Զանգեզուրի բնակչությունը Շահ Աբասից մինչև 1822-ը. Ստեփան Լիսիցյան

2231

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է հատվածներ Ստեփան Լիսիցյանի ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԱՅԵՐԸ աշխատությունից, որը հրատարակել է Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 1969 թվականին:

pers138700615349       download

1605-1606 թթ. Շահ-Աբասի հրամանով կատարած հայ բնակչության տեղահանությունը դեպի Պարսկաստանի խորքերը, դատարկեց հայերից գլխավորապես Այրարատյան դաշտի և նրան կից սարալանջերի մեծ մասը և գրեթե չշոշափեց Զանգեզուրը և այժմյան Լեռնային Ղարաբաղը: Այստեղ հայերի թիվը նույնիսկ որոշ չափով ավելացավ, քանի որ, օրինակ՝ Սևանա ավազանից մի քանի իշխանական տներ խույս տալով տեղահան անող պարսկական զորքերից՝ անցան Շահդաղի և Կոնգուրդաղի շղթաների մյուս կողմը, որտեղ հնագույն ժամանակներից առկա էր խիտ հայ բնակչություն և հաստատվեցին Փոքր Կովկասի հյուսիսային լանջերին:

Տեղահանությունից խույս տալու նույնպիսի ձգտումը երևի Նախիջևանի կողմի հայ բնակիչների մի հատվածին հարկադրեց փոխադրվել Քոչբեգի, Բիչենաղի՝ այժմ Սիսիանի և հարևան լեռնանցքներով Զանգեզուրի արևմտյան շրջանների հայ ազգաբնակությունը, մանավանդ Սիսիանի գավառում: Հայ բնակության այդ համեմատական խտությունն է առիթ տվել Իսրայել Օրուն դարավերջում, 1699 թվին, հռենոսյան կուրֆյուրստի, պապի ու հռոմեական կայսեր ծրագրի քննության համար մելիքների խորհրդակցությունը հրավիրելու Անգեղակոթում, Սիսիանի խոշոր գյուղում, այդտեղի մելիք Շաֆրազի տանը:

Հայաստանի ազատագրման այդ ծրագրի քննությունից հետո, ինչպես հայտնի է, մելիքների կողմից մի լիազորագիր տրվեց Իսրայել Օրուն, որին ստորագրել են տասը մելիքներ: Այդ ցուցակը ապացուցում է, թե ինչպիսի խոշոր թվով է ներկայացված եղել հայությունը XVII դ. վերջում ընդհանրապես ամբողջ գավառում:

Այդ հայաշատ միջավայրում է, որ ինչպես երկու դար առաջ Տաթևի դպրոցից դուրս եկած հոգևորականների մեջ էր հղացել Սիսից և Աղթամարից կրոնական կենտրոնը Վաղարշապատ տեղափոխելու և Էջմիածինում ընդհանուր հայոց կաթողիկոսություն վերականգնելու գաղափարը, այնպես էլ XVII դ. վերջերում այստեղ հղացավ նաև քաղաքական ազատագրման գաղափարը, ոչ միայն հղացավ, այլև առաջին փորձը արվեց այդ գաղափարի իրացման համար:

Զինված ազատագրական շարժումը Դավիթ Բեկի առաջնորդությամբ ծայր առավ Զանգեզուրում և սկզբում հաջողություն ունեցավ այն պատճառով, որ այդտեղի հայ բնակչությունը խոշոր զանգված էր կազմում, ֆեոդալական կազմակերպությամբ ներքուստ շաղկապված զանգված, մելիքական տների գլխավորությամբ դարերի ընթացքում իր ռազմական ունակությունն ու հմտությունը իր մեջ ուժեղ պահպանած զանգված:

Եղել են դեպքեր, որ այդ զանգվածի այս կամ այն հատվածը կրոնափոխ է եղել և մահմեդական կրոնն ընդունելով՝ կորցրել է նաև իր մայրենի լեզուն ու իր ազգային գիտակցությամբ ձուլվել է թաթարական ժողովրդի հետ:

Եղել են դեպքեր, երբ նույնիսկ մելիքական տների մեջ անհատներ և ամբողջ ընտանիքներ կրոնափոխության են դիմել: Բայց այս երևույթը Հայաստանի այս կողմերում երբեք չէ ստացել ընդարձակ ծավալ, ինչպես պարզվում է տեղում պահպանված ավանդություններից:

Հարկավ՝ պետք է չափազանցրած համարել զինված մարդկանց այն թիվը, որը ըստ կուրֆյուրստին ներկայացրած տեղեկությունների՝ Զանգեզուրը ի վիճակի էր տրամադրել որպես օգնական զորք կուրֆյուրստի բանակին նրա Անդրկովկաս արշավելու դեպքում: Այն է՝ իբր թե Մեծ Կապան գավառից, որտեղ կար յոթը մահալ՝ շրջան, հնարավոր էր ստանալ “60.000 մարդ առանց պատճառելու երկրին որևէ անհարմարություն և դժվարություն, որովհետև երկիրը շատ բազմամարդ էր և շատ քիչ անհավատներ ուներ”: Այդ գավառից չորս հոգի էր ձեռք քաշել Իսրայել Օրուն տրված վերոհիշյալ լիազորագրի տակ: Սիսիան գավառից կարելի էր հանել 6.000 մարդ: Սակայն տեղեկություններ տվողի այս թվերը անշուշտ վկայում են, որ Զանգեզուրը, և հատկապես նրա հարավային շրջանը՝ Կապանը, ուներ Հայաստանի հյուսիս-արևելյան կողմերում ամենախիտ հայ բնակչություն, քանի որ այդ կողմերի բոլոր 18 գավառների զինվորական ուժից՝ 192 հազարից, նա մենակ կարող էր տրամադրել 66 հազար կռվող, այսինքն՝ մի երրորդ մասը: Հասկանալի է, թե ինչու Դավիթ բեկը իր ապստամբական գործողությունները կենտրոնացրել էր առավելապես Կապանում:

Դավիթ Բեկի հաջորդը, նրա իշխանական պարտականությունները իր վրա ստանձնողը, Մխիթար սպարապետը, ինչպես հայտնի է, զուր սպասելով ռուսական օգնության, հարկադրված էր օսմանյան զորքերի ճնշման տակ նահանջել հյուսիս, դեպի Խնձորեսկ, որտեղ և դավաճանությամբ սպանվեց 1709 թ.: Հայերի ազատագրական այդ շարժման վիժումը սկիզբ դրեց այն հալածանքին, որին այնուհետև ենթարկվում էին մինչև վերջին համաշխարհային պատերազմը թե՛ Պարսկաստանի և թե՛ մանավանդ Տաճկաստանի սահմաններում ապրող հայերը:

Առաջին հերթին այդ հալածանքի զոհ դարձավ Ղարաբաղի և մասնավորապես Կապանի ու Սիսիանի հայ բնակչությունը, որպես ապստամբության անմիջական մասնակիցը: Այդ կոտորածների վկա Պետրոս դի Սարգիս Գիլանենցը, որը դրանց մասին տեղեկություն էր հաղորդում Մինաս վարդապետի միջոցով ռուսական կառավարությանը, գանգատվում էր, որ պարսիկ և օսմանցի մոլեռանդ ազգաբնակությունը մեղադրում է հայերին այն բանի մեջ, որ նրանց հայրենակիցներն են կանչել ռուսներին Պարսկաստան և այդպիսով ազատ ճանապարհ բաց արել նրանց համար թե դեպի Պարսկաստան և թե դեպի Տաճկաստան: Դրա համար նրանք վրեժ էին առնում հայերից:

Իր զեկույցներից մեկի մեջ Պետրոս դի Սարգիս Գիլանենցը գրում էր Մինաս վարդապետին` “Մեր խեղճ ողորմելի Հայոց ազկըն տիր շատ նեղութիւնումն այ: Գոխտան գավառ՝ որ ղզլբաշն այ թալանում և կերպ կերպ փսլինքանիան բերում գլուխներանին, որ նման չի ամենան խօսկն գրել, քաշկայ թե ես էլ մեռած լինի՝ որ չի լսէի: Ղափան էլ բի դաստուր որ նեղութիւնումն ան՝…. Ղզլբաշն ու օսմանլուն նոցա արընին յետնէն ան… Յավատայ, որ հայքն վարթարաֆ ելավ քանի պատճառիվ: Ա. ասում են՝ թե հայքն թամամ ջառթիլ պիտի, որ էս երկիրն վարթարաֆ արարին. էնպէս որ ըռուստն բերեն կոխեցին Ղզըլբաշի երկիրն… Գառան պես մոլորվել ան. Չնի թէ գայլն յափշտակի, վրայ նոցայ՝ դ. կողմն թշնամին բռնել այ”: “Խաբար արեկ թէ Ղզլբաշն գնացել այ Ղափանստան այ մտել: Ղափանայ խայերին որչանք սիլայ, բուսաթ, բարութ, գուլայ որ ելէլ այ՝ յինք ան առել”:

Ոչ միայն Կապանը, այլև Սիսիանը դարձավ մշտական հարձակումների ասպարեզ թե՛ պարսից ու օսմանցոց կանոնավոր զորքերի և թե՛ մոլեռանդ հրոսակների կողմից: Բնակչությունը տուժում էր ոչ միայն այս ավերմունքների հետևանքով, այլև սկսված արտագաղթի պատճառով, որին առանձնապես խրախույս էր լինում ռուսական կառավարությունը՝ կամենալով իր գրաված մերձկասպյան ծովեզրյա շրջանը լցնել հայ արհեստավոր և գյուղացի աշխատավորությունով, ոչ պակաս նաև զինվորական ունակություններ ունեցող հայ տարրերով: Ղարաբաղի, ընդհանրապես և մասնավորապես Կապանի ու Սիսիանի հայությունը ապստամբության շարժումների ժամանակ ապացուցել էր իր բարձր ռազմունակությունը: Այն րոպեից ի վեր, երբ պարզվեց, որ ռուսական կառավարությունը չի կարող նոր զինված ուժեր փոխադրել նորանվաճ Կասպից երկրները, մանավանդ որ օսմանցոնց հետ կապված պայմանագրի համաձայն ռուսական կառավարությունը հրաժարվել էր հայ և վրացի ապստամբներին օգնելուց, որդեն ինքը Պետրոս Մեծը, իսկ նրա մահից հետո՝ Եկատերինա I-ը ամեն կերպ աշխատում էին այդ կողմերի հայերին գաղթեցնել իրենց գրաված գավառները, չանսալով այդ ծրագրի դեմ մելիքների կողմից դժվարությունների մասին ներկայացրած առարկություններին:

Սիսիանն առանձնապես վնասվում էր Նախիջևանի կողմից ուղղված վրեժխնդիր հարձակումներից և սկսած արտագաղթից: Այդ է պատճառը, որ հաջորդ տասնամյակներում, երբ Փանահ-խանը ամուր նստեց Շուշիում և ամրանալով այդտեղի “Ղալայում” – Ղարաբաղի մելիքների թիկունքում՝ հիմնեց Ղարաբաղի խանությունը, նա մեծ արգելքների չհանդիպեց իր խանության սահմանները Ղարաբաղի լեռնաշղթայից դեպի հարավ ընդարձակելու և իրեն ենթարկելու համար Սիսիանի և Տաթևի՝ Բուն Զանգեզուրի մելիքներին, որոնց հողերը ունեին արդեն զգալիորեն նոսրացած հայ բնակչություն:

Անգեղակոթից սկսած մինչև Տեղ Եռաբլրի-Ուչթափալարի սարահարթի վրա և նրան կից Սյունիքի Հրաբխային բարձրավանդակի լանջերին ազատորեն տեղավորվում էին թաթարական և քրդական ցեղերի առաջնորդները: Այդ շրջանում Ղարաբաղի խաները բաժանում էին ընդարձակ հողեր իրենց սիրելիներին, և ռուսական տիրապետության հաստատվելու միջոցին այդտեղ արդեն զետեղված էին բազմաթիվ թաթարական և քրդական ձմեռանոցներ, որոնց  խոշոր ցուցակը արձանագրել է Անդրկովկասի վարչապետի կողմից ուղարկված մասնաժողովը Ղարաբաղի խանության բնակավայրերի իր նկարագրության մեջ:

Քրդական ցեղերը երևացել էին Կուր և Արաքս գետերի խառնուրդի շրջանում օսմանյան զորքերի առաջխաղացության հետ սերտ կապակցությամբ և այնուհետև չէին նահանջել կրկին դեպի իրենց հայրենի հարավային լեռնաստանը: Նրանք տեղավորվեցին իրենց մայր երկրին բնական-աշխարհագրական պայմաններով այնքան նման Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակի վրա, այնտեղ, որտեղ Խորհրդային իշխանության օրով շրջանը ստացավ Լեռնային Քուրդիստան (այժմյան Լաչինի և Քելբաջարի շրջանները. այդ շրջանների գլխավոր մասը այն ժամանակ կոչվում էր Քոլան) անունը՝ հարևան Լեռնային Ղարաբաղից տարբերվելու համար:

Սերտ կապ հաստատելով թաթարական շրջապատի հետ, մանավանդ ամառային ամիսներին, երբ Մուղանի դաշտից բարձրացող թաթար անասնապահները, գրեթե ամբողջովին թողնելով տաք ստորադիր տափաստանները, իրենց վրաններով ծածկում էին, ինչպես և այժմ, բարձրավանդակի ճոխ արոտավայրերը, քրդերը արագ մոռանում էին իրենց ավանդական սովորությունները և յուրացնում կրոնակից թաթարներից ոչ միայն լեզուն, այլև կենցաղային ձևերը: Մերձեցման այդ պրոցեսը արդեն բավականաչափ խորացած պիտի լիներ ռուսական կառավարության հաստատման նախօրյակին՝ գրեթե երեք սերունդների ժամանակամիջոցում և այնուհետև, մինչև այսօր էլ շարունակվելով, այնքան ծավալվել է, որ վերջին մարդահամարը հաճախ դժվարացել է որոշել՝ գրանցվողը թաթա՞ր է, թե՞ քուրդ: Տեղական քրդերի մեջ լեզվական և ազգագրական նյութեր ժողովող գիտաշխատողները շատ չնչին հետքեր են գտնում այստեղ հին քրդական առանձնահատկություններից:

Հայ բնակչության թվի նվազելը Սիսան և Կապան գավառներում Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունից հետո, անդրադառնում էր նաև հայ մելիքների ռազմական ուժի թուլացման վրա: XIX դ. սկզբներին, երբ Ղարաբաղի խանը իրեն ճանաչեց ռուսական կայսեր հպատակ և իր երկիրը ռուսական կայսրության հետ 1805 թ. միացած, մելիքների կազմակերպությունը կորցրել էր արդեն իր նախկին միասնությունն ու կազմակերպվածությունը: Բնակչության մեջ նստակյաց տնտեսության վարողների տոկոսը փոքրացել էր: Թաթար-քրդական քոչվոր տնտեսությունները սկսել էին տեղ-տեղ բացարձակորեն իշխել: Մելիքների ձեռքի տակ հավաքվող զինված մարդկանց թիվը զգալի կերպով փոքրացել էր:

XVIII դ. Սկզբում ամենախիտ հայ բնակչությունն ունեցող Կապանի գավառը մի հարուրամյակ անց ներկայացնում էր տխուր պատկեր: 1805 թվից հետո մինչև Գյուլիստանի դաշնագրությունը, երբ Չավնդուր (Օխչի, այժմ՝ Ողջի) գետը պետական սահման ճանաչվեց Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, Ղարադաղի և Պարսկական Մուղանի և Նախիջևանի կողմից կատարվող հրոսակային արշավանքները, որոնք բացարձակորեն խրախուսվում էին այդտեղի խաների կողմից, ոչ միայն կողոպտում էին Բերգուշետի, այժմյան Բարգուշատի, Կապանի և Չավնդուրի մահալների գյուղերը և քշում էին նրանց ոչխարն ու տավարը, այլև հանում տանում էին իրենց հետ այդ կողմերի բնակիչներին:

Թե Ղարաբաղի Մեհտի-Ղուլի խանն և թե սահմանի մոտ կանգնած փոքրաթիվ ռուսական կայազորը շարունակ խնդրում էին Անդրկովկասի կենտրոնական վարչությունից օժանդակ զորամասեր այդ հրոսակների չափալուներից (արշավանքներ, чапаулы) բնակչությունը պաշտպանելու համար:

Թեև Գյուլիստանի դաշնագրությունը կնքվելուց հետո մինչև 1822 թ. և Ղարաբաղի խանի փախչելը Պարսկաստան՝ այդ արշավանքները պակասել էին, բայց այդ միջոցին Ղարաբաղի Աբուլ-Ֆետի-խանը իր գործակալների միջոցով դրդում էր սահմանամերձ շրջանների թուրք գյուղացիներին՝ թողնելով ռուսական հողն ու իր կալվածքները (Օխչի չայից և Արաքսից հարավ) տեղափոխվել, այնպես, որ երբ վերացված խանական իշխանության փոխարեն նորակազմ Ղարաբաղի պրովինցիայի մեջ մտցվեց ռուսական վարչությունը, գավառի զանազան մասերից թուրք-թաթար բնակչության մի մասը հեռացած էր: Այդպիսով, Կապանը, Չավնդուրն ու Բերգուշետը բավականաչափ դատարկված էին ոչ միայն հայ, այլև թուրք տարրից: Այդ երևույթը շատ ակնառու կերպով արտացոված է Մոգիլևսկու և Երմոլով 2-րդի կազմած ցուցակագրության մեջ:

1805-1822 թթ. ժամանակաշրջանն այժմյան Զանգեզուրի համար ամենախառն շրջանն էր, անցողական շրջան, երբ հին պետական ձևը հիմնովին խախտված էր, իսկ նորը դեռ տարուբերումների մեջ էր և այնուհետև էլ մի երկու տասնամյակ մնում էր տարտամ, շփոթ և անձևակերպ վիճակի մեջ: Այդ ժամանակաշրջանում արդեն բոլորովին քայքայվել էին նաև երկրում հաստատված պաշտպանողական սիսեմը, ռազմական կետերի բնույթն ու դասավորությունը:

Լուսանկարում՝ Տաթևի վանական համալիրը