Վիրավորական շնորհավորանք. Վարդան Հարությունյան   

1323

Անբեկանելի փաստ է՝ ընտրություններում Լուկաշենկոն ջաղջախիչ պարտություն կրեց։ Մինչեւ ընտրություններ էլ պարզ էր, որ նրա համար ընտրություն կոչվող միջոցառումը անարժեք մի բան է, եւ նա՝ արդյունքներից անկախ, պատրաստվում է իրեն ընտրված նախագահ հռչակել։

Այսպես նա հաճախ էր արել։ Այդպես արեց նաեւ այս անգամ։ Բայց նա հաշվի չէր առել, որ լցվել է արդեն բելառուս ժողովրդի համբերության բաժակը։ Նա չգիտեր, չէր կռահում ու չէր հաշվարկել, որ այս անգամ պատառը կոկորդում է մնալու։

Երկրի ներսում անակնկալ սկսված հուժկու դիմադրության ֆոնին նրան՝ որպես սեփական դեմքը փրկելու թույլ հնարավորություն, նաեւ՝ որպես բողոքի ցույցերի պատասխան ու քարոզչական հնարք՝ դրսի աջակցություն էր անհրաժեշտ։ Շտապ կարգով, ընտրություններից ժամեր անց, մինչեւ պաշտոնական տվյալների հրապարակումը, կազմակերպվեց մի քանի հայտնի դիկտատորների շնորհավորանքների շքերթը։

Ցավոք՝ Հայաստանը հայտնվեց այդ տխուր ցանկում։

Առաջին շարքերում Լուկաշենկոյին շնորհավորելը Երեւանին ոչ մի օգուտ չի բերել, չէր կարող բերել ու չի էլ չբերելու։ Փոխարենը՝ լուրջ հարված հասցրեց 2018-ի հեղափոխության արդյունքում Հայաստանի ձեռք բերած համբավին։ Ինչպես նաեւ հօդս ցնդեց ձեւավորված այն պատկերացումը, թե վերջին երկու տարում Հայաստանը ձեռք է բերել համեմատաբար անկախ գործելու, արտաքին քաղաքականության ասպարեզում իր օրակարգը առանց արտաքին թելադրանքի ձեւակերպելու իրավունք։  Այդ շնորհավորանքում ոչ պրագմատիզմ կար եւ ոչ էլ ռեալպոլիտիկ, ինչի մասին՝ դեմքի խելոք արտահայտությամբ այդքան հաճախ խոսում են։

Իրական ռեալպոլիտիկը եւ իրական պրագմատիզմը սեփական սկզբունքները եւ սեփական ծրագրերը առկա իրողություններին ճիշտ, խելացի ու հաշվարկված համադրելն է։ Ինչպես նաեւ՝ մեր այս բարդ աշխարհում սեփական սկզբունքներին, առաջ քաշած սեփական կարգախոսներին հավատարիմ մնալն է։ Դավանած կամ հռչակած արժեքներն ու սկզբունքները թեթեւությամբ զոհելը, առաջին անհրաժեշտության կամ պարտադրանքի դեպքում դրանցից հրաժարվելը, դրանք ոտատակ տալը չի կարող ռեալպոլիտիկ կամ պրագմատիզմ ընկալվել։ Այն ավելի շատ ինքնաոչնչացում է։

Ուկրաինայի համար Բելառուսը աներեւակայելի կարեւոր՝ այսօրվա իրողությունների պարագայում, առանց չափազանցության, ճակատագրական նշանակություն ունեցող երկիր է։ Հայաստան-Բելառուս հարաբերությունների հետ համեմատության եզրեր անգամ չկան։ Բայց տեսեք, թե ինչ հավասարակշռված տեքստ հրապարակեց Զելենսկին։ Իսկ մեզ համար Լուկաշենկոյի գլխավորած Բելառուսը եղել եւ, եթե Լուկաշենկոն պահի իշխանությունը՝ մնալու է որպես Ադրբեջանի աջակից երկիր։

Այս շնորհավորանքը ոչինչ չի փոխելու։ Եթե որեւէ մեկին թվում է, թե գլխապատառ շնորհավորելով այս դասավորության մեջ բան կփոխվի՝ սխալվում է։ Եթե նույնիսկ ընտրություուններից մեկ օր առաջ Հայաստանի վարչապետը շնորհավորեր Լուկաշենկոյին ապագա 80 տոկոսանոց հաղթանակի կապակցությամբ՝ Լուկաշենկոյի գլխավորած Բելառուսը շարունակելու էր մնալ Ադրբեջանի աջակից։ Մնալու է ու շարունակելու է Ադրբեջանին զենք վաճառել։ Թեկուզ միայն այն պատճառով, որ Ալիեւն էլ հետ չի մնացել՝ շնորհավորել է, գումարած՝ Թուրքիան։

Ցավալի է ու վիրավորական, որ 2018-ի հեղափոխությունից երկու տարի անց էլ մենք, քաղաքակիրթ աշխարհի հետ լինելու փոխարեն, շարունակում ենք մնալ, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի կարգի երկրների ցանկում։

Վարդան Հարությունյան