Զանգեզուրի բնակչության ծագումը. Ստեփան Լիսիցյան

4794

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է հատվածներ Ստեփան Լիսիցյանի ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԱՅԵՐԸ աշխատությունից, որը հրատարակել է Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 1969 թվականին:

pers138700615349       download

Պրոֆեսոր Արարատ Ղարիբյանի առաջարկած մեկնաբանությամբ ՝ ուրեմն Զանգեզուրի բնակչությաւոնը խառնուրդ է երկու ազգագրական տարրերի: Որո՞նք են այդ տարրերը, ո՞րն է հնագույնը, ինչպե՞ս է երևան եկել երկրորդ տարրը և որտեղի՞ց է ներս թափանցել: Շեշտելի է այստեղ այն, որ Ստեփաննոս Օրբելյանը միշտ իրարից առանձնացնում է տեղական իշխանական դասի մեջ Սիսակից և Հայկի ծագած տները և չի համարում, հակառակ Խորենացուն, Սիսակին Հայկ տոհմից՝ Գեղամից առաջացած: Արդյո՞ք հիմք կա այսպիսի հակադրության համար:

Ի՞նչ էթնիկ խմբին էին պատկանում հնագույն բնակիչները: Անշուշտ, նրա մարդաբանական առանձնահատկությունները պիտի պահպանված լինեն և ներկա բնակչության մեջ: Ինչ նոր տարրեր էլ ներթափանցած լինեն ավելի ուշ, երբեք չի կարելի այն կարծիքը պաշտպանել, իբր թե նորեկները իսպառ ոչնչացրել են նախկին բնակչությանը կամ բոլորովին դուրս են մղել նրան նրա բուն հայրենիքից: Զանգեզուրում էլ տեղի պիտի ունեցած լինի տեղացիների և եկվորների օրգանիկ միաձուլման պրոցեսը: Սովորաբար այդպիսի միախառնման միջոցին ավելի ուժեղ են հանդես գալիս տեղական շերտին պատկանող հատկանիշները, որպես տեղական աշխարհագրական պայմաններին դարերի ընթացքում ավելի հարմարվածներ: Կատարված պեղումների ժամանակ անհրաժեշտ զգուշությամբ չեն հանվել քարե և բրոնզե դարերի և ավելի ուշ ժամանակաշրջանների կմախքներն ու մասնավորապես գանգերը և մինչև այժմ բնականաբար անհնարին է եղել նրանց մարդաչափական հետազոտության ենթարկել և ապա համեմատել կենդանի մարդկանց վրայից վերցրած մարդաչափական տվյալների հետ:

Զանգեզուրում առաջին մարդաչափական աշխատանքները կատարել է Մերձավոր արևելքի ժողովուրդների մարդաբանական տիպերի հետազոտությամբ առանձնապես պարապած ֆրանսիացի գիտնական Էրնեստ Շանտրը, որը իր կնոջ ուղեկցությամբ 1890 թվի մայիսի վերջերին և հունիսի սկզբներին այցելել է Զանգեզուր և այդտեղ չափումներ կատարել: Սակայն առհասարակ հայաբնակ գավառներում նրա չափագրած 249 (39 կին և 210 այր մարդ) անհատներից ո՞րքանն են Զանգեզուրի երեք գավառակներում ապրողները, ի՞նչ միջին ցուցանիշներ է նա հանել նրանց նկատմամբ, արդյո՞ք տարբերություններ կան Սիսիանի, Զանգեզուրի, Գորիսի և Կապանի հնուց տեղացի բնակիչների մեջ՝ մի կողմ թողած ռուսական տիրապետության ժամանակ ուրիշ վայրերից (գլխավորապես Իրանից) այնտեղ վերահաստատված բնակիչներին: Այս կարևոր ճշտումները Շանտրը չի անում, հավանական է բավականաչափ տվյալներ հավաքած չլինելով: Իր հետազոտական ամփոփման մեջ, որը նա լույս է ընծայել Զանգեզուր-Մեղրի իր այցելությունից հետո, նա ընդգծում է առհասարակ հայկական տիպի միօրինակությունը ընդարձակ տերիտորիայի վրա և բնորոշում է տիպը որպես բրախիկեֆալ (hypsibrahicefale) լայնագլուխ, որը տալիս է տղամարդկանց գանգի համար միջինը 86,65 սմ, իսկ կանացի գանգի համար 84,65 (երկու սեռերի միջինը 85,55), գլուխը բարձր և կլոր, քիթը երկար (64,81), ուղիղ, հաճախ կորնթարդ, կախ ընկած՝ կլորացրած վերջածայրով, բերանը ավելի հաճախ մեծ քան փոքր, երեսի լայնությունը միջին (mesatifaciale), հասակը 167,00 սմ և շեշտում է, որ ուժեղ է հրեական հատկանիշների կրկնությունը, առանձնապես Երևանից մինչև Մեղրի: Սակայն թե ի՞նչ շեղումներ ունի Զանգեզուր-Ալանգյազի լեռնաշղթայից արևելք բնակվող հայկական տարրը ընդհանուր տիպից, այդ ամփոփման մեջ չի բերված:

Մեր գիտարշավների ժամանակ կատարած դիտողությունները թույլ են տալիս զանազանելու զանգեզուրյան տիպը Լոռվա տիպից մազերի ավելի մուգ գույնով, համեմատական կարճահասկությամբ, քթի ստորին մասի լայնությամբ, աչքերի մուգ շագանակագույն գույնով, խիտ հոնքերով: Այս հատկանիշներով նա ամենից ավելի մոտենում է Լեռնային Ղարաբաղի հայկական տիպին: Տվյալ մերձավորությունը ցայտուն կերպով դրսևորվում է և կենցաղային, մանավանդ զգեստի և բնակարանի, ձևերի և բարբառի մեջ:

Զանգեզուրի հայերի մարդաբանական բնութագրման համար կարող են օժանդակ կողմնակի նյութ ծառայել այն եզրակացությունները, որոնց հանգել է Մոսկվայի համալսարանին կից հիմնված Մարդաբանական ինստիտուտի ղեկավար պրոֆեսոր Վ. Վ. Բունակը՝ հենվելով 1928 և 1932 թթ. Ղարաբաղում և տարբեր ժամանակներում դրանից առաջ և հետո Հայաստանի այլ վայրերում, թե՛ Սովետական Հայաստանի սահմաններում, և թե՛ տաճկական գավառներում կատարած չափումների վրա: Նա իր չափագրական աշխատանքները սկսել է 1913 թ. : Համաշխարհային պատերազմի ժամանակ այցելած լինելով տաճկական գավառները, նա հնարավորություն է ունեցել հավաքել և Մոսկվա տեղափոխել հայրենի վայրերից տեղահան արած և ճանապարհին սովամահ եղած հայերի չորացած դիակներից իր վերցրած 178 գանգերը և նրանց վրա կատարել բազմակողմանի ուսումնասիրություններ, որոնց արդյունքները նա ամբողջացրել է իր 1927 թ. հրատարակած “Grania armenica”-“Հայկական գանգերը” գրքի մեջ: Այդ նյութի հիման վրա նա կառուցել է իր տեսությունը արմենոիդ մարդաբանական տիպի հիմնական հատկանիշների մասին, այդ տիպի տերիտորիալ տարածման և գենեզիսի՝ ծագման մասին: Ավելի ուշ, 1928-1935 թթ. նրա կատարած չափումները հանդիսանում են այդ եզրակացությունների լրացում և ճշտում, որ նա տալիս է իր վերջին, դեռևս ձեռագիր վիճակի մեջ մնացող աշխատության մեջ, որ ներկայացված է մեր թանգարանի Ազգագրական բաժնին:

Պրոֆեսոր Բունակը այն կարծիքին է, որ արմենոիդ, կամ ինչպես ինքն է անվանում ըստ տարածման տերիտորիայի՝ պոնտա-զագրոշյան մարդաբանական տիպը մի հատված է կազմում այն պամիրա-ալպյան ռասայի, որը տարածված է Միջերկրական ծովից մինչև Պամիր: Այդ հատվածը իր հատկանշական առանձնահատկություններով ամենացայտուն կերպով արտահայտված է Հայկական լեռնաշխարհում, թեև պատահում է նաև Փոքր Ասիայում, Հյուսիսային Միջագետքում և Պաղեստինում: Այստեղ նրա մեջ պարզ նշմարվում է երկու մարդաբանական տարրերի առկայությունը: Մեկը ավելի տարածված է լեռնաշխարհի արևմտյան շրջաններում և վերջին դարում հայ ժողովրդի զանազան խմբերի տեղափոխության հետևանքով երևան է գալիս շատ ակնբախ կերպով Ապարանի և Լենինականի հայերի մեջ: Դա թելադրում է պրոֆեսոր Բունակին այդ տարրը անվանել ապարանյան կամ արագածյան: Երկրորդ տարրը գերազանցորեն գերիշխում է լեռնաշխարհի արևելյան գավառներում՝ սկսած Վանա լճից մինչև Ղարաբաղ և այդ տարրը նա կոչում է վանյան: Մինչդեռ արագածյան տարրի գլխի ցուցանիշ է 84, վանյանինն է 86, մի առանձին խմբի մոտ նույնիսկ՝ 88: Այսպիսով, վանյան և նրա հետ ղարաբաղյան տարրը պատկանում է լայնագլուխ կամ բրախիկեֆալ, նույնիսկ գերլայնագլուխ՝ հիպեր-բրախիկեֆալ խմբին: Ընդունելով հայկական ամբողջ բնակչության համար միջին հասակը հավասար 165 սմ, պրոֆեսոր Բունակի կազմած աղյուսակին նայելով՝ պետք է եզրակացնել, որ Ղարաբաղում գերիշխում է 161,5-163,4 սմ հասակը: Այդ միջին հասակից ավելի կարճահասակների թիվը մեծ է, քան թե ավելի բարձրահասակներինը: Ղարաբաղում էլ, ինչպես Հայաստանի այլ գավառներում, իսկական բացգույն աչքերը չափազանց սակավաթիվ են և ընդհանրապես մուգ գույները այստեղ էլ գերիշխող են, այն է՝ շագանակագույն, կանաչ և բաց-շականակագույն երանգավորումը, բայց այստեղ ուրիշ գավառների հետ համեմատած՝ շատ ավելի մուգ: Գլխի մազերի գույնն այստեղ էլ շագանակագույն երանգավորում ունեցող սևն է կամ մուգ-շագանակագույնն է: Ուրիշ գավառների հետ համեմատած՝ շատ են սևահերները: Մորուքի և բեղերի մազերն ընդհանրապես գլխի մազերից ավելի շագանակագույն են: Ավելի մեծ տոկոս է կազմում միջին և ստորին երրորդական հատվածներում կորացող քիթը, ինչպես և հաստ շրթունքները:

Շատ հատկանշական է ղարաբաղյան՝ վանյան մարդաբանական տիպի այս շեշտակի տարբերությունն արևմտյանից, այսինքն՝ արագածյան-ապարանյանից, որը սակայն, պետք է անվանել բարձր հայքյան, քանի որ ապարանցի և լենինականցի հայերը հազիվ մի հարյուր տարի առաջ են գաղթած:

Զանգեզուրի և Լեռնային Ղարաբաղի բարբառների բնորոշ մերձավորությունը պետք է բացատրել ոչ միայն էթնիկ շերտի միանմանությամբ, այլ առավելապես առաջին, նախնական շերտի նույնությամբ:

Հետաքրքրական է, թե ինչպես էր բացատրում ժողովրդական ավանդությունը Զանգեզուրի և նրա հյուսիսից հարակից գավառների կուլտուրական փոխադարձ հարազատությունը: Այդ ավանդույթը հետևելով Ստեփաննոս Օրբելյան պատմագիրը, որը մի առանձին հպարտությամբ շարունակ հիշատակում է “Սիսական տոհմի, տան, ցեղի …” սխրագործությունները, այդ տոհմի նահապետ Սիսակի զավակներից է առաջ բերում ինչպես Ձագին, Ձագեձորի վրա իր անունը թողած նահապետին, այնպես էլ Եռանին կամ Առանին՝ Աղվանից նահապետին, որից և՛ Կուր, և՛ Արաքս գետահովիտները մինչև այսօր էլ տեղացիները կոչում են Առան:

“Անուն առաջնոյն (Սիսական տոհմին) Սիսակ կոչիւր: Ի զավակէ սոցա (Վաղարշակ թագավորն) ընտրեալ այր մի յոյժ արի և գեղեցիկ և քաղցր բարուք զԵռան (Առան) անուն և կարգէ նահապետ ի վերայ մեծ դաշտին Առանայ, յԵրասխայ մինչև ցՀունարակետ: Եվ վասն քաղցր բարուցն աղու ձայնէին զնա, որ և աշխարհն յանուն նորա Աղուանք (Աղվանք) կոչեցաւ: Ահա այս սակաւ մի տեղեկություն քեզ, զի գիտասցես զնոսա ոչ միայն Սիւնեաց, այլ և Աղվանիցն գոլ նախնի, նաև երիցագոյն քան զնոսա”: (Օրբէլեան Ստ., գլուխ Դ)

Այսպիսով, այս ավանդությունը Զանգեզուրի բնակիչներին ազգակից է համարում Առանի աղվաններին, որոնք տարածված են եղել նաև Կուր գետի աջափնյա դաշտում, այժմյան Դաշտային Ղարաբաղում և Գանձակի շրջանում՝ մինչև Ղազախ: Ըստ Մովսես Խորենացու գրանցած այլ ավանդության, այդ Սիսակը ստացել էր իր հայր Հայկազյան Գեղամ նահապետից:

“…ի ծովէն ընդ արևելս (Սևանա լճից – Ս. Լ.) մինչև ցդաշտ մի, որ գետն Երասխ հատեալ զքարանձաւս լերանց՝ անցանէ ընդ խոխոմաձիգս և նեղս, ահագին դընդընչմամբ իջանի ի դաշտն: Աստ բնակեալ Սիսակ, լնու շինությամբ զսահմանս բնակության իւրոյ. և զաշխարհն կոչէ իւրով անուամբ Սիւնիք. այլ Պարսք յըստակագոյն իսկ Սիսական կոչեն”:

Ըստ այս տարբերակի Սիսականները գրաված էին ամբողջ տարածությունը մինչև Արաքս և Մեղրու կիրճը, այսինքն և՛ Զանգեզուրը, և՛ Մեղրու շրջանը ներառյալ: Եթե Ստեփաննոս Օրբելյանը ընդգծում է Ձագի և Եռանի սերունդների ազգակցությունն ու Սիսակից սերված լինելը, ապա այսպիսով միասին Աղվանական էթնիկ խմբին պատկանելը: Բայց Աղուանք ասելով նա աչքի առաջ ունի Կուր գետի աջակողմյան հովիտը, որտեղ և այսօր հայ բնիկի ազգաբնակչության և՛ լեզվի, և՛ սովորությունների մեջ նշվում են շատ պարզորոշ նմանություններ Ղարաբաղ-Զանգեզուր աշխարհի հետ: Սա Անդրկովկասի այն շրջանն է, որտեղ սկյութա-կիմմերական ամբոխների ներխուժումից հետո առավելապես սակերն են հաստատվել: Մ. Խորենացին վերագրում է Սիսակին հայկազյան, ենթադրում է ըստ իս՝ ուրարտու-խալդական շերտի ծագումը: առաջին Հայկազյանների մասին Խորենացու պատմածն ամբողջապես արձագանք է ուրարտական ժամանակների իրադարձության մինչև Սկայորդին, որի անվան մեջ պարզորոշ նշմարվում է սակ արմատի առկայությունը: Մի այլ տեղ ես առիթ կունենամ ապացուցելու, որ այն, ինչ Մ. Խորենացին պատմում է առաջին Հայկազյանների մասին, ետնագույն հիշողություն է Վանա թագավորների ժամանակի դեպքերի: