Դիլիջանի շրջանի գյուղերը 1831 թվականին

6947

ԾանոթագրությունՀայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Դիլիջանի շրջանը, իսկ հետագայում ներկայացնելու ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների: 

Դիլիջանը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) գավառներից, իսկ մինչ այդ Ռոմանովների Ռուսաստանի մաս է եղել Ելիզավետպոլի (Գանձակ, Գյանջա) նահանգի Ղազախի գավառի կազմում որպես առանձին գավառակ:

1930-ական թթ. Դիլիջանի գավառի գյուղերից ձևավորվեց Կրասնոսելսկի, այսօրվա Ճամբարակի շրջանը, իսկ գավառի մյուս հատվածը, այդ թվում՝ Դիլիջանը, միացվեց Իջևանի շրջանին: Խորհրդային Հայաստանի տարիներին Դիլիջանի առանձին շրջան որպես վարչական միավոր չի եղել. Դիլիջանը եղել է հանրապետական ենթակայության տակ գտնվող քաղաք, իսկ շրջակա գյուղերը մտցվել են Իջևանի շրջանի կազմ: 1995-ին, երբ ձևավորվեցին Հայաստանի մարզերը, Դիլիջանը Տավուշի մարզի մաս կազմեց:

1831 թվականի տվյալներով՝ Դիլիջանի շրջանում բնակեցված է եղել ընդամենը 8 գյուղ, որոնցից երկուսը՝ բացառապես հայերով, մյուս վեցը՝ բացառապես մուսուլմաններով: Բնակչության ընդհանուր թվաքանակը եղել է 2057, որից 880-ը հայ, 1177-ը՝ իսլամ:

Դիլիջանի շրջանի ամենամեծ բնակավայրը եղել է Սևանի ափին գտնվող այսօրվա Ծովագյուղ, այն ժամանակ՝ Չիբուխլի գյուղը՝ 845 հոգի, բոլորն էլ հայ: Ծովագյուղը ոչ միայն Դիլիջանի ամենամեծ բնակավայրն էր, այլ Հայաստանի 15 խոշորագույն բնակավայրերից մեկը:

69078762
Ծովագյուղ

Դիլիջանի շրջանում հայերով բնակեցված երկրորդ բնակավայրը Դիլիջան գյուղն էր, որը ուներ ընդամենը 35 բնակիչ:

Մուսուլմաններով բնակեցված գյուղերն էին.

Ադաթափա –                      129 հոգի

Աղբուլաղ –                         136 հոգի

Արտանուշ –                       119 հոգի

Գյոլքենդ –                          357 հոգի

Թոխլուջա –                       296 հոգի

Շորժա –                             140 հոգի

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Կորկոտյանի աշխատության մեջ Դիլիջանի շրջանի հատվածում նշվում է ավելի քան 70 գյուղի կամ բնակավայրի անուն, որոնք կամ բնակեցված են եղել նաև մինչև 1831-ը, կամ բնակեցվել են հետագա տասնամյակներում: Դրանց մեջ են Գոշը, Թեղուտը, Ջարխեչը, Սալահը, Թթուջուրը և բազմաթիվ այլ անուններ: Այդ բնակավայրերին ԱՆԻ-ն կանդրադառնա հետագայում առանձին-առանձին:

Ընդանրապես, երբ խոսք է բացվում Հայաստանում բնակված մուսուլմանների մասին, շատերը, այդ թվում՝ պատմաբանները, գրեթե վստահ են, որ Հայաստանի մուսուլմանները գերազանցապես եղել են թյուրք-թաթարները, այսօրվա ադրբեջանցիները: Իրականում, Հայաստանի մուսուլմանների շարքում եղել են երեք հիմնական ազգային խմբեր՝ քրդեր (և շիա, և սուննի), պարսիկներ և պարսկալեզու ժողովուրդներ, առաջին հերթին՝ թաթեր, և թյուրք-թաթարներ:

Ֆրանսիական ծագումով սանկտ-պետերբուրգցի պատմաբան և ազգագրագետ Իվան Շոպենը, ով Հայկական մարզի (1828-1940 թթ.) շրջանում երեք տարի անց է կացրել Հայաստանում ու կատարել բնակչության հաշվառում և որի տվյալներից մեծապես օգտվել է Կորկոտյանը, գրում է, որ Հայաստանից 1828-1830-ական թթ. հեռացած մուսուլմանների մեծագույն մասը հենց սուննի քրդերն էին:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Դիտել նաև՝