Ադրբեջանի դիրքը մեր հանդեպ եղել է բացահայտորեն թշնամական

4111

Հատված Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923թ. խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրից: Այս զեկուցագիրը տեղ է գտել ԱՆԻ կենտրոնի կողմից հրատարակած երկու գրքերում՝ Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի ժողովածու, Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ՞, ԹԵ՞ ՉՈՒՆԻ հատոր:

—–

Ի դեպ է արձանագրել այստեղ նաև այն անընդհատ կռիվները, որ ունեցել ենք հյուսիս-արևելյան սահմանների վրա ու երկրի ներսը:

Պաշտոնապես, Ադրբեջանի հետ պատերազմի մեջ չենք եղել մենք, բայց, փաստորեն, կռվել ենք Ղարաբաղում ու հաճախակի ընդհարումներ ենք ունեցել Ղազախում: Ապա, երկրի ներսը, մի շարք արյունահեղ կռիվներ ենք ունեցել տեղական թուրք ազգաբնակչության հետ Աղբաբայում, Զոդում, Զանգիբասարում, Վեդիբասարում, Շարուր-Նախիջևանում, Զանգեզուրում…

Եվ դարձյալ՝ անհերքելի է, որ Ադրբեջանի դիրքը մեր հանդեպ եղել է բացահայտորեն թշնամական, անհերքելի է նաև, որ Հայաստանի մեհմեդական ազգաբնակչությունը, խրարուսված Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, հակապետական ընթացք է բռնած եղել: Բայց կարևորն այն է, որ մենք չեն կարողացել գտնել նպատակահարմար միջոցներ մեր դրությունը դրսից ու ներսից ապահովելու համար, չենք կարողացել գտնել մի քիչ տանելի modus vivendi Ադրբեջանի հետ, չեն կարողացել վարչական միջոցներով կարգի մեջ պահել մահմեդական գավառակները, հարկադրված ենք եղել զենքի դիմելու, զորքեր շարժելու, ավերելու ու կոտորելու և, որ կրկնակի վարկաբեկիչ էր կառավարության համար՝ խոշոր անհաջողությունների հանդիպելու այնպիսի կարևոր վայրերում, ինչպիսին էին Վեդիբասարը, Շարուրն ու Նախիջևանը: Մենք չկարողացանք հաստատել մեր իշխանությունը նույնիսկ զենքի ուժով, պարտվեցինք ու նահանջեցինք:

1919թ. մայիսի 28-ին, մեր անկախության առաջին տարեդարձի օրը, խորհրդարանը հայտարարեց անկախ Հայաստանը «միացյալ», այսինքն՝ գոյություն ունեցող հանրապետության շրջանակի մեջ առավ (իբրև միջազգային իրավասության առարկա) այն բոլոր հայկական հողերը, որոնք, ենթադրաբար, պիտի ազատվեին թուրքական գերիշխանությունից:

Այս հայտարարությունը թուրքահայության մի մասը նկատեց իբրև ուզուրպացիա իր իրավունքների՝ շատ վտանգավոր թուրքահայ դատի համար: Մեծ հուզում առաջ բերեց, աղմուկ ու բողոք, նորից և ուժգնորեն բորբոքեց ռուսահայ-թուրքահայ անմիտ խնդիրը, կուսակցական մի նոր ոտնձգություն նկատվեց և ավելի ևս զինեց Հ. Յ. Դաշնակցության դեմ լիբերալ-բուրժուական տարրերը թե՛ հանրապետության ներսում, և թե՛ մանավանդ դրսում, գաղութներում:

Բողոքողների կասկածներն ու վախերը միանգամայն անհիմն էին. ուզուրպացիայի դիտավորություն չկար (ու չէր էլ կարող լինել ըստ էության), չկար կուսակցական դավադրություն, իսկ հետագան ցույց տվեց, որ չկար նաև որևէ վտանգ թուրքահայ դատի համար: Այդ դատի ընթացքի և ելքի վրա մազաչափ անգամ չանդրադարձավ մայիսյան հայտարարությունը, նրա լինելը կամ չլինելը ոչ ոք չնկատեց, ոչ ոք հաշվի չառավ:

Նույն հետագան ցույց տվեց, սակայն, որ անհիմն է եղել նաև հայտարարության հեղինակների հույսը, թե այդ միջոցով ավելի ամրապնդած կլինեն Հայաստանի քաղաքական դրությունը ու հեշտացրած՝ դիվանագիտական աշխատանքը Եվրոպայում: Դրությունը Եվրոպայի աչքում մնաց նույնը: Մեր խորհրդարանի սոսկ հայտարարությունը՝ մի բառային ակտ առանց համապատասխան գործողությունների, չէր կարող վերացնել կամ նսեմացնել փաստերի ուժը:

Այն անմիջական հետևանքը, որ կարելի էր սպասել հայտարարությունը անելուց հետո՝ Փարիզի Ազգային պատվիրակության վերացումը, այն ևս տեղի չունեցավ: Մայիսի 28-ից հետո էլ մնացին Եվրոպայում, կողք կողքի, երկու տարբեր դիվանագիտական ներկայացուցչություններ (Հանրապետության պատվիրակություն և Ազգային պատվիրակությունը), որոնք կոչում ունեին պաշտպանելու միևնույն դատը, միևնույն տեղում, միւնույն մարդկանց առջև: Տարբերությունը այն եղավ միայն, որ է՛լ ավելի դժվարացավ համաձայնության բերել իրավասության համար պայքարող այդ երկու մարմինները, ընդհանուր ճակատ պահել Եվրոպայի հանդեպ: Իսկ երկրի ներսը ավելի եւս դժվարացավ կոալիցիան լիբերալ տարրերի հետ ու մեր կուսակցությունը մնաց ավելի ևս մեկուսացած:

Միանգամայն հասկանալի է այն հոգեբանական պահանջը, որ մղեց մեզ Հայաստանը «միացյալ» հայտարարելու: Հասկանալի են և այն քաղաքական նկատումները, որոնք արդարացնում էին, այն օրերի ըմբռնումներով, հայտարարության գործը: Բայց փաստն այն է, որ հայտարարությունը ոչ մի դրական հետևանք չունեցավ, իսկ բացասական՝ ունեցավ (ներքին անհամաձայնությունների ու վեճերի բորբոքում):

1919թ. օգոստոսի 1-ին բացվեց Հայաստանի խորհրդարանը, որ եկավ փոխարինելու նախկին խորհրդարանը [խորհուրդը]:

Խորհրդարանական ընտրությունները կատարվել էին ամենալայն ժողովրդավարական ընտրակարգով (ընդհանուր, հավասար, ուղղակի և գաղտնի, համեմատական ներկայացուցչություն): Բայց տարօրինակ էր ու վհատեցուցիչ այդ իբր թե ժողովրդավարական հաստատության կազմը՝ 80 անդամից 72-ը, այսինքն՝ ճիշտ 90 առ 100-ը դաշնակցականներ էին: Մյուս քաղաքական կուսակցություններից ներկա էր միայն սոցիալիստ-հեղափոխականը, որը գրավել էր ընդամենը չորս տեղ:

Մենք՝ դաշնակցականներս, երևել էինք տարած հաղթանակով: Չէինք հասկանում, որ այդպիսի կազմ ունեցող խորհրդարանը խորհրդարան չէ, այլ միայն խորհրդարանի ծաղրանկար: Չէինք հասկանում, որ դա մի սոսկալի ապացույց էր, թե որ աստիճանի անպատրաստ է մեր ժողովուրդը պետական կյանքի համար, որ աստիճանի տգետ է ու անփույթ իր քաղաքական իրավունքների հանդեպ: Չէինք հասկանում, որ մեր դավանած ժողովրդավարական իրավակարգը չի կարելի հաստատել այդպիսի ընտրությունների վրա: Չէինք հասկանում, որ մեր հաղթանակը հաղթանակ չէր, այլ կատարյալ պարտություն, որ 72 մարդ նստեցնելով խորհրդարանում, մենք կորցնում ենք մեր ոտքի տակի հողը, ժողովրդավարության հիմքը: Չէինք հասկանում, որ վերցնելով մեր ձեռքը անբաժանելիորեն ամբողջ իշխանությունը, մեզ վրա էինք վերցնում նաև ամբողջ պատասխանատվությունը և որ այդ բեռի տակից պատվով դուրս գալու համար չունեինք հարկավոր ուժն ու պատրատությունը: Չէինք հասկանում, որ մեր սեփական դաստիարակության համար մեծ կարիք ունեինք, որ մի զորեղ ընդդիմություն կանգնած լիներ մեր կողքին, միշտ զգաստ պահեր մեզ, կարգի հրավիրեր և թույլ չտար, որ դուրս գայինք օրենքի ու իրավասության սահմաններից: Չէինք հասկանում, վերջապես, որ փոխադրելով մեր կուսակցական նիստերը խորհրդարանի սրահն ու կառավարության շենքը՝ մեռնում էինք կուսակցականորեն…

Խորհրդարան չկար Հայաստանում, մի դատարկ ձև էր առանց պարունակության:

Պետական հարցերը քննության էին առնվում ու լուծվում դռնփակ, դաշնակցական խմբակցության սենյակում ու ապա հայտարարվում խորհրդարանի ամբիոնից: Իրոք չկար և խորհրդարանական խմբակցություն, որովհետև սա դրված էր Դաշնակցության Բյուրոյի խիստ հսկողության տակ ու պարտավոր էր կատարելու նրա հրամանները: Չկար և կառավարություն. սա ևս ենթարկվում էր Բյուրոյին, պետության մեջ Բյուրոյի մի տեսակ գործադիր մարմինն էր: Բոլշևիկյան սիստեմ էր սա: Բայց այն, ինչ որ բոլշևիկները անում են հետևողականորեն ու բացահայտ, մենք աշխատում էինք քողարկել ժողովրդավարական ձևերի տակ: