Նյու Յորքից՝ Բոստոն, Օհայոյից՝ Կալիֆոռնիա ու Նյու Ջերսի և Մոսկվա․ 2021-ին իմ չորրորդ ճամփորդությունը Միացյալ Նահանգներում և Ռուսաստանում

9495

Աէրոֆլոտ ռուսական ավիաուղիներով դեկտեմբերի 1-ի վաղ առավոտյան Երևան-Մոսկվա-Նյու Յորք չվերթով հասա Միացյալ Նահանգներ: Սա 2021 թվականին իմ չորրորդ այցելությունն էր ԱՄՆ: Այս անգամ ծրագրել էի երեք դասախոսություն Բոստոնում և Օհայո նահանգի Կոլամբուս և Քլիվլենդ քաղաքներում, ինչպես նաև նոր հատորի շնորհանդես Նյու Ջերսիում: Ծրագրին ավելացավ Կալիֆոռնիան, երբ Ներսես Թումանյանից հրավեր ստացա մի ելույթ էլ ունենալ Լոս Անջելեսին մոտ գտնվող Փալոս Վերդես քաղաքում:

Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում դիմավորելու էր եկել իմ բարեկամներից Փոլ Շահինյանի ավագ որդին՝ Հայկը: Արսեն Խառատյանը, ում հետ պետք է հերթական շրջագայությունը կատարեինք իր մեքենայով, Նյու Յորք հասավ Վաշինգտոնից: Երեկոյան հանդիպեցինք Շահինյանների հյուրընկալ բնակավայրում՝ Նյու Ջերսի նահանգի Վայկոֆ փոքր քաղաքում, թեթև ընթրեցինք, որոշ ժամանակ անց կացրեցինք այգում՝ կրակի մոտ, գինու շուրջ զրուցեցինք Հայաստանը Իսրայել դարձնելու հնարավորությունից, Հայաստանի հարևաններից, այս մղձավանջային իրավիճակից դուրս գալու ճանապարհներից…

Մեր այս, ինչպես նախորդ այցելությունները հնարավոր են դառնում շնորհիվ ԱՆԻ կենտրոնի և իմ հեղինակած գրքերի վաճառքից ստացվող հասույթի, ինչպես նաև՝ Արսենի ու իմ ընկերների օժանդակության: Մենք գիշերում ենք մեր ընկերների տներում, մեզ օգնում են հայկական տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ Մայր Աթոռ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի ներքո գործող եկեղեցիները: Այս այցելությունը առավել դյուրին էր, քանի որ Երևան-Մոսկվա-Նյու Յորք և հետադարձ տոմսը գնել էին Սարաջյան ընտանիքի անդամները:

Արսեն Խառատյանի հետ Ուոթերթաունի հայկական եկեղեցու դիմաց՝ Արցախի փողոցում

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում

Դեկտեմբերի 2-ի առավոտյան սուրճից հետո ուղևորվեցինք Բոստոն: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (Massachusetts Institute of Technology) տեղի հայ դասախոսներից Արեգ Դանագուլյանը՝ միջուկային ֆիզիկայի մասնագետ, և ուսանողներից Նատալի Մուրադյանը, կազմակերպել էին հանդիպում հետաքրքրվածների համար: Պարոն Դանագուլյանին ծանոթ էի ֆեյսբուքով, մի քանի անգամ նամակագրության մեջ էինք մտել տարբեր թեմաներով, իսկ Նատալիին չէի տեսել երբեք: Լինում են դեպքեր, երբ ինձ համար հանդիպում կազմակերպողների հետ ծանոթանում եմ հենց հանդիպման ժամանակ ու ընկերանում, բարեկամանում: Պարզվեց նաև, որ Նատալին Նորքի Երկրորդ զանգվածում է բնակվում՝ ճիշտ մեր շենքից 50 մետր հեռավորության վրա:

Թեման, ինչպես մյուս քաղաքներում, նույնն էր՝ «Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը, վտանգի տակ»: Մոտ 20-25 րոպեի ընթացքում ներկայացրեցի իրավիճակը Սյունիքում, նաև՝ Արցախում և Հայաստանում ընդհանրապես, ապա պատասխանեցի հարցերին: Երկու ժամ տևած քննարկումը ավարտվեց իմ և ԱՆԻ կենտրոնի գրքերի ստորագրությամբ և սուրճի-աղանդերի հյուրասիրությամբ:

Արեգ Դանագուլյանի հետ՝ Մոդեռնայի դիմաց

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, որ աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններից է, տվել է 80-ից ավելի Նոբելյան դափնեկիր, գտնվում է Քեմբրիջ քաղաքում: Այս հաստատության դասախոսներից է հայազգի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, իսկ Նուբար Աֆեյանը այս ինստիտուտի տեխնոլոգիական նորամուծությունների Deshpande կենտրոնի անդամ է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, դոկտոր Նուբար Աֆեյանը իր գործունեությունը ծավալում է Մասաչուսեթսում, Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիրն է:

Ձեռնարկից հետո կազմակերպիչները մեզ հրավիրեցին ընթրիքի: Գիշերեցինք դոկտոր Դանագուլյանի ընտանեկան հարկի տակ, իսկ հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, սուրճից հետո Արսենի հետ ուղևորվեցինք դեպի Օհայոյի վարչական կենտրոն՝ Կոլամբուս քաղաք, որ մոտ 12 ժամվա ճանապարհ է:

Կոլամբուս՝ երիտասարդ և արագ զարգացող «եվրոպական» քաղաք

Ամերիկայում բարեկարգ ճանապարհներն ու կամուրջները անվերջանալի են, ինչպես անվերջանալի է ինքը՝ երկիրը: Հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք հարյուրավոր մայրուղիներ կան: Արևելքից արևմուտք ճանապարհները տասնյակներով են, այսպես՝ Բոստոնից Կոլամբուս մայրուղին 90W-ն է:

Աշոտ և Վահագն Զաքարյանների հետ

Արդեն պայմանավորվածություն ունեինք, որ Կոլումբուսում մեր առաջին հանդիպումը տեղի է ունենալու Վահագն Զաքարյանի ընտանեկան հարկի տակ: Վահագնը և տիկինը Վայքից են, բժիշկներ: Վահագնի հետ Արսենը ինձ ծանոթացրել էր ֆեյսբուքով՝ մեր գալուց օրեր առաջ: Երեկոյան ժամը 8-ին հասանք Կոլամբուս: Համեղ ուտեստներով սեղանը մեզ էր սպասում, ու ջերմ զրույց ունեցանք այդ սեղանի շուրջ: Վահագնի հայրը և մայրը երկու օր առաջ էին Հայաստանից եկել՝ որդուն տեսության: Աշոտ Զաքարյանը և մյուս որդին՝ Դավիթ Զաքարյանը, գինեգործներ են, Վայոց Ձորի քարերի մեջ հեկտարներով այգիներ են գցել: «Վայք Գրուպ» գինեգործական ընկերության պատրաստած գինիներից ծանոթ եմ և բազմիցս գնել եմ «Զաքարե»-ն։ Ով կպատկերացներ, որ նրանց հանդիպելու եմ Կոլամբուսում։

Ընթրիքից հետո ուղևորվեցինք Գևորգ Հունանյանի տուն: Գևորգը և Արսենը միասին ուսանել են ԵՊՀ Արևելագիտականի արաբականում, մեկ տարի միասին սովորել Դամասկոսում: Մեր նախորդ այցերից մեկի ժամանակ Գևորգը եկել էր Քլիվլենդ, և որոշել էինք, որ հաջորդ այցի ընթացքում լինելու ենք Օհայոյի վարչական կենտրոնում:

Գևորգ Հունանյանի հետ՝ Կոլամբուսում

Դեկտեմբերի 4-ի առավոտյան ծանոթացանք Կոլամբուսի հետ, որը ԱՄՆ մեծությամբ 14-րդ քաղաքն է շուրջ 900 հազար բնակչությամբ: Այսօր համարվում է ԱՄՆ-ում ամենից արագ աճող և երիտասարդ քաղաքներից: Հիմնադրվել է 1812 թվականին՝ Քրիստափոր Կոլումբուսի անունով: Ուղղակի կապ չունի Ամերիկան հայտնաբերողի հետ: 19-րդ դարի սկզբին այստեղ հաստատվել են մեծ թվով գերմանացիներ և այսօր էլ, քայլելով քաղաքի պատմական կենտրոնական հատվածներով, զգալի է գերմանական շունչը: Հայտնի է Օհայոյի համալսարանով, որտեղ սովորում են 40 հազար ուսանողներ:

Կեսօրից հետո քաղաքի իռլանդական եկեղեցում՝ St. James Episcopal Church, տեղի ունեցավ մեր երկրորդ հանդիպում-քննարկումը: Կոլամբուսի հայերից բացի եկել էին նաև մեր հայրենակիցներ Օհայոյի նահանգի Սինսինաթի քաղաքից: Կոլամբուսում և Սինսինաթիում բնակվում են մի քանի հարյուր հայեր: Օհայոյի նահանգում հայերը հիմնականում կենտրոնացած են Քլիվլենդում:

Ձեռնարկից հետո շարունակեցինք ծանոթությունը Կոլամբուսի հետ: Արսենին, ինձ և Գևորգին միացել էր վերջինիս գործընկերը՝ Աշոտ Գիշյանը: Գիշյանները Նոյեմբերյանից են, Հայաստանի այլ բնակավայրում Գիշյան չկա, եթե չի հեռացել Նոյեմբերյանից: Երեկոյան ընթրեցինք Գևորգի տանը, իսկ մյուս օրը վաղ առավոտյան մեկնեցինք Քլիվլենդ՝ Էրի լճի ափ: Դպրոցական տարիներից՝ աշխարհագրությունից գիտենք, որ ԱՄՆ-ի ու Կանադայի սահմանին են գտնվում հինգ լճերը՝ Օնտարիոն, Էրին, Հուրոնը, Միչիգանը և Սուպերյորը (Վերին):

Վահագն Զաքարյանի և Գևորգ Հունանյանի հետ՝ Կոլամբուսի իռլանդական եկեղեցու հարևանությամբ դրված խաչքարի մոտ

Քլիվլենդ. նոր հանդիպում

Բոստոնից Կոլամբուս ճանապարհին մենք զանգ ստացանք մի մարդուց, որին չէինք ճանաչում և չէինք հանդիպել երբեք, բայց պետք է բարեկամանայինք: Ներսես Թումանյանը Հայաստանից Մ. Նահանգներ է տեղափոխվել մոտ 30 տարի առաջ, հաստատվել է Կալիֆոռնիայի Փալոս Վերդես քաղաքում: Նա մեզ հրավիրում էր իր մոտ։ Կարճ ժամանակ անց Ներսեսը ուղարկեց օդանավի տոմսեր Քլիվլենդ-Չիկագո-Լոս Անջելես չվերթով և հյուրանոցի ամրագրված համարներ։ Քլիվլենդի ձեռնարկից հետո պետք է վերադառնայինք ոչ թե Վաշինգտոն, ինչպես նախատեսել էինք, այլ շարունակեինք ճամփորդությունը դեպի Կալիֆոռնիա։

Քլիվլենդի հայկական Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու պարտեզում

Քլիվլենդի հանդիպումը կայացավ տեղի հայկական Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում՝ մասնակցությամբ Տեր Հրաչ քահանա Սարգսյանի։ Քլիվլենդի հայ համայնքի հետ ծանոթացել էի 2021 թվականի գարնանը։ Օհայոյի ինդուստրիալ այս քաղաքում կան հայության մի քանի շերտեր՝ հին ամերիկահայեր, որոնք անգլիախոս են, ավանդական սփյուռք, Բաքվի հայեր, որոնք շարունակում են ռուսախոս մնալ և հայաստանցիներ։

Ձեռնարկից հետո մեր ընկերների ու բարեկամների՝ Վահագն և Վարդան Կլեկչյանների, Ղազար և Վալերի Գրիգորյանների հետ այցելեցինք Քլիվլենդի այգի, որտեղ քաղաքային իշխանություները ամեն երկրի տարածք են հատկացրել։ Հայաստանի այգում հայկական այբուբենն է և Արցախի տատիկ-պապիկը: Ճաշեցինք ճապոնական ռեստորանում, հրաժեշտ տվեցինք Քլիվլենդի մեր ընկերներին և շարժվեցինք դեպի Քլիվլենդի օդանավակայան։ Այստեղ ավտոկայանում թողեցինք Նիսան Թեանան և Քլիվլենդ-Չիկագո-Լոս Անջելես թռիչքով հասանք Կալիֆոռնիա։

Քլիվլենդի հայկական այգում

Երկու օր Թումանյանների հարկի տակ

Լոս Անջելեսի օդանավակայանում ուշ երեկոյան մեզ դիմավորելու էր եկել Ներսես Թումանյանը որդու՝ Ռաֆայելի հետ։ Փալոս Վերդես քաղաքը օդանավակայանին մոտ է։ Ծանոթանալուց և ավտոմեքենայում կարճ հարցուփորձից հետո մեզ հյուրընալողները թողեցին մեզ հյուրանոցում։ Հաջորդ առավոտյան Ներսեսը վերցրեց մեզ հյուրանոցից։ Դեկտեմբերի 6-ի ամբողջ օրը անցկացրեցինք Թումանյանների ընտանեկան բիզնեսում՝ խանութ-ճաշարանում։

Թումանյանները Գյումրիից են, խորհրդային շրջանում հաստատվել են Երևանում։ 1990 թվականին տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։ Ծանոթացանք տիկնոջ՝ Նունեի, երեք զավակների և Ներսեսի ծնողների հետ։ Այստեղ ծանոթացանք նաև Fox հեռուստաընկերության ազգությամբ հայ հաղորդավարներից Արաքսյա Կարապետյանի հետ, որ Գյումրիից է և Ներսեսի մոտ ազգականը։ Դեկտեմբերի 7-ին, ձեռնարկի օրը, մեզ միացան մեր փաստաբան բարեկամներից Նժդեհ Բաղրամյանը և Էդգար Մարտիրոսյանը, Արսենի ուսանողական ընկերներից Աշոտ Մելքոնյանը, Մինասը և Լուսինեն։ Լավ քննարկում ունեցանք, 50 հոգի էր ներկա, հիմնականում հրավերները ուղարկել էր Ներսեսը։

Մինասի, Լուսինեի, Աշոտի և Ներսեսի հետ

Դեկտեմբերի 8-ի առավոտյան Ներսեսի հետ նախաճաշեցինք արագ սնունդի In-N-Out ճաշարանում և Լոս Անջելես-Չիկագո-Քլիվլենդ երթուղով վերադարձանք։ Քլիվլենդում արդեն ուշ երեկո էր։ Մենք նստեցինք մեր Նիսան Թեանան և ճանապարհվեցինք դեպի Նյու Ջերսի։ Նախապես որոշել էինք մի քանի ժամ վարել և գիշերել ճանապարհին՝ մոթելներից մեկում։ Քլիվլենդից Նյու Ջերսի ճանապարհը մոտ 8 ժամ է։

Արաքսյա Կարապետյանի հետ

Նյու Ջերսիում՝ «Հերոսների ճամփորդությունը»

Բոստոնում, Կոլամբուսում, Քլիվլենդում և Լոս Անջելեսում իմ բոլոր ելույթները վերաբերում էին Հայաստանի ներկա իրավիճակին և կրում էին «Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը, վտանգի տակ» խորագիրը։ Բացառություն էր կազմում Նյու Ջերսին։ Այստեղ՝ Ֆեյր Լոն քաղաքի Սուրբ Լեոն հայ առաքելական եկեղեցում նախատեսված էր Զորավար Անդրանիկի և Սարդարապատի ճակատամարտի կարևոր դերակատարներից վանեցի Վաղարշակ Շահինյանի մասին պատմող համատեղ հատորի շնորհանդեսը՝ The Journeys of Heroes:

Նյու Ջերսիի Սուրբ Լեոն հայկական եկեղեցու սրահում

Զորավար Անդրանիկի օրագրության՝ «Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը» գրքի հեղինակը Եղիշե Քաջունին է, որի ժառանգները հաստատվել են Նյու Ջերսիում։ Քաջունին եղել է Անդրանիկի գրագիրը, զորավարի հետ անցել հայաստանյան ճամփորդությունը 1918-1919 թվականներին։ Քաջունու թոռների՝ Քեն, Ռիչարդ և Քերոլ Սարաջյանների հետ ծանոթացա հայերեն հատորի վերահրատարակության ընթացքում։ Գիրքը լույս տեսավ 2015-ին, ԱՆԻ կենտրոնի կողմից՝ Տաշիր գրուպի հովանավորությամբ։

Մի քանի տարի առաջ՝ հավանաբար 2016-ին, Նյու Ջերսիից մեկ այլ ընտանիքի՝ Շահինյանների հետ Սևանի ափով մեկնում էի Քարվաճառ։ Խոսակցություն ծավալվեց պատմական թեմաներով։ Անդրանիկի 3000-անոց զորամասին և նրան ուղեկցող 25 հազարանոց արևմտահայ փասխստականների խմբին փորձել է միանալ Սարդարապատի հերոսամարտի հրամանատարներից Վաղարշակ Շահինյանը՝ Փոլ Շահինյանի պապը, սակայն Վաղարշակի և Անդրանիկի հանդիպումը տեղի չէր ունեցել։

Վաղարշակ Շահինյանը 1918-ին իր 1100-հոգանոց աշխարհազորային բանակով մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Նա ծնվել էր 1889-ին, Վանում: 1910-ին մեկնել էր ԱՄՆ, սակայն կարճ ժամանակ անց վերադարձել, մտել զինվորական ծառայության և մասնակցել առաջին աշխարհամարտին: Հետագայում նա կրկին մեկնել է ԱՄՆ՝ ծավալելով բիզնես գործունեություն: Մահից հետո՝ 1976 թվականին, նրա աճյունից մի բուռ հող բերվել և ամփոփվել է Սարդարապատի հուշահամալիրի արծիվների ճեմուղու առաջին արծվի մեծադիր քանդակի մերձակա հատվածում:

Փոլն ասաց, որ 1953 թվականին իր պապը հայաստանյան դեպքերի մասին պատմել է հորը՝ Անդրանիկ Շահինյանին, և այդ ձայնագրությունը պահպանվել է։ Որոշեցինք այն վերծանել, թարգմանել անգլերեն և Քաջունու օրագրության հետ հրատարակել առանձին մեկ գիրք։ Աշխատանքը տևեց մի քանի տարի։ 2021-ի աշնանը ԱՆԻ կենտրոնը հրատարակեց The Journeys of Heroes հատորը։

Փալոս Վերդեսի ձեռնարկը

Դեկտեմբերի 9-ին Սուրբ Լեոն Հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ «Հերոսների ճամփորդությունը. զորավար Անդրանիկ և Վաղարշակ Շահինյան» (The Journeys of Heroes: General Antranig, Vagharshag Shahinian) հատորի շնորհանդեսը՝ հովանավորությամբ 8 հայկական կազմակերպությունների՝ Ararat-Eskijian Museum, Armenian Democratic Liberal Party-Ramgavars, Armenian Network of America-Greater NY, Family of Vagharshag Shahinian, Family of Yegishe Catchouny, Knights of Vartan-Bakradouny Lodge, National Association for Armenian Studies and Research, NAASR, St. Leon Armenian Church.

Միջոցառմանը ներկա էին Եղիշե Քաջունու և Վաղարշակ Շահինյանի ընտանիքի անդամները: Խոսք ասացին Վաղարշակ Շահինյանի թոռներից Փոլ Շահինյանը և Եղիշե Քաջունու թոռներից Քեն Սարաջյանը: Երեկոն վարում էր Նյու Ջերսիից հասարակական գործիչ Արա Արազը:

Գիշերեցինք Փոլ Շահինյանի հյուրընկալ հարկի տակ։ Պարտեզում՝ կրակի և գինու շուրջ, մինչև կեսգիշեր խոսեցինք մեր պատմությունից, զորավար Անդրանիկից, Սյունիքից, Արցախից, Հայաստանի ներկա անել կացությունից։

Փոլ Շահինյանի հետ

Դեկտեմբերի 10-ի առավոտյան Արսեն Խառատյանը վերադարձավ Վաշինգտոն, իսկ ես Փոլի հետ մեկնեցի նրա աշխատանքի վայրը, որտեղ, ինչպես պայմանավորվել էի, հանդիպեցի Արմեն Պողոսյանի հետ։

Նյու Յորքում՝ Արմեն Պողոսյանի հետ

Արմեն Պողոսյանի հետ նույնպես ծանոթացել եմ ֆեյսբուքով։ Մի քանի տարի առաջ հանդիպել եմ Նյու Ջերսիի իմ ձեռնարկներից մեկի ընթացքում։ Արմենը Երևանից է, ավարտել է Բրյուսովի անվան լեզուների ինստիտուտը, անգլերեն դասավանդել, իսկ 1993-ին տեղափոխվել Ամերիկա։ Տիկնոջ, մոր և երկու զավակների հետ բնակվում է Նյու Յորքում՝ Բրուկլինում։ Մ․ Նահանգներ նախորդ այցելության ընթացքում օգնել էր ինձ։

Արմենի մեքենայով շրջեցինք Մանհեթենում, հանգիստ առանք ու ճաշեցինք նրա տանը, իսկ երեկոյան կողմ մեկնեցինք օդանավակայան, որտեղից Մոսկվայով վերադարձա տուն՝ Երևան։

Արմեն Պողոսյանի ընտանեկան հարկի տակ․ Բրուկլին/Նյու Յորք

Նյու Յորքից Մոսկվայով Երևան ու կրկին Մոսկվա

Ամերիկայում գտնվելու օրերին ինձ հետ կապվեց Շանթ հեռուստաընկերության Մոսկվայի թղթակից Վահե Ավանեսյանը և Ռուսաստանի հայերի միության անունից հրավիրեց Ռուսաստանի մայրաքաղաք՝ Սյունիքի մասին խոսելու մոսկվահայ լսարանի համար։

Քանի որ հարմար չէր Նյու Յորքից Երևան վերադարձին մեկ-երկու օր մնալ Մոսկվայում, որոշեցինք այդ հանդիպումը թողնմել ավելի հարմար առիթի։ Մեկ շաբաթ չէր անցել, երբ Վահեն գրեց, որ կարող է կազմակերպել իմ այցելությունը։ Դեկտեմբերի 18-ին մեկնեցի Մոսկվա։

Վահե Ավանեսյանի հետ՝ Կարմիր հրապարակում

Շերեմետևոյում դիմավորեց Վահեն։ Հյուրանոցում մի քանի ժամ հանգստանալուց հետո մեկնեցինք Արարատ պարկ Հայաթ հյուրանոց, որտեղ նույն օրը նախատեսված էր Ռուսաստանի հայերի միության «Согласие» տարեկան մրցանակաբաշխությունը։ Նախքան միջոցառումը, որին ներկա էին բազմաթիվ նշանավոր ռուսահայեր, հարցազրույց ունեցա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։

Երեկոյան Վահեի, նրա տիկնոջ՝ Լաուրայի ու Արամ Հունանյանի հետ զբոսնեցինք Մոսկվայի կենտրոնում՝ Կարմիր հրապարակում։ Հաճելի երեկո էր, ընդամենը մինուս 2 աստիճան, ձյուն, շուրջբոլորը՝ ռուսական գույներ։ Վերջին անգամ Մոսկվայում եղել էի 2015-ի ամռանը։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 19-ի կեսօրին, Ռուսաստանի հայերի միության շենքում տեղի ունեցավ հանդիպում-քննարկումը՝ «Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը, վտանգի տակ»։ Հանդիպում-քննարկումից հետո շրջեցինք Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքում, ընթրեցինք Մոսկվայի հայկական ճաշարաններից մեկում, ապա Վահեն ինձ հասցրեց Շերեմետևո օդանավակայան։

Թաթուլ Հակոբյան

Երևան-Մոսկվա-Նյու Յորք-Բոստոն-Կոլամբուս-Քլիվլենդ-Լոս Անջելես-Չիկագո-Քլիվլենդ-Նյու Ջերսի-Նյու Յորք-Մոսկվա-Երևան