Ալաթոնի և Հովնանյանի չիրականացված ծրագիրը. Հայաստանը և Թուրքիան 1991-ին

1246

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից

1991թ. նոյեմբերի 11-ին կայացավ Հայաստանի առաջին նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանի երդման արարողությունը, որին ներկա էր նաև թուրքական խոշոր ՙԱլարկո՚ ընկերության տնօրեն Իցհակ Ալաթոնը:

Ալաթոնը իր տեղակալի և երկու թուրք լրագրողների հետ Անկարայից մեկնել էր Տրապիզոն, ապա Իգդիր և Ալիջան-Մարգարա սահմանը հատելով հասել Երևան: ՙԱզգ՚ թերթի հետ զրույցում Ալաթոնը նշում էր, որ անկախ Հայաստանը արտաքին աշխարհի հետ շփվելու համար ծով դուրս գալու կարիք ունի, իսկ ամենակարճ ճանապարհը Տրապիզոնն է:

ՙԵղանք նավահանգստում, ուսումնասիրեցինք և հանգեցինք այն եզրակացության, որ Տրապիզոնում մի նավամատույց հատկացնենք, որտեղ Հայաստանից փոխադրվող ապրանքը ենթարկվի բեռնման, իսկ ծովով ստացվող ապրանքները բեռնաթափվեն և բեռնատարներով տեղափոխվեն Հայաստան: Առաջին կոնկրետ արդյունքը լինելու է այն, որ ՙԱլարկո՚-ն մասնակցություն է ունենալու այդ ծրագրի իրագործմանը՚,- ասաց թուրք գործարարը:

Այս նախագծի ‎‎ֆինանսավորումը և իրականացումը ստանձնելու էին Հրայր Հովնանյանի ՙՀովսոնս քամփնի՚ և Ալաթոնի ՙԱլարկո հոլդինգ՚ ընկերությունները: Ալաթոնը և Հովնանյանը Մոսկվայում ստորագրեցին ՙՀովսոն-Ալարկո՚ համատեղ ընկերության հիմնադրման համաձայնագիր:

Սկզբնական շրջանում Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական շրջանակները շահագրգռություն էին ցուցաբերում Ալաթոնի ծրագրի հանդեպ: Թուրքիայի արտգործնախարար Սա‎ֆա Գիրեյը ասել է, որ Անկարան բարյացակամությամբ է նայում բոլոր հարևաններին, որոնք ՙհրաժարվում են թշնամանքից և ձգտում են բարեկամական հարաբերություններ ունենալ՚ թուրքերի հետ: ՙՄենք դրական ենք գնահատում հայկական կողմի ձեռնարկած քայլերը: Սա դրական է նաև մեր գործարարների համար, ովքեր ձգտում են ընդլայնել առևտրական գործունեությունն ու ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ՚:

Ավելի ուշ ՙՆյու Յորք թայմսը՚ գրեց, որ Ալաթոնի և Հովնանյանի ՙնախագիծը տապալվեց, երբ Ալաթոնը խիստ քննադատության էր ենթարկվում Հայաստանին օգնելու նպատակով Թուրքիայի ավանդական ախոյանի` ԱՄՆ հայկական լոբբիի հետ համագործակցելու մեջ՚:

1991թ. նոյեմբերի 9-ին Թուրքիան ճանաչեց Ադրբեջանի անկախությունը: Սեպտեմբերին նախագահ Օզալը շնորհավորել էր Այազ Մութալիբովին` նախագահ ընտրվելու առիթով: Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի վարչապետ Հասան Հասանովը Հռոմից վերադառնալու ճանապարհին Ստամբուլում հանդիպեց վարչապետ Մեսութ Յըլմազի հետ: Ստամբուլից նա մեկնեց Անկարա, ուր նոյեմբերի 4-ին հանդիպեց նախագահ Օզալի հետ: Թուրքիան ամուր հարաբերությունների հիմքեր էր գցում Հայաստանի մյուս հարևանի` Վրաստանի հետ նույնպես:

Հայաստանի դեպքում մոտեցումն այլ էր: Ճիշտ է, թուրքերը շարունակում էին հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերություններում վերջին շրջանում նշանակալի առաջընթաց կա, առկա է փոխըմբռնում, սակայն հայ-թուրքական տնտեսական համագործակցության ապագան ՙմթագնվում է Հայաստանի խորհրդարանում երբեմն հնչող տարածքային պահանջների խոսակցություններով՚:

1991թ. նոյեմբերին ՙՀայաստանի Հանրապետություն՚ թերթի հետ զրույցում Ռուսատանում Թուրքիայի դեսպան Վուրալը նշում էր. ՙԵթե պատգամավորները հստակ ճշտեն իրենց դիրքորոշումը գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ, ապա հարաբերությունների զարգացումն ավելի կաշխուժանա: Այժմ մենք քննարկում ենք Հայաստանի հետ սահմանային անցակետ բացելու հարցը: Մեր կողմից պաշտոնապես առաջարկվել է Երևանում ունենալ Թուրքիայի գլխավոր հյուպատոսարան: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ կնքել մշակութային և տնտեսական փոխհարաբերությունների համաձայնագրեր՚:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրք դեսպանն ասում էր, որ ՙայդ իրադարձությունների հիմնական պատճառը՚ հայերն էին, ովքեր Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ կռվում էին թուրքական բանակի դեմ` դառնալով երկրի ներսում ՙհինգերորդ շարասյուն՚: ՙԱյդ իրադարձությունները չի կարելի ցեղասպանություն որակել: Ողբերգական դեպքեր եղել են, սակայն թե ով է դրանց համար պատասխանատու, կորոշի պատմությունը: Մենք պատրաստ ենք այս հարցում համագործակցել Հայաստանի պատմաբանների հետ, մեր արխիվները բաց են՚:

Թուրքական կողմը, առաջին հերթին լրատվամիջոցները, սկսեցին տարածել հաղորդագրություններ, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նպատակով նախագահ Տեր-Պետրոսյանը Թուրքիային հավաստել է, որ Հայաստանը կարող է հրաժարվել դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը հիշատակող սգո միջոցառումներից, ընդ որում` իբր Հայաստանը պատրաստ է գնալ այդ քայլին պայմանով, եթե երկու պետությունների միջև հաստատվեն տնտեսական համագործակցության նպաստավոր պայմաններ, մասնավորապես` Հայաստանին թույլատրվի Թուրքիայի տարածքով բեռնափոխադրումներ կատարել:

1991թ. դեկտեմբերի 16-ին Անկարան, խորհրդային մի քանի այլ հանրապետությունների հետ ճանաչեց Հայաստանի անկախությունը, բոլորի հետ հաստատեց դիվանագիտական հարաբերություններ, բացի Երևանը: Դեկտեմբերի 24-ին վարչապետ Դեմիրելի` նախագահ Տեր-Պետրոսյանին հղված ուղերձում ասվում էր, որ Թուրքիան Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ կզարգացնի` համաձայն ԵԱՀԽ սկզբունքների: Դեմիրելը հորդորում էր ճանաչել պետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:

Խորհրդային Միության փլուզումից հետո թուրքական մամուլը սկսեց ավելի հաճախ գրել Հայաստանի, Կովկասի և խորհրդային թուրքալեզու հանրապետությունների մասին: Այս շրջանում Հայաստանին վերաբերող հոդվածների ճնշող մեծամասնության համար ընդհանուր էր մեկ բան. Թուրքիան շահագրգռված է Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ զարգացնել` առաջ քաշելով մի քանի փաստարկներ:

Առաջին, Հայաստանի հետ հնարավոր է կառուցել այնպիսի հարաբերություններ, որ նա չներգրավվի Թուրքիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված որևէ երկրի ռազմավարության մեջ և չօգտագործվի Թուրքիայի դեմ:

Երկրորդ, Հայաստանի հետ բնականոն հարաբերությունների զարգացումը կբացառի Թուրքիայի վրա արևմտյան տերությունների կողմից գործադրվող ճնշումը` կապված Հայոց ցեղասպանության հետ:

Երրորդ, Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը կարող է աշխուժացնել Թուրքիայի արևելյան նահանգների կյանքը: Միաժամանակ, անհանգստություն էր արտահայտվում արցախյան հակամարտության ծավալման կապակցությամբ, որի մեջ թուրքական կողմը միանշանակ կերպով մեղադրում էր Հայաստանին:

Թուրքիան ճանաչեց ՀՀ-ին, սակայն հրաժարվեց հաստատել դիվանագիտական հարաբերություններ` առաջ քաշելով նախապայմաններ: Փաստորեն, թուրքական կողմը ընտրեց Հայաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը` փորձելով օգտագործել Հայաստանի տնտեսական ու քաղաքական դժվարությունները` նրանից զիջումներ կորզելու նպատակով:


Այս հատորը կարելի է ձեռք բերել Երևանի գրախանութներում և Հայաստանի գրադարաններում:

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: