Ղարիբաշվիլին հույս ունի դրական դեր խաղաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում

189

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ մոտ ժամանակներս այցելելու է Ադրբեջան ու Հայաստան և հույս ունի դրական դեր խաղալ հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում:

«Վաղը ես կգնամ Բաքու: Հանդիպում կունենամ [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևի հետ, որին ես շատ եմ հարգում: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Ամենակարևորը` մենք վստահում ենք միմյանց: Երբ վստահություն կա երկրների և առաջնորդների միջև, ես կարծում եմ, որ բոլոր հարցերը պատշաճ կերպով կլուծվեն», – երեքշաբթի օրը ասել է Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ շարունակելով․ – «Ես նույն հարաբերություններն ունեմ պարոն [Հայաստանի վարչապետ Նիկոլ] Փաշինյանի հետ, ով մի քանի շաբաթ առաջ Թբիլիսիում էր: Ես նաև նախատեսում եմ մոտ ժամանակներս այցելել Հայաստան: Կարծում եմ, որ կարող եմ իմ ամբողջ էներգիան ներդնել [Երևանի և Բաքվի հարաբերությունների] կարգավորման մեջ և դրական դեր խաղալ »:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանի վարչապետը վաղը կմեկնի Բաքու

Ավելի վաղ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում իր ելույթում առաջարկել էր համաշխարհային առաջնորդներին «Խաղաղ հարևանության նախաձեռնություն»` Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Ինչպես նշել էր Վրաստանի վարչապետը, Թբիլիսին պատրաստ է ընդունել խաղաղության նախաձեռնության շրջանակներում առաջին հանդիպումը: Նրա խոսքով, նոր ձևաչափը կօգնի կառուցել երկխոսություն և կլինի գործնական լուծում տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում:

Դրանից հետո Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ստեղծել հարթակ Թբիլիսիում հայկական և ադրբեջանական կողմերի միջև բարձր մակարդակի շփումների համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ղարիբաշվիլին առաջարկել է հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումների պլատֆորմ ստեղծել Թբիլիսիում

Լիլիթ Հարությունյան

azatutyun