ՀՅԴ – Իթթիհատ (Երիտթուրքեր) համագործակցությունը. 1907թ դեկտեմբեր

4144

1907 թ. դեկտեմբերին Փարիզում կայացած վեհաժողովում
Իթթիհատի ներկայացուցիչները Հայ հեղափոխական դաշնակցություն
կուսակցության, արաբական, հրեական ու մակեդոնական կոմիտեների հետ
համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով
տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու
խնդիրների շուրջ:

Ամբողջական հոդվածը կարդալ՝ http://lraber.asj-oa.am/6345/1/2014-3(86).pdf

1908 Թ. ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ն. Մ.

Հայ պատմագիտության մեջ տիրապետող է այն տեսակետը, թե «Իթթիհատ
վե թերաքքը» (Միություն և առաջադիմություն) կոմիտեն, համագործակցելով
Օսմանյան կայսրության ընդդիմադիր ուժերի հետ և գալով իշխանության,
ցույց է տվել իր ներքաղաքական իրական նպատակները միայն 1909 թ.
ապրիլին (կազմակերպելով և իրականացնելով Կիլիկիայի ջարդերը), իսկ
մինչ այդ, ոչ մի գործողությամբ կասկածի տակ չի դրել իր բարեկամական
վերաբերմունքը հայերի նկատմամբ:

Այս տեսակետի պնդումը պայմանավորված է Հայ հեղափոխական դաշնակցության և Իթթիհատի միջև կայացած բանակցություններով և 1908 թ. օսմանյան խորհրդարանի ընտրությունների թերի լուսաբանմամբ, քանի որ Իթթիհատն իր իրական նպատակները և գործելաոճը բացահայտորեն ցույց է տվել հենց խորհրդարանական
ընտրություններում:

Թուրքական արդի պատմագրությունը, ձեռքի տակ ունենալով արխիվային
նյութեր, շրջանցում է իրականությունը և փորձում ներկայացնել այդ շրջանի
դեպքերն ու իրադարձությունները գլխիվայր: Ըստ այդմ՝ հայերը գերակշիռ
դեր են ունեցել օսմանյան տնտեսության և առևտրի մեջ, սակայն չի նշվում
այն մասին, որ հայերն Օսմանյան կայսրության բնակչության շոշափելի մի
զանգվածն էին (մոտ 2 միլիոն) և զբաղեցնում էին ոչ պակաս շոշափելի տարածք (Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան, մի շարք հայաշատ քաղաքներ,
ինչպիսին էր հենց թուրք հեղինակի բերած օրինակը՝ Տրապիզոնը, որտեղից
պատգամավոր չունեցանք):

Տրապիզոնի նահանգում 150 արտահանողներից 127-ը, 166 ներկրողներից 144-ը հայեր են եղել, 9800 խանութպաններից 6800-ը նույնպես հայեր են եղել (Ungor U. U. and M. Polatel . Confiscation and Distraction, London, 2011, p. 18.) և այսպես տնտեսության բոլոր բնագավառներում:

Այսպիսով՝ օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների քանակը ակնհայտորեն տարբերվում է այն թվից, որը պետք է լիներ: Հևիհև գոյատևող
տերության տնտեսական բեռն իր ուսերին տանող հայ ժողովուրդը վերստին
խաբեության զոհ էր դառնում:

Ընդդիմադիր ուժերը Օսմանյան կայսրությունը վերջնական փլուզումից
փրկելու միջոց համարում էին սուլթան Աբդուլ Համիդի վարչակարգի
տապալումը: Հակասուլթանական շարժման գլուխ կանգնած էր դեռևս 1889 թ.
հիմնադրված «Իթթիհատ վե թերաքքը» կոմիտեն, որի անդամներին անվանում էին երիտասարդ թուրքեր կամ երիտթուրքեր:

Երիտթուրքերը հայ ազգային կուսակցություններին՝ Հայ հեղափոխական
դաշնակցություն և Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցություններին
առաջարկել էին միասնաբար պայքարել սուլթանական վարչակարգի դեմ:
Հնչակյանները հրաժարվեցին (Բյուզանդիոն, 29. XII. 1908) երիտթուրքերի հետ համագործակցությունից, որովհետև ինչպես իրենք էին նշել. «…Թուրք կոմիտեն պայման կը դնէր ազգային ամեն մասնավոր պահանջում մէկդի ընել, և համաձայնիլ Միության և Առաջադիմության Օսմանյան ծրագրին վրա (ի դեպ, այդ ծրագիրը ոչինչ
չէր խոստանում հայ բնակչության անձի, գույքի ապահովության մասին,
այնտեղ խոսքը միայն խորհրդարան կազմելու և սահմանադրություն
հռչակելու մասին էր):

Այսինքն՝ սկզբից ևեթ Իթթիհատը պարզ հասկացնում էր, որ չի պատրաստվում կամ չունի որևէ ծրագիր, համաձայն որի հայկական վիլայեթներում սոցիալ-տնտեսական կամ վարչական բարենորոգումներ կիրականացվեին:

Մինչդեռ Դաշնակցությունը, անտեսելով իր կուսակցության մի ստվար հատվածի հորդորները երիտթուրքերին չվստահելու վերաբերյալ, ընդունել էր համագործակցության առաջարկը՝ պատճառաբանելով, որ իրենք նախընտրել են չմերժել թուրքերի մեկնած ձեռքը և առաջնային նպատակ են համարել համիդյան վարչակարգի տապալումը:(Բյուզանդիոն, 29. XII. 1908):

Ի վերջո՝ 1907 թ. դեկտեմբերին Փարիզում կայացած վեհաժողովում
Իթթիհատի ներկայացուցիչները Հայ հեղափոխական դաշնակցություն
կուսակցության, արաբական, հրեական ու մակեդոնական կոմիտեների հետ
համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով
տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու
խնդիրների շուրջ և այդ առիթով ներկայացրին իրենց երեք հիմնական
պահանջները.

1. Աբդուլ Համիդի գահընկեցությունը,

2. ներկա վարչակարգի արմատական փոփոխությունը,

3. մի ներկայացուցչական վարչակարգի հաստատումը: (Լեո, Անցյալից, Ե., 2009, էջ 206)

Երիտթուրքերը պարզորոշ հասկացրին դաշնակցականներին, որ հայերը
կարող են «այլ ժողովուրդների հետ համահավասար իրավունք» ստանալ և
ուրիշ ոչինչ: (Բայբուրդյան Վ., Օսմանյան կայսրության պատմություն, Ե., 2011, էջ 600)

Չնայած Փարիզի վեհաժողովում դաշնակից ուժերի միջև եղած
տարակարծություններին, այնուամենայնիվ, համիդյան վարչակարգի
նկատմամբ ատելությունը միավորեց քաղաքական ուժերը: (Բայբուրդյան Վ., Օսմանյան կայսրության պատմություն, Ե., 2011, էջ 600)

Իրականում, 1907 թ. դեկտեմբերի 27-29-ի (1908 թ. հունվարի 8-10)
հայտարարությունը ցույց էր տալիս, որ երիտթուրքերի կուսակցությունն
անշարժ կանգնած էր այն նույն տեղում, որտեղ 1876 թ. հաստատվել էր նրա
նախահայրը՝ Միդհատ փաշան: Նրանք ոչ մի առաջադիմություն չէին
արձանագրել: Փրկության միակ միջոց դիտվում էր պառլամենտարիզմը: (Լեո, նշվ. աշխ., էջ 208)

Ուշադրություն չէր դարձվում դրա բովանդակությանը: Ավելին,
կուսակցությունների համագործակցությունը շատ կարճ տևեց, ընդամենը մի
քանի ամիս: Իրականում գործում էր ամենահզոր ընդդիմադիր ուժը՝
երիտթուրքական կուսակցությունը, որը ոչ մի լուրջ հարցում, հատկապես
հայկական բարենորոգումների հարցում, առաջադիմություն չուներ: Ավելին,
Հայկական հարցի լուծման բնագավառում նա դարձավ Աբդուլ Համիդի
ջերմեռանդ աշակերտը: (Լեո, նշվ. աշխ., էջ 209)

Աբդուլ Համիդի միահեծան կառավարմանը վերջ տալու համար մղվող
պայքարը շուտով դրվեց գործնական հողի վրա: Դրա համար ազդակ
հանդիսացավ Մակեդոնիայում կառուցվող երկաթուղին, որը, ըստ սուլթանի,
նպատակ ուներ ամրապնդել թուրք-գերմանական դաշինքը: Սակայն
թուրքական ընդդիմադիր ուժերը համոզված էին, որ սա Մակեդոնիային
տանում էր «գերմանիզացման», որը կանջատեր այդ երկիրը Օսմանյան
կայսրությունից:

1908 թ. հուլիսին Մակեդոնիայում տեղակայված թուրքական գնդերը
սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ ապստամբում են: Սուլթան
Աբդուլ Համիդի ուղարկած պատժիչ ուժերը, որոնք իթթիհատականների
քարոզչության ազդեցության ներքո էին, նույնպես ապստամբում են: Սուլթան
Աբդուլ Համիդ Երկրորդն իր գահը փրկելու համար համաձայնում է
ընդդիմության պահանջին՝ երկրում սահմանադրական կարգեր
հաստատելու: Այսպիսով՝ Օսմանյան կայսրությունում տեղի է ունենում
պետական հեղաշրջում, որից հետո սուլթանի իշխանությունը կրում է
ձևական բնույթ: Երկրում փաստացի իշխանությունը կենտրոնանում է երիտթուրք պարագլուխների ձեռքում: Օսմանյան կայսրությունը հռչակվում է
սահմանադրական միապետություն:

Երիտթուրքական հեղաշրջումից հետո Օսմանյան կայսրությունում իր
քաղաքական գործունեությունը իրականացրեց նաև Հայ հեղափոխական
դաշնակցություն կուսակցությունը:

Մի շարք ազդեցիկ դաշնակցական գործիչներ, հատկապես Անդրանիկը և
Ռուբենը, թերահավատորեն էին վերաբերվում երիտթուրքերի «Ազատություն,
հավասարություն, եղբայրություն» կարգախոսին: Դեռ 1908 թ. Ռուբենը
Արամին հյուրընկալված օրերին նրան հուշում է. «Դու զինաթափ չպիտի
մնաս, և քու հավաքած զենքերը քեզ պիտի վերադարձվին,
սահմանադրության իսկ պաշտպանության համար: Եթե սահմանադրական կառավարությունը վստահի և վերադարձնե, լավ: Եթե չվերադարձնե, ուրեմն
անվստահելի է, և մենք ալ տարբերություն չպիտի դնենք հին ու նոր ռեժիմների միջև»: (Ներսիսյան Ա., Ռուբեն, Ե., 2007, էջ 127):

Այնուամենայնիվ, սկզբում ՀՅԴ-ն համագործակցեց իթթիհատականների
հետ: Հրաժարվելով դրսի միջամտությունից՝ Հայկական հարցի լուծումը նա
փորձեց կապել սահմանադրական միապետության ժողովրդավարացման
հետ՝ որպես երկրի ներքին խնդիր: ՀՅԴ-ն իր մասնակցությունն էր բերել
երիտթուրքերի հաղթանակին և սահմանադրության շրջանակներում
գործելու հնարավորություն ձեռք բերեց, որն էլ վերջնականապես
հաստատվեց 1908 թ. օգոստոսին՝ Կ.Պոլսում երիտթուրքերի և Սաբահեդինի
հետ կայացած խորհրդակցությունից հետո:

1908թ. սահմանադրության վերականգնման մասին լուրը մեծ
ուրախությամբ ընդունեցին հայերը, քանի որ նրանք «հաստատակամորեն
աջակցում էին նոր իրական օսմանյան պետության զարգացմանը»: (Мандельштам А. Лига Наций. Великие державы и Армянский вопрос, Е.,1981, с. 16)

Հեղաշրջումից հետո բոլորը ազատ արձակվեցին բանտերից: (Հարությունյան Ա., Երիտթուրքական հեղաշրջման արձագանքները Վանի նահանգում (1908 թ. հուլիս-օգոստոս)(Պատմաբանասիրական հանդես, 2010, – 3, էջ 49):

Մի պահ կարծես հայերը դարձել էին թուրքերի սիրելի հարևանները: Թուրք
պաշտոնյաները հարմար առիթը բաց չէին թողնում հայերի հանդեպ իրենց
համակրանքը արտահայտելու համար: (Հարությունյան Ա., Երիտթուրքական հեղաշրջման արձագանքները Վանի նահանգում (1908 թ. հուլիս-օգոստոս)(Պատմաբանասիրական հանդես, 2010, – 3, էջ 49):

Թուրք քաղաքացիական ու զինվորական բարձր պաշտոնյաները հայ գործիչների հետ այցելության էին գնում «ազատության համար զոհված նահատակներու
շիրիմներուն»: (Փափազյան Վ., Իմ հուշերը, հ. Ա. Բոստոն, 1950, էջ 598):

Հատկանշական է նաև այն, որ Իթթիհատ–Դաշնակցություն բանակցությունների շրջանակում իշխան Սաբահեդինի հետ ունեցած խորհրդակցությանը մասնակցող դոկտոր Ռեշիդ Նիհադը դաշնակցականների համար պահանջում էր ավելի լայն արտոնություններ, քան նրանք արդեն ստացել էին: (Записки Джемал-паши ,1913-1919гг., Тифлис, 1923, с. 208)

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե թուրքական իշխանությունները քաղաքական ինչ խորամանկ մոտեցում էին որդեգրել հայերի նկատմամբ:

Սահմանադրական պետություն ստեղծելու կարևորագույն առհավատչյաներից մեկն էլ օսմանյան խորհրդարանի ձևավորումն էր:

Խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին մեծամասնական
սկզբունքով: Յուրաքանչյուր 50.000 ընտրողին մեկ պատգամավոր: 75 հազար
ընտրողին արդեն տրվում էր 2 պատգամավոր ունենալու իրավունք: (Բյուզանդիոն, 23. XII.1908):

Ընտրական իրավունք ունեին միայն արական սեռի ներկայացուցիչները:

Շարունակելի