Այնճար. հայկական օազիս Բեքաայի դաշտավայրում

7112

Եթե Թուրքիայում միակ հայկական գյուղը Վաքըֆլին է, ապա Լիբանանում Այնճարն է: Այսքանով,անշուշտ, զուգահեռները չեն ավարտվում, քանի որ Այնճարը Վաքըֆլիի շարունակությունն է, երկուգյուղերում էլ մուսալեռցիներ են, ում մասին Ֆրանց Վերֆելը գրել է իր հայտնի դյուցազնավեպը` ՙՄուսալեռան 40 օրը՚: Ավստրիացի գրողը շարադրել է մուսալեռցիների հերոսության մի մասը, մինչդեռ հերոսամարտը շարունակվել է Վերֆելի մահից հետո, բայց ոչ թե Միջերկրականի ափերին` Մուսա Դաղի ստորոտում, երբ ընթացքի մեջ էին Առաջին աշխարհամարտը եւ հայկական ջարդերը, այլ Լիբանանի կիսաանապատում` Բեքաայի դաշտավայրում, համեմատաբար խաղաղ պայմաններում:

1915-ին, երբ Օսմանյան կայսրությունում Ցեղասպանություն էր կատարվում հայերի նկատմամբ, մոտ չորս ու կես հազար մուսալեռցիներ, մեկ ամսից ավելի հերոսական պայքար են մղում թուրքականզորքերի դեմ` տալով 18 զոհ, մինչեւ նրանց օգնության են գալիս ֆրանսիական նավերը եւ հասցնում անվտանգ ափեր` Պորտ Սայիդ, Եգիպտոս: Չորս տարի այնտեղ բնակվելուց հետո, երբ Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց Առաջին աշխարհամարտում, մուսալեռցիները 1919-ին վերադարձան մշտական բնակավայրեր, սակայն 1939-ին նրանք նորից ստիպված եղան գաղթել, քանի որ Սիրիայի Ալեքսանդրետի սանջաքը, որի մաս էին կազմում Մուսա լեռան հայկական գյուղերը, ֆրանսիացիները հանձնեցին Թուրքիային:

Մուսա լեռան հայկական գյուղերը` Յողունօլուք, Խդըրբեկ, Բիթիյաս, Հաջի Հաբիբլի, Քեբուսիք, Վագըֆլի (այս գյուղի բնակիչների մի մասը չի հեռանում եւ մինչեւ օրս ապրում են այնտեղ), 1939 թ. հուլիսին իրենց բնակիչներով տեղափոխվում են Սիրիայի Փասիթ բնակավայրը, այնտեղից` Այնճար, որը Լիբանանի Բեքաայի կիսաանապատային դաշտավայրում է` Բեյրութ-Դամասկոս մայրուղու վրա` հենց Սիրիայի սահմանին:

Այնճար է հասնում Մուսա լեռան վեց հայկական գյուղերի 1205 ընտանիք, որոնք գյուղում հաստատվում են առանձին վեց թաղերով` ամեն մի թաղում գյուղերից մեկը: Գյուղատնտես Եսայի Հավաթյանը տպագրության է պատրաստում Մուսալեռ-Այնճարի ամբողջական պատմությունը:

ՙԱռաջին տարիները ուղղակի մղձավանջ էին հերոս մուսալեռցիների համար. մինչեւ 1942 թվականը մալարիայից (ջերմախտ) մահանում է ավելի քան հազար մարդ` այնճարցիներից յուրաքանչյուր հինգերորդը: Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության, անհատ հայ մեծահարուստների ֆինանսական ներդրումով գյուղի տարածքի լճացած ջրերն ու ճահիճները հնարավոր եղավ երեք տարում վերացնել, որով եւ վերջ տրվեց մալարիային՚, ասում է Հավաթյանը:

Այնճարցիները պահում են գյուղի ստեղծումից հետո արված լուսանկարները` վրանային, քարքարոտ, կանաչից զուրկ բնակավայրից մինչեւ կանաչների մեջ կորած բարեկեցիկ տներ, ասֆալտապատ փողոցներ, որոնց նայելով հասկանում ես, որ մարդիկ կիսաանապատը վերածել են փոքրիկ դրախտի:

Այնճարցիները հումորով պատմում են եւ մեջբերում նաեւ Մ. Նահանգների նախագահ Ջորջ Բուշի խոսքերը: 2005 թ. ամերիկացիների ճնշման տակ, երբ հայտնի է դառնում, որ սիրիական զորքերը 30 տարվա ներկայությունից հետո պետք է հեռանան Լիբանանից, խոսակցություն է տարածվում, որ սիրիացիները որոշ ժամանակով պետք է տեղակայվեն Բեքաայի հովտում: Այնճարցիները անգլերենով ցիտում են Բուշի խոսքերը. “Syrian troops should be withdrawn even out of Ainjar”:

Մուսալեռցիները հայտնի են իրենց նուրբ հումորով, տոկուն բնավորությամբ, աշխատանքի նկատմամբ անսահման սիրով: Նրանք պահել են իրենց տոհմիկ սովորույթները, հայերեն, բայց գրական հայերենից խիստ տարբերվող բարբառը, դհոլ-զուռնան, Մուսա լեռան պարն ու հարիսան:

Բայց նրանց անցյալը լի է դառը պատմություններով: Մի քանի հարյուր մուսալեռցիներ երեսուն տարիների ընթացքում` 1915-ից մինչեւ 1947-ը, առնվազն չորս անգամ տեղահանվել են. 1915-ին Մուսա լեռան գյուղերից Եգիպտոսի Պորտ Սայիդ, ապա չորս տարի անց` կրկին հայրենի գյուղեր, որոնք թալանվել եւ ավերվել էին: Երրորդ տեղահանությունը կրկին Մուսա լեռան բնակավայրերից Այնճար էր, եւ վերջապես 1946-1947 թթ. 650 այնճարցի ընտանիքներ եւ Սիրիայի ու Լիբանանի տարբեր բնակավայրերից 50 մուսալեռցի ընտանիքներ ներգաղթում են Հայաստան։

Նրանց մեջ էր նաեւ Հալեպում ծնված, մեկ տարեկան Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ապագայում պիտի դառնար Հայաստանի առաջին նախագահը:

Մի քանի գրքերի հեղինակ Գեւորգ Աբելյանը ասում է, որ մուսալեռցիները եւ այնճարցիները արվեստասեր եւ ուսումնասեր մարդիկ են, տվել են շատ հայտնի գրական դեմքեր` Պողոս Սնապյան, Էդվարդ Բոյաջյան, Զուլալ Գազանջյան:

Մուսալեռցիները մեծ սեր ունեն գրի եւ գրականության նկատմամբ, ութ այնճարցիների անուններ, այդ թվում Գեւորգ Աբելյանինը, հանդիպում են Բեյրութում լույս տեսնող ՙԱզդակ՚ օրաթերթի էջերում:

Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանը Այնճարի հայ կաթոլիկ եկեղեցու հոգեւոր հովիվն է՝ 40 հատոր գրքերի հեղինակ, Մխիթարյան միաբանության հայրերից: Նա պատմում է, որ առաջին եկեղեցական արարողություները Այնճարում արվել են այսպես կոչված ՙվրան-եկեղեցիներում՚, երբ դեռ գյուղը չկար, իսկ մուսալեռցիները բնակվում էին վրաններում: Հաստատվելուց մեկ-երկու տասնամյակ անց բոլոր երեք համայնքները՝ առաքելական, կաթոլիկ եւ ավետարանական, կառուցում են իրենց եկեղեցիները, դպրոցները, կրթական, մշակութային օջախները:

ՙԵրեք համայնքների միջեւ համերաշխ կացություն է, եղբայրական մթնոլորտ: Վարդանանց տոնը, Ապրիլ 24-ը, Մայիս 28-ը միասնաբար ենք նշում: 2000 թվականից ի վեր գյուղի կենտրոնական հրապարակում երեք համայնքները միասին աղոթքով եւ երգուպարով են դիմավորում Նոր տարին՚, ասում է Հայր Մեսրոպը:

ՙՄենք հայրենիքից դուրս փոքր Հայաստան ենք, որն ունի քաղաքապետարան, որտեղ բոլոր աշխատողները հայեր են: Ունենք հայ առաքելական, կաթոլիկ եւ ավետարանական համայնքներ, եւ իզարմանս շատերի, այս երեք համայնքները շատ համերաշխ եւ միասնական կգործեն, միասին են տոնում ազգային բոլոր տոները: Գյուղի մշտական բնակիչների թիվը անցնում է երեք հազարը՚, ավելացնում է Եսայի Հավաթյանը:

Այնճարում ամենամեծ տոնը նշվում է սեպտեմբերի 15-ին: Այդ օրը ինչպես Այնճարը, այնպես էլ ամբողջ աշխարհում սփռված մուսալեռցիները տոնում են 1915 թ. հերոսամարտը: Այդ օրը մուսալեռցիները հարիսա են ճաշակում, ամբողջ գյուղով զուռնա-դհոլի տակ պարում: Բացառություն է կազմում միայն Թուրքիայի Վաքըֆլին, որտեղ պարում, խաղող օրհնում եւ հարիսա են ուտում օգոստոսի երկրորդ կիրակի օրը:

Այնճարը մահմեդական գյուղերով շրջափակված մաքուր հայաբնակ գյուղ է, որն ունի 1800 հեկտար հողատարածություն՝ բանջարեղենի ընդարձակ դաշտեր եւ պտղատու այգիներ: Մոլեռանդ սուննի մահմեդականները, այնճարցիների պատմելով, աչք ունեն գյուղի հողատարածքների վրա: Տակավին 1963 թ., Լիբանանի կառավարության օրենքով, հաստատվել է մուսալեռցի հայ գաղթականների իրավունքը Այնճարի ողջ հողատարածքների վրա: 1967 թ. այնճարցիներին տրվում են նոր կալվածագրեր, իսկ նրանց հողատարածքները, ովքեր ներգաղթել էին Հայաստան, պետական որոշումով տրվել էին գյուղում ապրող մյուս այնճարցիներին:

ՙԱյո, ունենք դրացի մահմեդական գյուղեր, որոնց հետ կան որոշ հողային հարցեր: Մենք նրանց շատ հստակ ասել ենք, որ մենք պետության որոշումը շատ սիրով կընդունենք, եթե պետությունը իրավունք տա, մենք նույնիսկ պատրաստ ենք թողնել եւ հեռանալ Այնճարից: Բայց նրանք գիտեն, որ իրենց դատը կորսված դատ է եւ մեզանից առնելիք չունեն: Նրանք հավակնում են Այնճարի մի շարք տարածքների վրա, կարծում են, թե իրենց հողերն են, իբր ժամանակին ֆրանսիական կառավարությունը խլել եւ տվել է հայերին: Բայց այդպես չէ. ֆրանսիացիները մի շարք կազմակերպությունների միջոցով, ինչպեսԳյուլբենկյան հիմնադրամն է, այս հողերը գնել են եւ տրամադրել հայերին՚, ասում է Գեւորգ Աբելյանը:

Հարեւան մահմեդականները միայն հիմա են աչք դրել Այնճարի հողերի վրա, իսկ 1940-50-ական թթ., երբ գյուղն ու շրջակա տարածքները կիսաանապատ էին եւ որտեղ մալարիան հնձում էր տունուտեղը Միջերկրականի հրաշք ափերին կորցրած մուսալեռցիների կյանքերը, մոլեռանդ սուննիները հողային հարցեր ու պահանջներ չունեին: Այնճարը կարճ ժամանակում դառնում է Լիբանանում խնձորի արտադրության կարեւոր կենտրոնը՝ տարեկան տալով շուրջ 10 հազար տոննա խնձոր: Այնճարը հայտնի է նաեւ այլ մրգերով ու բանջարեղենով:

Եսայի Հավաթյանը նշում է գյուղացիների եկամուտի հիմնական երեք աղբյուր. առաջին՝ զբոսաշրջություն, երկրորդ՝ գյուղատնտեսություն, երրորդ` արհեստներ: ՙԱյնճարը նշանավոր է պատմական Օմայադի բերդով, իր ճաշարաններով, որտեղ հազարավոր այցելուներ են գալիս, ինչպես հայեր, այնպես էլ՝ արաբներ: Մանավանդ շաբաթավերջերին մեր ճաշարանները լեցուն են հյուրերով: Մեր գյուղացիները ունեն լավ արհեստավորներ, մանավանդ` մեխանիկներ, ոսկերիչներ, որոնք շրջապատի մեջ փնտրված են՚, ասում է Հավաթյանը:

Այնճարցիները հյուրասեր մարդիկ են: Քիչ է ասել՝ հյուրասեր: Լիբանանում քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1975-1990 թթ., Այնճարը անվտանգ վայր էր, հեռու մարտական գործողություններից: Այդ տարիներին էր, որ Այնճարը տանիք դարձավ շուրջ 10 հազար լիբանանահայերի: Հայ առաքելական եկեղեցու հարեւանությամբ կառուցվել է Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան: Բայց դա ոչ միայն 1915 թվականի հերոս մուսալեռցիների, այլ նրանց սերունդների եւ այսօրվա այնճարցիների տոկունության եւ հարատեւության հուշարձանն է:

Այնճարից հեռացա նման համոզումով:

Թաթուլ Հակոբյան

2007-ի ամառ, Այնճար