Նախիջևանի գավառի (Երևանի նահանգ) տարածքը և բնակչությունը 1897թ

4638

Նախիջևան գավառը 1827-1828 թթ ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Սեֆյան Պարսկաստանից անցավ Ռոմանովների Ռուսաստանին:

Մի քանի հարյուրամյակ Նախիջևանը Պարսկաստանի մաս էր կազում Նախիջևանի խանություն անունով:

1828-1840 թթ կազմվեց Հայկական մարզը:

Հայկական մարզը` ավելի քան 20 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, կազմված էր նախկին Երևանի և Նախիջևանի խանություններից, որոնք Ռուսաստանին անցան 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով: Նախքան Ռուսաստանին միանալը, այս երկու խանություններում բնակչության թիվը կազմում էր շուրջ 120 հազար մարդ՝ հայեր և մահմեդականներ (պարսիկներ, քրդեր, թուրքեր): Գոյություն ունեին միայն երեք քաղաքներ՝ Երևան, որն ուներ գրեթե 10 հազար բնակչություն, Նախիջևան՝ ավելի քան 4.000 և Օրդուբադ՝ շուրջ 3.000:

Երբ Հայկական մարզը վերացվեց, Երևանի նահանգի հետ Նախիջևանը ևս 1840-ին մաս կազմեց Վրաց-իմերեթական նահանգի:

Նիկոլայ Առաջին ցարը 1844-ին Կովկասի փոխարքա նշանակեց կոմս Միխայիլ Վորոնցովին, ով հաջորդ տարվա գարնանը հասավ Թիֆլիս: Կոմս Վորոնցովը 1845-ին կատարվեց վարչական նոր բաժանում: Թիֆլիսի նահանգից առանձնացվեց և կազմվեց Քութայիսի նահանգը:

Կոմս Վորոնցովը հայերի համակրանքը շահելու նպատակով 1849-ին Թիֆլիսի նահանգից առանձնացվեց և ստեղծվեց Երևանի նահանգը, որը, նախկին Հայկական մարզի տարածքից բացի, իր մեջ ներառեց նաև Ալեքսանդրապոլի գավառը:

Այսպիսով, Նախիջևանը կրկին մաս կազմեց Երևանի նահանգի:

Երևանի նահանգը, որի մի հատվածի վրա 1918-ի մայիսին ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը (սկզբնական շրջանում՝ մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր), բաժանված էր 7 գավառների, որոնք ռուսերենով անվանվում էին уезд` Ալեքսանդրապոլ, Էջմիածին, Երևան, Նոր Բայազետ, Շարուր-Դարալագյազ, Սուրմալու, Նախիջևան:

Յոթ գավառներից երեքում՝ Ալեքսանդրապոլ, Նոր Բայազետ և Էջմիածին, հայերը մեծամասնություն էին կազմում, մյուս չորսում՝ Երևան, Սուրմալու, Շարուր-Դարալագյազ և Նախիջևան, մեծամասնություն էին կազմում կովկասյան թաթարները:

Նախիջևանի գավառի տարածքը 3858,8 քառակուսի վերստ էր:

1897թ Ռուսական կայսրության առաջին և վերջին մարդահամարի համաձայն, Նախիջևանի գավառում հայերի թիվը 34.4 տոկոս էր, կովկասյան թաթարներինը՝ 63.7 տոկոս: Նախիջևան գավառի բնակչության ընդհանուր թիվը 100.771 էր, Նախիջևան քաղաքն ուներ 8790 բնակիչ:

1897թ. մարդահամարի համաձայն, Նախիջևանի գավառում կովկասյան թաթարների թիվը 64.151 էր, հայերի թիվը՝ 34.672:

1918-ի մայիսին, երբ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը, Նախիջևանը ՀՀ մաս չէր կազմում:

Նախիջևանը Հայաստանի Հանրապետության մաս կազմեց շնորհիվ անգլիացիների, ովքեր 1919-ին տեր ու տնօրենն էին Անդրկովկասում: Հենց անգլիացիներն էին, որ 1919-ի մայիսին Նախիջևանը և Կարսը դրեցին հայկական ուժերի վերահսկողության տակ:

Նախիջևանը, որտեղ մնացել էր 20 տոկոսից էլ պակաս հայ բնակչություն, ընդամենը երկու ամիս մնաց Հայաստանի Հանրապետության կազմում:Թուրք-ադրբեջանական հարվածների տակ հայկական զորքերը նահանջեցին: 1919-ի դեկտեմբերին Նախիջևանում, առաջին հերթին՝ Ագուլիսում, տեղի ունեցավ հայերի ջարդ:

Շարուրը, որ Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մաս էր, Հայաստանի Հանրապետության կազմում մնաց մինչև 1920թ. աշուն:

1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, ստորագրեցին պայմանագիր, որով հայկական Կարսը անցավ քեմալականներին (Թուրքիայի Հանրապետություն 1923-ից), իսկ հայկական Նախիջևանը՝ Խորհրդային Ադրբեջանին: Նույն տարվա հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով վերահաստատվեցին Մոսկվայի պայմանագրի այն դրույթները, որոնք վերաբերում էին Հայաստանին, ավելի ճիշտ՝ հայկական երկու նահանգների՝ Նախիջևանի և Կարսի կորուստին:

Մարտի 16-ի պայմանագրի երրորդ հոդվածն ասում է.

Երկու կողմերը համամիտ են, որ Նախիջևանի մարզը սույն Պայմանագրի 1-ին (Գ) հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տարածք` Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության:

Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններից կազմված հանձնախումբը կշտկի Նախիջևանի տարածքի եռանկյունի կազմող գոտու` արեւելքում Արաքսի հնահունի և արևմուտքում Դաղնա (3829)-Վելիդաղ (4121)-Բագարզիք (6587)-Քյոմուրլուդաղ (6930) լեռների վրայով անցնող գծի միջև պարփակված տարածքի սահմանագիծը, որն սկսվում է Քյոմուրլուդաղ (6930) սարից, անցնում Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ կայարանը և վերջանում Կարասուի ու Արաքսի միացման  տեղում:

Թաթուլ Հակոբյան