Կարսը և Նախիջևանը 1919-ին Անգլիան հանձնեց Հայաստանին. Ալեքսանդր Խատիսյան

2170
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2018-ին վերահրատարակության է պատրաստել Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն հրատարակել է Հայաստանում:

_______________________________

Ութերորդ գլուխ

Իմ վարչապետության շրջանը

  1. Արտաքին գործերի նախարարություն (նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, որ միևնույն ժամանակ վարչապետ էր): Արտաքին գործերի նախարարության քաղաքական աշխատանքը բաժանվում էր երկու մասի. Ա. աշխատանք Եվրոպայում, Բ. աշխատանք Կովկասում, հարևան պետությունների հետ:

Քաղաքական աշխատանքը Եվրոպայում վարում էր հանրապետության պատվիրակությունը: Նրա նպատակն էր հաջողեցնել Միացյալ Հայաստանի սահմանների որոշումը: Այս աշխատանքի արդյունքը եղավ այն, որ մի կողմից, փաստորեն, Հայաստանի անկախությունը ճանաչվեց 1920թ. հունվարին, մյուս կողմից Սևրի դաշնագիրը, որը ստորագրվեց 1920թ. օգոստոսի 10-ին դաշնակից պետությունների, Թուրքիայի և Հայաստանի կողմից և որը Հայաստանին տվեց հայտնի սահմանները՝ համաձայն Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնի իրավարարության: Այդ դաշնագիրը ոչ մի պետության կողմից չվավերացվեց, դրա փոխարեն կնքվեց Լոզանի դաշնագիրը:

Արտահայտվեց երկու ուղղություններով. Ա. բանակցություններ դաշնակից մեծ պետությունների ներկայացուցիչների հետ՝ ի դիմաց նրանց բարձր կոմիսարների և Բ. բանակցություններ հարևան երկրների կառավարությունների հետ՝ Վրաստան, Ադրբեջան, Հյուսիսային Կովկասի, Պարսկաստանի և Մակուի խանություն: Սրանից բացի հրահանգներ էին տրվում Փարիզի պատվիրակությանը:

Հարևանների հետ եղած բանակցությունների գլխավոր խնդիրներն էին՝ կովկասյան պետությունների սահմանների որոշումը, ապրանքների փոխանակության կազմակերպումը, երկաթուղային հաղորդակցության համաձայնեցումը, սահմանների բացումը հարաբերությունների և առևտրի համար, հպատակության [քաղաքացիության] խնդիրները, մեկ պետությունից մյուսը զանազան առարկաների արտահանման թույլտվությունները և, վերջապես, կովկասյան պետությունների միության՝ դաշնություն կազմելու խնդիրը:

Դաշնակիցների ներկայացուցիչների հետ բանակցությունները գլխավորապես վերաբերում էին կովկասյան պետությունների սահմանների որոշմանը: Հայաստանի սահմանները թուրքական գրավումից ազատելու և շուտափույթ հնարավորություն ստեղծելու թուրքահայ գաղթականներին Թուրքհայաստան վերադառնալու համար:

Սրանցից զատ, Մոսկվա մի պատվիրակություն էր ուղարկվել բոլշևիկների հետ բանակցություններ վարելու համար և փորձեր էին արվում թուրքերի հետ համաձայնության գալու համար:

Նախարարության ջանքերով նյութեր պատրստվեցին զորավար Հարբորդի առաքելության համար, ով նախագահ Վիլսոնի կողմից ուղարկվել էր մանդատների վերաբերյալ զեկուցում ներկայացնելու համար, անընդհատ կապ էր պահպանվում գնդապետ Հասկելի հետ Հայաստանին ալյուր և այլ նյութեր մատակարարելու և դրանք բաժանելու խնդրի վերաբերյալ:

Այդ բոլոր դիմումների արդյունքը եղավ Հայաստանի մաքրումը թուրքական գրավումից մինչև 1914 թվականի սահմանները՝ ներառելով և՛ Կարսի նահանգը, և՛ Նախիջևանը, որոնք պաշտոնապես հանձնվեցին Հայաստանի կառավարությանը անգլիական իշխանությունների կողմից՝ մասնակցությամբ անգլիական և հայկական զորքերի և համաձայն այն զինվորական-քաղաքական ծրագրի, որ մշակվել էր անգլիական հրամանատարության, հայկական զինվորական մասնագետների և կառավարության ներկայացուցիչների միացյալ խորհրդակցության արդյունքում:

Հարևանների հետ փոխադարձ համաձայնություն չէր կայացել, քանի որ մի կողմից Հայաստանը և Ադրբեջանը պահանջում էին Ղարաբաղ-Զանգեզուրի, Նախիջևան-Շարուրի և Քարվանսարայի շրջանները, մյուս կողմից Վրաստանը և Հայաստանը հավասարապես պահանջներ էին ներկայացնում Բորչալուի վիճելի շրջանի, Ախալքալաքի գավառի և Օլթի-Արդահանի շրջանների սահմանագծի մասին:

Այդ վեճերի առիթով գումարվեցին մի շարք խորհրդաժողովներ, որոնք համաձայնության չհանգեցին և որոնց հետևում էին նոր ապստամբություններ և պատերազմական գործողություններ և պարզվում էր, որ ապստամբենրի հետևում կանգնած են համապատասխան կառավարությունները:

Իբրև հետևանք ստեղծվեց չեզոք գոտի Բորչալուի գավառում և Ախալքալաքի գավառի ժամանակավոր գրավում վրացիների կողմից: Արդահան քաղաքով սհմանագիծ անցկացվեց, իսկ Զանգեզուրում շատ խախուտ գոյավիճակ հաստատվեց:

Կովկասյան հանրապետությունների սահմանների որոշման խնդիրներից բացի շատ աշխատանք էր կատարվում մի շարք այլ հարցերի կարգավորման ուղղությամբ, այն է՝ տրանզիտի, երկաթուղագծի նյութերից և արհեստանոցներից օգտվելու և Թիֆլիսում մնացած ռուսական պետական գույքի բաժանմանը և արհեստանոցներից օգտվելուն:

Հաջող լուծում ստացավ միայն հրետանական գույքի խնդիրը, իսկ մյուս հարստությունների վերաբերյալ նպաստավոր լուծում չհաջողվեց: Վագոնները և շոգեկառքերը նույնպես շատ անկանոն կերպով էին  նորոգվում Թիֆլիսի արհեստանոցներում:

Վրաստանում և Ադրբեջանում ապրող հայերի հպատակության խնդիրը մնաց բաց գործի չափազանց բարդության պատճառով, թեև այդ մասին բանակցություններ տեղի ունեցան: Բանակցությունների ընթացքում առանձին տեղ էր գրավում կովկասյան հանրապետությունների դաշնության և համադաշնության խնդիրը: Այս խնդիրը գլխավորապես առաջ էր քաշում Ադրբեջանի կառավարությունը, որը ջերմ պաշտպանություն էր գտնում նաև Հյուսիսային Կովկասի կառավարության կողմից: Հայաստանի կառավարությունը այդ ծրագրին մեծ վերապահությամբ էր մոտենում, գտնելով, որ նախապես պետք է լուծվեր սահմանների խնդիրը և տեղի ունենար Թուրքահայաստանի կցումը: Խնդիրը անցել է միայն զուտ նախնական արծարծման շրջանը և ոչ մի գործնական ձև չէր ընդունել:

Վարչական, քաղաքական խնդիրներից կառավարությունը իրագործել էր միայն հետևյալները. կազմակերպել էր հեռագրական գործակալություն, որը կցված էր ներքին գործերի նախարարությանը, սահմանել էր հյուպատոսություններ՝ Բաթում, Սուխում, Բաքու, հանձնարարելով իր Փարիզի պատվիրակությանը կազմակերպել ներկայացուցչություններ և հյուպատոսություններ Եվրոպայում:

Կազմակերպվել էր տեղեկատու բաժին, որը արձանագրում էր զանազան տեղերից ստացված տեղեկություններ և կազմվում էր տեղեկագրեր՝ իրազեկ պահելու իր բոլոր ներկայացուցիչներին հայկական գաղութների և Հայաստանի կացության մասին:

Դիվանագիտական ներկայացուցչություն ստեղծվեց Պարսկաստանում, այնտեղ ուղարկվեց դեսպան, բարեկամական հարաբերությունների մեջ մտավ Մակուի խանի հետ, որի մոտ ուղարկվեցին առանձին ներկայացուցիչներ առևտրական ձեռնարկների համար:

Երևանում կազմակերպվել էր մի շարք պատգամավորությունների ընդունելություն, որոնք Հայաստան էին գալիս՝ ծանոթանալու իրավիճակին և սկսելու առևտրական կապեր: Այդ բոլոր պատգամավորություններին տրվել են ընդարձակ տեղեկություններ Հայաստանի տնտեսական և քաղաքական վիճակի մասին: Թվենք մի քանիսը՝ իտալական առևտրական պատգամավորություն ծերակուտական Կոնտիի նախագահությամբ, Դոնի, Թերեք-Կուբանի կոզակների պատգամավորություն, զորավար Հարբորդի ամերիկյան պատգամավորություն, որի համար մեծահարուստ նյութեր պատրաստվեցին, ամերիկյան Նպաստամատույց կոմիտեի ներկայացուցիչներ՝ Վիքրի, Սմիդ, անգլիական Լորդ Մեյր Ֆընդի ներկայացուցիչներ՝ Հարքըրտ, անգլիական զինվորական հրամանատարության զանազան ներկայացուցիչներ՝ Արևելքի անգլիական ուժերի գլխավոր հրամանատար, զորավար Միլն, կովկասյան բարձր կոմիսարներ՝ կոմս Դը Մարթել, գնդապետ Գաբբա, զորավար Դեյվի, զորավար Քըրի, զորավար Թմսոն, զորավար Ուոքեր, ֆրանսիական գնդապետ Դեզնբրի, Պապի ներկայացուցիչ Դելֆուշ և այլն: Այդ բոլոր անձանց ընդունելության համար արտգործնախարարությունում կազմակերպվել էր առանձին բաժին:

Արտաքին գործերի նախարարության ղեկավարող գաղափարներն էին՝ Միացյալ Հայաստանի ստեղծումը՝ համաձայն կուսակցության և խորհրդարանի դաշնակցական ֆրակցիայի մշակած սահմանների, կողմնորոշում Արևմտա-եվրոպական դաշնակիցների կողմը, գլխավորապես Ամերիկայի մանդատի ձգտումը, կատարյալ անկախություն, բարեկամական հարաբերությունների հաստատում հարևանների հետ, թե մեծ, թե փոքր, այսինքն՝ Ռուսաստանի, Պարսկաստանի, Թուրքիայի և կովկասյան հանրապետությունների հետ, իհարկե, պահպանելով վերոհիշյալ պահանջները սահմանների և անկախության վերաբերյալ:

Ռուսաստանի հետ կապեր հաստատելու համար 1920թ. գարնանը Մոսկվա ուղարկվեց պատգամավորություն Լևոն Շանթի նախագահությամբ: Նրան տրված էին հետևյալ հրահանգները. Հայաստանի անկախության (ռուսական և թուրքական) ճանաչում Ռուսաստանի կողմից, աջակցություն նրան Թուրքիայի հետ հարաբերություններում և տրանզիտի իրավունք Հայաստանի վրայով: Նրանց աշխատանքների արդյունքը զեկուցվել է Համո Օհանջանյանի կառավարության օրոք: