Արցախի կարգավիճակը 1918-ից մինչեւ այսօր

816

1918 թվականից ի վեր՝ ավելի քան 100 տարի, Արցախի կարգավիճակը վեճի առարկա է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Բաքուն երբեք չի ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս, Երեւանը երբեք չի ստորագրել փաստաթուղթ, որով ընդունել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է:

1918-1920 թվականների ողջ ընթացքում, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը անկախ պետություններ էին, Բաքուն բրիտանացիների միջնորդությամբ փորձում էր Ղարաբաղ-Զանգեզուրը ենթարկեցնել Ադրբեջանին: Զանգեզուրը ենթարկեցնել չհաջողվեց, քանի որ արդեն 1919-ին այն Հայաստանի Հանրապետության մաս էր:

1919-ի օգոստոսին Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը համաձայնություն էր տվել Բաքվի հետ կնքելու ժամանակավոր համաձայնագիր, ըստ որի՝ Արցախը մինչեւ Փարիզի խաղաղության վեհաժողովում իր կարգավիճակի վերջնական լուծումը համարվում էր Ադրբեջանի սահմաններում գտնվող տարածք:

Համագումարի օրերին սուր տարակարծություններ կային Արցախի քաղաքացիների եւ գյուղացիների միջեւ. վերջինները մեղադրում էին քաղաքացիներին, որ դավաճանել են` համաձայնելով համակերպվել Ադրբեջանի պայմաններին:

Համագումարի օրերին Բաքվում Հայաստանի դեսպան, շուշեցի Տիգրան Բեկզադյանն իր հայրենակիցներին ակնարկել էր, որ դրսից օգնություն ստանալու հնարավորություն չկա, եւ Արցախն ինքը պետք է պաշտպանի իրեն: Բացի այդ՝ անգլիացիների կողմից Ղարաբաղ-Զանգեզուրի գեներալ-նահանգապետ նշանակված Սուլթանովը վերջնագիր էր ներկայացրել՝ 48 ժամվա ընթացքում հպատակվել, հակառակ դեպքում սպառնում էր հայությանը հնազանդեցնել զենքով:

Ահա այս պայմաններում էր, որ Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը իր 15 անդամներին լիազորեց համաձայնություն կնքելու Սուլթանովի հետ: Մեկ շաբաթ անց Շուշիում տեղի ունեցավ հրապարակային արարողություն, որի ընթացքում Սուլթանովը, Վահան եպիսկոպոսը, հայ եւ մահմեդական այլ երեւելիներ կարեւորեցին ազգամիջյան եղբայրության անհրաժեշտությունը:

1919 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Երեւանում կայացավ օրվա իշխող ուժի՝ ՀՅԴ-ի 9-րդ Ընդհանուր ժողովը, որը մանրամասնորեն քննարկեց Արցախի հարցը եւ անընդունելի համարեց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու բրիտանական ճնշումները: Բրիտանացիները խոստացել էին, որ Նախիջեւանը եւ Կարսը կմիացվեն Հայաստանին, եթե վերջինս համաձայնի Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում: Նույն տարվա գարնանը բրիտանական զորքերի միջամտությամբ Նախիջեւանը եւ Կարսը միացվել էին Հայաստանին: Հայաստանը Նախիջեւանը կարողացավ պահել միայն երկու ամիս, իսկ Կարսը՝ մինչեւ 1920-ի հոկտեմբեր:

ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում, որի օրակարգի կարեւորագույն հարցը հենց Արցախն էր, սուր բանավեճեր եղան, թե ինչպես կարգավորել խնդիրը: Միակ դաշնակցականը, որը կողմ էր արտահայտվում Արցախը՝ Հակարի գետից այն կողմ, թողնել Ադրբեջանի կազմում, Իշխան Արղությանն էր: Ընդհանուր ժողովում, սակայն, այս տեսակետը անընդունելի էր:
Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը 1921 թվականին ՀՅԴ Ամերիկայի շրջանի 29-րդ Պատգամավորական ժողովին ուղարկած գրության մեջ, որ տեղ է գտել ՀՅԴ Բոստոնի «Հայրենիք» ամսագրի առաջին համարում, այսպես է ներկայացնում իրավիճակը.

«Ընդհանուր ժողովը խիստ կտրուկ հրահանգ տվեց ապահովելու Ղարաբաղի միացումը Հայաստանին: Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարեկամական հարաբերություններ հաստատելու կարիքն այնքան կարեւոր էր Հայաստանի համար, որ ավելի իմաստուն կլիներ՝ այս հարցում որոշ չափով լինեինք վերապահ, մանավանդ որ չէր կարելի չհամաձայնել այն մտքին, որ Ղարաբաղը Ադրբեջանի համար ավելի կենսական տնտեսական նշանակություն ունի, քան Հայաստանի, եւ դժվար թե Ադրբեջանը այս հարցում տեղի տար՝ առանց արտաքին սաստիկ ճնշման: Ղարաբաղը եղավ կռվախնձոր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

Արցախցիները, հատկապես գյուղացիությունը, չէին ուզում ենթարկվել: Ղարաբաղի հայերի 8-րդ համագումարը 1920-ի փետրվարի վերջին-մարտի սկզբին ընդունեց բանաձեւ, որում ասվում էր, որ Ադրբեջանը պարբերաբար խախտել է ժամանակավոր համաձայնության ամենագլխավոր կետերը, կոտորել մի քանի հարյուր հայերի: Հավատարիմ մնալով 7-րդ համագումարի ժամանակավոր համաձայնությանը՝ արցախահայությունը հայտարարեց, որ եթե կրկնվեն ջարդերն ու հարձակումները, Ղարաբաղի հայությունը իր կյանքի եւ պատվի պաշտպանության համար համապատասխան միջոցների կդիմի:

Այդ օրերին Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը իր «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային աշխատության մեջ գրում է.

«Ղարաբաղի խնդիրը ուղղակի թունավորում էր Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունները։ 1919 թվականի դեկտեմբերի 25-ին Սուլթանովը գրավեց Ղարաբաղը՝ առանց հաշվի առնելու տեղի ներկայացուցչական ժողովի կամքը, եւ դրանով գրգռեց հայերին։ Հաշտության հասնելու նպատակով ես պայմանավորվեցի Ադրբեջանի կառավարության նախագահ Ուսուպբեկովի հետ հանդիպել Թիֆլիսում եւ իրավախոհության գալ։ Նոյեմբերի 23-ին մենք կազմեցինք «համաձայնագիր», որը նախատեսում էր միջին լուծում։ Միաժամանակ ես դիմեցի Փարիզի պատվիրակությանը՝ խնդրելով պնդել Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծման վրա Վեհաժողովի կողմից։

Փարիզից մենք հուսադրիչ տեղեկություններ էինք ստանում։ Բայց կյանքը չէր սպասում։ Երեւանում գտնվող ղարաբաղցիները չէին կարող տանել Ադրբեջանի բռնությունները Ղարաբաղում եւ կազմակերպում էին բողոքի միտինգներ։ Երեւանի եւ Շուշիի միջեւ սկսեցին ստեղծվել աներեւույթ թելեր։

Հայաստանի կառավարությունը հավանություն չէր տալիս Ղարաբաղում զինված ապստամբությանը, բայց կառավարությունից դուրս գտնված ուժերը կազմակերպեցին ապստամբություն Ղարաբաղում՝ Շուշիի պարիսպների տակ եւ լեռներում»։

1920 թվականի մարտին Շուշիի հայկական ջարդերից հետո հայկական կողմը տեղի տվեց: Մայիսի 24-ին Արցախում ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Միքայելյանի, Դրոյի, Նժդեհի եւ գնդապետ Դմիտրի Միրիմանյանի խորհրդակցությունը Ավետարանոց, այն ժամանակ՝ Չանախչի գյուղում որոշում է Ղարաբաղում իշխանությունը հանձնել տեղի հայ բոլշեւիկներին Սարգիս Համբարձումյանի գլխավորությամբ։ Նժդեհը եւ Դրոն նահանջեցին Հայաստանի Հանրապետության տարածք, որը, ի տարբերություն Ադրբեջանի, դեռ չէր բոլշեւիկացվել:

Նոյեմբեր-դեկտեմբերին, երբ ՀՅԴ Բյուրոն գրավոր որոշումով իշխանությունը հանձնեց Հայկոմկուսին, Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը հայտարարեց, որ ընդունում է Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի պատկանելիությունը Հայաստանին: Ադրբեջանական պատմագրությունը պնդում է, թե նման փաստաթուղթ գոյություն չունի:

1921 թվականի հունիսի 12-ին Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ ընդունվեց դեկրետ, որով Լեռնային Ղարաբաղը համարվեց Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մասը:

Շաբաթներ անց, սակայն, Մոսկվայի իշխանություններն ընդունեցին այլ որոշում: Լեռնային Ղարաբաղը համարվեց Խորհրդային Ադրբեջանի մաս: Երկու տարի անց՝ 1923-ին, ձեւավորվեց ԼՂԻՄ-ը, եւ Արցախը շուրջ 70 տարի դարձավ Խորհրդային Ադրբեջանի մաս:

1988-ին սկսվեց Արցախյան շարժումը: Փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի տեղական խորհրդարանը դիմեց Երեւան, Բաքու եւ Մոսկվա՝ խնդրելով ԼՂԻՄ-ը հանել Խորհրդային Ադրբեջանի կազմից եւ միացնել Խորհրդային Հայաստանին:
Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը 1988 թվականի հունիսի 15-ին Ղարաբաղյան շարժման ճնշման տակ ընդունեց որոշում, որում ասվում էր. «Համակողմանիորեն ուսումնասիրելով Ադրբեջանական ԽՍՀ  ԼՂԻՄ ժողպատգամավորների մարզխորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը եւ հաշվի առնելով ԼՂԻՄ-ում եւ նրա շուրջը ստեղծված լարված իրավիճակը, ինչպես նաեւ ԼՂԻՄ-ի եւ Հայկական ԽՍՀ հայ բնակչության կամքի արտահայտությունը, ղեկավարվելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին ԽՍՀՄ Սահմանադրության 70-րդ հոդվածով` համաձայնություն տալ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտնելուն»:

Արցախյան առաջին՝ 1991-1994 թվականների պատերազմից եւ մայիսյան անժամկետ զինադադարից հետո մինչեւ այսօր Հայաստանի որեւէ կառավարություն չի ճանաչել Արցախի անկախությունը կամ Հայաստանի մաս կազմելը: Հիմնական բացատրությունը եղել է հետեւյալը. քանի դեռ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները շարունակվում են, անընդունելի է միակողմանիորեն ճանաչել Արցախը: 2000-ական թվականներին հայկական իշխանությունները հայտարարեցին, որ Արցախը կճանաչեն, եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի: Ո՛չ 2016-ի ապրիլյան պատերազմից եւ ո՛չ էլ 2020-ի սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունները չճանաչեցին Արցախը:

1996-ի դեկտեմբերին Լիսաբոնում՝ ԵԱՀԿ գագաթնաժողովում, ԵԱՀԿ ամբողջ ընտանիքը, այդ թվում եռանախագահող պետությունները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ընդունեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ նրա կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության բարձր կարգավիճակը: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը օգտվեց վետոյի իրավունքից:

Տեր-Պետրոսյանը իր հակիրճ ելույթում ասաց. «Այս գագաթնաժողովում, մեզ թվում է, Ադրբեջանը փորձում է խախտել բանակցային գործընթացի բոլորի կողմից ընդունված տրամաբանությունը։

Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։

Սումգայիթի (1988 թ. փետրվար), Կիրովաբադի (1988 թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990 թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991 թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել։

Ուստի մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է։

Այդուհանդերձ, Հայաստանը, վերահաստատելով հրադադարի պահպանման իր պարտավորությունը, պատրաստակամություն է հայտնում շարունակելու կառուցողական մասնակցությունը բանակցությունների գործընթացին ինչպես Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ ուղղակի երկխոսությամբ հակամարտությունը բանական եւ արդարացի փոխզիջման հիման վրա շուտափույթ կարգավորելու նպատակով»։

1997-ի ամռանը ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացրեց կարգավորման փաթեթային տարբերակը, որով Արցախը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում ստանում էր ինքնավարության բարձր մակարդակ Ադրբեջանի կազմում: Ստեփանակերտը եւ Երեւանը մերժեցին այդ տարբերակը: Նույն տարվա նոյեմբեր-դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացրեց կարգավորման փուլային տարբերակը, որտեղ բառ չկար Արցախի կարգավիճակի մասին: Երեւանը վերապահումներով ընդունելի համարեց առաջարկը որպես բանակցային հիմք, Ստեփանակերտը մերժեց, իսկ ամիսներ անց Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը իրականացրին ռազմական հեղաշրջում եւ պարտադրեցին Տեր-Պետրոսյանի հրաժարականը:

1998-ի աշնանը ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացրեց Ընդհանուր պետության առաջարկը, որտեղ ասվում էր. «ԼՂ-ն հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում է եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է Ընդհանուր պետություն` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Արցախի ղեկավարությունը վերապահումներով ընդունելի համարեցին այս առաջարկը: Բաքուն մերժեց, թեեւ ֆորմալ կերպով վերականգնվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
1999-2001 թվականներին քննարկվում էին ղարաբաղյան կարգավորման տարածքային փոխանակման տարբերակները, որոնց էությունը հետեւյալն էր՝ Արցախը ԼՂԻՄ-ի սահմաններով եւ Լաչինի նեղ միջանցքով միացվում է Հայաստանին, որի դիմաց Ադրբեջանը ստանում է տարածք կամ սուվերեն միջանցք Մեղրիի շրջանում՝ Նախիջեւանի հետ անխափան կապ ունենալու համար:

2004 թվականից սկսվեց կարգավորման Պրահյան գործընթացը, որի վերջնարդյունքը Մադրիդի ԵԱՀԿ համաժողովում 2007 թվականի նոյեմբերին ներկայացված տարբերակն էր: Մադրիդյանի, ապա նրանից ածանցյալ մի քանի տարբերակների էությունը հետաձգված հանրաքվեի գաղափարն էր, այն է՝ տարածքների դիմաց Բաքուն համաձայնում է, որ ապագայում Արցախում կանցկացվի հանրաքվե: Բաքուն, սակայն, չհամաձայնեց, իսկ 2020-ի սեպտեմբերին սկսեց նոր պատերազմ եւ կարողացավ գրավել ոչ միայն ԼՂԻՄ-ից դուրս գտնվող շրջանները, այլև Հադրութի շրջանն ու Շուշին, ինչպես նաեւ տարածքներ Շուշիի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններից:

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Արցախի անվտանգության եւ կարգավիճակի հարցում Հայաստանը չունի վճռական ձայն, ինչպես ուներ 1988-ից մինչեւ 2020-ի սեպտեմբեր: Ե՛վ Արցախը, եւ՛ Հայաստանը դուրս են մնացել կարգավորման գործընթացից (այսօր այդպիսի գործընթաց ուղղակի չկա): Արցախի անվտանգության եւ կարգավիճակի հարցերը մենք պատվիրակել ենք Ռուսաստանին:

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։