2016-ի Ապրիլյան քառօրյայից` 2020-ի հուլիսյան Տավուշ

662

Հատված «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» հատորից

2016թ մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում տեղի էր ունենում Միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողով, որին մասնակցում էին նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Մինսկի խումբը և առաջին հերթին Մ. Նահանգները փորձեցին կազմակերպել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպում:

Մեկ օր անց արդեն պարզ էր, թե ինչու Ադրբեջանը չի ցանկացել նման հանդիպում: Սերժ Սարգսյանը դեռ Հայաստան վերադառնալու ճանապարհին էր՝ օդանավում, երբ Բաքուն ապրիլ 1-2-ի գիշերը սանձազերծեց ռազմական հարձակողական գործողություններ շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով` օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ, նաև՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ադրբեջանական կողմը հրետանային հարվածներ հասցրեց խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Կողմերը տվեցին մի քանի հարյուր զոհ և վիրավորներ: Զոհերի թվում էին նաև երեխաներ:

Ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբերը կարողացան մի քանի ժամով մտնել Թալիշ և սպանել տարեց մարդկանց: Դաժանություն իրականացնողների մի մասը ոչնչացվեց նահանջի ճանապարհին:

1994թ մայիսյան անժամկետ զինադադարից ի վեր առաջին անգամ Ադրբեջանը կարողացավ հասնել ստատուս-քվոյի ոչ էական, բայց կարևոր դիրքային փոփոխության 2016-ի Ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում: Մայիսյան զինադադարից հետո հակամարտության մեջ ներգրավված կողմերը շփման գծի և պետական սահմանի տարբեր հատվածներում դիրքային առավելություններ են ստացել: Հրադադարի ստորագրման պահին զորքերի տարանջատման գոտին մի քանի հարյուր մետրից հասնում էր մի քանի կիլոմետրի: Հետագա տարիներին կողմերը հնարավորինս առաջ տվեցին դիրքերը: Այդ առաջխաղացումները, սակայն, չէին նշանակում ստատուս քվոյի փոփոխություն, քանի որ դրանք տեղի էին ունենում միջդիրքային հատվածի հաշվին:

Ադրբեջանը հայտարարեց, որ վերահսկողության տակ է առել 2000 հեկտար տարածություն: Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանին հաջողվել է մեծ զոհերի գնով գրավել շուրջ 800 հեկտար հող ու երկու տասնյակ ռազմական հենակետեր Արաքսի ափամերձ և հյուսիս-արևելյան Թալիշի հատվածներում: Հայաստանը ընդունեց տարածքային կորուստների մասին տեղեկատվությունը այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին այդ մասին պնդումներ:

Շաբաթներ անց Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կորցրած տարածքները ռազմավարական կամ մարտավարական առումով որևէ նշանակություն չունեն: ՚Զուտ հոգեբանական առումով, այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ որ մի արդյունքի հասել են: Բայց ուզում եմ մի համեմատություն անել: 800 հեկտար և յուրաքանչյուր հեկտարի համար մեկ զոհ և երկու վիրավոր ենթադրենք: Ճիշտ թվերը միայն իրենք գիտեն: Բայց նույնիսկ եթե կես զոհ և մեկ վիրավոր, էլի շատ է: Երբ ես ասում եմª մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարեցին, հավատացե՛ք, մեր զինված ուժերը ի վիճակի էին այդ ստատուս քվոն վերականգնել: Ընտրության խնդիր էր: Արդյոք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35-40 կամ 80 հայրենասեր տղաներիՙ:

Սերժ Սարգսյանը Երևանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ընթացքում ապրիլի 4-ին հայտարարեց, որ եթե Ադրբեջանը շարունակի ռազմական գործողությունները, ապա Հայաստանը ճանաչելու է Արցախի անկախությունը: Նա մեղադրեց Թուրքիային, որը հանդես է գալիս ՚պատերազմ հրահրելու դիրքերից և բացահայտ քաջալերում Ադրբեջանի ղեկավարության արկածախնդիր քաղաքականությունըՙ:

Ռեջեփ Թայյիփ Էրդողանը զանգահարել էր Ալիևին և իր համերաշխությունը հայտնելª ընդգծելով, որ աղոթում է ադրբեջանցի եղբայրների համար, մինչև վերջ աջակցելու է Ադրբեջանին: Նա Ռուսաստանին մեղադրեց Հայաստանին աջակցելու մեջ:
Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ ապրիլի 5-ին հաստատվեց հրադադար:

Հաջորդ օրը Ռուսաստանի արտգործնախարարը այցելեց Բաքու, հանդիպում ունեցավ Իլհամ Ալիևի հետ: Ապրիլի 7-ին Երևանում Սերժ Սարգսյանը ընդունեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Ապրիլի 8-ին Լավրովը Մոսկվայում հանդիպեց իր հայ գործընկեր Նալբանդյանի հետ: Ապրիլի 13-ին Ստամբուլում կայացավ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև հանդիպում: Ապրիլի 22-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լավրովը:

Ռուսական և հայկական մամուլում այս օրերին շրջանառության մեջ դրվեցին ղարաբաղյան կարգավորման ռուսական առաջարկները կամ Լավրովի պլանը, որոնք հիմնված էին Մադրիդյան սկզբունքների վրա: Մասնավորապես, հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնում Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջաններից հինգը, Ադրբեջանը դադարեցնում է Հայաստանի շրջափակումը, Արցախին տրվում է ժամանակավոր կարգավիճակ, որը երաշխավորում է նրա անվտանգությունն ու ինքնակառավարումը, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնելու, ինչպես նաև հայկական կողմի վերահսկողության տակ մնացող երկու շրջանների կարգավիճակի հարցը հետաձգվում է: Հակամարտության գոտում տեղակայվում են խաղաղապահներ, ապահովվում է ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձը:

Հետագայումª 2020-ի հոկտեմբերին, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի օրերին, նախագահ Պուտինը ավելի պարզ ներկայացրեց. ՚Մենք ի սկզբանե խոսել ենք Ադրբեջանին 5+2 շրջանների հանձնման հնարավորության մասին՝ ապահովելով Ղարաբաղի գոտու որոշակի կարգ, Հայաստանի հետ փոխգործակցությունՙ։ ՚Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որ մարդիկ չզոհվեն, որից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա և Մինսկի խմբի այլ անդամների, այդ թվում՝ Թուրքիայի ու եվրոպական երկրների մասնակցությամբ, գտնել կոնսենսուս և շահերի հավասարակշռությունՙ:

2016-ի հուլիսի սկզբին Պուտինի հանձնարարությամբ Լավրովը այցելեց Երևան և Բաքու: Այցի ավարտին Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ կողմերը մոտ են հակամարտության կարգավորմանը:

Սերժ Սարգսյանը, թվում է, հակված էր ռուսական առաջարկներն ընդունելուն, սակայն չունեցավ քաղաքական այն համարձակությունը, որ դրսևորել էր Լևոն Տեր-Պետրոսյանը 1997-ին: Ինքը՝ առաջին նախագահը, բացահայտ աջակցություն էր հայտնում Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս չմերժի Լավրովի պլանը և գնա ցավալի և անխուսափելի փոխզիջումների: Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ իր աջակցությունը հայտնեց Սարգսյանին, երբ այս ընթացքում էր՝ 2016-ի հուլիսին, տեղի ունեցավ ՚Սասնա ծռերՙ զինված խմբավորման ապստամբական գործողությունը:

Խումբը գրավեց Երևանի կենտրոնում գտնվող պարեկապահակային ծառայության գունդը, պատանդ վերցրեց ոստիկանների և առաջ քաշեց մի քանի նախապայմաններ, այդ թվում՝ իրենց ընկերների ազատ արձակումը բանտից: ՚Սասնա ծռերիՙ առաջին հայտարարության մեջ ասվում էր, որ ապստամբության գլխավոր խթանը Արցախի ամբողջականության և արցախցիների անվտանգությունը երաշխավորելու ձգտումն է: Երկու շաբաթ անց խումբը հանձնվեց: Այս ընթացքում փոխհրաձգության արդյունքում զոհվեցին երեք ոստիկաններ:

՚Սասնա ծռերիՙ գործողության օրերին շատ էր խոսվում, թե ապստամբական այս փորձը ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ, որպեսզի նա չգնա Լավրովի պլանի իրականացմանը: Ընդդիմադիր գործիչներից Նիկոլ Փաշինյանը, որ փորձում էր օգտվել ստեղծված իրավիճակից և գլխավորել փողոց դուրս եկած ժողովրդի բողոքն ընդդեմ Սերժ Սարգսյանի, հուլիսի 22-ին իր ելույթում հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է Լավրովի պլան անունով, ՚խայտառակ և ստորացուցիչՙ լուծում է:

՚Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը սա անում. բացի աշխարհայացքային, աշխարհաքաղաքական պատճառներից, այստեղ կա ևս մեկ կարևոր անձնական մոտիվ: Տեր-Պետրոսյանը ուզում է օգնել Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու հարցում, որպեսզի ի վերջո կարողանա արձանագրել, որ ինքը 1997-1998 թթ ճիշտ էր ասում: Սա ամոթալի մոտեցում է: Ինչո՞ւ: Որովհետև չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին մի իրավիճակում, երբ Ալիևը ատամները սրած ամեն օր լկտիաբար հոխորտում է Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին: Փոխզիջման համար պետք է լինի փոխզիջման մթնոլորտ: Ալիևի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին նշանակում է խոսել Հայաստանի և Արցախի կապիտուլյացիայի մասին: Բայց մենք թույլ չենք տալու Արցախի կապիտուլյացիաՙ,- հայտարարեց Փաշինյանը:

Ապրիլյանից հետո կառավարող Հանրապետական կուսակցության բարձրաստիճան տարբեր ներկայացուցիչներ հրապարակավ խոսում էին տարածքներ զիջելու մասին, իսկ Թալիշում և Արաքսի հատվածում Ադրբեջանի կողմից գրավված հողը համարում անկարևոր և ոչ պիտանի:

Ցավալի փոխզիջումների անհրաժեշտության մասին հրապարակային և փակ հանդիպումների ընթացքում խոսում էր նաև Սերժ Սարգսյանը: Ամռանը նա մեկնեց Արցախ և տարածքներ զիջելով խաղաղության հասնելու թեմայով զրուցեց տեղի քաղաքական ուժերի և զինվորականության ներկայացուցիչների հետ:

Ավելի քան 4 տարի անց, երբ հայկական կողմի պարտությամբ ավարտվել էր 44-օրյա պատերազմը, Արցախի Ազգայի ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պատմեց նման հանդիպումներից մեկի բովանդակության մասին. ՚2016-ի ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի հետ հանդիպեցին 22 պատգամավորների հետ։ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը: Մենք ասացինք, որ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում հայ ժողովրդի արմատական շահերը: Նա էլ ասաց` դուք բազմաթիվ անգամ լսել եք ՚Ղարս, Ղարսՙ երգը, եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, ապա մի օր կլսեք ՚Ստեփանակերտ, Ստեփանակերտՙ երգը։ Շատ կոշտ ասաց։ Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի 2020-ի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր ու ամայի, իսկ թշնամին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էրՙ:

Ապրիլյան քառօրյայից հետո Արցախում IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության պատվերով իրականացրեց հարցում: Արցախից քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը ևս մասնակցել է այդ հարցմանը:

՚Տան դուռը ծեծեցին և խնդրեցին 15 րոպե հատկացնել: Երիտասարդ աղջիկ էր, որ հատուկ այդ առաքելությամբ Երևանից Ստեփանակերտ էր հասել: Ապրիլյան պատերազմից ու Արցախի սոցիալ-տնտեսական կյանքից սկսելով` հարցերը սահուն կերպով անցան քաղաքական ու աշխարհաքաղաքական խնդիրներին: Ակնհայտ էր, որ հարցման գլխավոր նպատակը այլ բան էր: Վերջում հերթը հասավ Ղարաբաղյան հիմնախնդրին: Աղջիկը տարբեր սցենարներ էր հնչեցնում և խնդրում էր, որ ես 1-4 սանդղակով գնահատեմ այդ սցենարները: Տարածքների հանձնման տարբեր սխեմաներ էր առաջարկումª 5+2, 2+5, 7… այսինքն՝ սկզբից հինգ շրջան, հետո երկու շրջան, կամ սկզբից երկու շրջան, հետո հինգ շրջանՙ,- ասում է Գրիգորյանը:

Սոցիոլագիական հարցման արդյունքներով՝ բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ ավելի քան 99 տոկոսը, դեմ էր տարածքային զիջումներին՝ լինի միանգամից կամ փուլային, անգամ Արցախի անկախության միջազգային ճանաչման դեպքում: Այս մտայնությունը գերիշխում էր նաև Սփյուռքում և Հայաստանում: Քչերն էին համարձակվում հրապարակավ խոսել փոխզիջումներով հակամարտությունը կարգավորելու և խաղաղության հասնելու հեռանկարի ու անհրաժեշտության մասին:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, մինչդեռ, շարունակում էր պնդել, որ պետք գնալ տարածքային փոխզիջումների. ՚Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբՙ:

Տեր-Պետրոսյանը անդրադարձավ նաև ՚քաղաքական մտքի օրիգինալությունը բնորոշող հետևյալ պարադոքսալ սիլլոգիզմին. առաջին՝ զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել, երկրորդ՝ ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ, երրորդ՝ մասը պահողները հռչակվում են դավաճաններ, ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներՙ։

Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի, ինչպես նաև հասարակության մեծագույն մասը, հատկապես Ապրիլյան քառօրյայից հետո, շարունակում էր անընդունելի համարել փոխզիջումները, իսկ Տեր-Պետրոսյանին մեղադրում պարտվողական գիծը առաջ տանելու մեջ: 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, երբ հայկական կողմը պարտություն կրեց Ադրբեջանի կողմից սկսված պատերազմում և կորցրեց շուրջ 8000 քառակուսի կիլոմետր տարածք, այդ թվում՝ Հադրութի շրջանն ու Շուշին, շատերը սկսեցին հիշել Տեր-Պետրոսյանին և գնահատել նրա քաղաքական ողջախոհությունը:

Ապրիլյան քառօրյայից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև առաջին հանդիպումը կայացավ մայիսի 16-ին, Վիեննայում: Կողմերը ընդունեցին, որ պետք է հարգել զինադադարը, ինչպես նաև՝ հաստատել մեխանիզմ խախտումները հետաքննելու նպատակով: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հաջորդ հանդիպումը կայացավ Պուտինի միջնորդությամբ՝ Սանկտ Պետերբուրգում, հունիսի 20-ին: Ի հավելումն զինադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի ներդրման, այս անգամ պայմանավորվածություն ձեռք բերվեց շփման գծում ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Պայմանավորվածություններից և ոչ մեկը կյանքի չկոչվեց:

Բանակցային փակուղուն զուգահեռ հակամարտության կողմերը շարունակում էին սպառազինությունների մրցավազքը, որում Ադրբեջանի առավելությունը ակնհայտ էր: Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցը 2016թ․ սպառազինությունների միջազգային վաճառքի միտումների վերաբերյալ փաստում էր. 2012-2016 թթ Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն:

Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի բանակցային ժառանգությունը

2018-ի ապրիլի 9-ին ավարտվեց Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանը, որը նա սկսել էր ՚Ապահով Հայաստանՙ խոստումով:

Պաշտոնական տվյալներով, Սարգսյանի նախագահության տասը տարիներին երկրից հեռացել է 300 հազար մարդ, պետական պարտքը 2 միլիարդից հասել է 7 միլիարդի, ավելացել են աղքատությունը և գործազրկությունը: Մենաշնորհները, հովանավորչությունը և կոռուպցիան դարձան տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտներից:

Այս ամենի հետ մեկտեղ, նա չցանկացավ հեռանալ իշխանությունից և երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնել որպես վարչապետ: Իր այդ մտադրությունը կյանքի կոչելու համար Սարգսյանը համատարած ընտրակեղծիքներով 2015թ. դեկտեմբերին անցկացրեց սահմանադրական փոփոխություններª երկիրը դարձնելով խորհրդարանական: Նա և ՀՀԿ-ականները պնդում էին, որ Սահմանադրությունը բարեփոխում են ավելի ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստան ունենալու նպատակով:

2014թ. ապրիլին, երբ նոր էր նախաձեռնում սահմանադրական փոփոխությունների գործընթացը, Հայաստանի նախագահը հայտարարեց. ՚Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար․․․ Եթե [նոր սահմանադրության] վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանումՙ:

Շատերը չէին հավատում, որ Սերժ Սարգսյանը կկատարի խոստումը: Հակառակը, նրանք համոզված էին, որ երրորդ նախագահը փոխում է Սահմանադրությունը, որպեսզի իշխանության ղեկին մնա վարչապետի պաշտոնով: Այդպես էլ եղավ: 2018-ի վաղ գարնանն արդեն ակնհայտ էր, որ Սարգսյանը չի հեռանում: 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում աննախադեպ ընտրակաշառք բաժանվեց, իշխող ՀՀԿ-ի հնարավոր վարչապետի թեկնածու դիտարկվում էր Կարեն Կարապետյանը: Վերջինս 2016-ի սեպտեմբերից նշանակվել էր վարչապետ և, ընդհանուր առմամբ, ընդունելի դեմք էր հայաստանցիների համար և չէր նույնականացվում Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ռեժիմի հետ:

2017-2018 թվականներին բանակցային գործընթացը մնաց փակուղում, իսկ շփման գծում և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով շարունակվեցին զինված միջադեպերը և դիվերսիոն ներթափանցման փորձերը, որոնք ուղեկցվում էին մարդկային կորուստներով: 2017-ին ու մինչև 2018-ի ապրիլյան թավշյա հեղափոխությունը, որը իշխանությունից հեռացրեց Սերժ Սարգսյանին, տեղի ունեցավ արտգործնախարարների երեք և նախագահների մեկ հանդիպում Ժնևում հոկտեմբերին:

2017թ մայիսին Ազգային ժողովում ունեցած ծրագրային ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ստատուս-քվոյի փոփոխությունը ընդունելի է հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում միայն, այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում և իրացում. ՚Այո՛, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների` տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է: Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավել: Չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունըՙ։

2020թ 44-օրյա պատերազմի ընթացքում, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ նախկին իշխանությունների քննադատության, թե բանակցային վատ ժառանգություն են թողել, նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոդված հրապարակեց և պնդեց, որ հայկական կողմը 2008-20018թթ ընթացքում չի քննարկել հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ աշխատանքային փաստաթուղթ, որը չէր նախատեսի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Համանախագահների կողմից առաջարկված և բանակցությունների առարկա դարձած բոլոր աշխատանքային փաստաթղթերը նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային լուծում՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցման փուլային իրականացմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում նրա բնակչության միջազգային իրավական պարտադիր բնույթ ունեցող ազատ կամարտահայտությունն արտահայտող քվեարկության միջոցով, գրեց Նալբանդյանը: Արձանագրվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չեն սահմանափակվելու՝ ենթադրելով յուրաքանչյուր կարգավիճակի ընտրության հնարավորություն։
Նախկին արտգործնախարարի խոսքերով՝ 2008թ. ապրիլից մինչև նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Մայնդորֆյան հռչակագրի ընդունումը Բաքուն փաստացի հրաժարվում էր բանակցություններ վարել Մադրիդյան փաստաթղթի հիման վրա:

2008թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հունիսի 24-ի Կազանի գագաթաժողովը տեղի են ունեցել նախագահների 12 և արտգործնախարարների երեք տասնյակ հանդիպումներ, և Ադրբեջանն ամեն անգամ հետքայլ է արել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Գագաթնակետը դարձավ Կազանը, երբ, հակառակ միջնորդների ակնկալիքների, Ալիևը փաստացի հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից՝ առաջ քաշելով 12 փոփոխություն։

Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանը 2020-ի հունվարին անդարդարձել էր Նիկոլ Փաշինյանը, մեջբերում կատարելով մամուլում հրապարակված աշխատանքային փաստաթղթից: Ամենայն հավանականությամբ, այն կողմերին փոխանցվել է Կրակովում, որտեղ 2018թ հունվարին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, տեղի ունեցավ արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը:

Փաստաթղթում ասվում էր, որ յոթ շրջանները՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլի, Քելբաջար և Լաչին, վերադարձվում են Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։
Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո, անց է կացվում Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությամբ համընդհանուր քվեարկություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։

Բացառությամբ Քելբաջարի և Լաչինի, հայ վերաբնակիչները պետք է լքեն մյուս հինգ շրջանները: Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնում են նշված շրջաններն այն բանից հետո, երբ տեղակայվում են խաղաղապահ միջազգային ուժերը։ Դրանք տեղակայվում են նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը մնում է ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ։

Մինչև վերջնական կարգավիճակի որոշումըª Լեռնային Ղարաբաղը օժտվում է ժամանակավոր կարգավիճակով, որը երաշխավորում է նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը։

՚Քայլ արա, մերժիր Սերժինՙ. 2018-ի թավշյա հեղափոխությունը

2018 թվականի վաղ գարնանը որևէ մեկը հավանաբար չէր մտածում, որ շաբաթներ անց տեղի է ունենալու թավշյա հեղափոխություն: Ներքաղաքական իրավիճակը չէր ենթադրում, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են գալու փողոցներ և պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հակառակը, հոգեբանորեն շատերը համոզված էին, որ Սարգսյանն ու իշխող ՀՀԿ-ն շարունակելու են իշխանության մնալ:
Մարտի 31-ին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարման, այս անգամ՝ վարչապետի պաշտոնում: Երկու շաբաթվա ընթացքում Փաշինյանն ու մի քանի տասնյակ կողմնակիցները քայլելով անցան Գյումրի-Վանաձոր-Դիլիջան-Սևան-Երևան ճանապարհը: Ապրիլի 13-ի կեսօրին նրանք հասան Երևան:

Հետագա գործողությունների մասին Փաշինյանն ասաց, որ դրանց իրագործումը կախված է քաղաքացիներից. ՚Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող է անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխությունՙ:

Ապրիլի 13-ից Երևանում սկսված հանրահավաքները, ցույցերը, քայլերթերն ու անհնազանդության գործողությունները, որոնք տարածվեցին ամբողջ Հայաստանում, փողոցներ հանեցին հարյուր հազարավոր մարդկանց: Թավշյա հեղափոխության հիմնական կարգախոսը դարձավ ՚Քայլ արա, մերժիր Սերժինՙ:

Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը ոստիկանական ուժերի և տասնյակ հազարավոր ցուցարարների կողմից շրջափակված խորհրդարանում ընտրվեց վարչապետ: Նրա թեկնածությունն առաջադրել էին ՀՀԿ-ն և Դաշնակցությունը: Սարգսյանն ընտրվեց 77 կողմ, 17 դեմ քվեներով:

Սերժ Սարգսյանը, վարչապետ դառնալուց մեկ շաբաթ անց՝ ապրիլի 23-ին, հրաժարական տվեց: Հրաժարականի գրավոր տեքստում, դիմելով ՚Հայաստանի բոլոր քաղաքացիներին, փողոցներում ՚Մերժիր Սերժինՙ կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին, սահմանին կանգնած քաջարի զինվորներին ու սպաներին, զինակից և կուսակից ընկերներին, քաղաքական ուժերին և գործիչներինՙ, Սարգսյանը գրել էր. ՚Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջըՙ։

Հրաժարականի նախօրեին տեղի էր ունեցել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հրապարակային հանդիպումը Երևանի Մարիոթ հյուրանոցում՝ լրագրողների ներկայությամբ, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում: Երբ Սարգսյանը հանդիպման սկզբում նշեց, որ լավ չի պատկերացնում, թե ինչպես կարող են խոսել լրագրողների ներկայությամբ, Փաշինյանը հայտարարեց, որ խոսքը երկխոսության մասին չէ և որ ինքը եկել է քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ փոխանցման հարցը:

– Դա բանակցություն չէ, դա երկխոսություն չէ, դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից և եթե այդ տոնով պետք է խոսել, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է: Ընտրեք,- հայտարարեց Սարգսյանը:

– Պարո՛ն Սարգսյան, ես ուզում եմ շատ հստակ լինել, որ ընդհանրապես մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել սպառնալիքների տոնով խոսել: Ես ասում եմ, որ Դուք չեք պատկերացնում Հանրապետությունում իրավիճակը: Դուք Հայաստանում չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են, Հայաստանում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը,- պատասխանեց Փաշինյանը:

– Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու, և ես այլևս ցանկություն չունեմ Ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե Դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում՝ ցտեսություն,- հայտարարեց Սարգսյանը և հեռացավ:

Սարգսյանի հեռանալուց հետո Փաշինյանը կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները: Նույն օրը նա և նրա մի քանի կողմնակիցներ, այդ թվում՝ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը, ձերբակալվեցին: Նրանց հետ բանակցում էր փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Հետագայում Միրզոյանը մանրամասն ներկայացրեց բանտախցում տեղի ունեցած այդ բանակցությունների էությունը:

Կարապետյանը Սերժ Սարգսյանի անունից տեղեկացնում է, որ պատրաստ է հրաժարական տալ աշնանը՝ Երևանում սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո:

– Բնականաբար, ժպիտով մերժեցինք,- գրում է Միրզոյանը։

Սարգսյանի հետ խոսելուց հետո Կարապետյանը առաջարկում է հրաժարականի այլ ժամկետ՝ մայիս-հունիս:

– Ասեցինք՝ բացառվում է։ Գնաց, խոսեց, եկավ, առաջարկեց ապրիլի 25-ը։ Խնդրեցինք մենակ թողնել մեզ։ Խոսեցինք, միաձայն ու միակամ որոշեցինք, փոխանցեցինք՝ ոչ։ Կատակեցի՝ մենք մնում ենք բանտում, դուռը փակեք: Առաջարկեց նույն օրը՝ ապրիլի 23-ի ուշ երեկոն։ Ասեցինք՝ ոչ։ Մեկ-երկու ժամվա մեջ, ասաց Նիկոլը: Կարապետյանը գնաց, խոսեց, եկավ, ասաց՝ պայմանավորվեցինք, երկու ժամվա մեջ կլինի,- գրում է Միրզոյանը։

Կարապետյանը Փաշինյանին, Միրզոյանին և Միքայելյանին առաջարկում է միասին գնալ հրապարակ, որտեղ տեղի էին ունենում տասնյակ հազարանոց հանրահավաքներ:

– Նորից մենակ մնացինք։ Որոշեցինք մերժել։ Պայմանավորվեցինք իր հետ լուսանկարվել ելքի մոտ։ Գնացինք լվացվելու և հարդարվելու։ Դուրս եկանք։ Տիգրան Մեծ պողոտայի կեսերից ստիպված եղանք մեքենայից իջնել ու ոտքով շարունակել։ Մարդիկ մեզ գրկում, համբուրում, օդ էին թռցնում։ Համատարած ցնծություն էր։ Ինքս [Սերժի] հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել։ Անգամ մինչև հիմա։ Միայն գիտեմ, որ ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ,- գրում է Միրզոյանը։

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իրավիճակը փոխվեց նաև իշխանական և մերձիշխանական շրջանակներում: ՀՅԴ-ն դուրս եկավ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից և, ինչպես խորհրդարանի երկրորդ ուժը՝ Բարգավաճ Հայաստանը, աջակցեց Նիկոլ Փաշինյանին: Խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն, տեղի տալով փողոցի ճնշմանը, մայիսի 8-ին ստիպված էր համակերպվել Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն: Փաշինյանի օգտին քվեարկեցին ՚Ելքըՙ, ՚Ծառուկյանՙ խմբակցությունը, ՀՅԴ-ն, ինչպես նաև՝ մեկ տասնյակից ավելի պատգամավորներ ՀՀԿ-ից:

Նիկոլ Փաշինյան. ՚Արցախը Հայաստան է և վերջՙ

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը առաջին այցը կատարեց Արցախ: Մայիսի 9-ին Ստեփանակերտում նա հայտարարեց. ՚Մենք պետք է հստակ պատասխանենք՝ ուզում ե՞նք ղարաբաղյան հակամարտությունը լուծել, թե՞ չենք ուզում: Եթե միջազգային հանրությունը, այդ թվում Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղի հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ձևաչափով, որով այդ հարցը չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ձևաչափը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը ընդհանրապես սեղանի շուրջ չէ: Հակամարտության լիարժեք կողմերից մեկըª Արցախը, պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմՙ: Փաշինյանը հայտարարեց նաև, որ ինքը պատրաստ է լիարժեք բանակցել Հայաստանի անունից, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը:

Փակ հանդիպումների ընթացքում Փաշինյանը ներկայացնում էր իր մտահոգությունները և պատկերացումները արցախյան կարգավորման հարցում:
Առաջին. ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը ժառանգել է մի կետից, երբ Հայաստանի դաշնակից պետությունները համոզված են, որ առանց որևէ կարգավիճակի՝ 5 շրջաններ պետք է վերադարձվեն Ադրբեջանին։

Երկրորդ. առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման, ընդ որում՝ Ադրբեջանի կազմից դուրս, հակամարտության կարգավորում հնարավոր չէ։ Հետաձգված հանրաքվեն, որ Մադրիդյան առաջարկների հիմնական նորությունն էր, իր համար անընդունելի է։

Երրորդ. առանց Արցախի ժողովրդի և կառավարության մասնակցության չի կարող լինել կարգավորում,

Չորրորդ. վարչապետը չի կարող խոսել Արցախի կառավարության և ժողովրդի անունից, նա կարող է խոսել միայն Հայաստանի կառավարության ու նրա ժողովրդի անունից։ Գուցե Քոչարյանն ու Սարգսյանը նման իրավունք ունեցել են, քանի որ նրանց ծագումնաբանությունը ղարաբաղյան է․ ծնվել են այնտեղ, մասնակցել շարժմանն ու պատերազմին։

Հինգերորդ. Հայաստանը պատերազմ չի ուզում, բայց նաև գիտակցում է դրա անխուսափելիությունը և պատրաստ է դրան, եթե Երևանը, Ստեփանակերտը և Բաքուն չկարողանան համաձայնության գալ ՚տարածքներ՝ կարգավիճակի դիմացՙ բանաձևի մանրամասների շուրջ։

Փաշինյանը և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մի քանի առիթներով հասկացնել են տվել, որ Հայաստանին չի բավարարում բանակցային այն ձևաչափը, որ գործում է վերջին 20 տարիներին, այն է՝ Երևան-Բաքու ամենաբարձր մակարդակով հանդիպումներ, որոնցում, ըստ էության, Ստեփանակերտը ներգրավված չէ:

Հայաստանի համար կարևոր է, թե բանակցությունները որ կետից են շարունակվելու: Փաստացի, գործընթացը կանգ է առել Կազանում 2011-ին, երբ Իլհամ Ալիևը մերժեց կարգավորման աշխատանքային փաստաթուղթը:

Եթե կարգավորման համար հիմք է Մադրիդյան փաստաթուղթը կամ նրանից ածանցյալ տարբերակները, կամ ավելի հստակ՝ երեք սկզբունքները (տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում) ու վեց տարրերը, ապա դրանք պետք է հստակեցվեն և չենթարկվեն կամայական մեկնաբանությունների:

Հակամարտության բանակցային ձևաչափը կարևոր է: Կարևոր է նաև, թե ինչ կետից են շարունակելու բանացկային գործընթացը: Բացի այդ, հակամարտության մեջ ներգրավված կողմերը ուզո՞ւմ են խաղաղություն, թե հայտարարելով խաղաղության անհրաժեշտության մասին, պատրաստ չեն այդ խաղաղության համար գին վճարել:
՚Ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա: Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում: Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետև համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդըՙ,- հայտարարեց Փաշինյանը:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկրների ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով բանակցությունները շարունակվեցին: 2018-ի ընթացքում Փաշինյանն ու Ալիևը երեք անգամ շփվելու հնարավորություն ստացան: Հունիսին, Մոսկվայում, ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում, նրանց ծանոթացնում է Պուտինը:

Սեպտեմբերի 28-ին Փաշինյանն ու Ալիևը կարճատև զրույց են ունենում Դուշանբեում և պայմանավորվում հրադադարի պահպանման շուրջ, այն է՝ նվազեցնել լարվածությունը սահմաններում և կանխել միջադեպերը: Դեկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենում երկու ղեկավարների երրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվում են գերիների և պահվող այլ անձանց հարցերը: Հայկական կողմը մերժում է ՚բոլորը՝ բոլորի դիմացՙ Բաքվի առաջարկը և Ադրբեջանին վերադարձնել այն դիվերսանտներին, որոնք տարիներ առաջ մտել էին Քարվաճառ և սպանել հայ պատանու:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2019թ մարտի 29-ին, Վիեննայում: Համանախագահները բանակցություններից առաջ կողմերին հորդորեցին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում ձևաչափի միակողմանի փոփոխություն:

Չնայած նրան, որ այս հորդորի ուղղակի հասցեատերերից մեկը Փաշինյանն էր, դա չխանգարեց, որ երեք օր անց Ստեփանակերտում Հայաստանի վարչապետը վերստին ընդգծի, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին:

2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո, սահմաններում և շփման գծի երկայնքով իրավիճակը աննախադեպ հանդարտ էր։ Հայերն և ադրբեջանցիները զոհեր չէին տալիս, կրակոցների քանակը մի քանի անգամ պակասել էր, Տավուշի մարզի սահմանային ավելի քան 20 գյուղերի բնակիչները սկսել էին անգամ այն հողերը մշակել, որտեղ ոտք չէին դնում 2014-ի սահմանային սրացումից և դիվերսիոն գործողություններից ի վեր։ Այս իրավիճակը շարունակվեց մոտ մեկ տարի: Ադրբեջանում հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանը, ունենալով համաժողովրդական աջակցություն և չլինելով Արցախից, կարող է գնալ զիջումների:

2019թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքում Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050-ը իրականացվելիք ռազմավարական նպատակները: Նա խոստանում էր Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, ստեղծել 1.5 միլիոն աշխատատեղ և վերացնել աղքատությունը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի և այլ երազանքներ:

՚Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են, իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ: Պատասխանը շատ պարզ, որովհետև Արցախը Հայաստան է և վե՜րջՙ,- հայտարարեց Փաշինյանը:

Բաքուն դատապարտեց վարչապետի հայտարարությունը՝ նշելով, որ նման սադրիչ կոչերով Հայաստանի ղեկավարությունը տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի եզրին: Պաշտոնյան ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը իրենց ՚պատմական և անբաժանելի հողն էՙ, Ադրբեջանը ՚կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, իսկ հետևանքների պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրաՙ:

2020թ նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան, երբ ադրբեջանական բանակը արդեն գրավել էր Շուշին և բերդաքաղաքից իջնում էր դեպի մայրաքաղաք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նկարվեց այն հրապարակում, որտեղից Փաշինյանը ՚Արցախը Հայաստան է և վե՜րջՙ էր գոռացել, ու թողեց հետևյալ գրությունը. ՚Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ:

Մյունխենյան լեզվակռիվ և պատերազմի նախապատրաստություն

2020թ փետրվարի 15-ին Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից, հրապարակային քննարկումից և դրան հաջորդած մեկնաբանություններից պարզ դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հեռացել են հակամարտության կարգավորման քննարկումներից:

Հրապարակային բանավեճը ցածրամակարդակ էր: Ներկայի ու ապագայի վրա կենտրոնանալու փոխարեն, նրանք գնացին անցյալ՝ Ալիևը 200 տարի, Փաշինյանը՝ 2000, մինչև Տիգրան Մեծի և Պոմպեոսի ժամանակներ (որին, ի դեպ, Տիգրան Մեծը զիջեց իր գրաված հողերի մեծ մասը)։ Բանավեճն ավելի շուտ նման էր դպրոցականների լեզվակռվի՝ առանց հավասարակշիռ ու ծանր փաստարկների, որոնք դասագրքային պատմությունից ու կարծրատիպերից անդին են։

Քննարկումից հետո Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ներկայացրեց հինգ կետ՝ դրանք անվանելով Մյունխենյան սկզբունքներ. առաջին՝ Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը, երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղը հակամարտության և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել հակամարտությունը, երրորդ՝ չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը, չորրորդ՝ հնարավոր չէ հակամարտությունը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են միկրո հեղափոխություններ, ապա՝ մինի հեղափոխություններ, ապա ճեղքում, հինգերորդ՝ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Արցախը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար, այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը:

Ադրբեջանը նյարդային արձագանքեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի՝ երդմնակալության արարողությունը Շուշիում անցկացնելու իրողությանը, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետը: Պատերազմի առաջին օրերին ադրբեջանական զինուժը հրթիռակոծեց այն շենքը, որտեղ կազմակերպվել էր արարողությունը: Զոհվեցին և վիրավորվեցին մի քանի տասնյակ մարդ:

2020-ի գարնանն արդեն Հայաստանի իշխանական շրջանակներում խոսվում էր նոր պատերազմի մեծ հավանականության մասին: Այս ընթացքում էր, որ Թուրքիայի արտգործնախարարը մի հարցազրույցում հայտարարեց, որ աշխատում են Ադրբեջանի հետ միասին ՚ազատագրել Ղարաբաղըՙ: Մայիսի վերջերին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում բացահայտ խոսում էր նոր պատերազմի և բոլոր ուղղություններով հայկական ուժերին ջախջախիչ հարվածներ հասցնելու մասին, որը կբերի Հայաստանի քաղաքական, տնտեսական ու ռազմական քայքայման:

Հուլիսի սկզբին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել բանակցություններից, քննադատեց Մինսկի խմբին, քանի որ չի արձագանքում Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, թե Ղարաբաղը Հայաստան է։ Ադրբեջանի նախագահը նշեց, որ այդ հայտարարությունը ձախողում է բանակցությունները և անիմաստ է դարձնում դրանք:

Բախումներ Տավուշում

2020թ հուլիս 12-ի կեսօրին հայ-ադրբեջանական բախումներ սկսվեցին պետական սահմանի Տավուշ-Թովուզ հատվածի Սևաքարի շրջանում՝ Այգեպար-Մովսես-Չինարի, ադրբեջանական կողմից՝ Ալիբեյլի-Աղդամ գյուղերի միջև ընկած տարածքում:

Հայկական կողմը հաղորդեց, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ավտոմեքենայով Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձ են կատարել, սակայն կորուստներ կրելով հետ մղվել։ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ ականանետից և տանկից:

Հինգ օր տևած մարտերում հայկական և ադրբեջանական բանակները տվեցին մի քանի տասնյակ զոհեր ու վիրավորներ: Երբ հայտնի դարձավ ադրբեջանական կողմի զոհերի, առաջին հերթին՝ գեներալ-մայորի մասին, երկրում սկսվեցին լայնածավալ բողոքի ցույցեր և երթեր: Անկազմակերպ թվացող ցույցերի հիմնական կոչը պատերազմ սկսելու և Ղարաբաղը գրավելու պահանջն էր: ՚Ղարաբաղը մերն էՙ, ՚մահ հայերինՙ կարգախոսներով՝ ցուցարարները ներխուժեցին խորհրդարանի շենք, որից հետո ոստիկանությունը ջրցան մեքենաների ու արցունքաբեր գազի կիրառմամբ ցրեց այն:

Ադրբեջանական կողմը մեղադրեց Հայաստանին, նրան միացավ Թուրքիան: Անկարան հայտարարեց, որ Հայաստանը դիմում է ՚արկածախնդրության՝ հանուն ձգտումների, որոնք գերազանցում են սեփական կարողությունները և ստեղծում խոչընդոտներ տարածաշրջանում խաղաղության և կայունության համարՙ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մի հարցազրույցում բախումների սկսման համար անուղղակի կերպով նշեց հայկական կողմի անունը:

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 23-ին հայտարարեց, որ հուլիսյան հաղթական մարտերում Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ են մղվել, հայկական ուժերը ամրապնդել են դիրքերը սահմանում։ Նա մեղադրեց Թուրքիային, ընդգծելով, որ այդ երկիրը ռազմական գործողությունների ժամանակ ոչ թե լարվածության թուլացման, այլ նոր բռնությունների հրահրմամբ էր զբաղվում:

Փաշինյանը կրկնեց, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ, Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ: Բանակցություններն իմաստ ունեն եթե Ադրբեջանը հետ կանգնի իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ լինի փոխզիջման: Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում:

Ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Փաշինյանը պարծեցավ, որ հայկական Զինված ուժերը հօդս ցնդեցրին Ալիևի և Ադրբեջանի՝ հզոր բանակ ունենալու մասին առասպելը։

Հուլիսյան մարտերից անմիջապես հետո` հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում և Ադրբեջանի մի քանի այլ քաղաքներում Թուրքիան և Ադրբեջանը TurAz Kartalı-2020 (ԹուրԱզ Արծիվ-2020) համատեղ զորավարժություններ անցկացրեցին: Ու թեև պաշտոնապես հաղորդվել էր, որ զորավարժությունները պլանային են, Հայաստանում եղան պնդումներ, որ Տավուշյան թեժացումից հետո անցկացվող այս զորավարժություններն իրականում Հայաստան ներխուժելու նախապատրաստություն են։

Հայկական լրատվամիջոցներում հայտնվեցին տեղեկություններ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարի ընտանիքին պատկանող ընկերությունը ծանր հարվածային հետախուզական անօդաչու թռչող սարքեր է արտադրում, որոնք արտահանվում են Ադրբեջան:

Հուլիսյան տեղական նշանակության մարտերը դարձան Հայաստանի կառավարության պարծանքի և Ալիևին նվաստացնելու ցուցադրություն: Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը հորդորեց Ադրբեջանի ղեկավարությանը Հայաստանի հետ չխոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով. ՚Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում: Եթե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կարող է արձանագրել, որ ինքը վաղուց այդ հարցը լուծել, ավարտել էՙ:

Օգոստոսի վերջերին Սարդարապատի հուշահամալիրում Փաշինյանը կազմակերպեց ՚Տավուշյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությունըՙ: Այստեղ վարչապետը Հայաստանի Ազգային հերոս հռչակված կապիտան Ռուբեն Սանամյանին հանձնեց ՚Հայրենիքիՙ, ևս յոթ տասնյակ զինծառայողներ արժանացան ՚Մարտական խաչՙ շքանշանի: Մինչ ՚օսմանյան բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի խորհրդանիշՙ Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը տոնում էր Տավուշյան հաղթանակը, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում էին պատերազմի:
Այն սկսվեց ուղիղ մեկ ամիս անց, շարունակվեց 44 օր և ավարտվեց հայկական աղետով:

—-

Հարցրեք այս հատորը՝ Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև. 2020-ի հայկական աղետը» գրքի 4-րդ հրատարակությունը, Երևանի Նոյյան Տապան, Բուկինիստ, Զանգակ և Արթբրիջ գրախանութներում:

Այն կարող եք ձեռք բերել նաև հեղինակից՝ նրա ստորագրությամբ: