Հայ-ադրբեջանական «դրոշների պատերազմ» Սյունիքում

1368

Սյունիքում հայ-ադրբեջանական «դրոշների պատերազմ» է, նաև՝ ցուցանակների:

Վերջին անգամ Սյունիքում եղել էի 2020-ի նոյեմբերի վերջերին, երբ դեռ Հայաստանը Ադրբեջանին չէր հանձնել Ղուբաթլուի և Զանգելանի շրջանների այն մասերը, որոնք նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելու օրը գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ: Ըստ Հայաստանին պարտադրված հայտարարության, որը ստորագրել էին Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը, հակամարտության կողմերը կանգնում են զբաղեցրած դիրքերի վրա:

Հայաստանին, սակայն, ստիպեցին զիջել է Զանգելանի և Ղուբաթլուի այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական ուժերի վերահսկողության տակ էին: Հետագայում պարզվեց, որ կա մեկ այլ փաստաթուղթ, սկզբում գաղտնի պահվող, համաձայն որի հայկական ուժերը պետք է հեռանան նախկին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանագիծ:

Հայաստանում հաստատված, Ժնևից շվեյցահարահայ Րաֆֆի Գարիբյանի հետ էի: ԱՆԻ կենտրոնը պատրաստում է համապարփակ և ամբողջական զեկույց Հայաստանի Սյունիքի մարզի մասին։ Զեկույցը պատրաստվում է դաշտային աշխատանքի արդյունքում և ընդգրկելու է մարզի աշխարհագրությունը, պատմությունը, ժողովրդագրությունը, տնտեսությունը, սոցիալական իրավիճակը և այլ մանրամասներ, որոնք օգտակար կլինեն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ամբողջական պատկերացում կազմել Հայաստանի ողնաշարի՝ Սյունիքի մասին, այնտեղ կատարել ներդրումներ, իրականացնել սոցիալական, բարեգործական և այլ ծրագրեր։

Գորիս-Որոտան ճանապարհին, չհասած ոլորաններ, կանգնած են հայ սահմանապահները, ապա ռուսները, որից մի քանի մետր այն կողմ շատ մեծ ցուցանակով ադրբեջաներենով և անգլերենով գրված է՝ «Բարի գալուստ Ադրբեջան»: Հայերին հոգեբանորեն ճնշող և նվաստացնող այս ցուցանակը Ադրբեջանի տարածքն է ներկայացնում, որտեղ չկա Արցախը, իսկ Ադրբեջանը և Նախիջևանը միմյանցից բաժանող Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը այնքան նեղ են պատկերված, որ միջանցք է միայն թվում:

Ճանապարհի մի քանի կիլոմետրը անցնում է Ադրբեջանի տարածքով, իսկ Որոտան չհասած փոքր կապույտ ցուցանակի վրա տեսնում ես, որ Ղուբաթլուի Էյվազլար գյուղում ես: Ապա ադրբեջանական սահմանապաների կետն է դրոշով, որտեղ կանգնած է ադրբեջանցի սահմանապահը: Այստեղ ևս մեծ տառերով, բայց հակառակ կողմից, դրված է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ: Հարևանությամբ ռուսական սահմանապահներն են և ռուսական դրոշը, որից հետո կրկին մտնում ես Հայաստանի տարածք:

Որոտան գյուղից տներ չեն անցել Ադրբեջանին, բայց հողատարածքներ ու մի քանի շինություններ անցել են: Նոյեմբերի վերջերին այստեղ զրուցել էի բնակիչների հետ, որոնք չէին հավատում, որ ադրբեջանցիները կվերադառնան Էյվազլար:

Թասի ոլորանները ամբողջությամբ Հայաստանին տարածքում են մնացել, բայց երբ հաղթահարում ես դրանք, կրկին մտնում ես Ադրբեջան: Այստեղ հանդիպում ես ռուս սահմանապահների և ռուսական դրոշներ: Ընդհանրապես, Սյունիքի ճանապարհներին ռուսական համարներով սահմանապահների ավտոմեքենաներ շատ են հանդիպում: Ռուսների ներկայությունը, ինչպես զրույցներում նշում էին մարդիկ, որոշակի ապահովություն և անվտանգություն է հաղորդում:

Որոտանից հետո հաջորդ բնակավայրը Շուռնուխն է, որը կիսվել է ճանապարհով: 12 բնակելի տներ և Հայփոստի շենքը անցել է Ադրբեջանին: Շուռնուխում, փոքր բլրի վրա, բարձրացվել է չափերով մեծ եռագույն, որի վրա խաչ է պատկերված: Առաջին անգամ էի եռագույնի վրա խաչով դրոշ տեսնում: Ասացին, որ Գորիսի համայնքապետն է տեղադրել: Շուռնուխը և Որոտանը խոշորացված Գորիսի մաս են կազմում:

Շուռնուխում, մայրուղու հենց հարևանությամբ, ռուս սահմանապահներն են, իսկ փողոցին մոտ տանը՝ ադրբեջանցիները: Այստեղ, մայրուղու աջ կողմում, փոքր ցուցանակի վրա գրված է, որ մուտք ես գործել Ղուբաթլուի Շուռնուխ գյուղ:

Շուռնուխը Գորիսի վերջին գյուղն է, որից հետո ճանապարհը մինչև Կապանի Կարմրաքար բնակավայրը հիմնականում անցնում է Ադրբեջանի տարածքով: Չայզամի կոչվող վայրում, ճանապարհի հենց հարևանությամբ, ադրբեջանցիները վրաններ են խփել: Այստեղ նրանց սահմանապահ կետերից մեկն է:

Սյունիք գյուղի մոտ սահմանը կրկին մոտենում է: Քանի որ Սյունիքից Կապանի Ագարակ, Եղվարդ, Ուժանիս և Խդրանց գյուղերը ճանապարհը անցնում էր Խորհրդային Ադրբեջանի տարածքով, այլևս հնարավոր չէ անցնել հին ճանապարհով, ադրբեջանցիները թույլ չեն տալիս: Հայերն օգտվում են Բարգուշատով անցնող ճանապարհից, որը երկուսուկես անգամ երկարացնում է մինչև Ագարակ և հարակից հայկական գյուղեր ուղին:

Կապանի օդանավակայանը հենց սահմանին է, իսկ մի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը ուղղակի շփվում է օդանավակայանի թռիչքուղու հետ: Հարևանությամբ Զանգելանի շրջանի ավերված Աղքենդ գյուղն է, որը հայկական ուժերի վերահսկողության տակ էր անցել 1992-ի դեկտեմբերին՝ շրջակա մեկ տասնյակ գյուղերի հետ միասին:

Կապանից դեպի Ծավ տանող ճանապարհը, մինչև Ճակատեն, կրկին մի քանի անգամ մտնում է Ադրբեջանի տարածք: Այստեղ ավերված Ղազանչի ադրբեջանական գյուղն է, որտեղ տեղակայված է ադրբեջանական սահմանապահ ուժերի կետը: Ճանապարհին, չհասած ճակատեն, կրկին ձեզ ողջունում է «Բարի գալուստ Ադրբեջան» և Ղազանչի ցուցանակը:

Մինչև Ճակատեն, երկու տեղերում վեր է բարձրանում հայկական մեծ եռագույնը: Եթե ադրբեջանական ցուցանակներն ու դրոշները և ճանապարհներից երևացող ադրբեջանցի սահմանապահների ներկայությունը ճնշող է և նվաստացնող, ապա եռագույնների վեր խոյանալը որոշ իմաստով ոգի ու անվեհերություն է փոխանցում:

Ճակատենից մինչև Ծավ, ապա դեպի Մեղրի ճանապարհը, որ կառուցվել է 2000-ական թթ կեսերին, որպես Կապանը Մեղրին ու Իրանին կապող երկրորդ ռազմավարական նշանակությամբ այլընտրանքային ուղի, այլևս չի մտնում կամ չի մոտենում Ադրբեջանի սահմանին, թեև Ճակատենը, Շիկահողը, Սրաշենը, Ներքին Հանդը և Ծավը արդեն սահմանամերձ են Զանգելանի շրջանին:

Գորիսից Կապան և ապա Ճակատեն ճանապարհին ու հետդարձին, որտեղ հանդիպում էի ադրբեջանական ցուցանակների, դրոշների ու սահմանապահների, մտքովս անցնում էր՝ 44-օրյա պատերազմը հայ ժողովրդին ցավ ու կսկիծ պատճառելուց զատ նաև պատվազուրկ է արել:

Եռօրյա այցի ընթացքում մենք եղանք մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի գյուղական համայանքներում, այդ թվում՝ Ներքին Հանդում, Սրաշենում, Շիկահողում, Ճակատենում, Սյունքիում, Բարգուշատում, Շուռնուխում, Որոտանում, Խնձորեսկում:

Նախքան զեկույցի հրապարակումը, որ սպասվում է մայիս-հունիս հատվածում, ԱՆԻ կենտրոնը ևս մի քանի անգամ կայցելի մարզ, կունենա հանդիպումներ ու հարցազրույցներ ինչպես տեղական պաշտոնյաների, այնպես էլ հասարակական շրջանակների և բնակչության լայն շրջանակների հետ:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյան

Լրագրող, ԱՆԻ կենտրոն