Հայ-թուրքական պաշտոնական առաջին շփումները. 1991 թվական

1565

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից

Խորհրդային Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Եղիազարյանը 1990թ. դեկտեմբերի կեսերին Անկարայում էր: Սա դեպի անկախություն ձգտող պետության բարձրաստիճան առաջին դիվանագետի այցն էր հարևան երկիր: Դեռ Խորհրդային Միության մաս համարվող մի քանի հանրապետությունների արտգործնախարարների և ԽՍՀՄ փոխարտգործնախարարի հետ Եղիազարյանը մասնակցում էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Անկարայի առաջին հիմնադիր խորհրդաժողովին:

Եղիազարյանը հիշում է. ՙՎերջին օրը, պաշտոնական ճաշից առաջ, դուրս եկա փողոց: Զգացումը, որ մտնում ես թշնամու երկիր, ցնցող բան է: Թուրքիան մեզ համար մութ էր, առեղծվածային: Մտածում էի, որ եկել եմ իմ ազգի դահիճների երկիր, նրանց մայրաքաղաք: Հետաքրքիր էր առաջին տպավորությունը, երբ քայլում էի փողոցում. ժողովուրդը մաքուր, բարեկեցիկ հագնված էր, ինչպես մեր մոտ 50-60-ականներին, կանանց մի մասը` գլխաշորերով: Ավտոբուսի կանգառում տեսա, որ մարգարտաշար մի հիսուն մարդ կանգնած է: Ավտոբուսը եկավ, դիմացի դռնից մարդիկ իջան, հետևից բարձրացան: Ապշեցի, սա Թուրքիա՞ն է: Հանկարծ խելահեղ մի ճայթյուն լսվեց` մոլլայի կանչը: Ես մինչև այդ մուսուլմանական երկրում չէի եղել և ուղղակի ցնցվեցի: Քարացա, կանգնեցի, թվում էր, թե ժողովուրդը հիմա կչոքի, կսկսի աղոթել, բայց ոչ մեկը ուշադրություն չդարձրեց: Միայն խանութի անկյունում գեղջկական տեսքով մեկին տեսա, ով փոքրիկ խալին գցած, աղոթում էր: Այսպիսին էր առաջին հանդիպումը մի երկրի հետ, որը մեզ համար շատ ծանր ու տխուր հիշողություններ է արթնացնում՚:

Թուրքիա մեկնելուց առաջ Եղիազարյանը հանդիպել էր Հայաստանի խորհրդարանի նախագահի և վարչապետի հետ: Մոսկվայում` Անկարայի ճանապարհին, Եղիազարյանը զրուցեց ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալի հետ. ՙԽոսեցինք Կովկասում, Արևելքում ընդհանուր իրավիճակի, Թուրքիա-Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին: Վուրալն ասաց, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, եթե Երևանը սփյուռքին թելադրի հրաժարվել ցեղասպանության ճանաչումը հետապնդելուց, ինչպես նաև` Հայաստան-Թուրքիա սահմանները ճանաչի: Վուրալն ասաց, որ կարող է հանդիպումները կազմակերպել Թուրքիայի նախագահի, արտգործնախարարի, Մեջլիսի ղեկավարի հետ: Ասացի, որ դա մեր այցի խնդիրների մեջ չի մտնում: Վերջում նրան նվիրեցի ալբոմ, որի մեջ կար Ծիծեռնակաբերդի հսկայական գունավոր նկարը, երբ հախուռն բազմությունը գնում է դեպի ցեղասպանության հուշարձան՚:

Հայաստան վերադառնալուց որոշ ժամանակ անց Եղիազարյանը զանգահարում է Վուրալին և նրան հրավիրում Հայաստան` տեղում քննարկելու սահմանային առևտրի և այլ խնդիրներ: 1991-ի ապրիլին Վուրալը այցելեց Հայաստան: Բայց դա Վուրալի առաջին այցը և շփումները չէր Հայաստանի ու հայերի հետ:

1990թ. մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վախճանվել էր Պոլսի Հայոց պատրիարք Շնորք Արք. Գալուստյանը: Նրա մարմինը Ստամբուլ տեղափոխելու նպատակով Ներսես արք. Պոզապալյանի միջնորդությամբ Սուրբ Էջմիածինը հրավեր էր ուղարկել Վուրալին, և թուրք դեսպանը խոստացել էր ընթացք տալ:

Տարիներ անց Վուրալը ՙԹարաֆ՚ թերթի հետ զրույցում ասել է. ՙԱյն ժամանակ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններ չկային, Հայաստանը Խորհրդային Միության հանրապետություններից էր: Որպես Մոսկվայում Թուրքիայի դեսպան, այն իմ իրավասությունների շրջանակում էր, ինչպես մյուս հանրապետությունները: Պատրիարքի հոգեհանգստի արարողություն տեղի ունեցավ Մոսկվայի հայկական եկեղեցում: Ես մասնակցեցի արարողությանը` ի զարմանս այնտեղ ներկա հայերի: Դա իմ առաջին շփումն էր հայերի հետ որպես դեսպան՚:

Մոտ մեկ տարի անց Վուրալը կրկին Հայաստանում էր: 1991թ. ապրիլին հինգ թուրք պաշտոնյաների ու մամուլի ներկայացուցիչների հետ նա այցելեց Մայր Աթոռ, զրույց ունեցավ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի հետ: Հյուրերը շրջել էին Վեհարանում, տեսել գանձարանը: Վեհափառը Վուրալին նվիրել էր հայ եկեղեցու մասին ալբոմ, իսկ դեսպանը Սուրբ Էջմիածնի հուշամատյանի մեջ ստորագրել բարեկամական ջերմ տողեր:

Հայաստան երկրորդ այցի ընթացքում դեսպան Վուրալին ընդունեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Վուրալը նաև այցելեց Հայաստան-Թուրքիա սահման:

Եղիազարյանը հիշում է. ՙԴեսպան Վուրալի հետ գնացինք Մարգարա: Նեղլիկ կամուրջ է, 6-7 մետր լայնությամբ: Թուրքերի կողմից կամուրջից մոտ 20-30 մետր հեռավորության վրա տաղավարն է, ժամապահը զգաստ կանգնած էր` սպիտակ սաղավարտով, մուգ կապույտ շորերով, սպիտակ գոտիով: Մեր կողմից` կամրջին մոտ, կիսավարտ մեծ շինություն կա: Ասացինք, որ սա արագ կերպով ավարտին կհասցվի, այստեղ մեր անցակետը կլինի: Վերադարձանք Երևան, Վուրալը տպավորված մեկնեց՚:

Վուրալն այսպես մեկնաբանեց իր այցը. ՙՀանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ հույժ կարևոր նշանակություն ունեն և իրականացվել են ճիշտ ժամանակին: Մենք չենք կարող չնկատել այն ձեռքը, որ հակառակ մեր գրաված տատանողական դիրքին, հաշտությամբ մեզ էին մեկնել՚:

Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում Վուրալը նշել է, որ Թուրքիան պատրաստ է աշխուժացնել կապերը Հայաստանի հետ տնտեսության, կոմունիկացիաների, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում, մասնավորապես Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական հուշարձանների պահպանության հարցում: Տեր-Պետրոսյանը ասել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցություններ սկսել սահմանակից բոլոր պետությունների, այդ թվում` Թուրքիայի հետ առևտրի, տնտեսության, զբոսաշրջության բնագավառներում փոխադարձ կապերն աշխուժացնելու ուղղությամբ՚:

Վուրալը այցից տարիներ անց ասել է. ՙԵս Տեր-Պետրոսյանի հետ ունեցա երկար ու օգտակար զրույց թուրք-հայկական հարաբերությունների զարգացման ուղիների և մեր երկու ժողովուրդների միջև թշնամության ցրելու շուրջ: Նա ասաց. ՙԵս չեմ կարող մոռանալ անցյալի տառապանքները, բայց ես չեմ ուզում մնալ անցյալում: Որպես պատասխանատու պետական անձ, պետք է մտածեմ իմ թոռների ապագայի մասին: Ես անկեղծորեն ցանկություն ունեմ զարգացնելու հարաբերությունները Թուրքիայի հետ՚: Այդ ժամանակ Թուրքիան անհանգստացած էր Հայաստանի Անկախության հռչակագիրից՚:

Վուրալը նկատի ուներ հռչակագրի այն կետը, որում ասվում էր. ՙՀայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին՚:

Թուրք դեսպանի Հայաստան այցին Դաշնակցության արձագանքը, հատկապես կուսակցական մի քանի թերթերի, կոշտ էր: ՙՀայրենիք՚-ի ապրիլի 13-ի համարում ասվում էր. ՙՀՀՇ իշխանությունը խաչ է քաշում Թուրքիայից մեր ունեցած պահանջների վրա: Նման անպատասխանատու քայլով Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ն անբուժելի վնաս են հասցնում Հայաստանի և հայ ժողովրդի գերագույն շահերին, իշխանությանը տիրացած լինելու գինովության մեջ փորձում են խորտակել Միացյալ, Ազատ ու Անկախ Հայաստանի տեսլականը՚:

1991թ. ապրիլի 24-ին ՙՋումհուրիյեթ՚ թերթում տպագրվեց հարցազրույց Տեր-Պետրոսյանի հետ: ՙՇատ դժվար է ասել, թե առաջիկայում ինչ ընթացք կստանան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, որոնց զարգացումը բացառապես կախում ունի կառավարությունների փոխադարձ վերաբերմունքից՚,- ասել է Տեր-Պետրոսյանը: Թուրքիայից տարածքային պահանջատիրության հարցին ի պատասխան` Գերագույն խորհրդի նախագահն ասել էր. ՙՀողային խնդիրը շատ զգայուն է: Հայաստանի խորհրդարանի կողմից 1915թ. իրադարձությունը իբրև ցեղասպանություն բնորոշելով հողային պահանջի հատուկ որևէ տրամադրություն գոյություն չունի: Այս պահին քաղաքական հարցերը օրակարգ բերելու պահանջ չունենք՚:

Ապրիլի կեսերին Ստամբուլ մեկնեցին հայ գործարարներ` ներկայացնելու Հայաստանի արտադրանքը: Նրանց թվում էր Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի եղբայր Թելման Տեր-Պետրոսյանը:


Այս հատորը կարելի է ձեռք բերել Երևանի գրախանութներում և Հայաստանի գրադարաններում

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: