Հայաստանի Հանրապետություն – Խորհրդային Ադրբեջան շփումներից. հուլիս, 1920

5476

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԻՄՈՒՄԸ

Երեւան.- Հայաստանի արտաքին գործոց նախարարի կողմից Ադրբէջանի արտաքին գործերի ժողկօմ Համիդ Հուսէյնօվի անունով հետեւեալ ռադիօ-գիրն էր ուղարկւած:

Հայաստանի կառավարութիւնը տեղեկութիւններ ունի, որ Ձեր կառավարության կողմից Բագւում գնդակահարված են Դիլիջանի համայնական խորհրդի վարչության նախագահ Ներսես Ջաղէթեանը, Պապեանը, Չուբարեանը և Եւանգուլօվը:

Այն մօմենտին, երբ Հայաստանի և Ադրբէջանի կառավարութիւնների միջև բանակցութիւններ են վարւում  բոլոր բանտարկւածներին փոխարինաբար ազատելու և նոյնպես դադարեցնելու դէպի նրանց բոլոր բռնութիւնները, Ձեր կառավարութեան կողմից, վերոյիշեալ անձնավորութիւնների գնդակահարելը, որնոք դէպի Խորհրդային իշխանութիւնը ոչ մի թշնամական քայլ չեն արել, չի կարող Հայաստանի կառավարության կողմից առաջ չբերել ամենաուժեղ բողոքը:

Հայաստանի կառավարության անունից խնդրում եմ Ձեզ յայտնել, արդեօք վերոյիշեալ լուրը համապատասխանում է իրականութեանը, եթէ ճիշտ է, ապա շուտափոյթ կարգադրութիւն արէք, որպէսզի Հայաստանի բանտարկւած հասարակական գործիչների նկատմամբ բռնութիւններին վերջ տրւի հակառակ դէպքում՝ իմ կառավարութիւնն իրենից վերցնում է պատասխանատութիւննը, եթէ գերիների փոխանակության համար վերջերս տեղի ունենալիք բանակցութիւններն անյաջող ելք ունենան:

ՀԱՄԻԴ ՀՈՒՍԷՅՆՕՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Ի պատասխան այդ ռադիօ-գրի, այսօր առաւօտեան Երեւանի ռադիօ-կայանի միջոցով Թիֆլիսից ընդունւած է հետևեալ ռադիօ գիրը:

Երեւան, Հայաստանի արտաքին գործոց նախարարին. «Ձեր թիւ 4036 ռադիօգրին ի պատասխան յայտնում եմ, որ Ադրբէջանում գնդակահարւած դաշնակցականների մասին ունեցած Ձեր լուրերը իրականութեանը չեն համապատասխանում: Իմ կառավարության անունից վճռականօրէն յայտարարում եմ, որ համաձայնութեան մօմենտից՝ յուլիսի 2ից՝ գնդակահարման ոչ մի դէպք կամ որևիցէ բռնութիւն տեղի չէ ունեցել դաշնակցականների նկատմամաբ, որոնց թւում և բանտարկեալների. ընդհակառակը, ես հաստատ տեղեկութիւններ ունեմ, որ համաձայնութեան մօմենտից՝ յուլիսի 2ից կօմմունիստների նկատմամբ բռնութիւնները ոչ միայն չեն թուլացել, այլև ուժեղացել են:

Բանտարկված կօմոմունիստները ենթակայ են քաղցի, զրկւում են իրենց հարազատների տեսակցութիւնից, բանտարկւած են քրէական յանցաւորների հետ միասին: Այդպիսի դրութիւնը բոլորովին անթոյլատրելի համարելով՝ և հիմնովին հակասող յուլիսի 2-ի համաձայնութեանը, ես կատեգօրիկ կերպով պնդում եմ անմիջապէս դադարեցնել ամեն մի բռնութիւն մեր ընկերների նկատմամբ, որպէսզի հնարաւոր լինի ձեռնամուխ լինել այդ և ուրիշ հարցերի լուծմանը, որոնք պայմանաւորւած են յուլիսի 2-ի համագումարի համաձայնութեամբ:

Համիդ Հուսէյնօվ

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիւ 147, չորեքշաբթի, 14 Յուլիսի, 1920

—-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՈՒՍԷՅՆՕՎԻՆ

ԵՐԵՒԱՆ, 14 յուլիսի: Ի պատասխան երէկ ստացւած Հուսէյնօվի ռադիօգրին, Հայաստանի արտաքին գործոց նախարար Օհանջանեանը ուղարկել է հետեւեալ ռադիօգիրը.-

«Թիֆլիս, արտակարգ ներկայացուցիչ և նարկօմ ինդ.ել Ա. Խ. Ս. Հ. Հուսէյնօվին, պատճէն՝ Հայաստանի ներկայացուցիչ Բէգզադեանին, պատճէն՝ Ռ. Ս. Ֆ. Խ. Հ. լիազօր ներկայացուցիչ Վրաստանում Կիրօվին, պատճէն՝  Մօսկւա արտաքին գործոց ժողովրդական կօմիսար Չիչերինին:

Ի պատասխան ձեր թիւ 66 ռադիօգրի. Առաջին, Ձեր հեռագրից պարզւում է, որ եթէ յուլիս 2-ի համաձայնութիւնից յետոյ Դաշնակցական կուսակցութեան հայ գործիչներից Ադրբէջանում ոչ ոք չէ գնդակահարւած, ուրեմն այդ գնդակահարությունները տեղի են ունեցել մինչև յիշեալ մօմենտը: Խնդրեմ չմերժել և հաղորդել գնդակահարւածների լրիւ անւանացուցակը և գիտակ դարձնել մեզ ս. թ. մայիս 20-ին Իջևանից անօրինաբար Ձեր զօրքերի կողմից գերւած Հայաստանի պաշտօնեայ անձանց վիճակի մասին:

Երկրորդ՝ Ձեր հեռագրի մէջ յիշած՝ Հայաստանում կօմմունիստների նկատմամբ բռնութիւնների մասին իրականութիւնը բոլորովին չի համապատասխանում:

Ինչ վերաբերում է բանտարկեալների պարենաւորմանը, նրանք բաւարարւում են համապատասխան երկրի պարենաւորման կացութեան:

Երրորդ՝ Չնայած յուլիս 2-ի համաձայնութեանը, Ձեր զօրքերը շարունակում են իրենց պատերազմական գործողութիւնները թէ հայկական Ղարաբաղի և թէ Զանգեզուրի շրջաններում, որով և կայացած համաձայնութեան հիմունքները տատանւում են: Խնդրում եմ այդ առթիւ շուտափույթ կարգադրութիւն անել, յիշեալ շրջաններում դադարեցնել թշնամական գործողութիւնները և դուրս հանել Ձեր զօրքերը Հայաստանի սահմաններից ու Ղարաբաղի վիճելի շրջաններից. հարցեր, որոնք պէտք է քննւեն Հայաստանի և Ադրբէջանի սպասւելիք կօնֆերանսում:

Հայաստան արտաքին գործոց նախարար՝ Հ. Օհանջանեան  

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիւ 148, հինգշաբթի, 15 Յուլիսի, 1920