Կոնֆերանս Բաքվում 1919-ին. Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների անցյալից

2227

1918-1920 թթ. Հայաստանն ու Ադրբեջանը անկախ պետություններ էին: Չնայած երկու երկրների միջև տարածքային վեճերին ու հավակնություններին, որոնք նաև վերածվում էին սահմանային ընդհարումների և հայ-թաթարական արյունալի բախումների, Բաքվում գործում էր Հայաստանի դիվանագիտական առաքելությունը, իսկ Երևանում՝ Ադրբեջանինը, այսինքն՝ երկու երկրները միմյանց մայրաքաղաքներում ներկայացված էին դեսպանների մակարդակով:

1919թ. գարնանը Ադրբեջանի վարչապետ Նասիբ Բեկ Ուսուբբեկովի կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռը և Աբրահամ Դաստակյանը: Մուսավաթական Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների գրեթե 10 տոկոսը եղել են հայեր:

Ներքոշարադրյալ հոդվածը արտատպություն է ՀՅԴ Բյուրոյի ՅԱՌԱՋ օրաթերթից: 

___________________________

Հայ-ադրբեջանական կոնֆերանսը

Բաքվից վերադարձավ հայ-ադրբեջանական կոնֆերանսի անդամ Մարտիրոս Հարությունյանը, որ մեր աշխատակցին հետևյալ տեղեկությունները հաղորդեց:

Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնություն էր կայացել կոնֆերանսը բացել Բաքվում և մի քանի շաբաթից հետո տեղափոխել Թիֆլիս: Հայաստանի պատվիրակներից Վահան Փափազյանը, որը տկարության պատճառով չկարողացավ սկզբից ևեթ մասնակցել, Բաքվում փոխարինեց Հովսեփ Արղությանը: Երրորդ անդամն էր [Բաքվում] Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանը:

Ադրբեջանի կողմից պատվիրակներ էին Ֆաթալի խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և դոկտոր Վեքիլովը: Նիստերին ներկա էր լինում նաև Խալիլ բեկ Խասմամեդովը:

Երկու կառավարությունների համաձայնությամբ կոնֆերանսի օրակարգի մեջ մտել էին.

  1. Սահմանային հարցը,
  2. Երկաթուղային և առևտրական պայմանագրերը,
  3. Փախստականների վիճակի կարգավորման հարցը:

Կոնֆերանսի օրակարգը լրացվեց երկու այլ հարցերով. Ադրբեջանի պատվիրակության առաջարկով օրակարգ մտավ երկու հանրապետությունների քաղաքացիների դատաստանական, իրավական հարաբերությունների, իսկ մեր առաջարկով՝ երկու հանրապետությունների հյուպատոսարաններ հիմնելու հարցը:

Սահմանների խնդրում հայկական պատվիրակությունը կանգնած էր այն տեսակետի վրա, որ այժմ հարկավոր է որոշել միայն ժամանակավոր սահմանորոշող գիծ, իսկ Ադրբեջանը առաջարկում էր սահմանների հարցը լուծել վերջնականապես:

Հայ պատվիրակությունը չառարկեց խնդրի այս կերպ լուծմանը:

Թե ինչ կարգով պիտի քննվեն և լուծվեն խնդիրները, դարձյալ պատվիրակությունների միջև տարաձայնություն կար: Հայկական պատվիրակությունն առաջարկում էր զբաղվել ամենից առաջ և հետզհետե լուծել ու կիրառել կյանքում գործնական նշանակություն ունեցող խնդիրները, այսինքն՝ հաստատել առևտրական և երկաթուղային հարաբերություն երկու հանրապետությունների միջև, կարգավորել փախստականների վիճակը և այլն ու այդպիսով հայ և թուրք ժողովուրդների միջև ստեղծել հոգեբանական հաշտ մթնոլորտ, որը կնպաստեր ավելի դժվար հարցերի լուծմանը, ինչպես սահմանագիծն էր:

Ադրբեջանի պատվիրակությունը, սակայն, առաջարկում էր ամենից առաջ սահմանավեճը լուծել, որից հետո մյուս խնդիրները հեշտությամբ կլուծվեն:

Հայկական պատվիրակությունը դրան էլ չառարկեց:

Բայց այն օրը, երբ արդեն պիտի սկսվեր քննվել սահմանագծի խնդիրը, Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարեց, թե երկար մտածելով այդ խնդրի վրա, ինքը եկել է այն եզրակացության, որ ներկա պայմաններում անկարելի է երկու հանրապետությունների միջև մի այնպիսի սահմանագիծ անցկացնել, որ բավարարի երկու կողմերին էլ, քանի որ հայ և թուրք ժողովուրդների շահերը իրար հետ տնտեսապես, բնակավայրերի տեսակետից այնքան են խճճված, որ անհնարին կլիներ մի որոշ գծով զատել նրանց: Ուստի, կարծում են, որ առժամանակ պիտի բավականանալ մի սահմանորոշ գծով:

Բայց ամենից առաջ հարկավոր է, ասում էր Ադրբեջանի պատվիրակությունը, բոլորովին վերացնել փոխադարձ անվստահությունը, տարբեր կողմնորոշումները, ստեղծել մի միություն Կովկասյան ժողովուրդների միջև, կազմել մեկ քաղաքական ամբողջություն, անկախ հանրապետությունների մի դաշինք, մի կոնֆեդերացիա: Այսպիսով, ոչ միայն կհեշտանա մեր ներքին խնդիրների լուծումը, այլև կարագանա մեր անկախության ճանաչումը և ավելի դյուրին կգտնվի մի մեծ պետություն, որը հանձն կառնի մեր մանդատը:

Թեև Ադրբեջանի պատվիրակությունը կոնկրետ ձևով չներկայացրեց իր առաջարկը կոնֆեդերացիայի բովանդակության մասին, սակայն, թվում է, թե նա այդ պատկերացնում է իբրև տնտեսական և քաղաքական դաշն:

Մեր պատվիրակությունը նկատեց, որ մեր հանրապետությունների կոնֆեդերացիայի համար պակասում են մի շարք անհրաժեշտ պայմաններ: Առաջին՝ մեր հանրապետությունների անկախությունը դեռևս ճանաչված չէ, երկրորդ՝ մեր սահմանները, մանավանդ Հայաստանի, դեռ ամբողջացած չեն, և երրորդ՝ մեր հանրապետությունների չեզոքությունը դեռևս ապահովված չէ: Ուստի, մենք կարծում ենք, որ կոնֆեդերացիան հիմա իրագործել անհնարին է: Բայց մենք ողջունում ենք դրա գաղափարը, ցանկալի ենք համարում այն և կուզեինք, որ այդ խնդիրը արծարծվեր երկու հանրապետությունների հասարակական կարծիքում, պառլամենտներում, կառավարություններում: Բայց և այնպես, մենք չենք հրաժարվում խոսել նաև կոնֆեդերացիայի մասին, սակայն, քանի որ այդ խնդիրը անսպասելի կերպով հրապարակ եկավ, և մենք մեր կառավարության կողմից դրա մասին չունենք հրահանգներ, առաջարկում ենք ընդմիջել կոնֆերանսի աշխատանքները, մանավանդ, որ հասել է ժամանակը Թիֆլիս տեղափոխվելու, մեզ հնարավորություն տալ գնալու Երևան, կառավարության հետ խորհրդակցելու համար, ապա այդ խնդրով զբաղվել Թիֆլիսում՝ Վրաստանի մասնակցությամբ:

Այսպիսով, կոնֆերանսի աշխատանքները ընդմիջվեցին՝ Թիֆլիսում վերսկսելու համար:

Կոնֆերանսը ունեցավ չորս մասնավոր խորհրդակցություն և երկու հրապարակային նիստ:

Ադրբեջանի կառավարությունը և ղեկավար շրջանները շատ ուշադիր էին դեպի հայկական պատվիրակությունը: Մեր պատվիրակությունը մի ողջույնի գրություն ստացավ Մուսավաթից:

Բաքվի հայ գաղութը ևս սիրալիր և ուշադիր էր դեպի Հայաստանի ներկայացուցիչները:

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ պաշտոնաթերթ, հրատարակիչ՝ ՀՅԴ Բյուրո, խմբագիր՝ Սիմոն Վրացյան, թիվ 6, հունվարի 9, 1920 թ.

Կարդալ նաև՝

Հովհաննես Քաջազնունի. ՀՅԴ-ն, բոլշևիկները և Մուսավաթը Բաքվում 1918-ին

ՀՅԴ-ական երկու հայ նախարար՝ մուսավաթական Ադրբեջանի կառավարության կազմում (1919թ.)