեկոյան ժամը 9-ին

Ներկա էին պատվիրակներ Ավետիս Ահարոնյանը, Ալեքսանդր Խատիսյանը, Միքայել Պապաջանյանը և գործերի կառավարիչ Հակոբ Քոչարյանը:

Խատիսյանը քննության առաջարկեց Բաթումի դաշնագրի ռատիֆիկացիայի՝ վավերացման խնդիրը: Հուլիսի 4-ին լրանում է մեկամսյա ժամանակամիջոցը, որի ընթացքում, ըստ պայմանի, պիտի տեղի ունենար Պոլսում՝ Բաթումում հունիսի 4-ին Թուրքիայի հետ ստորագրած դաշնագրի վավերացման փոխանակությունը: Ուստի, այժմ ևեթ մենք պետք է որոշենք մեր անելիքը այդ առիթով:

Տեղի է ունենում մտքերի երկար փոխանակություն, որի ընթացքում պարզվում է, որ այդ խնդիրը քննության առարկա է նաև Բեռլինում, որտեղ նախորդ օրը ճանապարհվեց Գեգեճկորին, ուստի նախ պետք է գրել կամ հեռագրել Բեռլին՝ մեր ներկայացուցիչներին և իմանալ նրանց կարծիքը, խնդրելով բանակցել այդ մասին գերմանական պաշտոնական շրջանակների հետ:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գտնում հեռագրով դիմել Թիֆլիս՝ Ազգային խորհրդին և խնդրել անմիջապես ուղարկել պատգամավորության անունով, հատուկ կուրիերով, երկու թուղթ, որոնցից մեկով Ազգային խորհուրդը հաստատում է Բաթումի դաշնագիրը, իսկ մյուսով՝ մերժում:

Պատվիրակությունը կունենա այդ երկու գրությունները իր ձեռքի տակ և ամբողջ հետագա իրադարձությունը նկատի ունենալով կօգտվի դրանցից մեկից կամ մյուսից:

Նիստ 2

Հունիսի 26, ներկա էին՝ Ահարոնյան, Խատիսյան, Պապաջանյան, գործերի կառավարիչ՝ Քոչարյան:

Նախ արձանագրվեց պատվիրակության կազմը այսպես.

պատվիրակներ՝ Ահարոնյան, Խատիսյան, Պապաջանյան,

զինվորական խորհրդական՝ զորավար Գ. Կորգանյան,

խորհրդականներ՝ Գ. Խատիսյան, Մ. Բունիաթյան,

գործերի կառավարիչ և առաջին քարտուղար՝ Հակոբ Քոչարյան,

քարտուղար, հաշվապահ և տպագրող՝ Տ. Միրզոյան,

քարտուղար և թարգմանիչ՝ Ֆերդինանդ Թախտաջյան,

դիվանագիտական սուրհանդակ և քարտուղարի օգնական՝ Լ. Լիսիցյան,

առաջին ադյուտանտ՝ գնդապետ Շահբաղյան,

երկրորդ ադյուտանտ՝ պորուչիկ Աղաբաբյան,

դիվանագիտական սուրհանդակ՝ Հովհաննես Բերբերյան,

սպասավորներ՝ Ա. Հարությունյան, Զ. Սիմոնյան:

Նիստ 3

Հունիսի 27, երեկոյան ժամը 9-ին, ներկա էին՝ Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան, Կորգանյան, Բունիաթյան, Գ. Խատիսյան, Քոչարյան:

Խորհրդակցության գլխավոր նյութն էր՝ որոշել, թե ինչ աշխահագրական սահմաններ մենք պետք է վերջնականապես ընդունենք՝ առաջարկելու առաջիկա խորհրդաժողովին, իբրև մեր պահանջ:

Կորգանյանը և Գ. Խատիսյանը մանրամասն զեկուցեցին իրենց տեսակետները, մի քանի վիճելի կետերի վեևրաբերյալ եղավ մտքերի փոխանակություն, որից հետո խորհրդակցությունը ցուցմունքներ տվեց Կորգանյանին և Գ. Խատիսյանին՝ առաջարկելով նրանց ղեկավարվել եղած ցուցմունքներով, պատրաստել մեր ծրագրած քարտեզը և դրա հետ միասին՝ պատճառաբանված բացատրական զեկուցումը:

Որոշվեց, որ այդ պատրաստված ծրագիրը պատգամավորությանը ներկայացնելուց հետո կտրվի նախ գերմանական դեսպանին և մյուս դաշնակից պետությունների դեսպաններին, ապա նրանց հետ խոսելուց հետո՝ Թուրքիայի կառավարությանը:

ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 8, թ․ 32-99։ Բնագիր, ձեռագիր։ 

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 227-229:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2015/03/31/batum-treaty-1918/