Փաշինյանի մետամորֆոզը. Վարդան Հարությունյանի հոդվածը aliqmedia.am-ում

1214

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի այս հոդվածը լույս է տեսել դեկտեմբերի 3-ին, ԱԼԻՔՄԵԴԻԱ կայքում: ԱՆԻ կենտրոնը այն վերահրատարակում է՝ փոխելով միայն հոդվածին կից լուսանկարը

Եկեք, կլինի, ես պաշտպանեմ Նիկոլին։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Նիկոլին։ Այն Նիկոլին, որն այսօր չկա, որն սպանվել է, բայց որի մահը մեզ համար աննկատ է մնացել։ Մենք չենք նկատել ու չենք սգացել նրա մահը, որովհետեւ թաքցրել են մեզանից։

Նիկոլը, երբ դեռ երիտասարդ ու խոստումնալից լրագրող ու խմբագիր էր, պտտվում էր մի միջավայրում, որտեղ հաճախ էր խոսվում հարեւանների հետ փոխզիջումների, հակասությունների կարգավորման եւ խաղաղ համակեցության մասին։ Այս մտքերը նրան տրամաբանական, անգամ՝ հարազատ էին թվում։ Մի պահից ինքն իրեն արդեն դրանց կրողն ու դրանց քարոզիչն էր համարում։ Իր խմբագրած թերթի էջերում հաճախ էր հանդես գալիս փոխզիջումներով Արցախի խնդիրը կարգավորելու ու խաղաղության օգտին։ Վերջերս այդ հոդվածներից մեկը Փաշինյանի հակառակորդները վերահրապարակում ու քննարկում են՝ փորձելով դրանով ապացուցել, թե նա դեռ լրագրող աշխատած տարիներին է ծրագրել տարածքային այն զիջումները, որոնք այսօր՝ այդքան զոհերի ու կորուստների գնով իրականացրեց։ Շատ ենք լսում նաեւ՝ ժամանակին Նիկոլն այս է եղել, ժամանակին Նիկոլն այն է եղել, այս թիմում է եղել, այն թիմում է եղել, այսինչ մարդիկ են նրան աջակցել, այնինչ մարդիկ են նրան աջակցել։

Փաշինյանի դեմ հարգելի պայքարողներ, ձեզ հիասթափություն է սպասում։ Նիկոլն, իհարկե, եղել է Արցախի խնդիրը փոխզիջումներով լուծելու կողմնակիցների թիմում, գրել է այդ հոդվածը, բայց դա բոլորովին այլ Նիկոլ է։ Այդ հոդվածի հեղինակ Նիկոլը վաղուց չկա։ Դուք այլ Նիկոլի գրած հոդվածը վերագրում եք այս Նիկոլին՝ Նիկոլ Փաշինյանին։ Սա թյուրիմացություն է։

Բանն այն է, որ տարիներ առաջ, (ցանկության դեպքում կարելի է պարզել տարեթիվը, անգամ՝ ամիսը) սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել։ Մի օր լրագրող ու խմբագիր Նիկոլն արթնացել ու որոշել է, որ պետք է քաղաքական գործիչ դառնա։ Նորմալ է՝ շատ երիտասարդներ են քաղաքականությամբ զբաղվելու որոշումներ կայացնում։

Բայց, քաղաքականությամբ զբաղվելու որոշում կայացրած Նիկոլը, որ ծրագրել էր անպայման պարոն Փաշինյան դառնալ, չէր կարող չհասկանալ, որ հաշտության, փոխզիջումների, հարեւանների հետ խաղաղ համակեցության ու նման ոչ այնքան մոդայիկ տեսակետներով ոչ հեռուն կգնաս եւ ոչ էլ իշխանության կհասնես։ Գիտեր, որ հաշտության եւ առարկայական բանակցությունների կողմնակիցները թվաքիչ են, լայն հանրության կողմից չեն ընկալվում, պարտվողականների համբավ ունեն, հետն էլ՝ գտնվում են գործող իշխանությունների թիրախում։ Եւ ահա, մի օր, վաղ առավոտյան, երբ տանը իրենից ու հին Նիկոլից բացի ուրիշ ոչ ոք չի եղել՝ մեր այս նոր Նիկոլը, որ հետո պետք է պարոն Փաշինյան դառնար, թիկունքից մոտեցել է հին Նիկոլին ու առանց աչքը թարթելու, առանց խղճի խայթի, առանց ափսոսանքի նշույլի կրակել նրա գլխին։ Գնդակահարել է։ Նոր Նիկոլի՝ այսօրվա պարոն Փաշինյանի բառապաշարով ասած՝ գյուլլել է։ Մի խոսքով՝ գնդակահարում ու անհայտ մի տեղ թաքցնում է խոստումնալից այդ երիտասարդի դին։ Ջնջում է նրան։ Թաղում է անցյալը։ Կտրում է իրեն ու անցյալը կապող բոլոր թելերը։

Խաղաղության խոսքին փոխարինելու են գալիս ռազմահայրենասիրությունը, նախկին հակառակորդների կարգախոսների յուրացումը, «ոչ մի զիջում» թեզը, նախկին թիմակիցներին ու ընկերներին ոտատակ տալը, նիհիլիզմը, անպատասխանատվությունը, ամբարտավանությունը, ամբոխահաճո ելույթները ․․․

Եւ, այո, հարգելի քննադատներ, դուք չարաչար սխալվում եք, երբ փորձում եք այսօրվա պարոն Փաշինյանին երեկվա Նիկոլի գրած հոդվածի օգնությամբ նեղը գցել։ Սխալվում եք, երբ վարչապետ Փաշինյանի եւ նախկին լրագրող Նիկոլի միջեւ կապ եք տեսնում։ Չկա նման բան։ Վարչապետ Փաշինյանը պատասխանատու չէ լրագրող Նիկոլի գրածների համար։ Նրանք տարբեր մարդիկ են։

Բայց բոլորովին չի բացառվում, հակառակը, վստահ եմ, որ անպայման կգտնվեն լրագրող Նիկոլին եւ վարչապետ Փաշինյանին ինձանից շատ ավելի լավ ճանաչող մարդիկ (անգամ անուններ կարող եմ թվարկել), որոնք կպնդեն, թե ես, սովորությանս համաձայն, մարդկանց գնահատելիս սխալվում եմ, թե միամիտ եմ ու չարդարացված լավատես։ Կասեն, որ լրագրող Նիկոլին լավ չեմ ճանաչել ու չեմ հասկացել թե ով է նա իրականում։ Կասեն՝ իզուր եմ նրան դրական որակներով ու որպես զոհ ներկայացրել։ Կպնդեն, որ երեկվա Նիկոլը եւ այսօրվա մեծարգո վարչապետ պարոն Փաշինյանը նույն մարդն են ու լավ էլ շարունակում ու փոխլրացնում են իրար, որ ոչ մի սպանություն էլ տեղի չի ունեցել եւ ոչ մի թաքցրած դիակ էլ չկա։ Հին ու նոր Նիկոլներն ուղղակի պայմանավորվել են, որ նոր կերպարով են սկսում հանդես գալ։ Պայմանավորվել են՝ ջնջում են անցյալը, կտրում բոլոր հին կապերն ու նոր տողից սկսում, եւ հոգ չէ, որ այդ նոր տողը հին տողի տրամաբանությանը 180 աստիճան հակադիր է։

Շատ ավելի հավանական է, որ հենց այս՝ երկրորդ տարբերակն է իրական։ Բայց երկու տարբերակներից որն էլ որ իրական լինի, միեւնույնն է, այն Նիկոլը, որի գրածները որպես մեղադրանք այս Փաշինյանին եք ներկայացնում, քանի տարի է՝ չկա արդեն։ Պարոն Փաշինյանն այդ Նիկոլին վաղուց է մոռացել։ Ճիշտ կանեք՝ դուք էլ մոռանաք։

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։