«Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Spiegel» շաբաթաթերթին, որը տեղադրվել է նաև շաբաթաթերթի կայքում: Ներկայացնում ենք այն ստորև.
Spiegel – Պարոն վարչապետ, Դուք նոր եք վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Ինչպիսի՞ն է այնտեղ իրավիճակը: Ի՞նչ տեսաք Դուք Ստեփանակերտում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեսա հրթիռակոծվող քաղաք և հրթիռների հարվածի թիրախ դարձող բազմաբնակարան շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Եվ կարծում եմ, որ ադրբեջանցիները հարված հասցնելիս գիտեն, որ իրենք հարվածում են բնակելի տների, քաղաքացիական ենթակառուցվածքների, դպրոցների, մանկապարտեզների: Բայց դա չի կանգնեցնում նրանց: Եվ զարմանալի չէ: Որովհետև հիմա արդեն միջազգայնորեն արձանագրված փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս պատերազմին՝ որպես Ադրբեջանի զինուժի դաշնակից, մասնակցում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ: Եվ այդ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին Թուրքիան է տեղափոխում Ադրբեջան: Այս պատկերն ամբողջանում է դրանով:
Spiegel – Անձամբ Ձեզ համար ինչպե՞ս սկսվեց այս պատերազմը: Հարձակումն սկսվեց կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 08:00-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինձ Արցախի Հանրապետության նախագահը զանգեց և ասաց, որ հարձակում է տեղի ունեցել: Դրանից հետո տեղեկատվությունը ճշգրտելու համար ես զանգեցի մեր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Եվ նա տեղեկությունները հաստատեց: Դրանից հետո մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցինք և երկրում ռազմական դրություն ու զորահավաք հայտարարեցինք: Որովհետև մենք գնահատում էինք, և հետագան ցույց տվեց՝ ոչ առանց հիմքի, որ կա նաև Հայաստանի Հանրապետության վրա հարձակման անմիջական վտանգ: Եվ մենք տեսանք, որ հետագա օրերին Հայաստանի բնակավայրեր ռմբակոծվեցին, և քաղաքացիական բնակչության շրջանում եղան տուժածներ: Նաև ընդհուպ Երևանի և հարակից քաղաքների վրա երևացին թշնամական անօդաչու թռչող սարքեր:
Spiegel – Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար մարտեր և փոխհրաձգություններ են եղել՝ 2016 թվականին, 2018 թվականին, 2020 թվականի հուլիսին: Սակայն այս անգամ բախումներն այնպիսի ինտենսիվություն ունեն, ինչպիսին տասնամյակներ ի վեր չի եղել: Ինչո՞ւ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, Դուք իրավացի եք: Մեր ռազմական փորձագետներն ասում են, որ այսպիսի լայնածավալ պատերազմ՝ այսքան զինուժի, տեխնիկայի, զինատեսակների կիրառմամբ, թերևս 21-րդ դարում ընդհանրապես ոչ մի տեղ չի եղել կամ էլ եղել է, համենայնդեպս, ոչ հաճախ: Եվ դա ունի մեկ բացատրություն՝ Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմում:
Spiegel – Կխնդրեի պարզաբանեք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – 100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Դուք գիտեք, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության օրոք տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 մլն հայ: Բայց այդ ցեղասպան քաղաքականության նպատակը միայն էմոցիաները չեն կամ ատելությունը հայերի նկատմամբ: Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ էքսպանսիոնիստական և կայսերական քաղաքականություն վարելու: Այս քաղաքականությունը մենք պետք է դիտարկենք այն ընդհանուր քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրածովյան տարածաշրջանում: Եվ այս քաղաքականության մեջ ընդգրկվում են ահաբեկիչները և վարձկանները: Միջազգային հանրությունը և հատկապես Եվրոպան պետք է շատ լուրջ գնահատական տա այս փաստին: Եթե Եվրոպան դա չանի, անհրաժեշտ է Թուրքիային այսպիսի էքսպանսիոնիստական քաղաքականությամբ սպասել Վիեննայի մոտակայքում:
Spiegel – Դուք փաստացի պնդում եք, որ Թուրքիային չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը, այլ Թուրքիան ցանկանում է միջանցք ստեղծել հայկական տարածքի միջոցով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այո: Եվ մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից Ադրբեջան պետությունը կլանելու խնդրի լուծում: Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները:
Spiegel – Ադրբեջանական բանակն առաջ է շարժվում հիմնականում հարավում՝ Իրանի հետ սահմանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե ամեն օր հայտարարում է բնակավայրեր վերցնելու մասին: Ինչո՞ւ ուղղակի այդ գյուղերը չեք թողնում նրանց: Այդ տարածքն անմարդաբնակ է, կոպիտ ասած՝ չի պատկանում Լեռնային Ղարաբաղին, այլ անվտանգության գոտում է, որը տարիներ առաջ ձևավորել են հայերը վիճելի տարածքի շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար վաղ է այդպիսի հայտարարություններ անել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն իրականացնում է հակաահաբեկչական գործողություններ, և այդ գործողությունների արդյունքում է, որ մենք պիտի տեսնենք, թե ինչ է կատարվում տեղում: Անվտանգության գոտին քմահաճույքի համար չի ձևավորվել: Խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու, պոտենցիալ ռմբահարողներին քաղաքներից ու գյուղերից հեռու պահելու մասին: Այսօրվա գործողությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ գոյութենական սպառնալիքի ներքո Ադրբեջանի կողմից:
Spiegel – Դիմե՞լ եք Ռուսաստանին ռազմական օգնության համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հայաստանը և Ռուսաստանը անվտանգության ոլորտում դաշնակիցներ են և ունեն որոշակի պայմանագրային փոխհարաբերություններ: Եվ ես համոզված եմ, որ համապատասխան իրավիճակներ ձևավորվելու դեպքում Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի:
Spiegel – Ի՞նչ է դա նշանակում՝ երբ Հայաստանի տարածքի վրա հարձակո՞ւմ կլինի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա գնահատման որոշակի խնդիր ունի՝ սպառնալիքի չափը, ծավալները և պոտենցիալը: Մենք ունենք պայմանագրային մեխանիզմներ: Գիտեք, որ 102-րդ ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում: Ռուս սահմանապահները պահում են Թուրքիայի և Իրանի հետ սահմանը:
Spiegel – Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Վլադիմիր Պուտինն անգամ չի զանգահարել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես չեմ կարող, իհարկե, դա մեկնաբանել, բայց այնպես չէ, որ ուղղակի ինքնանպատակ զանգեր են տեղի ունենում: Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը պաշտոնապես արձանագրեց, որ ընդդեմ Ղարաբաղի և ընդդեմ Հայաստանի կռվում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Եվ Ռուսաստանն ամենևին էլ առաջին երկիրը չէ, ով խոսում կամ առնվազն ակնարկում է դրա մասին: Դրա մասին խոսել են Ֆրանսիան, խոսել է Իրանը: Որոշակի առումով սա քաղաքակրթական պատերազմ է, և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն այս պատերազմում փաստորեն գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Մենք պայքարում ենք Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության և միջազգային ահաբեկչության դեմ:
Spiegel – Դուք փոխզիջման հնարավորություն տեսնո՞ւմ եք, օրինակ, անվտանգության գոտու տարածքների մի մասի վերադարձ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Վերադարձնողը ես չեմ, վերադարձնողը Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է: Իսկ այդ պարագայում ո՞վ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը:
Այս իրավիճակում պատշաճ արձագանքը միջազգային հանրությաւն կողմից ԼՂ-ի անկախության ճանաչումն է. Նիկոլ Փաշինյանը՝ Tv5Monde-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Tv5Monde հեռուսաալիքին, որը ներկայացնում ենք ստորև.
Tv5Monde – Արդեն 12 օր է, ինչ շարունակվում են բախումներն Ադրբեջանի զինված ուժերի և Հայաստանի կողմից սատարվող Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջև: Հատուկ հարցազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Բարի երեկո պարոն վարչապետ, շնորհակալություն Հայաստանի մայրաքաղաք Երևանից ուղիղ եթերում մեզ հարցազրույց տալու համար: Առաջին հարցս. բոլորն ուզում են իմանալ 12 օր մարտերից հետո արդյոք այս երեկո Ղարաբաղում հրադադարի կոչ եք արել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այս երկու օրերի իրադարձություններից հետո իրականում միջազգային հանրությանը և եվրոպական հանրությանը կոչն այլ բանի մասին է: Ես կարծում եմ, որ տեղի է ունեցել հետևյալը՝ Ադրբեջանը սկսել է հարձակում, լայնածավալ պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և այս պատերազմը սկսել է Թուրքիայի քաջալերմամբ և անմիջական մասնակցությամբ: Թուրքիան նաև Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան, որպեսզի նրանք Ադրբեջանի կողմից պատերազմեն Ղարաբաղի դեմ: Եվ հիմա այս պահին Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ և առերեսվում է ահաբեկչական հարձակման հետ: Այսօր խաղաղ քաղաքները, քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծվում են ըստ էության շուրջօրյա: Եվ այս իրավիճակում, երբ Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի և ցեղասպանության վտանգի առաջ, իմ կոչն այն է, որ նախ եվրոպական հանրությունը, միջազգային հանրությունը դապարտի ադրբեջանաթուրքաահաբեկչական հարձակումը:
Tv5Monde – Շատ սպասված բառ, ցեղասպանություն: Ցեղասպանությունը մարդկանց մեթոդաբար ոչնչացումն է: Արդյոք Դուք ունեք ապացույցներ, որ նմա բան է պլանավորվում, որովհետև Թուրքիային եք մեղադրում դրանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այն ինչ տեղի է ունենում հիմա Ղարաբաղում հենց դրա վկայությունն է, որովհետև ի՞նչ է նշանակում, իսկ ինչի՞ համար են եկել ահաբեկիչները Ղարաբաղ, իսկ ինչի՞ համար են շուրջօրյա հրթիռակոծվում խաղաղ բնակավայրերը: Եվ ես ասում եմ, որ հարյուր տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս շարունակելու հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը: Ընդ որում, ինձ համար ակնհայտ է, որ դա ունի կոնկրետ աշխարհաքաղաքական պատճառ, որովհետև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհի վերջին խոչընդոտն են շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք:
Եվ սա պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում Հունաստանի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, այն քաղաքականության, որ վարում է Լիբիայում, Սիրիայում, Իրաքում և սա թուրքական կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է: Եվ ըստ էության ես համոզված եմ, որ հենց այս հարցն է լուծվում Հարավային Կովկասում: Եվ բոլոր եվրոպական լրատվամիջոցներին հարցազրույց տալիս ասում եմ, որ եթե Եվրոպան, միջազգային հանրությունն այս իրավիճակին չվերաբերվի անհրաժեշտ լրջությամբ, հարկ է ոչ հեռավոր ապագայում Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Եվ ավարտելով առաջին հարցին ի պատասխան իմ զարգացրած միտքը՝ ուզում եմ ասել, որ այս իրավիճակում պատշաճ արձագանքը կլինի այն, որ եվրոպական երկրները, միջազգային հանրությունը և կոնկրետ երկրները իրենց մեջ ուժ գտնեն և վճռական քայլ անեն ու ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Tv5Monde – Պարոն Փաշինյան վերջին օրերին Դուք հետուստատեսությամբ երևում էիք զինվորական համազգեստով: Արդյոք դուք ներկա պահին գերագույն հրամանատար եք դարձել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Գիտեք Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված և ռազմական դրության ժամանակ երկրի վարչապետն ունի որոշակի պարտականություններ: Եվ երբ ձեր նշած հագուստով էի եղել, ես այցելել էի Լեռնային Ղարաբաղ՝ ռազմական գործողությունների գոտի և անտրամաբանական կլիներ ռազմական գործողությունների գոտի մեկնել կոստյում-փողկապով: Ասեմ, որ դա զինվորական հագուստ չէ, դա քաղաքացիական դաշտային հագուստ է:
Tv5Monde – Դուք խոսեցիք Թուրքիայի մասին պարոն վարչապետ: Տարածաշրջանում մեկ նայլ մեծ դերակատար էլ կա, խսոքը Ռուսաստանի մասին է, ով առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի, բայց նաև Ադրբեջանի հետ: Նրանց համար Վլադիմիր Պուտինը դժվար հասանելի է, բայց Ձեզ հետ կապի մեջ է: Ի՞նչ եք Դուք խնդրել Ռուսաստանի նախագահից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ և Ռուսաստանն այստեղ մի քանի դերակատարում ունի: Նախ առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկիր է, և երկրորդը՝ Ռուսաստանն ունի որոշակի անվտանգային պարտավորություններ: Հայաստանը և Ռուսաստանն ունեն անվտանգային ոլորոտում ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Այս առումով, Ռուսաստանն անվտանգային որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ և երեկ էլ Ռուսաստանի Դաշնության նախագահը հրապարակային հայտարարեց, որ Ռուսաստանն ըստ անհրաժեշտության իր անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կկատարի:
Tv5Monde – Ադրբեջանն ու իր դաշնակից Թուրքիան, պարոն վարչապետ, հղում անելով միջազգային իրավունքին՝ նշում են ՄԱԿ-ի բանաձևերը: Այդ երկու երկրները խոսում են ձեր կողմից Լեռնային Ղարաբաղն օկուպացնելու մասին: Ի՞նչպես կպատասխանեք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կրկին մենք հանգում ենք մի իրավիճակի, երբ շատերը խոսում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մինչև 1993 թվականին ընդունված բանաձևերի մասին, բայց ոչ բոլորն են, որ ուշադիր կարդացել են, թե ինչ է գրված այդ բանաձևերում: Այդ բանաձևերում գրված է, որ Ադրբեջանը խախտելով զինադադարի միջազգային պայմանավորվածությունը, դրա արդյունքում ունեցել է տարածքային կորուստներ, որովհետև Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը ստիպված են եղել պաշտպանվել, այսինքն, արձագանքել հրադադարի այդ խախտմանը: Շատերն ասում են, մեջբերում են Հայաստանին այդ համատեքստում, բայց Հայաստանի ներգրավվածության մասին անվտանգության խորհրդի բանաձևերում որևէ բան գրված չէ: Ես էլի ուզում եմ ընդգծել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թվականին, շատ կոնկրետ օպերատիվ իրավիճակում և վերաբերվել են հենց այդ կոնկրետ օպերատիվ իրավիճակին: Իսկ դրանից հետո տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային ֆորմատի հիմնադրում և ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասին է խոսքը, որը որոշակի բանաձև է առաջարկել, աշխատանք է իրականացրել հարցի կարգավորմանը հասնելու համար:
Tv5Monde – Պարոն վարչապետ, այսօր Ժնևում սկսվել են քննարկումներ ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի շրջանակում, որտեղ ներգրավված է նաև Ֆրանսիան: Պետք է նշեմ նաև, որ Հայաստանն էլ իր հերթին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է: Եվ Ֆրանկոֆոնիայի վերջին գագաթնաժողովն էլ տեղի է ունեցել Ձեզ մոտ՝ Երևանում, Հայաստանում: Ի՞նչ սպասելիքներ ունեք Դուք նախագահ Մակրոնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես նախ ուզում եմ ընդգծել՝ հայ ժողովրդի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի գոհունակությունը Ֆրանսիայի նախագահի անկեղծ և շիտակ, ճշմարտության վրա հիմնված դիրքորոշումների առիթով: Կարող եմ ուղիղ ասել՝ ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում այդ մտահոգությունները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի: Բայց, որը նաև իր ահաբեկչական ճառագայթները և իր ահաբեկչական ալիքները կարող է տարածել մեր տարածաշրջանում ավելի լայն իմաստով: Եվ իհարկե, սա ուղիղ սպառնալիք է գլոբալ անվտանգությանը՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը և քաղաքականությունը: Իմ ակնկալիքն իրոք այն է, որ Ֆրանսիան ուղղակի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Tv5Monde – Շնորհակալություն հարցազրույցի համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:












