2-ը հոկտեմբերի, 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակագրությունը

2507

Միջազգային հանրությունը պետք է արագ ներգրավվի՝ թույլ չտալու բռնության տարածումը. վարչապետ Փաշինյանի հարցազրույցը Le Figaro-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հայտնի Le Figaro թերթին: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

Le Figaro – Դուք մեղադրում եք Թուրքիային՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Ի՞նչ ապացույցներ կան ձեր տրամադրության տակ։

Նիկոլ Փաշինյան – Այո, մենք ապացույցներ ունենք։ Ռուսաստանը, Ֆրանսիան և Իրանն արդեն իսկ ընդունել են, որ սեպտեմբերի 27-ին թուրքական բանակը ներգրավված է եղել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դեմ լայնածավալ հարձակման մեջ։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ հաստատել են Ադրբեջանին իրենց աջակցությունը ոչ միայն քաղաքական և դիվանագիտական, այլև ռազմի դաշտում։ Նրանք կիրառում են թուրքական ԱԹՍ-ներ և F-16-ներ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական գոտիները ռմբակոծելու համար։ Միջազգային հանրությունը, մասնավորապես, ամերիկյան հանրությունը պետք է իմանա, որ Միացյալ Նահանգներում արտադրված F-16-ներն այսօր օգտագործվում են հայերին թիրախավորելու նպատակով։ Փաստեր կան, որոնք վկայում են, որ թուրքական ռազմական ղեկավարությունն անմիջականորեն ներգրավված է գրոհներ իրականացնելու գործում։ Անկարան Բաքու է ուղարկել ռազմական փոխադրամիջոցներ, զինամթերք, ինչպես նաև ռազմական խորհրդատուներ։ Մեզ հայտնի է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում իր գրավյալ տարածքներից հազարավոր վարձկանների է վարժեցրել և տեղափոխել: Այդ վարձկաններն ու ահաբեկիչներն այսօր կռվում են հայերի դեմ։ Նրանցից շատերը չգիտեն նույնիսկ, թե ինչու է Թուրքիան իրենց տեղակայել այնտեղ։ Ադրբեջանում նրանք հասկացել են, որ իրենց սին խոստումներ են տվել։ Մեզ հայտնի է, որ այդ ահաբեկիչները թմրանյութեր են ընդունում, քանի որ նրանց համազգեստների գրպաններում թմրանյութով լի ներարկիչներ են հայտնաբերվել։ Կարող ենք ենթադրել, որ ադրբեջանական կողմի զոհերի 30%-ը արտասահմանից բերված վարձկաններ են։

Le Figaro – Ձեր կարծիքով Թուրքիան պատասխանատո՞ւ է այս էսկալացիայի համար։

Նիկոլ Փաշինյան – Միանշանակ: Օգոստոսին սկսված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունն ավարտված չէ։ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումն իրականում այդ օպերացիայի հաջորդ փուլն է։ Պատրաստվելուց հետո նրանք որոշում են կայացրել անցնել հարձակման և այդ էսկալացիայի համար պետք է պատասխանատվություն կրեն:

Հուլիսին Հայաստանի վրա հարձակված և սահմանին պարտություն կրած Ադրբեջանը դիմել է Թուրքիայի օգնությանը։ Ակնհայտ է, որ Անկարան է իրավիճակի բազմաթիվ կարևորագույն հարցերում որոշում կայացնողը։ Նրանց նպատակը տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունն ի շահ իրենց խախտելն է։

Le Figaro – Ի՞նչ նկատի ունեք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում իր դերն ու ազդեցությունն ամրապնդելն ու մեկդարյա ստատուս քվոն խախտելն է։ Նա երազում է սուլթանությանը նմանվող կայսրություն ստեղծել և բռնել է մի ճանապարհ, որը կարող է կրակի տալ տարածաշրջանը։

Le Figaro – Հրադադարի պատրա՞ստ եք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Թուրքիան և Ադրբեջանն են, որ պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, քանի որ նրանք են նախահարձակ կողմը և այս պահին էլ հայերի են սպանում։ Լեռնային Ղարաբաղը չի կարող զինաթափվել, քանի որ դա կհանգեցնի ցեղասպանության։ Այնտեղի բնակչությունը կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ։ Այս փուլում հակառակորդ կողմը գրոհները դադարեցնելու ոչ մի նշույլ ցույց չի տալիս։ Նույնիսկ վստահ չեմ, որ Ադրբեջանը վերահսկում է իր հետ կողք-կողքի կռվող ահաբեկիչներին։ Ըստ մեր տեղեկությունների՝ Ադրբեջանի որոշ գյուղերում վարձկանները մտնում են խանութներ և արգելում ալկոհոլի վաճառքը` վկայակոչելով շարիաթը։

Le Figaro – Արդյո՞ք բանակցությունը պետք է անցնի Մինսկի խմբի միջոցով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա գոյություն ունեցող միակ ձևաչափն է։ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել սթափեցնող կոչով։ Սպասում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվորեն կներգրավվի ագրեսիայի դադարեցմանը։ Թուրքիան իր կողմնակալ և ռազմատենչ վարքի համար չի կարող միջնորդ լինել։

Le Figaro – Այս ճգնաժամն ավելի՞ ծանր է, քան 2016թ․ ճգնաժամը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս ճգնաժամը շատ ավելի լուրջ է։ Ավելի ճիշտ կլինի այն համեմատել 1915թ․ XX դարի առաջին ցեղասպանության հետ, երբ կոտորվեցին ավելի քան 1,5 միլիոն հայեր։ Անցյալը ժխտող թուրքական պետությունը նորից բռնել է ցեղասպանության ուղին։ Աշխարհը պետք է գիտակցի, թե ինչ է տեղի ունենում այստեղ։ Միջազգային հանրությունը պետք է արագ ներգրավվի՝ թույլ չտալու բռնության տարածումը։ Հակառակ դեպքում այս հակամարտության հետևանքները դուրս կգան Հարավային Կովկասի սահմաններից։

Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել կանադական հեղինակավոր The Globe and Mail պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին: Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանն ու Ադրբեջանը լայնածավալ պատերազմի շեմին են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ: The Globe and Mail-ին տված բացառիկ հարցազրույցում պարոն Փաշինյանն ասաց, որ իր երկիրը գտնվում է «քաղաքակրթական առաջնագծում» և որ այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ի միջոցով դաշնակցում են Թուրքիային, ինչպես Կանադան, արդ պետք է որոշեն, թե իրենք որ կողմում են:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Թուրքիան քաջալերում է Ադրբեջանի փորձը՝ լայնածավալ պատերազմի միջոցով վերադարձնելու Լեռնային Ղարաբաղըՙ գերազանցապես հայերով բնակեցված տարածքը, որը 1990-ականների սկզբին տեղի ունեցած արյունալի պատերազմից ի վեր գտնվում է տեղի էթնիկ հայկական ուժերի վերահսկողության տակ: Նա ասաց, որ Թուրքիան սիրիական վարձկաններ է ուղարկել ադրբեջանական կողմին օգնելու համար. պնդում, որը հաստատում են նաև Ռուսաստանը և Ֆրանսիան: Պարոն Փաշինյանը հավելեց, որ նաև թուրքական օդուժն է հարձակվել հայկական դիրքերի վրա:

«Թուրքիայի զինված ուժերն անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին», – Հայաստանի մայրաքաղաք Երևանից հեռախոսազանգով ասաց պրն. Փաշինյանը: «Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները պետք է բացատրեն, թե ինչու են F-16 ինքնաթիռները գնդակոծում Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերըՙ սպանելով խաղաղ բնակչությանը»:

Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտնեց, որ վերջինս հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ երկուսն էլ «կիսում են Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հետ կապված մտահոգությունը»:

Պարոն Փաշինյանը նաև կոչ արեց արևմտյան երկրներին վերանայել Թուրքիային զենք վաճառելու պայմանավորվածություններն այն բանից հետո, երբ The Globe-ը հայտնեց, որ Բեռլինգտոնի, L3Harris Wescam–ի արտադրած պատկերագրման և թիրախավորման համակարգերը, որոնք վաճառվել են Թուրքիային, Ադրբեջանն օգտագործում է պատերազմական այս վերջին գործողություններում:

Նա ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայությունում Թուրքիայի դերը պետք է դիտարկել սիրիական և լիբիական հակամարտություններում նրա ներգրավվածության, ինչպես նաև Միջերկրականում ծովային սահմանների առնչությամբ Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի որդեգրած «ագրեսիվ» դիրքորոշման համատեքստում:

Պարոն Փաշինյանն ասաց, որ իր կառավարությունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի հետ և հավելեց, որ Թուրքիայի պահվածքը խնդիրներ է ստեղծում ամբողջ միջազգային հանրության համար:

Հինգշաբթի օրը Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին և բարեխղճորեն և առանց նախապայմանների պարտավորվել անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները: Սակայն հրադադարի ռեժիմի վերականգնման կոչը մերժվեց Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանի կողմից:

Պարոն Փաշինյանն ասաց, որ ինքը ողջունում է հրադադարի կոչը և դատապարտում է Թուրքիայի կողմից դրա մերժումը:

«Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը հիմա առաջարկել անպաշտպան թողնել Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությանը ահաբեկիչներին և ծայրահեղականներին դեմ հանդիման: Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»:

Պարոն Փաշինյանն Էրդողանին նկարագրեց որպես առաջնորդ, որը երազում է վերականգնել այն Օսմանյան կայսրությունը, որը ոչնչացրեց իր հայ ազգաբնակչությանը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացված ջարդերի և տեղահանությունների միջոցով: «Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: