Զանգեզուրի ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրը. Ստեփան Լիսիցյան

4448

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է հատվածներ Ստեփան Լիսիցյանի ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԱՅԵՐԸ աշխատությունից, որը հրատարակել է Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 1969 թվականին:

Նախորդ մասերը

Առաջին մաս՝ https://www.aniarc.am/2021/03/11/stepan-lisitsian-zangezuri-hayery/

Երկրորդ մաս՝ https://www.aniarc.am/2021/03/12/stepan-lisitsian-zangezuri-hayery-2/

pers138700615349       download

Այստեղ ուզում եմ կանգ առնել գլխավորապես Զանգեզուրի ֆիզիկա-աշխարհագրական այն պայմանների վրա, որոնց ազդեցությունը որոշակի նկատվում է բնակչության ծագման պրոցեսի, նրա տեղաշարժերի ընթացքի և ներկա դասավորության մեջ: Այս տեսակետով կարևոր դեր է խաղացել մանավանդ եզրավորվող շղթաների բնույթը:

Այդ շղթաների մեջ պարփակված եռանկյունու շրջանակը կազմում են արևմուտքից՝ Զանգեզուր-Ալանգյազի, հնում՝ Սյունյաց, արևելքից՝ Ղարաբաղի, հնում՝ Արցախի լեռնաշղթաները, հարավից նրան փակում է Ղարաբաղի լեռնաղեղը: Եռանկյունին ոռոգող գետերի՝ Հագարու, Որոտանի (Բազարչայի), Ադրբեջանում՝ Բարգուշատի-Ողջիի (Օխչիչայի), Ծավի (Բասուտի), Մեղրիգետի հովիտների բերանները բացվում են դեպի Արաքս:

Արաքսի աջակողմյան ափին մուտքը դեպի այդ եռանկյունու գետաբերանները փակված է այժմյան Իրանի տերիտորիայի վրա Սևքարի (Ղարադաղի) լեռների աղեղով, որի արևմտյան ծայրը ծառացած է Ալանգյազ լեռնաշղթայի հարավային կտրվածքի դիմաց՝ Օրդուբադի և Կարճևան-Մեղրու միջև, որտեղ Արաքսը կատաղի հորձանք տալով, թռչելով դաշտի միջից դուրս ցցված ապառաժների վրայով զարնվում է իրեն սեղմող նեղ կիրճի սեպ կողերին, իսկ արևելյան ծայրն իջնում է Արաքսի ափին, այնտեղ, որտեղ ձախ ափին դիմացն են գալիս Սևքարի (Ղարադաղի) լեռնաշղթայի Զոհասարի, հնում՝ Դիզափայտի, ավելի ուշ՝ Զիարաթի գագաթից փռվող դարավանդները-այժմյան Սաֆարլուի և Ղարաղոնլուի սահմանապահ կայանների մոտ:

Սևքարի (Ղարադաղի) լեռնաղեղի կռնակը կորացած է դեպի Իրանի ներքին գավառները և իր հարավային լանջերով զառիթափ կտրվում է դեպի Ահարի և Աջիչայի գետահովիտները, իսկ դեպի հյուսիս արձակում մի քանի գրեթե զուգահեռ երկար լեռնաբազուկներ, որոնց միջով գետերը ուղղվում են դեպի Արաքս և այստեղ բավական լայն հովիտներով բացվում են գրեթե Զանգեզուրի գետաբերանների դիմաց:

Այսպիսով, դյուրություն է ընձեռվում ձախակողմյան հովիտներով անցնելու աջակողմյանները: Սևքարի (Ղարադաղի) լեռնաղեղը մի դժվար հարթելի պաշտպանողական պատնեշ է հանդիսացել Զանգեզուրի՝ Սյունիք-Սիսականի եռանկյունու համար Իրանի բարձրավանդակից ներս խուժել փորձող մարդկային հոսանքների առջև, և ինքը Ղարադաղը իր կուլտուրայով և անցյալով սերտորեն կապված է եղել պատմական Սյունիքի հետ:

Այսպիսով՝ եռանկյունին հանդիսանում է հարավից փակված աշխարհ: Նրա արևմտյան և արևելյան կողերը նույնպես դյուրին մատչելի չեն. նրանց վրայով կարելի է անցնել միայն սահմանափակ հատվածներում:

Արևմուտքից նրան Արարատյան դաշտի ավազանից անջատում է Զանգեզուր-Ալանգյազի լեռնաշղթան, որը Անդրկովկասի ամենաբարձր շղթան է Մեծ Կովկասից հետո, ունի չորս գագաթ 3700 մետրից, վեց գագաթ 3300 մետրից և վեց գագաթ 3000 մետրից բարձր: Շղթայի բարձրությունը հյուսիսային հատվածում չի նկատվում, որովհետև այստեղ երկու կողմերից նրան հարակից են շատ բարձրադիր մակերեսներ. Արևմուտքում՝ Դարալագյազը, իսկ արևելքում՝ Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակը: Այս բարձր տախտի վրա լեռնաշղթայի լանջերն իջնում են թե՛ մեկ և թե՛ մյուս կողմը մեղմորեն և միախառնվում են շրջապատող բլուրների և չինգիլների հետ: Սեռը (гребень) այն աստիճան խոնարհվում է, որ թամքոցները դառնում են հազիվ նշմարելի: Նույնիսկ մի տեղ նրա վրայով արհեստական առվով Որոտանի (Բազարչայի) ջուրը փոխադրված է դեպի Հայոցձորի (Դարալագյազի) Կեչուտ (Ղուշչի-բալաք) գյուղը, այժմյան Ջերմուկ (Իստիսու) բուժավայրի մոտ, հողերը ոռոգելու համար, իսկ մի փոքր ավելի հարավ, Որոտանի (Քոչբեկի) լեռնանցքով, խճուղին շատ թեթև գալարումներով ելնում՝ իջնում է մի կողմից մյուսը: Այդ է պատճառը, որ Հայոցձորի (Դարալագյազի) հնում՝ Վայոց ձորի գոգհովիտը իր պատմական անցյալով շարունակ կապված է եղել Զանգեզուրի Սիսիանի (հին Ծղուկի) գավառի հետ: Քաչալդաղի հարևան Անանուն (Безимянный) գագաթից դեպի հարավ, որտեղից սկսվում է այժմ Հայաստանի և Նախիջևանի միջհանրապետական սահմանագիծը, ձգվում է շղթայի ամենաբարձր հատվածը:

Այստեղ են գլխավորապես շարված նրա ամենավեր ելնող գագաթները: Այստեղ երկու կողմերից հարևան տարածությունները ընդհանրապես ավելի և ավելի արագ ցածրանում են, սեռը ավելի սուր և շեշտակի է որոշվում, լանջերը դառնում են խիստ զառիթափ: Այստեղ Սարվարդ (Սալվարդ՝ Աղոթարան) գագաթի հարավով Բիչանաղի (Բիչենաղի) թամքոցով խճուղին բազմաթիվ դժվարին կեռմաններով տանում է Նախիջևանից հին Ճահուկ գավառի Շահապոնս գավառակից՝ Սիսիան: Այս լեռնանցքով շատ հին ժամանակներից Նախիջևանի աղը փոխադրվել է Զանգեզուր և ավելի հեռու՝ Ղարաբաղ և Մերձկասպյան տափաստանները: Այս լեռնանցքով տեղի էին ունենում Նախիջևանի խաների հրոսակների ներխուժումները Ղարաբաղի խանության գյուղերն ու Զանգեզուրի մելիքական կալվածքները: Սարվարդից (Սալվարդից) դեպի հարավ սեռը ավելի և ավելի բարձրանում է և փոխվում է սուր և ցից ժայռերի. լանջերը ավելի դժվար ելանելի են դառնում, մանավանդ՝ արևմուտքից: Այստեղ են բարձրագույն գագաթները՝

Ղազանդաղը – 3858 մետր,

Կապուտջուղը (Կապուտջիղը) – 3920 մետր,

Յաղլուն – 3843 մետր և

Կապ սարը (Ղափլանդաղը) կամ Այիչինգիլը – 3305 մետր:

Կապուտջուղը (Կապուտջիղը) Արագածից հետո (4096 մ) Սովետական Հայաստանի երկրորդ հավերժական ձյունով ծածկված լեռն է համարվում: Լեռնաշղթայի դեպի հյուսիս-արևելք նայող գոգավորությունների մեջ ձյունը մնում է երկար ամիսներ, հաճախ մինչև նոր ձյան իջնելը:

Բիչանաղից՝ Սիսիանի լեռնանցքից (Բիչենաղից) հարավ թամքոցները մատչելի են միայն ամառային ամիսներին քոչվորների տեղափոխության համար: Քիչ շատ հարմար է Քաջարանի (Կապուտջիղի) լեռնանցքը, որը Կապուտջուղի լեռնագագաթի դռնակի մոտով միացնում է Նախիջևանի ԱՍՍՀ-ի Ագուլիսի և Օրդուբադի հովիտները Ողջի (Օխչի) գետի հովտի հետ, սակայն այդտեղով անցնող կածանի դժվարությունները հաղթում են միայն թեթև բարձած գրաստների քարավանները, այն էլ տարվա հինգ տաք ամիսներին:

Կապ սարից (Ղափլանդաղից) դեպի հարավ լեռնաշղթան հատկապես կոչվում է Ալանգյազ (Զանգեզուր), բաժանելով Օրդուբադի շրջանը Մեղրու շրջանից: Սեռը հետզհետե իջնում է և լայնանում, իշխում են կմախք ապառաժներ և հողմահարված քարային մանրուքներ:

Մոտենալով Արաքսին, լեռնաշղթան հանկարծ հատվում է գրեթե ուղղաձիգ փուլքով Սևքարի (Ղարադաղի) լեռնաշղթայի արևմտյան ծայրի դիմաց, տեղ-տեղ այնպես ընդհուպ կախվելով գետի ջրերի գլխին, որ կիրճով առատ երևակայության համար չի մնում տարածության և այստեղ մինչև Ալյաթ-Ջուլֆայի (Ջուղայի) երկաթգծի համար կատարված ժայռաքանդ աշխատանքները մարդիկ և գրաստներն անցյալում տեղափոխվում էին մի նեղ շավիղով, որը բարձրանում էր կիրճի ապառաժոտ ուղղաձիգ կողով:

Մեղրու այդ կիրճով մուտքն Արարատյան դաշտից դեպի Զանգեզուրի եռանկյունին չափազանց դժվար էր, թեև հարմար կլիմայական պայմանները տարվա բոլոր եղանակներին նպաստավոր են: Ագուլիս-Օրդուբադից Կարճևանի և Մեղրու հովիտները տեղափոխվելու համար հնում գերադասում էին անցնել Կոնգուր-Ալանգյազի, այժմյան Զանգեզուրի, լեռնաշղթայի հարավային մասի համեմատաբար տափակ սեռի վրայով:

Այսպիսով Զանգեզուրի եռանկյունու արևմտյան շրջանակը մինչև Սիսիանի-Բիչանաղի (Բիչենաղի) լեռնանցքն իր հյուսիսային հատվածումն է միայն հարմարություն ներկայացնում արևմտյան և արևելյան կողմերի փոխադարձ հաղորդակցության համար, իսկ հարավային հատվածում հանդիսանում է դժվարահարթ պատվար, որով թե՛ Մեղրու գավառակը, և թե՛ Ողջիի (Օխչիի) գետահովիտը (Կապանը) ամուր պաշտպանված են արևմուտքից ուղղված ներխուժումնների դիմաց:

Բոլորովին տարբեր բնույթ ունի Զանգեզուրի եռանկյունու արևելյան կողը: Այստեղ հենց հյուսիսային հատվածն է արգելքներ ստեղծում Կուրի ստորին հովտից բարձրացող մարդահոսանքների համար, իսկ հարավային հատվածն ավելի մատչելի է, որտեղ Ղարաբաղի բարձրավանդակը սկիզբ առնելով Զանգեզուրի լեռնաշղթայի՝

Սըրյեր-Սառչայի, այժմ Սառցալի – 3632 մետր լեռնագագաթի մոտից ուղղվում է արևելք և

Իջևան (Դալի դաղ) լեռը – 3632 մետր,

Մըխթեքյան – 3614 մետր և

Չիլգյազ – 2372 մետր գագաթներով հասնում է

Ալակայա – 2583 մ գագաթին, որից հետո շեղվում է հարավ արևելյան ուղղությամբ և

Ղըրխ-ղրզ – 2564 մետր,

Սաղսաղան – 2160 մետր և

Մեծ Քիրս – 2725 մետր գագաթներով մոտենում է

Դիզափայտին (Զիարաթին) – 2496 մ և ապա դարավանդներով փռվում է դեպի Արաքս:

Լեռնաշղթայից մինչև Ալակայա հատվածը բաժանում է Ղարաբաղի՝ Սյունիքի հրաբխային բարձրավանդակը հյուսիսից նրան կցվող Տրտու (Թարթառ) գետի բարձրադիր վերնագավառից, որը կտրտված է անդնդախոր ծործորներով և զառիթափ անձուկներով: Այս հատվածում թամքոցները բազմաթիվ են և ցածրադիր, բայց Տրտուի (Թարթառի) կողմից նրանց հասնելը շատ դժվարացած է: Ալակայայից մինչև Դիզափայտ լեռնաշղթայի հարավային լանջերը կարճ են, բայց գրեթե ուղղաձիգ: Լանջերը իջնում են դեպի Ղարաբաղի Հրաբխային բարձրավանդակը, իսկ հյուսիսային լանջերին՝ դեպի Կուր գետը ձգվում են երկար լեռնաբազուկներ: Սրանց մեջ գոյացած հովիտներով վերելքը Մերձկասպյան տափաստաններից դեպի սեռը թեև դյուրին է, սակայն մուտքերը հնարավոր է հեշտությամբ կապել հովիտների նեղացող բերանների մոտ: Այս հատվածում կան մի քանի լեռնանցքներ:

Հարմարագույնը Թթու ջրինն է (Лысогорский перевал) – 2040 մ, որով խճուղին Ստեփանակերտ-Շուշուց ուղղվում է Գորիս:

Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքների տափաստաններից մուտքը դեպի Զանգեզուր ավելի ազատ է Դիզափայտի (Զիարաթի) դարավանդներից որևէ մեկով, մանավանդ այնտեղով, որտեղով այժմ էլ Դիզակի (Ջիբրայիլի) կողմերից Շահիյոլ կոչվող ճանապարհով տափաստանների սարվորները իրենց անասուններով բարձրանում են Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակի ամառային ճոխ և փարթամ արոտավայրերը: Այս ճանապարհը հնուց կապում էր Զանգեզուրը Միլի դաշտով Շիրվանի և Բաքվի հետ և դուրս էր բերում Կասպից դռնով կամ Ճորա պահակով (Դերբենդի անցքով) հյուսիս, դեպի ռուսական հարթության հարավային տափաստանները: Ճորա պահակով Անդրկովկաս էին թափանցում հյուսիսից կիմմերները, սկյութացիք և այլ ազգեր մեր թվականությունից առաջ, իսկ ավելի ուշ՝ մանավանդ հոները: Այդ մարդկային հեղեղների առջև Շահիյոլ ճանապարհով բացվում էր մուտքը դեպի Զանգեզուր:

Եթե Սյունիքի պատմագիրը՝ Ստեփաննոս Օրբելյանը, հետևելով ավանդությանը, վկայում է, թե Վաղարշակ առաջին Արշակունի թագավորի կարգադրությամբ Սիսակի ցեղին էր հանձնված “ընդդէմ կալ հանապազ պատերազմաւ դրանն Հոնաց”: Այդ բանը շատ հասկանալի է, քան որ Սիսականի (Սյունիքի) տերը, պահպանելով Ճորա պահակը՝ դրանով պահպանած էր լինում նաև իր տոհմական կալվածքները, մասնավորապես Շահիյոլ ճանապարհը: Հավանական է, որ հենց այդ ճանապարհով են ներխուժել մոնղոլական ցեղերը Մուղանի դաշտում հաստատվելուց հետո: Այս դարավանդով է վերադարձել Էջմիածին Աբրահամ Կրետացի կաթողիկոսը Մուղանի դաշտից, Նադիր-շահի սուրն օրհնելուց հետո, դեպի Խնձորեսկ Տաթևով և Մեղրիով Արարատյան դաշտը հասնելու համար:

Դիզափայտի (Զիարաթի) դարավանդների և Շահիյոլի ճանապարհի երկու կողմերում է, որ տեղավորված են այժմ ադրբեջանական բնակչություն ունեցող գյուղերը, որոնք ներառնված են Ադրբեջանի հանրապետության սահմանների մեջ: Հայերը տեղավորված են Զանգեզուրի եռանկյունու վրա, Զանգեզուրի-Կոնգուր-Ալանգյազի լեռնաշղթայի և նրա լեռնաբազուկների հովիտներում, որտեղ Մեղրի (Չավնդուրի կամ Արեգունու – Մեղրի – Գյունեյի) լեռնաբազուկը՝ հեռանալով Կապ սարի (Ղափլանդաղ կամ Այի-Չինգիլ) գագաթից դեպի արևելք, առանձնացնում է Մեղրու գավառակը Կապանից և Սիսիանից և Բուն Զանգեզուրից: Հյուսիսային հատվածի այս գավառակներում ձևավորվել է մի այլ լեզվական ազգագրական միասնություն, որը թեև բազմաթիվ նմանություններ ունի ղարաբաղյան աշխարհի հետ, բայց ունի նաև շատ որոշակի տարբերություններ: Ներկա աշխատությունն առանձնապես կանգ կառնի այդ տարբերությունների վրա:

Լուսանկարում՝ Մեղրին 1903-ին