Երբ Հիլարի Քլինթոնը փրկում էր ֆուտբոլային դիվանագիտությունը, Լավրովն ու Սոլանան ֆուտբոլ էին դիտում

2260

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

2009թ. հոկտեմբերի 10-ին համայն հայությանը ուղերձ հղեց Սերժ Սարգսյանը: Նա ասաց, որ համոզված է ձեռնարկված քայլերի անհրաժեշտության ու ճշմարտացիության մեջ, որևէ հարաբերություն Թուրքիայի հետ ՙչի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը՚, իսկ ՙմիջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ՚: ՙՀայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում: Այս հարաբերությունները որևէ ձևով չեն առնչվում ԼՂ հակամարտության կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է՚,- ասաց նախագահը` ընդգծելով. ՙԱնկախությունը պահանջում է պատասխանատու վճիռներ կայացնելու կամք ու վճռականություն, իրատեսություն ու հեռանկարին միտված հետևողական աշխատանք: Ես ընտրել եմ այդ ճանապարհը՚:

2009թ. հոկտեմբերի 10-ի երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայի, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի եռանախագահող պետությունների արտգործնախարարների ու եվրոպացի բարձրաստիճան այլ դիվանագետների ներկայությամբ ստորագրեցին հայ-թուրքական երկու արձանագրությունները:

Արարողությունն ավելի քան երեք ժամով հետաձգվեց, և կարող էր ձախողվել, եթե չլիներ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջամտությունը: Քլինթոնը նախանշված ժամին մոտենալով Ցյուրիխի համալսարանին` տեղեկանում է, որ հայկական կողմը առարկություն ունի արձանագրություններին հաջորդող թուրքական հայտարարության բովանդակության հետ և հրաժարվում է ժամանել: Պետքարտուղարի ավտոմեքենան շրջադարձ է կատարում և ուղղվում դեպի այն հյուրանոցը, որտեղ հայկական պատվիրակությունն է:

ՙՔլինթոնը չի իջնում իր սև գույնի BMW մեքենայից և մոտ մեկ ժամ երկու հեռախոսներով խոսում է Հայաստանի և  Թուրքիայի արտգործնախարարների հետ: Վերջապես, նա իջնում է մեքենայից, մտնում հյուրանոց և Նալբանդյանին առաջարկում միասին գնալ համալսարան, որտեղ նրան սպասում էր Դավութօղլուն՚,- գրել է ՙՎաշինգտոն փոստը՚:

Ու մինչ տիկին Քլինթոնը փրկում էր արարողության տապալումն ու միջազգայնորեն քարոզված հայ-թուրքական գործընթացը, այդ ընթացքում Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները և Խավիեր Սոլանան միասին դիտում էին Ռուսաստան-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը: Տեղեկանալով իրադրությանը` Լավրովը Նալբանդյանին փոխանցում է հակիրճ  գրություն. ՙԷդվա’րդ, արարողությանը համաձայնվիր առանց հայտարարության՚: Գրության տակ, բացի Լավրովը, իրենց ստորագրությունն են դնում նաև Սոլանան և Քուշները:

Քլինթոնի ու Նալբանդյանի ժամանումից հետո բանակցությունները վերսկսվում են ընդլայնված կազմով. կողմերը համաձայնվում են արձանագրությունները ստորագրել, պայմանով, որ հայտարարություններ չպետք է լինեն: Հայ-թուրքական գործընթացի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխկապակցվածությունը ՙբաց գաղտնիք՚ էր, թեև այդ մասին  հետևողականորեն հիշեցնում էին թուրքերը և նույնքան հետևողական կերպով հերքում էին հայերը: Կողմերի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր էին, իսկ Ցյուրիխի ստորագրման արարողությունը ձախողման եզրին էր, քանի որ համաձայնություն չկար ստորագրումից հետո հրապարակային հայտարարությունների վերաբերյալ:

Ահա և Նալբանդյանն ու Դավութօղլուն ստորագրում են փաստաթղթերը: Նրանց ետևում կանգնած դիվանագետները լայն, անհոգ ժպտում են, հրճվում, քմծիծաղ տալիս: Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները իրար ձեռք են սեղմում: Դավութօղլուի դեմքին երջանկության շողշողուն ժպիտն է, թուրք դիվանագետը չի կարողանում և չի ուզում զսպել հրճվանքը: Նալբանդյանը նույնպես ժպտում է, բայց այդ ժպիտի տակ լարվածություն, բարկություն ու անհանգստություն կա:

ՙՆալբանդյանը նման էր պարտված մարդու, որ ստորագրում էր քաղաքական հարկադրանքի տակ: Մինչդեռ Դավութօղլուի շողշողուն ժպիտը հաղթանակի երջանկություն էր արտացոլում իր կառավարության հմուտ և ագրեսիվ դիվանագիտության ձեռք բերած գրեթե առավելագույն հաջողության կապակցությամբ: Երևանը նվաստանում է համաշխարհային բեմի վրա, մինչդեռ Անկարան նախապայմաններ ու պայմաններ է պարտադրում՚,- գրեց ամերիկահայ պատմաբան Լևոն Մարաշլյանը:

Նրա խոսքերով` ՙփաստացի, թուրքերը հայերից պահանջում են ստորագրել մի թուղթ, որով ապագայում կփակվի Թուրքիայից որևէ տարածքային պահանջի հնարավորությունը՚: ՙՀայերն ասում են, որ տարածքային պահանջ չունեն, բայց թուրքերն ասում են` դա բավարար չէ, և պարտադրում են մի փաստաթուղթ ստորագրել, որ ապագայում հողային պահանջ չի ունենա՚: Սարգսյանի տեսանկյունից, քանի որ երբեք հնարավոր չի լինելու սահմանի որևէ փոփոխություն կատարել, Հայաստանի առաջնորդը երևի կարծում է, թե ՙավելի լավ է անմիջապես ընդունել Կարսի պայմանագրով գծված սահմանը, որպեսզի այսօր հնարավոր լինի օգտվել բաց սահմանից՚:

Հայաստանի բոլոր նախկին արտգործնախարարները քննադատեցին արձանագրությունների բովանդակությունը և  հայտարարեցին, որ իրենք նման փաստաթուղթ երբեք չէին ստորագրի: Օսկանյանը գրեց, որ Սարգսյանի ՙուղերձի բովանդակությունն ուղղակիորեն հակասում էր արձանագրությունների բովանդակությանը՚: ՙԿարելի է նույնիսկ ասել, որ նախագահի ուղերձում բերված փաստարկները այդ արձանագրությունները մերժելու լավագույն հիմնավորումներն էին, Հայաստանի վարչակազմը մի բան ասաց, մի այլ բան ստորագրեց՚: Օսկանյանը հայտարարեց, թե այդ արձանագրություններում թուրքական բոլոր երեք նախապայմանները տեղ են գտնել և նրանք ստացել են այն, ինչը ցանկացել են 17 տարի. ՙԵս ուզում եմ, որ մենք Թուրքիայի հետ ունենանք բնական հարաբերություններ, բայց երբեք այսպիսի փաստաթուղթ չէի ստորագրի՚:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ մշտապես կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, սակայն նման փաստաթուղթեր ՙոչ մի դեպքում՚ չէր ստորագրի. ՙԹուրքերի հետ պետք էր գործընթաց սկսել, բայց ոչ նման զիջումներով: Անընդունելի է ցեղասպանության հարցով հանձնաժողով, ենթահանձնաժողով ստեղծել՚:

Վահան Փափազյանի խոսքերով` ՙԹուրքիան որքան էլ ձևացրեց, թե այս ու այն հարցերում զիջել է, արձանագրությունները ակնհայտորեն թուրքերի օգտին են առաջին հերթին հանձնաժողովի կետի շնորհիվ: Ես երբեք չէի ստորագրի այդ արձանագրությունները: Ես հրաժարական կտայի՚:

Րա‎ֆ‎ֆ‎‎‎ի Հովհաննիսյանը արձանագրությունների ստորագրումը որակեց ՙոճիր՚: ՙՄեր ազգի հոգին վաճառվում է Թուրքիայի հետ բարի կամքի և ՙբաց սահմանների՚ կեղծ խոստումով: Սա կեղծիք է և ոչ թե դիվանագիտություն: Հայերի համար ի՞նչ գին է ունենալու ՙբաց սահմանը՚, որը բոլոր քաղաքակիրթ ազգերին անվճար տրվող շնորհ է: Հայաստանից պահանջում են հրաժարվել իր օրինական պատմական իրավունքներից և ՙդե յուրե՚ ճանաչել Թուրքիայի ՙդե ֆակտո՚ սահմանները, որոնք գծվել էին հայ ժողովրդին իր բնօրրանում ոչնչացնելու և հայրենի օջախից բռնի կերպով զրկելու հիման վրա: Արձանագրությունները ներառում են ահաբեկչության երկուստեք դատապարտման խնդիրը` շրջանցելով, սակայն, ավելի մեծածավալ ու եղկելի ոճրագործության` ցեղասպանության դատապարտումը՚:

Փաստաթուղթը քննադատեցին նաև մի շարք քաղաքական ուժեր: ՀԱԿ-ը արձանագրությունների ստորագրումը բնութագրեց  իշխող վարչախմբի ՙքաղաքական սնանկության և դիվանագիտական խեղճության ցավալի ապացույցը՚: ՙՑյուրիխյան ուրացման գործարքով Հայաստանի վարչախումբը նպատակ ուներ հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը` դրա դիմաց վճարելով պատմական փաստերն ուսումնասիրող տխրահռչակ հանձնաժողովի գաղափարի ընդունմամբ, դրանով իսկ` աշխարհի առջև կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը՚:

ՀՅԴ-ի հետ, հայ ավանդական մյուս երկու կուսակցությունները ևս դատապարտեցին արձանագրությունների ստորագրումը: ՀՌԱԿ-ը իր մտահոգությունը հայտնեց հայ-թուրքական մերձեցմանն ուղղված ՙՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող գործընթացի կապակցությամբ՚: ՍԴՀԿ-ն արձանագրությունների ստորագրումը համարեց ՙդավաճանություն հայ ժողովրդի և Հայոց պետականության նկատմամբ՚: ՙԹուրքիան ստացավ այն, ինչ ուզում էր, Հայաստանի իշխանությունները` այն, ինչին արժանի էին, հայ ժողովուրդն ու Հայաստանը, չստացան ոչինչ, բացի ցեղասպանության ուրացումից՚:

Ամիսներ անց մի հարցազրույցում արտգործնախարար Նալբանդյանը հռետորական հարց տվեց. ՙԵթե կային նախապայմաններ, ինչու՞ Թուրքիան չվավերացրեց: Աշխարհում ոչ մեկը չկա, որ այս արձանագրություններում նախապայման տեսնի, բացի Հայաստանում որոշ ընդդիմախոսներից: Անգամ Թուրքիայի վարչապետն էր ասում, որ արձանագրություններում նախապայման չկա: Թուրքական ընդդիմությունը քննադատում էր իշխանություններին, որ ՙվատ եք բանակցել, նախապայմաններ չկան արձանագրությունների մեջ և ստորագրել եք պայմանագրեր առանց այն դրույթների, որոնք կցանկանայինք տեսնել այս արձանագրությունների մեջ, և չվավերացնեք, մինչև որ չընդունվեն նախապայմանները՚: