«Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են». Պուտին

1587

22 հոկտեմբեր, 2020 

Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ ։

«Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են», – ասել է նա ՝ հավելելով, որ Ռուսաստանի համար ողբերգություն է այն փաստը, որ այժմ Ղարաբաղում մարդիկ են զոհվում։

Նա նշել է, որ այսօր այդ հակամարտությունը տեղի է ունենում ամենավատ տարբերակով, և որ երկու կողմերից ակտիվ գործողությունների սկսվելուց ի վեր զոհերի թիվն ընդհանուր առմամբ մոտենում է 5 հազարի:

«Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը», – հավաստիացրել Է Պուտինը:

«Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ կոշտ հանցագործություններ են իրականացվել»,- ասել է Պուտինը։

«Մենք ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակներ էինք առաջարկում, ինչ-որ պահի թվում էր, թե լուծում կգտնենք, ցավոք, դա տեղի չունեցավ», – շարունակել է Պուտինը ՝ հավելելով, որ օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ղարաբաղի հարցով փոխզիջում գտնելու թեմայով:

ՍիվիլՆեթ