Հայաստանի Ազգային հերոսները

8549

Կապիտան Ռուբեն Սանամյանը 2020թ օգոստոսի 21-ին պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը․ այս մասին ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ։

«Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն»։

Ռուբեն Ռազմիկի Սանամյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի ք. Դիլիջանում: 1995-1997թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՊԲ առաջնագծի զորամասերից մեկում: 2006թ. անցել է պայմանագրային զինվորական ծառայության: Ամուսնացած է. ունի երկու երեխա:

2012 թ-ին Ռ․ Սանամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

«Կապիտան Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ:

Չխնայելով սեփական կյանքը, խմբի մարտիկների հետ միասին դիրքի մատույցներում իրականացրել է բարդ ու վտանգավոր ինժեներական աշխատանքներ, հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ:

Որպես հրամանատար՝ կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Կապիտան Սանամյանը Հայաստանի թվով 18-րդ Ազգային հերոսն է։

Հայաստանի մյուս 17 Ազգային հերոսներն են․

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց,

Վիկտոր Համբարձումյան,

Ալեք Մանուկյան,

Մոնթե Չառլզի Մելքոնյան,

Ջիվան Զավենի Աբրահամյան,

Վիտյա Վորոշի Այվազյան,

Մովսես Գևորգի Գորգիսյան,

Թաթուլ Ժորժիկի Կրպեյան,

Գեղազնիկ Արմենակի Միքայելյան,

Յուրա Վաղարշակի Պողոսյան,

Կարեն Սերոբի Դեմիրճյան,

Վազգեն Զավենի Սարգսյան,

Շառլ Ազնավուր,

Քըրք Քըրքորյան,

Նիկոլայ Ռիժկով,

Էդուարդո Էռնեկյան,

Հովհաննես Չեքիջյան: