Բաքվին չի հաջողվել հասնել իր ռազմական նպատակներին, անգամ Թուրքիայի աջակցությամբ. Stratfor

1700

«Ադրբեջանական բանակը վաղուց էր նախապատրաստվել այս հարձակմանը, սակայն ակնհայտ է, որ Բաքվին չի հաջողվել հասնել իր առջև դրված ռազմական նպատակներին, անգամ Թուրքիայի աջակցությամբ», – պնդում է ամերիկյան հեղինակավոր Stratfor -ի ռազմական փորձագետ Սիմ Թեքը։ Ավելի քան 25 տարի գործող հետախուզա-վերլուծական կենտրոնը իր վերջին հաղորդումներից մեկը նվիրել է Արցախում սեպտեմբերից շարունակվող ռազմական գործողություններին «Ով կհաղթի Լեռնային Ղարաբաղում» վերնագրի տակ։

«Ադրբեջանը պատրաստվում էր այս հարձակմանը։ Արբանյակային լուսանկարներից և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը ցույց էր տալիս, որ Ադրբեջանը սեպտեմբերին և նույնիսկ դրանից առաջ՝ օգոստոսին, նախապատրաստում էր իր առաջնագիծը, նոր խրամատներ էր փորում կամ թարմացնում հները, ծանր զրահատեխնիկա տեղափոխում ռազմաճակատ»,- ասել է ռազմագետը։

«Հրադադարի խախտումներն ու կարճատև բախումները պարբերական բնույթ են կրել այս հակամարտության գոտում, սակայն զորքերի ու զինտեխնիկայի ներկայիս տեղաշարժն աննախադեպ է․ նման ինտենսիվություն չի եղել անգամ 2016-ի սրացման ժամանակ»,- ասել է Stratfor-ի վերլուծաբանը` ընդգծելով՝ 1994-ից ի վեր ամենալայնատարած ու արյունալի այս պատերազմի մեկնարկին նպաստել է նախ և առաջ Անկարայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանին։

«Թուրքիան հստակ նկրտումներ ունի այս տարածաշրջանում, որտեղ մրցակցում է Ռուսաստանի հետ՝ ազդեցության ոլորտները կիսելու համար։ Եվ Թուրքիան իր այդ քաղաքականության մեջ առաջին հերթին դաշնակցին՝ Ադրբեջանին է օգտագործում։ Տպավորություն է, ասես, այս քայլերով Անկարան փորձում է մարտահրավեր նետել և խախտել Ռուսաստանի կողմից հաստատված ստատուս քվոն Հարավային Կովկասում»։

Հետևելով արդեն երրորդ շաբաթը շարունակվող պատերազմին՝ Stratfor-ի ռազմական փորձագետը փաստում է՝ չնայած ադրբեջանական բանակի նախապատրաստություններին ու Թուրքիայի աջակցությանը, Բաքվին չի հաջողվել էական արդյունքների հասնել ռազմադաշտում. – «Մեծ հաշվով, կողմերի վերահսկողության տակ գտնվող տարածքների էական փոփոխություն չենք տեսնում։ Երբ նայում ենք՝ որտեղ էր շփման գիծը այս պատերազմից առաջ՝ տասնամյակներ շարունակ, տեսնում ենք, որ Ադրբեջանը միայն հաջողել է իր վերահսկողության տակ առնել զուտ գյուղերից մի քանիսը առավել ցածրադիր տեղանքներում։ Իրողությունն այն է, որ այս տարածքը շատ լեռնային է, և ռազմական գործողությունների հնարավորությունները սահմանափակ են։ Հենց որ փորձում ես առաջխաղացում արձանագրել դեպի այդ լեռներ, շատ արագ բախվում ես խնդիրների՝ հետևակդ չի կարող ազատորեն շարժվել այդ տարածքում, մինչդեռ հակառակորդ կարող է շատ ավելի ամուր դիրքեր ունենալ։ Այնպես որ, կարող ենք փաստել, որ Ադրբեջանին հաջողվել է ինչ-որ առավելության հասնել, բայց շատ սահմանափակ»։

Աշխարհագրական անբարենպաստ պայմաններից բացի, ըստ փորձագետի, ադրբեջանական բանակին առաջիկայում ևս մեկ մարտահրավեր է սպասում՝ եղանակը։ «Մոտալուտ ձմեռը էլ՛ ավելի կսահմանափակի ռազմական գործողությունների իրականացման հնարավորութունը»,- ասում է Սիմ Թեքը, արձանագրելով՝ դեռ հարց է՝ արդյոք պատերազմը կշարունակվի այդքան ժամանակ։

«Որքան Ադրբեջանը մոտենում է լեռնային շրջաններին, այնքան ավելի ու ավելի է դժվարանում առաջխաղացումը։ Չհաջողելով նոր տարածքներ գրավել՝ Բաքուն փորձելու է իր ներկայիս հաջողությունները վերածել իրական զիջումների բանակցային գործընթացում»,- ասել է նա։

Stratfor-ի փորձագետը փաստում է, որ բանակցություններն արդեն իսկ սկսվել են՝ հիշատակելով Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը։ «Հստակ է՝ հակամարտությունը հասել է մի կետի, երբ անհրաժեշտ են կարգավորման նոր մոտեցումներ, նոր համաձայնություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,-ասել է Սիմ Թեքը, ով զբաղվում է աշխարհաքաղաքական զարգացումների և հակամարտությունների մասին տեղեկությունների հավաքագրմամբ ու վերլուծությամբ։

Հեղինե Բունիաթյան, Ազատություն