Ղարաբաղի վերջին դէպքերը (մաս Զ)․ Արսէն Միքայէլեան

2471

ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է ՀՅԴ գործիչներից Արսեն Միքայելյանի «Ղարաբաղի վերջին դէպքերը» հոդվածաշարի վերջին մասը, որը լույս է տեսել ՀՅԴ Բոստոնի ՀԱՅՐԵՆԻՔ ամսագրի 1923 թվականի համարներում։ Ծնունդով Արցախից Արսեն Միքայելյանի այս հոդվածաշարը հավելյալ լույս է սփռում Արցախի 1919-1920 թթ․ դեպքերին, այդ թվում՝ Շուշիի հայերի 1920թ մարտյան կոտորածին։ 1920թ մայիսի 24-ին Արսեն Միքայելյանի, Դրոյի, Նժդեհի և գնդապետ Դմիտրի Միրիմանյանի խորհրդակցությունը Արցախի Ավետարանոց, այն ժամանակ՝ Չանախչի գյուղում, որոշում է Ղարաբաղում իշխանությունը հանձնել տեղի հայ բոլշևիկներին Սարգիս Համբարձումյանի գլխավորությամբ։  

Ներկայացնում ենք վերջին՝ Զ մասը

———————————-

Եւ այսպիսով սկսում են ընդհարումները: Ադրբէջանի կազմակերպուած բանակը եւ նրան միացած հազարաւոր զինուած թաթար «սոված գայլեր» եւ Ղարաբաղի զինուած հայ գիւղացիութիւնը, որն իր յոյսը դրել էր նաեւ Զանգեզուրի օգնութեան վրայ, դուրս են գալիս ճակատ ճակատի՝ առաջինը՝ Ղարաբաղը զինաթափելու եւ վերջնականապէս գրաւելու նպատակով, իսկ վերջինը՝ ինքնապաշտպանութեան բնազդից մղուած:

Ցոյց տալու համար, թէ այդ կռիւների ղեկավարութիւնը կենտրոնացած չէր մէկ անհատի ձեռքում, ինչպէս ոմանք փորձում են այդպէս պատկերացնել, ես պարտաւորուած եմ յիշատակել մի քանի անուններ, առանց քննադատութեան ենթարկելու անոնց կատարած դերը, այլ միայն բաւականանալով նրանց պաշտօնները թուելով:

  • Պարենաւորման ընդհանուր վարիչ՝ Յարութիւն Թումեան (որ յետոյ Ասկերանի շտաբի վարիչ եղաւ),
  • Վարանդայի պարենաւորման վարիչներ՝ Բիւիզանդ Վարդապետ, Մարտիրոս Արզումանեան եւ Դանիէլ Առաքելեան (վերջինս, յետոյ, յիսնեակի մը գլուխ անցած միանում է Դալի-Ղազարին),
  • Կղարձի-Հացի-Ղզդալայ-ի շրջանի պարենաւորման վարիչ՝ Խաչատուր Մելքումեան,
  • Դիզակի պարենաւորման վարիչ՝ Ասլան Շահնազարեան եւ նրա երկու օգնականները՝ Արմենակ Տէր-Բաղտասարեան եւ Աբրահամ Աթաբէկեան,
  • Սարաշէնի կենտրոնական ռազմամթերքի եւ յետոյ պարենաւորման վարիչ՝ Խաչատուր Եղիազարեան,
  • Բժշկական մասի վարիչ՝ Ասատուր Աւետիսեան,
  • Կենտրոնական շտաբի պետ՝ Բագրատ Բարաղամեան,
  • Թնդանօթի վրայ հսկող եւ Դալաշէնի ճակատի վարիչ՝ Կոստիա Աթայեան,
  • Ճարտար-Սօսի շրջանի պարենաւորման վարիչ՝ Ճարտարիցի Գէորգ,
  • Շուշի քաղաք՝ ենթարկւում է իր ինքնապաշտպանական մարմնին,
  • Ա. Միքաէլեան՝ ընդհանուր կապ պահպանող:

Անցնենք ճակատներին:

ԱՍԿԵՐԱՆ

Դալի-Ղազարը, մօտ 350 զինուորներով, որոնք հաւաքուած են Քեաթուկի շրջանը՝ 3 օրուայ պաշարով, առաջին իսկ յարձակումով կարողանում է գրաւել այդ պատմական կիրճը, որին այնքան նշանակութիւն էին տալիս թէ՛ Ադրբէջանի եւ թէ Զանգեզուրի ռազմագէտները: Գրաւելով այդ կիրճը – Դալի-Ղազարն իսկոյն անցնում է հարեւան Խօջալլու կայանը, զինաթափ է անում այնտեղի ասկեարներին եւ կտրում Շուշի քաղաքի եւ Աղդամի ու Բագուի հաղորդակցութիւնը.

Մարտ 27 եւ 28-ին, Ադրբէջանեան որոշ զօրամասեր՝ առաջնորդութեամբ գեներալներու եւ սպաներու, դիմում են ուժեղ յարձակման, Ասկերանի դիրքերը վերագրաւելու համար, բայց տալով մի քանի հարիւր սպանուածներ, ստիպուած են լինում յետ նահանջել: Դալի Ղազարի զինուորները հետապնդում են նրանց գրեթէ մինչեւ Աղդամ, եթէ միայն այդ ժամանակամիջոցում Զանգեզուրից օգնութեան հասնող հայկական զօրամասը կարողանար հասնել Ղարաբաղ՝ իր թնդանօթներով եւ գնդացիրներով: Եւ Դալի-Ղազարը բարւոք է համարում դիրքեր փորել եւ սպասել թշնամու յարձակման եւ կամ հայկական զօրամասերու ժամանման: Կարճ ժամանակուայ դադարի ատեն Դալի Ղազարի զօրամասի թիւը բարձրանում է մինչեւ 700 հոգու:

Մարտ 31-ին Սարաշէն է հասնում Զանգեզուրի հայկական զօրամասի գնդացիրային մի խումբ, որն իսկոյն ուղարկւում է Ասկերան:

Ապրիլ 1-ին Սարաշէն է հասնում Զանգեզուրի հայկական զօրամասի պետ Ա. Թարվերդեան՝ իր շտաբով եւ 100 ձիաւորներով: Նա յայտնում է, որ իր զօրամասը՝ հետեւակ, ձիաւոր եւ թնդանօթաձիգ, հազիւ թէ կարողանայ 2-3 օրից հասնել Ասկերան-բազմաթիւ կռիւներու մէջ զինուորների ունեցած յոգնածութեան եւ Ղարաբաղի ձիւնապատ լեռների եւ ցեխոտ ճանապարհների դժուարութեանց պատճառով: Սակայն, նա, իր շտաբի եւ ինձ հետ միասին ապրիլ 2-ին ճանապարհւում է դէպի Դաշուշէն՝ ուսումնասիրելու Խանքենտին այդ կէտից ռմբակոծելու կարելիութիւնը եւ ապա՝ իր ճամփորդութիւնը շարունակելու մինչեւ Ասկեարան՝ խորհրդակցելու համար Դալի-Ղազարի եւ Զ. Մեսեանի հետ, որոնց կանխօրօք յայտնուած էր ժամադրութեան թուականը:

Ապրիլ 3-ին, առաւօտեան ժամը 9-10-ի ատենները, մենք լինում ենք Քեաթուկ գիւղում, որ Ասկերանի՝ Շուշուց աջակողմեան, բարձունքի վրայ է գտնւում: Դեռ հեռուից մենք լսում ենք հրացանաձգութեան եւ թնդանօթային ռումբների պայթումի ձայներ: Ատոնք ապացոյց էին, որ զինուորական գործողութիւններ են սկսուած: Քեաթուկում յայտնում են, որ առաւօտեան ժամը 7-ից Ադրբէջանը՝ խոշոր պատրաստութեամբ, անցել է յարձակողականի եւ որ Ղարաբաղի գիւղացիները կռւում են կատաղի կերպով:

Մենք անմիջապէս իջնում ենք Ասկեարան:

Մի նամակով յայտնում ենք Դալի-Ղազարին, որ Ա. Թարվերդեանն իր 100 ձիաւորներով Ասկեարան է: Քիչ յետոյ լսւում են մեր կռուողների «ուռռա՜»ներու ձայնը՝ իբրեւ արդիւնք հայկական զօրամասի գալստեան լուրի: Կռիւը սաստկանում է: Մենք մօտենում ենք ռազմաճակատին: Մինչ այդ մառախլապատ երկինքն սկսւում է բացուել: Սկսում են որոտալ թշնամու թնդանօթները: Նրանց մի քանի յարձակումներ յետ են մղւում յաջողութեամբ: Կռիւը տեղի է ունենում մօտ 50 քայլ հեռաւորութեան վրայ: Մենք պարզ կերպով տեսնում էինք թշնամու զօրամասերի յառաջխաղացը եւ նահանջը:

Այդ ժամանակամիջոցում նամակ ենք ստանում Դալի-Ղազարից, որ խնդրում է փամփուշտ հասցնել իրեն: Մօտ 10,000 փամփուշտ ճանապարհին է՝ բարձած աւանակների, ջորիների եւ ձիաներու վրայ, ու ամէն վայրկեան սպասում ենք նրանց: Ճանապարհի դժուարութիւնները, որոնց հետեւանքով Զանգեզուրից փամփուշտներն ուշ ստացուեցան, հանդիսանում են Ասկերանի անկամ ամենաողբերգական պատճառներից մէկը:

Այդ ժամանակամիջոցում Խաչէնի թեւի կռուողները սկսում են ետ նահանջել: Ա. Թարվերդեանը, Դալի Ղազարի հրահանգի հիման վրայ, իր ձիաւորներից 50 հոգու ուղարկում է օգնութեան: Սակայն Ադրբէջանեան թնդանօթները մեծ գործ են տեսնում, իրենց ռումբերով այրելով Խաչէնի՝ ճակատից մօտ գտնուած գիւղերի մարագները: Կրակը բարձրանում է դէպի երկինք: Փամփուշտների պակասութեան պատճառով ետ են նահանջում կռուողները: Ամուր են կեդրոնը, ուր գտնւում էին Ղազարը եւ Զ. Մեսեանը (որը եկած էր խորհրդակցութեան մասնակցելու) եւ մեր աջ ճակատը: Բոլորի նպատակն է դիմադրել մինչեւ երեկոյ, երբ մութը վրայ կը հասնի եւ հնարաւոր կը լինի ոյժերը թարմացնելու արդէն ճանապարհին գտնուած փամփուշտնէրը ստանալու եւ խորհրդակցելու:

Երեկոյան ժամը 4-ի ատեանները Զ. Մեսեանը սրարշաւ՝ ձիու վրայ, հասնում է կիրճը եւ հրահանգում անմիջապէս գրաւել երկու բարձրունքները, որովհետեւ կռուողները ստիպուած են նահանջել:

Մինչ մենք այդ պատրաստութիւնների մէջ էինք, նկատում ենք անկանոն նահանջը: Կռուողները թողնում են դիրքերը՝ փամփուշտի պակասութեան պատճառով, եւ Ադրբէջանեան ձիաւորները անցնում են յարձակողականի:

Մութը կամաց-կամաց վրայ է հասնում՝ Ասկերանի անկումից յետոյ:

Եւ ամենամեծ զոհը, որ տալիս ենք, Դալի Ղազարն է լինում, որ ընկնում է հերոսաբար:

Երբ կռուի բախտը շրջւում է, Դալի-Ղազարը հրահանգում է Զ. Մեսեանին գնալ եւ թիկունքը կազմակերպել: Զ. Մեսեանը ստիպում է Ղազարին, որ նա գնայ, որովհետեւ իր ոտքը կիսով կաղ է  եւ վտանգի ատեն փախչել չի կարող:

-Ես պիտի մնամ եւ կռուեմ մինչեւ վերջին շունչս եւ թշնամին իմ դիակիս վրայով պիտի անցնի Ասկերանը,- լինում է Ղազարի պատասխանը:

Զ. Մեսեանը չի կարողանում համոզել նրան: Նա պատմում է, նաեւ, թէ ինչպէս այդ հերոսը, հայ ժողովրդի ամենանձնուէր յեղափոխականնէրեն մին, իր փոքրաթիւ խմբով, սարսափ է ազդում թշնամուն, որը՝ իր բազմաթիւ յարձակումներով, առաւօտեան ժամը 6-ից մինչեւ երեկոյան ժամը 4.30-ը, չի կարողանում ճեղքել կեդրոնը:

Նա պատմում է նաեւ, թէ ինչպէս Ղազարը, տասնեակ տարիներով մարզուած այդ հայդուկը, ուշադրութիւն չի դարձնում թշնամու թնդանօթների ռումբերի վրայ, որոնք գալիս են եւ ընկնում են իր մօտ, խառնում հողակոյտը, հազիւ ծածկում նրա եւ իր ընկերների երեսը, աչքերը, գլուխը եւ որ այդ բոլորից յետոյ նա թափահարում է իր գլուխն ու նորից սկսում է կռուի:

Ժամը 4.30-5-ի ատեանները նահանջում են եւ Ղազարի հաւատարիմ զինուորները՝ Գանձակեցի Գրիգորը, Գիւլստանի «աւազակը» եւ ուրիշները, որոնց Դալի-Ղազարը քշում է իր ատրճանակի սպառնալիքով, յայտարարելով, թէ «Դուք պէտք էք կռուի համար, իսկ ես՝ մահուան»:

Նա մնում է մինչեւ վերջին րոպէն, կռւում է թշնամու դէմ եւ իր գնդակով վերջ է տալիս իր կեանքին, ինչպէս յետոյ Ադրբէջանի ասկեարներն են պատմում՝ զինադադարի ժամանակ դիրքից-դիրք խօսակցութեան պահուն:

ԽԱՆՔԵՆՏԻ

Գնդապէտ Զ. Մեսեանը, մօտաւորապէս 400 զինուորներով, հին յեղափոխական Ալէքսան Դայու եւ սպայ Լալայեանի հետ միասին, կը գտնուէր Խանքենդու ճակատը: Մարտ 22-ի գիշերը, դէպքերի ժամանակ, նա յարձակում է Խանքենդու վրայ, յաջողութեամբ գրաւում է այդ կարեւոր դիրքը եւ շրջապատում է զօրանոցը, որի մէջ մօտ 1500 (հազար հինգ հարիւր) ասկեարներ են գտնւում:

Ադրբէջանի զինուորներն անձնատուր լինելու տրամադրութիւն են ցոյց տալիս, եւ հենց այդ ժամանակ, հեռուից, սկսում է հրացանաձգութիւն: Խիստ մառախուղի պատճառով հայ գիւղացիները չեն կարողանում զանազանել թշնամուն՝ իւրայիններից եւ այդ հանգամանքից օգտուելով ասկեարները դիմում են զէնքի:

Այդ շփոթ կռուի արդիւնքն այն է լինում, որ հայ կռուողները խումբ-խումբ քաշւում են դէպի Խնածախի դիրքերը եւ միայն առաւօտեան դէմ են իմանում սոսկալի թիւրիմացութեան պատճառած վտանգաւոր հետեւանքները: Այնուամենայնիւ, նրանք կարողանում են Խանքենդու ասկեարներին շրջապատած պահել եւ չէզոքացնել մինչեւ ապրիլ 3-ը, երբ Ասկեարանն է ընկնում եւ երբ այդ պատճառով յուսահատութիւնը տիրում է բոլորին, եւ ամէն մէկը մտածում է իր գիւղը, մանաւանդ որ իրենց հրամանատար Զ. Մեսեանը, Ասկերանի անկումից յետոյ, դէպքերի բերումով, անցնում է Վարանդա:

Եւլախ-Շուշի խճուղու վրայ եւ Ասկերանի մօտ 10-ը գաղութում են եւ թշնամին, օգտուելով հանգամանքից, սկսում է կրակի տալ եւ աւերել այդ գիւղերը:

ԴԻԶԱԿԻ ՃԱԿԱՏ

Այդ շրջանի հրամանատարն էր գլխապէտ Յովհակ Ստեփանեանը, մօտ 450 զինուորներով եւ իրեն օգնական ունենալով Սասունցի Մանուկը: Այդ ճակատի վրայ մեծ յոյս էր դրուած: Այդ զօրամասը պիտի յառաջանար դէպի Զանգեզուր, դէպքերի ժամանակ, գրաւէր Մուսուլմանների կարեւոր դիրքերը, կապ պահպանէր Զանգեզուրից արշաւող հայկական զօրամասի հետ եւ դիւրացնէր նրանց յառաջխաղացքը:

Պէտք է յիշել, որ Յ. Ստեփանեանը յաջողութեամբ կարողանում է տիրանալ կարեւոր դիրքերուն: Եւ դէպքերից մի քանի օր հետոյ մեծ յոյ կար,  թէ այդ կարեւոր ճանապարհի բացումը մօտ է եւ թէ շուտով կանոնաւոր կապ կը հաստատուի Զանգեզուրի հետ, որ այնքան կենսական էր Ղարաբաղի համար:

Մարտ 24-ին մեր առաջապահ սուրհանդակները՝ Ղարաղշլաղեցի Եղիշի առաջնորդութեամբ, հանդիպում են Զանգեզուրի առաջապահներին եւ այդ լուրն ուրախութեամբ հաղորդւում է շրջաններն ու տպագրւում «Ազատ Ղարաբաղ» թերթի մէջ: Սակայն, հետեւեալ օրն իսկ, բոլորս էլ յուսախաբւում ենք, որովհետեւ Զանգեզուրի ճակատի վրայ հրացանաձգութիւնը դադարում է, եւ մենք ոչ մի լուր չենք կարողանում ստանալ այդ կողմից մինչեւ մարտ 31-ը:

Ի՞նչ է պատահում:

Գնդապէտ Ա. Թարվերդեանը, յետագային, յայտնում է, որ իրենց գործողութիւնները առաջ էին ընթանում մեծ յաջողութեամբ, որ իր զօրամասն արդէն գրաւել էր որոշ կարեւոր դիրքեր, որ իրենք մտադիր էին Ղարաբաղ մտնել մարտ 24, 25-ին՝ 600 զինուորներով, որոնցից 100-ը ձիաւորներ, 6 թնդանօթով, 12 գնդացիրներով եւ բաւականաչափ փամփուշտներով՝ անմիջապէս անցնելու Ասկեարան, երբ հրահանգ է տրւում իրենց՝ Զանգեզուրից, անմիջապէս թողնել դիրքերը եւ անցնել Զանգեզուրի մի այլ ճակատ, որտեղից թշնամու գերազանց ոյժերը սպառնում էին Գորիսին: Նրանք վերադառնում են, մաքրում այդ ճակատը եւ ապա նորից անցնում Ղարաբաղ եւ այս անգամ կարողանում են, մեծ դժուարութեամբ, լքուած դիրքերը գրաւել եւ կապ հաստատել Ղարաբաղի հետ:

ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔ

Քաղաքի ինքնապաշտպանութեան Մարմնի եւ նախօրօք եղած առաջարկների հիման վրայ, դէպքերի ժամանակ, Ղարաբաղի Ինքն. Կեդր. Մարմինը կատարում է իր վրայ դրուած պարտականութիւնները, քաղաք ուղարկելով Վարանդայի երկու շրջանի ոստիկանապետերին՝ իրենց զինուած ոստիկաններով (90 հոգի), 160 զինուած գիւղացիներ՝ Ն. Ա.-ի եւ Գ.-ի ղեկավարութեամբ: Իսկ քաղաքը, այդ կռիւների ժամանակ, իր տրամադրութեան տակ ունէր մօտ 400 զինուած կռուողներ, որոնց օգտագործումը կախուած էր քաղաքի Ինքնապաշտպանական Մարմնից եւ ոստիկանապետ Ա. Տ. Ս.-ի հրահանգներից:

Քաղաքը սակայն չի կարողանում օգտագործել այդ ոյժերը: Ինքնապաշտպանական Մարմինը անգիտակ է  իրերի կացութեան, իսկ Ա. Տ. Ս.-ն՝ անտարբեր: Ներս մտնող օգնական ոյժերը գործում են ինքնագլուխ, իսկ քաղաքի ազգաբնակութեան մէկ մասը, գլխաւորապէս Ադրբէջանի կողմնակիցները գլխաւորութեամբ յայտնի ռուսամոլ եւ թրքամոլ Գիգի աղայի, սկսում են խանգարել՝ կարեւոր դիրքերը գրաւելու եւ յայտարարում են, թէ իրենք համաձայնել են Սուլթանովի հետ, որ հայկական կոտորած չպիտի լինի:

Այդ վտանգի րոպէին քաղաքի ինտելիգենցիայի երկպառակութիւնը, կռուող ոյժերի անղեկ դրութիւնը, Ինքնապաշտ. Մարմնի խելակորույս վիճակը մէկ կողմից եւ այն, որ Սուլթանովի՝ առաջուց զանազան հայ տներում տեղաւորած սպաներն ու զինվորներն սկսում են հրդեհել իրենց բնակած վայրերը, առաջ են բերում խուճապ, եւ ազգաբնակութիւնը սկսում է փաղչել դէպի գաւառ՝ Քարին Տակի խճուղիով՝ մառախուղի միջով, որ մեծապէս նպաստում է շատ շատերի փրկութեան:

Գաւառից օգնութեան գնացած ոստիկանները ստիպուած են լինում ապահովել նահանջի այդ ճամբան եւ ազատել ժողովրդի մեծ մասը: Այս ժամանակ է, որ տեղի է ունենում Շուշի քաղաքի աղէտը: Գիգի աղայի եւ Ռուբէն Շահնազարեանի կողմից յայտարարւում է փաղչող ժողովրդին, թէ նրանք, որ հաւաքուեն Բէկլարեանենց բակը, Սուլթանովը խոստացել է ձեռք չտալ եւ ապահովել նրանց կեանքը, իսկ միւսների համար պատասխանատու չէ:

Այդ յայտարարութիւնը ունենում է իր ազդեցութիւնը եւ մօտ 2-3000 հոգի – կին, երեխայ եւ ուրիշներ – հաւաքւում են յիշեալ տունը, իբրեւ աւելի «ապահով» վայր: Ազգաբնակութեան միւս մասը – թուով 8000, անցնում է գաւառ, բերելով իր հետ սով, աղքատութիւն եւ տնտեսական տագնապ:

Այս բոլորից յետոյ Սուլթանովը տէր է դառնում նաեւ յայտնի բոլշեւիկ եւ Ղարաբաղը Ադրբէջանին միացնելու ջերմ կողմնակից ծանօթ քննադատ-գրագէտ Ալ. Տատուրեանը: Քաղաքի եւ գաւառի կապը կտրւում է: Սուլթանովը, սակայն, իր խոստումին տէր չի հանդիսանում: Նա բանտերն է լցնում իրեն վստահութիւն յայտնող այդ խեղճ եւ անզէն քաղաքացիներով եւ սպասում մինչեւ Ասկեարանի անկումը, երբ եւ կատաղած զինուորների ու ամբոխի քմահաճոյքին է յանձնում 2-3000 հայ գիւղացիներին:

Գիւլստանի, Ջվանշիրի եւ այլ ճակատների վրայ տեղ են ունենում կռիւներ, գլխաւորապէս տեղական բնոյթ կրող: Այսպիսով գլխաւոր ճակատները կենում են՝ Ասկերան, Խանքենդի, Դիզակ եւ Շուշի:

ԱՍԿԵՐԱՆԻ ԱՆԿՈՒՄԷՆ ՎԵՐՋ

Այս բոլորի դէպքերից յետոյ, ապրիլ 4-ին, Տոնավարզ գիւղի մէջ տեղի է ունենում մի խորհրդակցութիւն, որին մասնակցում են՝ Ա. Թարվերդեան, Զ. Մեսեան, Կ. Աթաեան, Յ, Թումեան, Ա. Աւետիսեան, ես եւ ուրիշներ:

Ժողովը որոշում է.-

Ա) Գնդապետ Թարվերդեանին ճանաչել Ղարաբաղի բոլոր զինուած ոյժերի հրամանատար,

Բ) Կռիւը շարունակել- գլխաւորապէս Ինքնապաշտպանութեան նպատակով:

Այդ խորհրդակցութիւնից յետոյ ճակատները ամրացւում են, լիազօրները վերադառնում են իրենց տեղերը եւ կազմակերպւում է փախադրութեան գործը՝ Զանգեզուրից փամփուշտ ստանալու համար:

Ապրիլ 4-5ին ոչ մի ընդհարում տեղի չէ ունենում: Երկու կողմերն էլ պատրաստութիւններ են տեսնում՝ յարձակման եւ ինքնապաշտպանութեան համար:

Ապրիլ 6-7-ին Շուշի քաղաքից թաթարները սկսում են ռմբակոծել Շօշ եւ Քարին-Տակ գիւղերը, իսկ միաժամանակ կատաղի կռիւներ են սկսում Դաշուշէնի ճակատի վրայ: Տեղi են ունենում իրօք որ հերոսական կռիւներ, որոնց մէջ խոշոր բաժին են ունենում գնդապետ Թարվերդեանի զինուորները:

Ապրիլ 8-ին այդ դիրքերը թողնւում են եւ գրaւում Տոնավազի դիրքերը: Ապրիլ 9-ին տեղի է ունենում օրհասական կռիւ այդ գիւղի դաշտերի վրայ. կռիւը տեւում է աrաւօտեան 7-ից մինչեւ երեկոյան 7-ը:

Մենք նորից զգում ենք փամփուշտի պակասութիւն: Այդ ժամանակամիջոցին եկածները սպառւում են, իսկ մեր փոխադրողները դեռ չեն վերադառնում: Ստացած տեղեկութիւնները հաղորդում են, որ ապրիլ 10-11-ին, հայկական Զատկի օրը Ադրբէջանը խոշոր ոյժերով յարձակում պիտի գործէ Վարանդայի վրայ՝ վերջնականապէս այն գրաւելու համար:

Մենք սկսում ենք հաւաքել փամփուշտնէրը՝ հետեւեալ օրուայ կռուի համար եւ մարդիկ ենք ուղարկում դէպի Զանգեզուր՝ ճանապարհին գտնուած բեռնակիրներին շտապեցնելու համար: Ապրիլ 10-ի գիշերուայ ժամը 4-ի ատենները ստանում ենք մօտ 10.000 փամփուշտ, որ անմիջապէս բաժանւում է կռուողներին:

Միր դիրքերը պիտի պահպանենք,-այս էր բոլորի որոշումը, արգիլելու համար կոտորածը:

Եւ ապրիլ 11-ի ճակատագրական կռուով մեր դիրքերը պահեցինք, կռուելով մինչեւ վերջին փամփուշտը: Ասկեարները չկարողացան «Զատկական խրախճանք» կատարել:

Այդ բոլորի փոխարէն, սակայն, կռուի ճակատի մօտ գտնուած հայկական գիւղերու բնակիչները՝ միացած քաղաքի գաղթականութեան հետ, համրօրէն ճամբայ ելան դէպի Խծաբերդ, դէպի Զանգեզուր, որովհետեւ բոլորն էլ գիտէին որ «փամփուշտն ենք հաւաքում»:

Սկսում է խուճապ եւ ղեկաւար շրջանների մէջ: Լսւում են բողոքի քննադատութեան ձայներ: Լինում են առաջարկներ պատգամաւորութիւն ուղարկելու Սուլթանովի մօտ՝ հաշտութիւն առաջարկելու եւ հնազանդութիւն: Յոգնած ուղեղով, պրկուած ջղերով, գաղթականական հոսանքի տխուր պատկերի ազդեցութեան տակ, փամփուշտի պակասութեան սարսափեցնող հարցը եւ վաղուայ յարձակողականի ուրուականը ծանրապէս ազդել էին բոլորիս վրայ էլ: Բայց վհատութիւնը տեւում է մի քանի ժամ միայն: Ապա բոլորս էլ նորից ներշնչւում ենք կռուելու եւ անցնում աշխատանքի:

Այդ նոյն տրամադրութեան մէջ են լինում եւ գիշերը դիրքերի մէջ մնացող կռուողները, մինչեւ որ տեղի ունեցած խորհրդակցութիւններից դիրքերն է վերադառնում գնդապետ Զ. Մեսեանը:

Գիշերուայ ժամը 11-12-ի ատենները նա իր մօտ է կանչում 20 Ղարաբաղցի տղաներ եւ յայտարարում է.

-Ես իմ մաուզէր ատրճանակիս մէջ ունիմ միայն 8 փամփուշտ: Կա՞ն ձեր մէջ տղաներ – մի քանի փամփուշտներով, որոնք կամենում են մեռնել ինձ հետ:

-Մենք բոլորս պատրաստ ենք,- պատասխանում են:

-Հետեւեցէք ինձ, ուրեմն:

Եւ նրանք, այդ կտրիճները, գիշերուայ մթութեան մէջ առաջ են շարժւում եւ հասնում Սզնէքի բարձրունքների վրայ պառկած թաթար զինուորների դիրքին: Գաղտագողի կերպով նրանք մօտենում են թշնամուն, թւով մի քանի հարիւր, եւ «ուռռաներով», «Դրօն եկել է», «հայկական զօրքը հասել է» աղաղակներով յարձակւում են նրանց վրայ եւ խլում բաւականաչափ փամփուշտնէր եւ մէկ գնդացիր:

Գիշերայնի եւ յուսահատական այդ յարձակումը անակնկալի բերում թշնամուն, որ նահանջում է դէպի խճուղին եւ դէպի Շուշի:

Այդ լինում է վերջին յարձակումը: Դրանից յետոյ տեղի են ունենում Հիւսիսային Կովկասի վրայ զինուորական եւ քաղաքական խոշոր դէպքեր՝ Դենիկինի պարտութիւնը եւ նահանջը եւ Ադրբէջանի յարաբերութիւնների լարումը՝ բոլշեւիկեան Ռուսաստանի հետ:

Ապրիլ 17-ին Ղարաբաղ է հասնում Դրօն:

Դրօի մուտքը Ղարաբաղ ընդունուեցաւ մեծ ոգեւորութեամբ: Բոլորն էլ մեծ յոյսեր էին կապել նրա կարողութեան եւ ժողովրդական անուան հետ:

Նա ստիպուած էր կարճ ժամանակուայ մէջ հետապնդել երեք հերթական նպատակ՝ վերակազմել եւ ուժեղացնել Ղարաբաղի դիմադրական ոյժը, գրաւել ամբողջ Ղարաբաղը եւ միացնել Հայաստանի Հանրապետութեան եւ քաղաքի ու գիւղերի աւերւածութեան փոխ վրէժը լուծել:

Այս էր ժողովրդի հաւատքը:

ԴՐՈՒԹԻՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Գիւլստանի շրջանի մի քանի հայ գիւղեր, շնորհիւ այդ ճակատի ռազմական գործողութիւնները վարող քանի մը բոլշեւիկ եւ սոց. Յեղափոխական սպաներու դասալքութեան, դատարկուել էին եւ ազգաբնակչութիւնը գաղթել էր դէպի Ջվանշիր: Ջվանշիրը մնացել էր անվթար եւ ապահով: Խաչէնի մօտ 10 գիւղերի բնակչութիւնը տեղափոխուել էր Վանքի շրջանը: Վարանդայի առաջին շրջանի գիւղերից՝ Քարին Տակ, Շօշ, Դադուշէն գտնւում էին թշնամու ձեռքին. Վարանդայի երկրորդ շրջանը մնացել էր ապահով. Շուշի քաղաքի հայկական մասը այրուել էր. Դիզակը մնացել էր կանգուն: Բազմաթիւ գաղթականներ պէտք ունէին հացի եւ բնակարանի: Զինուորական ոյժերը կազմալուծուած վիճակի մէջ էին եւ միայն Թարվերդեանի զօրամասը կար իբրեւ ատաղձ, ապագայ զինուորական կազմակերպութեան համար:

Ղարաբաղի Վարիչներու Խորհուրդ.-

Դրօն, մի քանի խորհրդակցութիւններից յետոյ, որոշւում է կազմակերպել քաղաքացիական իշխանութիւնը հետեւեալ կազմով.

  1. Ա Շահնազարեան՝ նախագահ վարիչներու խորհրդի.
  2. Ա. Աւետիսեան՝ ներքին գործոց վարիչ.
  3. Բժ. Տէր-Գրիգորեան՝ առողջապահական մասի.
  4. Խ. Մելքումեան՝ գիւղատնտեսական.
  5. Յար. Թումեան՝ գաղթականական եւ զինուորական իշխանութիւններու միջեւ կապ պահպանող:
  6. Արշ. Քամալեան՝ գիւղատնտեսական.
  7. Գր. Ղարագէօզեան՝ լուսաւորութեան.
  8. Ա. Միքայէլեան՝ քաղաքացիական եւ զինուորական իշխանութիւններու միջեւ կապ պահպանող:                                                                                           Վարիչներու խորհրդի պարտականութիւնները պիտի ըլլար՝ վարել ներքին կեանքին վերաբերեալ բոլոր գործառութիւնները, նպաստել զինուորական իշխանութեան եւ պարենաւորել թէ՛ բանակը եւ թէ՛ գաղթականներին:                                                Զինուորական կազմակերպութիւն- Դրօն, ինքը, բնականաբար, ստանձնում է այդ գործը եւ ձեռնարկում է բանակի վերակազմութեան:                                 Վարիչներու խորհրդի համաձայնութեամբ եւ գործակցութեամբ, յայտարարում է զօրահաւաք Վարանդայում եւ Դիզակում՝ 21-25 տարեկանների: Եւ կարճ ժամանակուայ մէջ Դրօն կարողանում է ունենալ մօտ 3000 հոգի՝ զինուորներ եւ կամաւորներ:

Պարտադիր որոշումով զօրահաւաքի է ենթարկում բոլոր լաւ ձիանները, թամբերը, սանձերը, թուրերը եւն. համապատասխան գին նշանակելով եւ վճարելով՝ ամէն մէկին:

Վարիչներու խորհրդի միջոցով  սկսում է ցորենի, գարու եւ խոտի, դարմանի գնումներ եւ բռնագրաւումներ՝ զինուորներու համար:

Պէտք է յատկապէս շեշտել, որ Ղարաբաղի գիւղացիութիւնը, սկսած մարտ 22-ից մինչեւ մայիս 26-ը, մօտ երկու ամիս, անտրտունջ կերպով կերակրում էր հազարավոր կռուողներ եւ այդ բոլորի փոխարեն ստանում էր չնչին գումար… հայկական չէքերով:

Շատ արագ կերպով Դրօն կարողացաւ հեռախօսային ցանցով պատել Վարանդայի գլխաւոր ճակատները եւ կեդրոնները, Դիզակի շրջանը եւ ապա Զանգեզուրի հետ կապուել ուղիղ գծով:

Դրօի ժամանումէն վերջ Ղարաբաղ է հասնում նաեւ Նժդեհը՝ Ղափանի իր զօրամասով եւ տեղաւորւում է Դիզակի շրջանում:

Ապրիլ 24-ին Խաչէն-Ջվանշիր են ուղարկւում գնդապետ Զ. Մեսեան եւ Գ. Ղարագէօզեան՝ կազմակերպելու համար զինուորական եւ քաղաքացիական իշխանութիւնները:

Ապրիլ 25-ին, Թաղավարդ գիւղում, տեղի է ունենում Վարանդայի եւ Դիզակի շրջանների գիւղերի ներկայացուցիչների համագումարը, գլխաւորապէս 3 կարեւոր նպատակներու համար.

Ա) Հաստատել եւ ընդունել վարիչների խորհրդի գոյութիւնը եւ կազմը.

Բ) Գծել որոշ ուղղութիւն՝ նպաստելու զօրահաւաքին եւ պարէնին.

Գ) Որոշել Ղարաբաղի քաղաքական դիրքը հանդէպ Հայաստանի եւ ընտրել ներկայացուցիչներ՝ անդրկովկասեան խորհրդաժողավի առջեւ Ղարաբաղի դատը պաշտպանելու համար:

Այդ համագումարի մէջ նկատելի էր ոգեւորութիւն եւ եռանդ, որով գիւղացիները պատրաստակամութիւն էին յայտնում ամէն կերպ իրենց օժանդակութիւնը բերելու: Նրանք, ինչպէս նաեւ քաղաքի գաղթականութեան ներկայացուցիչները, մոռացութեան էին տուել եղած զոհերն ու աւերները՝ միայն թէ վերջնականապէս ազատագրուէին Ադրբէջանից եւ միանային Հայաստանին:

ԱՆԴՐԿՈՎԿԱԵԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆ.- Ղարաբաղի դէպքերու ընթացքին եւ յատկապէս Շուշի քաղաքի կոտորածէն եւ Ասկերանի անկումէն յետոյ, դաշնակից պետութիւններու ներկայացուցիչներու նախաձեռնութեամբ, ապրիլ 11-ին, Թիֆլիսի մէջ, տեղի է ունենում Անդրկովկասեան պետութիւններու խորհրդաժողովը, որն իր առաջին նիստին մէջ հետեւեալ բանաձեւերն է ընդունում.-

«Ադրբէջանի, Հայաստանի եւ Վրաստանի հանրապետութիւններու քոնֆերանսը, սկսելով իր աշխատանքներին, որոշում է նախ՝ անմիջապէս դադարեցնել բոլոր արիւնալի ընդհարումները, որոնք տեղի են ունենում Ղազախում, Նախիջեւանում, Օրդուբաթում եւ Ղարաբաղում… եւ երկրորդ՝ այս որոշման մասին շտապով հաղորդել Ադրբէջանի եւ Հայաստանի կառավարութիւններին, որ համապատասխան միջոցներ ձեռք առնեն: Ն. Աղաեւ, Ս. Մամիկոնեան եւ Ե. Գեգեչկորի»:

Ապրիլ 12-ի նիստում ընտրւում է 6 հոգուց բաղկացած մի յանձնաժողով, որ 1) Տեղին վրայ իրականացնէ եւ կոնտրոլի ենթարկէ քոնֆերանսի որոշումները՝ արիւնալի ընդհարումները դադարեցնելու եւ նախկին գոյավիճակին վերկանգնելու եւ 2) Հետազօտել տեղի ունեցած ընդհարումների պատճառներն ու պատկերը:

Այդ յանձնախմբի անդամները ընտրւում են՝ Ա. Պապովեան, Ռ. Իւզբաշէան, Ալշիբայա եւ Վէքիլով (թաթար):

Յանձնաժողովը , որ միայն ապրիլ 17-ին է հնարաւորութիւն ունենում մեկնելու, Ղարաբաղ է հասնում ապրիլ 22-ի ատենները, որովհետեւ ստիպուած են լինում անցնել Բագու՝ տեղեկութիւններ ստանալու համար:

Ղարաբաղ հասնելուց յետոյ յանձնախմբի անդամների մէջ տեղի են ունենում անհամաձայնութիւններ: Թիւրքերը պնդում են, թէ նախ եւ առաջ պէտք է այցելել այն վայրերը, որոնք թաթարական են եւ աւերուած՝ Աւդալ Գիւլափլու եւ Զանգեզուր, իսկ հայերը՝ թէ պէտք է քննել Շուշի քաղաքի ողբերգութիւնը եւ հայ գիւղերի աւերծութիւնը: Ապրիլ 25-ին յանձնախմբի կողմից գրաւոր ազդարարութիւն է ուղարկւում գաւառ, որ ապրիլ 27-ին յանձնախումբը պիտի անցնի գաւառ՝ քննելու թէ զինուորական գործողութիւնները վերջ գտած են թէ ոչ եւ առհասարակ ծանօթանալու ընդհանուր կացութեան:

Վարիչներու խորհուրդը, Դրօի հետ համախորհուրդ, ընտրում է երկու հոգի՝ բանակցելու յանձնախմբի հետ եւ եւ ժամադրաւայր է նշանակում Չանախչի գիւղը: Այդ նամակին պատասխան չի ստացւում: Ստիպուած ենք լինում գրել երկրորդ նամակ մը՝ Ղարաբաղի ժամանակաւոր կառավարութեան անունից, որին ի պատասխան ստացւում է կարմիր մելաանով հասցէագրուած նամակ մը՝ հետեւեալ բովանդակութեամբ.-

«Յեղափոխական Ղարաբաղը, միշտ էլ կողմնակից լինելով Ադրբէջանի պրոլետարիատի շահերի պաշտպանութեան, սպասել է Ադրբէջանի կողմից խորհրդային իշխանութեան ճանաչման, կապիտալ բռնութիւններից նրա պրոլետարիատի ազատագրումը եւ այդ իմանալով՝ մեր հայացքներն ուղղուած են եղել դէպի Խորհրդ. Ռուսաստանի հետ ունեցած միութեան: Ղարաբաղի դեմոկրատիան խորապէս համոզուած է եւ հաւատում է Անգլիայից եւ Արեւմուտքի մնացած իմպերիալիստական պետութիւններից աշխատաւոր ժողովրդի ազատուելուն՝ Խորհրդ. Ռուսաստանի, Ադրբէջանի եւ Տաճկաստանի Դաշնակցութեան ջանքերով:

Կեցցեն Խորհրդ. Ադրբէջանը, Խորհրդ. Ռուսաստանը եւ Տաճկաստանը, կարմիր բանակն ու պրոլետարիատի առաջնորդները:

Ղարաբաղի Ռեւկոմի նախագահ՝

Խ. ՍՈՒԼԹԱՆՈՎ

1920, 29 ապրիլ, Շուշի»

Այս կոչի հետ միասին յանկարծ «յեղափոխականացած» Սուլթանովը ուղարկում է մի հրահանգ, որով ծաղրանքի է ենթարկում Ղարաբաղի վարիչների խորհուրդը, որ յայտարարում է լուծուած, եւ հրամայում է այդ կոչը տպագրել եւ ուղարկել շրջանները, հնարաւորութիւն տալով, որ աշխատաւոր գիւղացիութիւնն իր ներկայացուցիչներն ընտրէ եւ ուղարկէ Շուշի՝ մասնակցելու Ռեւկոմին:

Այս դրութիւններէն վերջ Դրօի եւ վարիչներու խորհրդի միացեալ խորհրդակցական ժողովը գումարուեցաւ: Քննութեան ենթարկուեցան կոչը եւ հրահանգը: Եզրակացութիւնն այն էր, որ այդ բոլորը խաղ է Սուլթանովի կողմից՝ Ղարաբաղի հայ ժողովրդի կամքը երկուսի բաժանելու համար: Որոշուեցաւ պատասխանել «Ռեւկոմին» եւ անոր միջոցով Մոսկուա՝ Լենինին ուղարկել մի հեռագիր,- յայտնելով,

Ա) Որ Ղարաբաղի հայ աշխատաւոր ժողովուրդը երկար տարիներու ընթացքին պայքարած է ռուս ցարական կառավարութեան եւ Ադրբէջանեան խան-բէկեան իշխանութեան դէմ.

Բ) Որ Ղարաբաղի ժողովուրդը  բարեկամական զգացմունք ունի հանդէպ Ռուսաստանի մէծ զանգուածի, բայց չի հաւատում մի յեղափոխութեան, որ արիւնռունչ Սուլթանովնների միջոցով եւ ղեկավարութեամբ է առաջ տարւում.

Եւ

Գ) Որ Ղարաբաղի հայ ժողովրդի կամքն է միանալ Հայաստանի Հանրապետութեան:

Օրժօնիկիձէի ներկայացուցիչները

Մայիս 4-5-ին, 1920 թիւ, Վարանդայ են գալիս՝ Դրօ-ի եւ Վարիչների Խորհրդի հետ բանակցելու Անդրկովկասեան ճակատի ռուսական կարմիր ընդհանուր հրամանատար Օրջօնիկիձէի ներկայացուցիչները՝ Լեւանդովսկիյ եւ Սահակ Տէր-Գաբրիէլեան:

Նրանք իրենց հետ բերում են հետեւեալ կտրուկ առաջարկները.- Դատարկել ամբողջ Ղարաբաղը հայկական զօրքերից եւ անցնել Հէքքեարի գետի միւս կողմը՝ Զանգեզուր, որովհետեւ Ռուսաստանը մտադիր է Ղարաբաղ մտցնել կարմիր զօրամասեր եւ յայտարարել իբրեւ չէզոք գօտի:

Դրօն պատասխանում է, ներս է մտել Ղարաբաղ իր կառավարութեան հրահանգով եւ այն ժամանակ միայն, երբ Ադրբէջանն սկսել է կոտորել Շուշի քաղաքի անզէն բնակչութիւնը եւ աւերել հայկական գիւղերը. կը հեռանայ միայն այն ատեն, երբ համապատասխան հրաման ստանայ Հայաստանի Հանրապետութիւնից:

-Բայց Հայաստանի նախկին կառավարութիւնն այլ եւս գոյութիւն չունի, եւ մայիս 2-ին Հայաստանի մէջ հաստատուած է Խորհրդային Իշխանութիւն,-յայտարարում են նրանք:

-Ես զինուորական եմ եւ կը սպասեմ իմ կառավարութեան հրահանգին, այդ կ’ըլլայ հին թէ նոր,- լինում է Դրօի պատասխանը:

Այն ժամանակ Օրժօնիկիձէի ներկայացուցիչներն առաջարկում են Վարիչների Խորհրդի իշխանութիւնը տարածել միայն Վարանդայի եւ Դիզակի վրայ:

Դրօն միեւնոյն պատասխանն է տալիս:

Տրամադրութիւնների փոփոխութիւն 

Ադրբէջանի բոլշեւիկացումը, Խորհրդ. Ռուսաստանի ներկայացուցիչների երեւալը, Հայաստանի բոլշեւիկեան յեղաշրջման մասին տարածուած լուրերը եւ բոլշեւիկեան գործակալներու աշխատանքները առաջ են բերում Ղարաբաղի հայ ժողովրդի մէջ տրամադրութեան բեկում: Հայաստանի հետ մեր կապը կտրուած էր կառավարութեան վերջին հեռագրից յետոյ, որով յայտնւում էր, որ Սարիղամիշի, Ղարսի, Ալեքսանդրապօլի, Դիլիջանի, Ն. Բայազէտի եւ այլ շրջաններում բոլշեւիկեան շարժում է սկսուած եւ պատրաստութիւններ են տեսնւում դիմագրաւելու այդ վտանգը:

Վարիչներու Խորհրդի մի քանի անդամներ մէջ տրամադրութիւն է ստեղծւում Խորհրդային Ռուսաստանի հետ հասկացողութեան գալու:

Մայիս 14-15-ին լուր է ստացւում, որ Թառթառի կողմից ռուս կարմիր զօրքից մի հարիւրակ ձիաւոր «բարեկամաբար» մտել է Ջվանշիրի սիրտը՝ Մարդակերտ, ապրանքներ գնելու:

Մայիս 15-16-ին լուր է ստացւում, որ Մարդակերտից դէպի Վանք տանող ճանապարհի վրայ սպանուած է հայկական բանակի սպայ Յակոբ Մարտիրոսեանը:

Մայիս 18-ին Դրօ-ի հրահանգով մի քանի սպաներ անցնում են Վանք՝ Զ. Մեսեանին օգնելու եւ այդ շրջանը ուժեղացնելու, բայց դեռ Խաչէն չհասած վերադառնում են, լուր ստանալով, որ Խաչէնի շրջանը բոլշեւիկացել է:

Մայիս 21-ին Ջվանշիրի հայ բոլշեւիկները՝ միացած ռուս կարմիր բանակի մի հարիւրեակ ձիաւորների հետ, յարձակւում են Վանք գիւղի վրայ՝ Զ. Մեսեանին ձերբակալելու, ու չեն կարողանում:

Այդ ժամանակամիջոցում ռուսական որոշ զօրամասեր են տեղափոխւում դէպի Շուշի եւ Զանգեզուր: Եւ այսպիսով, հակառակ Դրօի եւ Վարիչներու Խորհրդի թափած աշխատանքներուն եւ կազմակերպած բանակին, Ղարաբաղը դրւում է նոր անակնկալի առջեւ:

Չանախչու խորհրդակցութիւնը

Մայիս 24-ին, Չանախչի գիւղի մէջ, տեղի է ունենում Հայաստանից եկած պաշտօնեաներու՝ Դրօ-ի, Նժդեհի, գնդապետ Միրիմանեանի եւ Ա. Միքայէլյեանի խորհրդակցութիւնը, որի մէջ պարզւում է.-

Ա) Որ Ղարաբաղի ժողովրդի տրամադրութիւնները զգալապէս փոփոխութեան ենթարկուած են եւ աստիճանաբար կարող են վերածուել թշնամութեան.

Բ) Որ մայիս 12-ից սկսեալ Հայաստանի կառավարութենէն, հակառակ բազմիցս եղած դիմումների, ոչ մի տեղեկութիւն չի ստացուել, ապա ուրեմն Հայաստանի Հանրապետութիւնը գտնւում է օրհասական վտանգի մէջ.

Գ) Որ Նժդեհի Ղափանի զօրամսը չի կարող երկար մնալ Ղարաբաղում, որովհետեւ բոլորն էլ գիւղացիներ են եւ կամաւոր ու կը կամենան վերադառնալ հայրենիք՝ դաշտային աշխատանքներու լծուելու.

Դ) Որ ռուսական բանակի որոշ զօրամասեր, խճուղու վրայով, գրաւում են կարեւոր դիրքեր, որով կտրում են Ղարաբաղի հայկական զօրամսի նահանջի ճամբան:

Այս բոլորը նկատի առնելով, որոշւում է Ղարաբաղի իշխանութիւնը յանձնել հայ բոլշեւիկներուն, նրանց տրամադրութեան տակ թողնելով բաւական թւով ռազմամթերք, հեռախօսներ եւ մէկ գնդացիր՝ ժողովրդի ինքնապաշտպանութեան համար եւ բանակի, սպաների ու վտանգուած գործիչների հետ միասին թողնել Ղարաբաղը եւ անցնել Զանգեզուր:

Մայիս 26-ին իշխանութիւնը յանձնւում է բժ. Համբարձումեանին եւ հայկական զօրամասը՝ Դրօի առաջնորդութեամբ, Քիրսի վրայով անցնում է դէպի Խծաբերդ եւ ապա Զանգեզուր:

Վերջ 

ՀԱՅՐԵՆԻՔ, Ա. Տարի, թիւ 12, Հոկտեմբեր, էջ 118-127, 1923թ