Գերմանիայի առաջարկները Բաթումի հայ պատվիրակներին. մայիս, 1918

2794

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

——————————————————

Բաթումի հաշտության բանակցությունները, մայիս 11-25, 1918

Հայերն անգիտակ չէին վրացիների և թաթարների ազգային անջատական ձգտումներին, բայց սրանով հանդերձ ամեն զոհողություն հանձն էին առնում պահպանելու Կովկասի միացած հանրապետությունը, որովհետև այնպես համոզված էին, թե իրենց փրկությունը այս միության մեջ է: Բայց դրացի ազգերից յուրաքանչյուրը իր ապագան ապահովել էր և պատեհ րոպեի էր սպասում՝ գործադրելու իր ազգային ծրագիրը:

[Թուրքերի] վերջնագրից մեկ օր առաջ վրաց ներկայացուցիչ Ժորդանիան ամենայն պաղարյունությամբ ահա թե ինչ էր ասում Խատիսյանին, երբ սա վրդովված վրացիների անջատման պատճառով ասում էր. «Լավ բան չէ ընկերոջը լքել դժբախտության մեջ», մյուսը պատասխանում էր. «Բարի է այն միայն, ինչ օգտակար է ազգին և եթե դուք տառապում եք, մենք պարտավոր չենք ձեզ հետ միասին տառապել: Վրաստանը սովոր չէ մնալ թուրքի իշխանության տակ, մինչդեռ հայերը վարժված են»:

Թաթարները նույնպես վրդովված են ցույց տալիս Վրաստանի անջատման համար և Խատիսյանի հարցին՝ «Ադրբեջանը խորհում է՞ զատվել», Ռասուլ Զադեն պատասխանում է. «Մենք այսպիսի մտքեր չունենք»:

Վրաստանի անկախության հայտարարելուց հետո բնականորեն լուծվում էր Կովկասի Հանրապետության պատվիրակությունը, ուստի հայ պատվիրակները վերադառնում են Թիֆլիս՝ զեկուցում տալու:

Մայիսի 20-ից սկսած թուրքերի վերջնագրի սպառնալիքի տակ Վրաստանի անջատումն ու անկախություն հայտարարելը այլևս օրվա խնդիր էր, ուստի Հայոց Ազգային խորհուրդը հուզված նիստեր էր գումարում, որպեսզի լավագույն միջոցը գտներ հայ ժողովրդին ազատելու գոնե քիչ վնասով այն ահավոր աղետներից, որոնց ենթակա էր կամ դեռ պիտի լիներ:

Խոսողների մեծամասնությունը իրավամբ չհավատալով օսմաններին, դեռ պահանջում էր զենքը ձեռքին մեռնել, քան զինաթափ լինել և անասունի պես կոտորվել: Առաջարկվում էին զանազան բանաձևեր Հայաստանի կացության մասին և հետաքրքրական է տեսնել, որ «Հայաստանի անկախության առաջարկը ոչ ոք չի ցանկանում»:

Ձայների մեծամասնությամբ ընդունվում է. «Ի նկատի ունենալով, որ Վրաստանի և Ադրբեջանի անկախության հռչակումով լուծվում է Անդրկովկասյան անկախությունը, Հայոց Ազգային խորհուրդը ժամանակավորապես իր վրա վերցնում է կառավարչական ֆունկցիաները հայկական գավառների նկատմամբ» (Լևոն Թումայան):

Սակայն սրանով հանդերձ՝ մտքերը հանգիստ չեն և կան ուրիշ առաջարկներ, նաև՝ «Ներկա պահը շատ հարմար է և պետք է օգտվել մի իշխանություն (թաթարների հետ) կազմելու, քանի դեռ օսմանները չեն առաջացել» (Սամսոն Հարությունյան):

Նախքան բուն պատվիրակների՝ Խատիսյանի և Քաջազնունու վերադարձը, եկել էին Մ. Պապաջանյանը և իր ընկերները, որոնք գնացել էին Բաթում՝ կացության հետ ծանոթանալու ու վերադարձել և մայիսի 26-ին զեկուցում էին տալիս խորհրդին: Բաթում եղած ժամանակ տեսնվել էին նաև գերմանական ներկայացուցիչ զորավար Ֆոն Լոսովի հետ և խորհրդին հաղորդում են նրա առաջարկները հայերի գործելակերպի մասին:

Նրա առաջարկներն էին.

  1. Մի պատվիրակություն ուղարկել Բեռլին,

2. Պոլիս մարդ չուղարկել,

3. Անջատ պայման թուրքերի հետ չկապել,

4. Թուրքերի օկուպացիային չխանգարել,

5. Հայաստանի անկախություն հայտարարել,

6. Ոչ մի կապ հայերի, թուրքերի, վրացիների:

ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 644, թ․ 2-83։ Ինքնագիր։ 

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 85-87: