Զանգեզուրի պաշտպանական կառուցվածքները. Ստեփան Լիսիցյան

2365

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է հատվածներ Ստեփան Լիսիցյանի ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԱՅԵՐԸ աշխատությունից, որը հրատարակել է Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 1969 թվականին:

Մաս 9

pers138700615349       download

Մելիքները 1725 թ. հուլիս 25-ի Պետրոս Մեծին ուղարկած մի գրության մեջ, որտեղ առարկում էին, թե ինչ դժվարությունների կարող են հանդիպել իրենք, եթե, ինչպես առաջարկվում էր ռուսական կառավարության կողմից, թողնեին իրենց երկիրն և ուզենային տեղափոխել ռուսների կողմից գրավված մերձկասպյան գավառները, առաջ էին քաշում այն պատճառաբանությունը, որ “Էրկրներս սարով և տեղով շատ ամուր են, և մենք այս խալղս ամենքն իւր էրկրումն սղնախ սղնախ եմք արել ամուր տեղերն և ամենքս մեկ սղնախին վերայ նստած պահում ենք”:

Եթե այդ ամրացած տեղերը թողնեն և իջնեն Կուրի դաշտավայրը, չեն կարողանա պատռել “չորս կողմերի էրկրներ առած օսմանցոնց” օղակը, “մեկ կողմն էլ ղզլպաշ են”: Սղնախներում, այսինքն բնականից ամուր տեղերում, վտանգի ժամանակ պաշտպանվելու տակտիկան հատուկ էր հենց հնուց Սիսական երկրին, ինչպես առհասարակ Հայկական լեռնաշխարհին:

Պատմագիր Ստեփաննոս Օրբելյանը՝ պարծենալով իր հայրենի Սիսական աշխարհով, որի մի մասն է կազմում այժմյան Զանգեզուրը, շեշտում է, որ միայն Կապանի (Բաղքի) սահմաններում կար 43 բերդ և ամբողջ երկրում բազմաթիվ են “…ամուրք անառիկք ի սմա որ ի մարդկան հնարից հեռացեալ են, բայց միայն թէ Տէր մատնեսցէ”:

Այս բերդերի մեծագույն մասը հենց սղնախներ պիտի լինեին՝ իրենց բնական դիրքով ապահով ապաստան ներկայացնող, որտեղ մարդու ձեռքի կառուցումների շատ քիչ կարիք կար: Այժմ երբեմն ժողովուրդը պարզորեն անվանում է դրանցից շատերը քերծ՝ դժվար մատչելի ժայռ: Կալա կամ ղալա են կոչվում այն պաշտպանական դիրքերը, որտեղ մարդու ձեռքով կառուցված ամրությունները քիչ թե շատ նշանավոր տեղ են գրավում: Այդ արհեստական ամրությունները չեն գրավում հետաքրքրվողների ուշադրությունն իրենց բարձր կառուցողական արհեստով: Մեծ մասամբ դրանք բնականից ամուր տեղ են, որտեղ պատերով փակված են այն կողմերը, ուր ժայռը կարող է մատչելի դառնալ մագլցող թշնամու համար: Մարդն իր հույսը դնում էր ժայռի գրեթե ուղղաձիգ կողերի անվերելանիության վրա: Ամեն մի քիչ թե շատ նշանավոր գյուղ ուներ վտանգի ժամանակ նահանջելու և պատսպարվելու այդպիսի սղնախ:

Մի այդպիսի անմատչելի, ուղղաձիգ կողեր ունեցող քարաժայռի վրա է գտնվում Հին Գորիս գյուղի Լաստ կոչվող խութը, ուր կարելի է բարձրանալ միայն մի կողմից, որտեղ և կառուցված են պաշտպանական պատեր: Գրեթե նույն բնույթն ունի նաև Խնձորեսկ գյուղի կալան, որտեղ դավաճանությամբ սպանվեց Դավիթ Բեկի հավատարիմ զինակիցը և նրա հաջորդը՝ Մխիթար սպարապետը, որը թաղված է նույն գյուղի հին տաճարի պարիսպների մոտ, դամբարանը զարդարված է սպարապետի ձիավոր պատկերով:

Որոտան (Բազարչայ) գետի աջ ափին, հենց Մելիք Թանգու կառուցած կամուրջի գլխին, այնտեղ, որտեղ անցնում է ճանապարհը Տաթևից դեպի Սիսիանի գլխավոր գյուղերը՝ Բռնակոթ, Սիսավան՝ այժմյան Սիսիան, Անգեղակոթ, ցցված է մի սեպ ժայռ, որի վրա տեղ-տեղ երևում են պատերի հետքեր: Դա հռչակավոր Որոտնա բերդն է, որը տեղացիք սխալմամբ կոչում են Դավիթ Բեկի բերդ: Դա իշխում է այն կետին, որտեղով հնարավոր է անցնել գետի մեկ ափից մյուսը: Ժայռի գլխին գտնված փոքր հրապարակը մատչելի է միայն գետի ափին հակառակ կողմից, թեև մեծ դժվարություններով. Այդտեղ է, որ հարկ է եղել մուտքը կապել պատով: Մի նման լեզվակի վրա, որտեղ երկու խոր ձորեր իրար կտրում են, երևում են հին պարիսպների հետքեր նաև Բարձրավան (Մազրա) գյուղի հյուսիսային կողմում: Նման ավերակ կառուցվածքներ, միայն հին վիճակի մասին ավելի գաղափար տվող՝ պահպանվել են Սիսիան գյուղի մոտ մի բլրի վրա: Այստեղ ապառաժոտ գագաթը երեք կողմից զառիթափ հատվում է: Միակ ճանապարհը արևելյան կողմից է: Պարզ որոշվում են կրկնակի պարիսպները, ջրի ավազանը, ուր ջուրը փողրակներով հասցրած է եղել հյուսիսային լեռներից: Դա սակայն ոչ միայն վտանգի ժամանակ ապաստանելու վայր է եղել, այլև մշտական բնակավար, ինչպես կարելի է եզրակացնել տների պատերի մնացորդներից:

Նույնանման բերդերից երկուսի մնացորդները պահպանվել են և Շաղաթ գյուղի մոտ: Մեկն ամրացնում էր երկու կից բլուրների գագաթները, մյուսը՝ նրանից ավելի հյուսիս՝ Քեչաբերդ սարի գլուխը: Ամրացված էին և Ուզ գյուղի հանդեպ հյուսիսային կողմում բարձրացող գագաթները, ինչպես և Վաղուդի գյուղի արևելյան կողմում խոր ձորի ափին բարձրացող մեծ լեռան գագաթը: Այս բոլոր բերդերի արհեստական մասերը կառուցված են շատ նախնական տեխնիկայով: Չկան տաշած քարով շարված պարիսպներ, ճարտարապետական առանձին նրբություններ, խնամքով ձևավորված բուրգեր: Դրանք մեծ և փոքր անտաշ քարերից զանգված պատեր են կիր ու ավազի ամուր շաղախով իրար հետ միաձուլված, որոնք անքակտելի կերպով կպցրած են քարաժայռերին, կարծես նրանց բնական մասը լինեն:

Անշուշտ դարերի ընթացքում անհրաժեշտությունը դրդած պիտի լինի այդ պաշտպանական կառույցների մեջ ընդհանուր նպատակներով շաղկապված սիստեմ հաստատելու և այդպիսի փոխադարձ օգնությունը դյուրացնելու: Այդ սիստեմը չի եղել նախօրոք գիտակցորեն մշակված պլան, այլ ինքնապաշտպանական միջոցին դարերի փորձով թելադրված կայուն ցանց, որը լրացնում էր առանձին ժայռերի գլխին վտանգի ժամանակ շտապ հիմնվող դիրքերի և ձորերում ապառաժոտ կողերի մեջ փորված քարանձավների, քրատակների, այդ պնդոցների ընձեռնած հարմարությունները: Ապագայի մանրազնին ուսումնասիրությանն է վերապահվում Զանգեզուրի զանազան ձորերում, հովիտներում, լեռնալանջերին, լեռնագագաթներին հայ բնակչության ինքնապաշտպանության միջոցին գրաված դիրքերի նկարագրությունը և նրանց մեջ մի ժամանակ հաստատված փոխադարձ կապակցության դրսևորումը: Դա կլիներ մի կարևոր էջ հայ ժողովրդի ռազմական արհեստի պատմության:

Առայժմ այդպիսի մի սիստեմի առկայությունը առանձնապես ցայտուն կերպով դրսևորվում է Ողջի (Օխչի) գետի հովտում, որտեղ պատմական Բաղք գավառում Սյունյաց թագավորների վերջին ներկայացուցիչները համառ կռիվներով կարողացան իրենց անկախությունը պաշտպանել ամեն կողմից սեղմող սելջուկյան օղակի մեջ մինչև 1170 թ: Այդ սիստեմով հեռատես կերպով դասավորված արհեստական ամրությունների օգնությամբ ամբողջանում էին այն պաշտպանական հարմարությունները, որ բնությունն էր այստեղ տրամադրում ազատություն սիրող մարդուն:

Եթե Ողջի (Օխչու) հովտի բերանին գետի աջ ափին զետեղված՝ Մելիք-Փարսադանյանների տոհմական հին ամրոցը՝ Հալիձորի բերդը, համարելու լինենք համեմատաբար ավելի նոր ժամանակների գործ, նրա ռազմական դերը հնում պետք է վերագրել նույն ձորի ձախ ափի բարձր դիրքին բազմած, այժմ Ղըրղալա կոչվող բերդին, որը գտնվում է գրեթե Հալիձորի բերդի դիմաց, Շահարջիկ գյուղին կից, որը Րաֆֆին իր “Դավիթ Բեկ” վեպի մեջ համարում է Ստեփաննոս Օրբելյանի հիշած Աչաղու գյուղը: Այդ բերդի ամրություններից դիտողի աչքի առջև բացվում է ամբողջ հովիտը, մի կողմից՝ մինչև այժմյան Կապանի պղնձահանքերը, մյուս կողմից՝ մինչև Ջրախորը, որտեղ կառուցված էր Կապան քաղաքը, գետահովտի նեղացող մասում, կապելով երթևեկությունը գետի հոսանքով վեր և վար: Այդ հեռուները, մանավանդ, լավ երևում են Ղըրղալայի գլխին բարձրացող աշտարակի վրայից՝ երևում է Բաղաբերդը, որի միջոցով հնարավոր էր, պայմանական նշաններով և այլ ձևերով, կապ պահպանել և՛ կենտրոնական հիմնական ամրոցի, և՛ ավելի խորը սփռված դիրքերի հետ: Ղըրղալան պսակում է մորեններով շրջապատված կոնաձև քարալեռան գագաթը: Մինչև այսօր կանգուն են նրա աշտարակավոր պարիսպները, նետաձգության համար թողած աչքերով, արևելյան և արևմտյան դռներով: Մեջտեղում ցրված են քարաշեն տների հիմքեր: Ջրամբարի ջուրը բերված էր հեռավոր աղբյուրներից: Բերդից ավելի արևմուտք պահպանվել է, շատ ավելի ավերված վիճակի մեջ, մի այլ բերդ՝ Ղըզղալան՝ Աղջկաբերդը: Տեղական ավանդությունը ասում է, որ իշխանահայրը բնակվելիս է եղել Ղըրղալայում, իսկ նրա գեղեցկադեմ աղջիկը՝ Ղըզղալայում: Աղջկան սիրահարված է եղել հարևան իշխանը, աղջիկն էլ նրան համակրելիս: Բայց մի առիթով այդ իշխանը դիպած է եղել հոր պատվին, և հայրը հակառակ է կանգնել նրանց ամուսնությանը: Աղջիկը օգնում է տղային իրեն փախցնելու: Այս առիթով աղջկա հոր և տղայի մեջ թշնամությունը փոխվել է բացարձակ պատերազմի: Տղայի զորքը կանգնել էր Բաղաբերդի դիմաց՝ լեռան գագաթի վրա: Աղջիկը տեսնում է, որ նա երբեք հաղթելու չէ հորը, գաղտնի հարաբերությունների մեջ է մտնում իր հոր հետ և իր ամուսնու գիտությամբ մի կերպ համոզում է նրան իր բերդը գալու տեսակցության՝ հորը և ամուսնուն հաշտեցնելու ծածուկ նպատակով: Սակայն այստեղ տղան հոր համառությամբ գրգռված սպանում է նրան: Այնուհետև երկու կողմերի մեջ կռիվը երկար է տևում: Թե՛ մեկ և թե՛ մյուս կողմից շատ մարդ է զոհվում, մեծ արյուն է թափվում: Կռվի դաշտը, որը ձորի խորքում է, այսօր էլ կոչվում է Ղանլի-Ղամին՝ Արյան արտ: Աղջիկը թողնում է Ղըզղալան և տեղափոխվում Ղըրալան: Երկու բերդերը դարեր շարունակ վտանգի օրերին պատսպարել են իրենց պարիսպների մեջ շրջակա գյուղացիներին:

Լավ ամրացված էր նաև Կապան քաղաքը: Նրա ամուր պարիսպներն ու աշտարակներն առիթ են տվել Ստեփաննոս Օրբելյանին կոչելու նրան “անառիկն ի մարդկանէ”: Նա միայն մի կողմից էր չպարսպապատված, այնտեղ որտեղ նա կպած էր ապառաժոտ լեռան, որտեղից “անհնարին գոլոյ մտից մարդկան”: Թշնամին 1103 թ. միայն սուրալով և քարից քար գնալով հանկարծակի հարձակումով կարողացավ այդտեղով իջնել “ընդ մեծ աւարի հեղեղատան ի քաղաքն, զի այն վայր ոչ էր պարսպափակ”՝ Ջհուտի թաղ կոչված քաղաքամասը, բանալ դեպի Խնձորի գլուխ բացվող դուռը և ներս թողնել հետևակներին: Թեև քաղաքը ավերման ենթարկվեց, “բայց ի բերդն ոչ ինչ կարացին ձեռնարկել, այլ գնացին անդրէն ի տեղի իւրեանց: Ահա այս իսկ եղև սկիզբն աւերման աշխարհին”…

Կապան քաղաքի խղճուկ մնացորդներն են, որ այժմ երևում են թրքաբնակ Ջրախոր գյուղի մոտ և գյուղի մեջ: Այստեղ են գտնվում Կապանի հանքերի և ձուլարանի էլեկտրակայանի գլխի շինությունները: Ողջի (Օխչի) գետի հովտին այդտեղ նեղանում է, լանջերը ստանում են զառիթափ ապառաժների բնույթ, ամրություններ իսկ, որ “կապում են” կիրճը, հարավում ընդհուպ կպչելով քարաժայռերին, իսկ հյուսիսում վերջանալով արագավազ, փրփրալի գահավիժող գետի կտրած ափին: Միջին տարածությունը գրաված է բլուրը, որի մեկ և մյուս կողմով հարավից հյուսիս ուղղությամբ ձգվում էին պարիսպները, որոնց միայն հետքերն են այժմ նշմարվում: Պարիսպների հարավային հատվածները անցնում են դեպի քաղաքն իջնող հեղեղատի փորած ձորի մյուս ափը և ընդհուպ կպչում սեպ բարձրացող քարաժայռերին: Պարզ երևում են այժմյան ճանապարհի աջ և ձախ կողմերում քաղաքի դարպասի մնացորդները: Բլրի բարձր հրապարակի վրա գտնվում է ավերակ թաղակապ մի եկեղեցի. Նրանից հարավ-արևմուտքում՝ մի ավերակ մատուռ: Հին շենքերի այլ և այլ հետքեր խառնված են նոր գյուղի շենքերի հետ: Գյուղացիք իրենց տների համար օգտագործել են հին կառուցումների քարերը՝ այն “մեծ աւարի հեղեղատն” որով, ըստ պատմագրի, “օր մի յանկարծակի մինչ կային յանհոգութեան քաղաքացիքն” … “անիծյալ Չորթման վասն քինուն իւր յեղակարծում ժամու հեղավ ի վերայ քաղաքին”:

Հեղեղատան լայն սկսվում է անմիջապես ժայռերի տակից և ընթանալով քաղաքի արևելյան կողմով՝ նեղ վերջանում է:

Ջրախորի դիմաց, գետի ձախ ափին, մի ապառաժի վրա կառուցված է աշտարակ-դիտարան: Մի այլ աշտարակ ցցված է ժայռերի գլխին գյուղից հարավ-արևմտյան ուղղությամբ, իր բարձրությամբ Բաղաբերդին գրեթե հավասար դիրքով: Ավանդությամբ պատմում են, որ այդ աշտարակը կապված է եղել Բաղաբերդի հետ զինջիլով՝ շղթայով, որով հաղորդակցություն է պահպանվել  ձորի վրայով երկու ափերի միջև:

Շատ ավելի անառիկ է եղել “զապավէնն ամենեցուն և զտեղի ապաստանի ամուրն զԲաղաբերդ”, որին տեղացիք այժմ Դավիթ Բեկի բերդ անունն են տալիս, քանի որ XVIIIդ. սկզբի ժողովրդական ապստամբության այդ կազմակերպիչն ու առաջնորդը այդ տեղն էր ընտրել իր ռազմական գործողությունների հենակետ: Բերդը գտնվում է գրեթե Ջրախորի հանդեպ, հազիվ մի կես-երեք քառորդ կիլոմետր հեռավորության վրա, գետի հոսանքով վեր, դեռ չհասած Գեղվա գետի բերանին, սրա Ողջի (Օխչի) գետի մեջ թափվելուց ներքև: Այստեղ երկրակեղևի հուժկու նստվածքների շերտերը շրջված են և կանգնեցրած են գրեթե ուղղաձիգ հյուսիսից հարավ ուղղությամբ Ստորին (Ներքին) Գիրաթաղ գյուղի արևմուտքով և հատվում են Ողջի (Օխչի) գետի փորած ձորի գլխին բարձրադիր, մերկ ժայռոտ կողերով: Այս ժայռերն են, որ պատմագիրը հիշում է որպես Բաղակի քար: Այս քարի գլխին վեր ցցվող ողնաշարի վրա, որը մի թամքոցով անջատվում է շերտի դեպի հյուսիս լայնացող զանգվածից, կառուցված են հոյակապ ամրություններ՝ կազմելով մի անընդհատ գիծ անհարթ հրապարակի արևմտյան և հյուսիսային կողմերով, որտեղով թշնամին կկարողանար ելնել և մտնել քարաբլրի գագաթը: Այդ պարիսպներին համապատասխանող և բերդի օղակը արևելքից լրացնող գիծը գրեթե չի ամրացված  արհեստական կառուցումներով: Այդ պարիսպներին համապատասխանող և բերդի օղակը արևելքից լրացնող գիծը գրեթե չի ամրացված արհեստական կառուցումներով: Այդ կողմից քարաբլուրը ուղղաձիգ գահավիժում է վար, դեպի լեռնային գետակի խորացրած ձորը, ելնելու համար ոտնատեղ չթողնելով. միայն այնտեղ, որտեղ քերծերի գլխին ցից-ցից ատամների միջև մնում են արանքներ, այդ արանքները լցված են մասնակի պարիսպներով և ետևից՝ հող ու քարով:

Բաղաբերդի պարիսպները շարված են ամուր կրաշաղախով միազանգված, արտաքուստ կոպիտ տաշած քարերով, առանց շարք-շարք դասավորության. երեսը նույն ամուր շաղախով սվաղված է և այդպիսով վեր մագլցելը անհնարին է դարձած: Պարիսպների տակը, ներսից, բոլոր փոսերն ու խորդուբորդ տեղերը լցված են հողով և քարով, պաշտպանվողներին իրար հետ հարաբերություն պահպանելու և արագ մի տեղից մյուսը անցնելու դյուրություն ընձեռելու համար: Աշտարակները կանոնավոր կիսաշրջաններով բավական առաջ են քաշված պարիսպների ընդհանուր գծից: Հյուսիսային պատի մեջ այժմ եղած բացվածքը եղել է բերդի միակ մուտքը:

Պարիսպներով ընդգրկած հրապարակի վրա շենքերի հետքերը ծածկվել են դարերի ընթացքում հողի հաստ շերտով: Այս ու այնտեղ շտապ կիտված են քարակույտեր, որոնք սակայն նոր իրադարձությունների գործ են և ծառայել են որպես դիրքեր թուրք ազգաբնակության համար դաշնակցության կառավարության չարաբաստիկ տարիներին: Պարիսպների վրա երևում են ռմբակոծության հետքեր, որին այդ դիրքերը ենթարկվելիս են եղել դիմացի լեռան գագաթին՝ դաշնակցության այս կողմերում լիազոր և ռազմական ուժերի առաջնորդ կարգված Նժդեհի կանգնեցրած թնդանոթից:

Բաղաբերդը այն աստիճան անառիկ էր համարվում, որ սելջուկյան իշխանների վերջին վճռական հարձակման ժամանակ 1170 թ. այստեղ էին տեղափոխված գավառի բոլոր վանքերից, նաև Տաթևից, բոլոր ձեռագրերը, սպասները, հարստությունները, ոսկեղենը, արծաթեղենն ու թանկագին մանվածքները:

Բաղաբերդի բարձրադիր ամրությունները պաշտպանում էին ոչ միայն այդ ձորերի Ձորքի խորքերը, այլև այն կարևոր ճանապարհը, որը պատմական Արևիքի՝ Մեղրու շրջանի միջով գալով Ուրմիո լճի ավազանից-Թավրիզից փոխադրվում էր Դիբագլուի լեռնանցքով Արեգունու կամ Չավնդուրի-Մեղրու-Գյունեյի լեռնաբազուկով Բաղք և միանալով այժմյան Ողջի (Օխչի) գյուղի Փիրդոուդան սրբավայրի մոտ Կապուտջուղի (Կապուտջիղի) լեռնանցքով արևմուտքից՝ Գողթնից, այն է՝ Ագուլիսի և Օրդուբադի կողմերից եկող ճանապարհի հետ՝ մի փոքր տարածություն ընթանում էր Ողջի (Օխչի) գետի հոսանքով վար, տեղափոխվում էր նրա ձախակողմյան օժանդակ Գեղվա գետի բերանի վրայով և Բաղաբերդի տակով ուղղվում էր հյուսիս: Գեղվա գետի բերանին պահպանվել է բավական խանգարված վիճակի մեջ գեղեցիկ հին կամուրջը, որով այսօր էլ օգտվում են երթևեկողները: Ճանապարհը շարունակվում էր Բարգուշատի (Բերգուշետի) լեռնաբազուկի վրայով, այժմյան Վերին և Ներքին Գիրաթաղ գյուղերով և Գյազբուլ՝ այժմ Կազբել գաագթի տակով, դեպի Տաթև՝ այնտեղից դեպի Սատանի կամուրջն իջնելու և Եռաբլրի (Ուշթափալարի) սարահարթով Շահիյոլի հետ միանալու համար և ապա Շամախի-Դերբենդով հասցնում էր Վոլգայի ափերի տափաստաններին:

Լուսանկարում՝ Սիսիանն այսօր