Զորակերտ գյուղի բնակչությունը 1886-1931 թվականներին. Ամասիայի շրջան

2944

Զորակերտ գյուղը գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Արփի լճի ջրամբարի հարևանությամբ՝ ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա, Արփի համայնքի կազմում:

Զորակերտը մարզկենտրոնից հեռու է 50 կմ, Երևանից՝ 170 կմ: Ըստ Շիրակի մարզպետարանի տվյալների՝ Զորակերտն այսօր ունի ունի շուրջ 30 տնտեսություն և 200 բնակչություն:

Նախկինում ունեցել է Բալըխլի կամ Պալըխլի անունը, 1991-ի ապրիլի 3-ին վերանվանվել է Զորակերտ:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Բալըխլին ունեցել է 205 բնակիչ:

Բալըխլին Աղբաբայի շրջանի կազմում եղել է Կարսի մարզում: Կարսի մարզը Ռուսաստանին է միացվել 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո: 1919թ. ապրիլից մինչև 1920թ. հոկտեմբեր Կարսի մարզը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության մաս: Երբ 1920-21 թթ. Կարսի մարզը անցավ Թուրքիային, մարզից միայն Աղբաբայի շրջանը մնաց Խորհրդային Հայաստանի մաս:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Բալըխլին ուներ 326 բնակիչ, բոլորը՝ իսլամ կամ ավելի ճիշտ՝ սուննի կարափափախ:

1908 և 1914 թվականների մարդահամարների համաձայն՝ գյուղն ունեցել է 372 և 474 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1922-ին Բալխըլին ունեցել է 119 բնակիչ, որից 107-ը՝ թրքո-թաթար, 12-ը նշված է “այլ” դասակարգման տակ:

1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Բալըխլին ուներ 195 բնակիչ, որից 17-ը՝ հայ, 178-ը՝ օսմանյան թուրք կամ ավելի ճիշտ՝ կարափափախ:

Զավեն Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Բալըխլին ուներ 205 բնակիչ, որից 8-ը՝ հայ, 171-ը նշված է “թուրքական խումբ” դասակարգման տակ, իսկ 26-ը՝ “այլ” դասակարգման տակ:

Քանի որ մարդահամարների մեթոդաբանությունը վերոնշյալ մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Բալխլի գյուղի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, թուրքական խումբ:

Խորհրդային Միության հաջորդ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականների մարդահամարների ժամանակ արդեն օգտագործվել է ադրբեջանցի անունը:

Խորհրդային Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական: Դրանցից ամենահայտնին Մեղրու շրջանի Նյուվադին էր՝ Արաքսի ափին:

Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:

Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները, այդ թվում Բալըխլիի բնակիչները, հեռացան հիմնականում 1988-ի վերջերին:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝